Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը:
Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով:
«Մենք կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ ենք անում ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ փոխգործակցությամբ: Եվ մենք կարծում ենք, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ քայլերի արագ ձեռնարկումը կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»,- ասել է Զախարովան։
«Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը հաստատել են այն: Եվ այդ հարցի շուրջ համապատասխան կոնսենսուս է ձեռք բերվել», – նշել է Զախարովան։