Արցախյան 3-րդ պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցավ նաև Քաշաթաղի շրջանը, որտեղ գտնվում է նաև 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը, կամ Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այն աչքի է ընկնում իր ինքնատիպ հարդարանքով և վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է։ Եկեղեցին այսօր հայտնվել է ադրբեջանական կեղծ քարոզչության թիրախում ու ներկայացվում է որպես ուդիական։
Ադրբեջանը հատուկ նպատակադրությամբ, այսպես կոչված ուդիական համայնքի ներկայացուցիչների համար ուխտագնացություններ է կազմակերպում ի թիվս այլ հայկական եկեղեցիների նաև Ծիծեռնավանք։ Եվ յուրացնելով, կամ օտարելով, հայակականությունից կտրելով պատմաճարտարապետական հուշարձանը, աղավաղվում է նրա հետ կապված պատմությունը, նրա հոգևոր ու պատմական նշանակությունը, ինչը մշակութային ցեղասպանության դրսևորում է։
,,Ուխտագնացությունների,, ժամանակ ոչ միայն խաթարվում են հայ առաքելական եկեղեցու հոգևոր ավանդույթներն ու ծիսակարգերը, այլև շատ հաճախ հուշարձանին վնաս է հասցվում բառիս ամենաուղիղ իմաստով։
Ուդիների Ծիծեռնավանք կատարած հերթական ,,ուխտագնացության,, տեսանյութից ու լուսանկարներից պարզ դարձավ, որ բարբարոսները քանդել են եկեղեցու խորանի առջև գոյություն ունեցած քառակուսի շուրֆը։ Որը մինչև 2020 թվականի դեպքերը փակված էր օրգանական ապակիով և ցուցադրվում էին Ծիծեռնավանքի կառուցողական առաջին փուլերի հատակները, որոնք պահպանվել էին դեռ 4-5րդ դարերից և որպես այդպիսին (կավահատակ) եզակի էին։ Շուրֆի մեջ ցուցադրվում էր նաև երրորդ փուլի կրասվաղ հատակը, որը իր եզակիությամբ չէր զիջում առաջինին։ Առկա էր նաև 5-րդ՝ 17-րդ դարի կառուցողական փուլի կոպտատաշ հատակը։ Շուրֆի մեջ պահպանվում էր նաև կավե կարասի ներքևի մասի մնացորդները, որոնք հայտնաբերվել էին կրասվաղ հատակի տակ։ Հղում անելով պահպանված աղբյուրներին, Պատմական Գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը նշում է, որ ամենավաղ շրջանում, եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ, երբ որ աղոթականներին գինի էին բաժանում, Ծիծեռնավանքում այն ոչ թե փոքրիկ սկիհից են լցրել, այլ անմիջապես կարասից՝ շերեփներով են մատուցել։ Ըստ նրա դա եզակի մի ֆենոմենալ երևույթ է։ Առկա տեսանյութերից պարզ է դառնում, որ հիմա այդ բոլոր փուլերի նյութերը խառնված է իրար։
Ծիծեռնավանքը գտնվում է Արցախի (ԱՀ) Քաշաթաղ շրջանում, Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի եզրին: Եռանավ բազիլիկ է` ուղղանկյուն հատակագծով, չորս զույգ մույթերով, շենքի ծավալում արտաքուստ շեշտված միջին նավով: Հարավային կողմից ունի չորս դուռ: Հայկական նույնատիպ կառույցների միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է: Շինարարության առաջին փուլը սկսվել է 4-րդ դ.-ում: Վանքը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Սյունյաց նախարար Վասակի որդի Փիլիպպեի 844 թ.՝ Տաթև գյուղը Տաթևի վանքին հանձնելու նվիրատվական փաստաթուղթը վավերացնելու կապակցությամբ, որին մասնակցող անձանց թվում հիշատակվում Է նաև Ծիծեռնավանքի վանական Ստեփանոսը։ Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշատակում Է Սյունիքի եկեղեցիների շարքում՝ որպես նահանգի 30 նշանավոր վանքերից մեկը, որը պատկանում էր Տաթևի թեմին։
20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայ-թուրք-թաթարական ընդհարումների հետևանքով և փոխադարձ անհանդուրժողականության պայմաններում հայ բնակիչները ստիպված էին հեռանալ հայրենի վայրերերից։ 1905-ին Ծիծեռնավանք գյուղը հայաթափվում Է, իսկ 1993-ին ազատագրվում և վերանվանվում Ծիծեռնավանք։
1997 թվականինին կառույցը հետազոտել և չափագրել է Ս․ Կարապետյանը, իսկ 1997-2001 թվականներին Ծիծեռնավանքում իրականացվել են հնագիտական պեղումներ Հ. Սիմոնյանի գլխավորությամբ, ապա վերականգնվել:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: