Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ «Շոշափվել են նաև միջազգային օրակարգի որոշ հարցեր, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովումը և սիրիական կարգավորումը»,- ասվում է ուղերձում։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները՝ կենտրոնանալով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համաձայնագրերի գործնական իրականացման վրա։
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իբրահիմ Ռաիսիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր։
Իրանն ու Ռուսաստանը փորձում են ավարտին հասցնել Ադրբեջանով անցնող Ռեշտ-Աստարա երկաթուղու բացումը։ Մյուս կողմից, Բաքուն, Երևանն ու Մոսկվան ասում են, որ գրեթե համաձայնության են եկել այն հարցում, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Նախիջևան-Հորադիզ երկաթուղու բացմամբ։ Սա Իրանի համար կարևոր փոփոխություն է նշանակում. եթե Հայաստանից ապրանքներ սկսեն հասնել Նախիջևան, ապա հնարավոր կլինի Նախիջևանով իրականացնել նաեւ հայ-իրանական երկաթուղային փոխադրումներ։
Սակայն 1923 թվականի Կարսի պայմանագրով Ադրբեջանի ժամանակավոր պրոտեկտորատի տակ տրված հայկական Նախիջեւանի կարգավիճակի հարցը այս համատեքստում կարող է ակտուալացվել։ Ալիևը ամեն կերպ փորձում է «ապասուվերենիզացնել» Նախիջևանը, սակայն Իրանում այդ փորձերը դժվար թե «ըմբռնումով» ընկալվեն։
Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դիրքորոշման հետ»։ “Բացի այդ, նրանք չափազանց բարձր են սահմանել փախադրման սակագները»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով, «եթե իրենք դրական մոտենան հարցին, ապա Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը կարող են ինտեգրվել միմյանց թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհով, եւ Պեկին-Լոնդոն գիծը կբացվի»։
Դատելով Էրդողանի ինտոնացիայից՝ Իրանը չի ընդունում թուրքական կողմերի և Ռուսաստանի պայմանները։ Դա վերաբերում է նաև նրան, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Մեղրիի ճանապարհը ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի միջոցով։ Բաքուն ակտիվորեն առաջ է տանում այս գիծը։
Հայաստանն ու Իրանը կտրականապես մերժում են այս տարբերակը։ Երեւանն ասում է, որ ճանապարհների հսկողությունը պետք է լինի ինքնիշխան։
Իրանն իր հերթին կոնկրետ քաղաքական և ռազմական գործողություններ է իրականացնում՝ կանխելու տարածաշրջանային հաղորդակցությունների ապասուվերենացումը։
Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի լայնածավալ ագրեսիայի։ Այս մասին Al-Monitor-ին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա նշել է, որ Բաքվի ագրեսիվ ծրագրերը շատ ավելի մեծ էին, քան ռազմական գործողությունները, որոնք նա սանձազերծեց սեպտեմբերի 13-14-ին։ Միաժամանակ, ըստ Կոստանյանի, Հայաստանի հարավային հարեւան Իրանի գործողություններն ու հռետորաբանությունը օգնեցին կասեցնել այս իրավիճակի հետագա վատթարացումը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: