Շաբաթը երկու անգամ ավտոբուսային կապ է ապահովվում Շուշիի շրջանի գյուղերի և Ստեփանակերտի միջև։ Դեպի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ առաջին երթեւեկությունները կատարվել են անցած շաբաթ օրն ու այս երկուշաբթի։ Հաջորդը նախատեսված է շաբաթվա վերջին։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ից Հաքարի գետի կամրջի վրա ապօրինի անցակետի տեղադրումից հետո Արցախի Շուշիի շրջանի Եղցահոգ, Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր գյուղերի համայնքները հայտնվել են երկակի շրջափակման մեջ։ Հունիսի 15-ից իրավիճակն էլ ավելի է բարդացել, քանի որ դադարեցվել է սննդի մատակարարումը խաղաղապահների կողմից։
Շուշիի շրջանի վարչակազմում նշել են, որ ուղեւորափոխադրումները բոլոր կողմերի հետ համաձայնեցված են։ Փոխադրումները իրականացվում են խաղաղապահների ուղեկցությամբ։ Շուշի քաղաքի մոտ գտնվող ադրբեջանական անցակետում մարդիկ անցնում են անձնագրային հսկողություն՝ ուղեկցող խաղաղապահները անձնագրերը հավաքում են, հանձնում ադրբեջանցի պարեկներին, ապա վերցնում փաստաթղթերը, հանձնում տերերին, որից հետո երթուղայինը շարժվում է։
Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի խոսքով՝ տրանսպորտային կապը հնարավորություն է տվել բնակչությանը ապահովել կենցաղի համար անհրաժեշտ սննդով և այլ ապրանքներով։ Լուծվել է նաեւ դեղորայքի, բուժօգնության հարցը՝ այս համայնքներ է գալիս շտապօգնության մեքենա՝ կրկին խաղաղապահների ուղեկցությամբ։ Ուղարկվում են աշխատավարձերն ու թոշակներ։
Հովհաննիսյանը նշեց, որ համայնքներում որոշ բաներ արտադրում են այգիներում եւ բանջարանոցներում, իսկ ալյուրն ու որոշ ապրանքներ՝ մակարոնեղեն, ձավարեղեն, միայն վերջերս են մատակարարվել։
«Համայնքներում կրկնակի շրջափակման առաջին օրվանից ի վեր իրավիճակը ծանր է, մարդասիրական աղետին մոտ։ Եվ միայն անցած շաբաթ օրը տրանսպորտային կապը հնարավորություն տվեց լուծել սոցիալական կարևոր խնդիրներ։ Կարմիր խաչը նաև օգնություն է ցուցաբերել սննդի և անձնական հիգիենայի պարագաների տեսքով։ Այս ամենը, իհարկե, լավ է, բայց դա չի նվազեցնում մեր հոգսերը՝ մեզ համար առաջնային են մնում ապաշրջափակման և, իհարկե, անվտանգության հարցերը»,- ասաց վարչակազմի ղեկավարը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: