Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում Եվրոպայի մեղադրանքներին ու առաջարկներին

  • 14:30 29.06.2023

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԽԽՎ բանաձեւը ԼՂ եւ Լաչինի միջանցքի վերաբերյալ՝ ընդգծելով քննարկումների բացառապես մարդասիրական եւ իրավական կողմերը։

Փաշինյանը դեռ չի մեկնաբանել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, ով Եվրախորհրդարանում ասել է, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ճանաչել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Արցախը իր կազմում»: Մինչ այդ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ Հայաստանի բոլոր ղեկավարները ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ արդարացնելով իրեն քայլերը։

Բորելի հայտարարությունը ամեն ինչ իր տեղը դրեց. նա, փաստորեն, ասում է, որ ամեն ինչ Հայաստանի ձեռքում է, և եթե Փաշինյանը փաստաթղթերով ճանաչի Արցախը որպես «Ադրբեջանի մաս», ինչպես պնդում է Ալիևը, ապա Եվրոպային այլ ելք չի մնա, քան ենթարկվել Հայաստանի կամքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ ասել է, որ բոլոր հարցերը պետք է ուղղել Փաշինյանին։ Մարսելում ազդեցիկ շրջանակների հետ հանդիպմանը, ըստ arfd.am-ի, նա ասել է, որ ինքը «ավելի շատ ճնշում է գործադրում Ալիեւի վրա, քան ինքը՝ Փաշինյանը»։ «Բոլոր հարցերը Փաշինյանին։ Ես միակն եմ, ով ունի հստակ դիրքորոշում և ուղերձ Արցախի հարցում»,- ասել է Մակրոնը։ «Չկասկածեք իմ վճռականությանը Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցում։ Ես կշարունակեմ ջանքերս, եթե նույնիսկ միջազգային ընտանիքում լինեմ այս օրակարգով միակը։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան առաջին անգամ է իր ռազմական կցորդին է ուղարկել Հայաստանի դեսպանություն։ Դա պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞: Մենք կանենք հնարավորը»,- ասել է Մակրոնը։

Փաշինյանը չի մեկնաբանում նման հայտարարությունները՝ նշելով միայն, որ «աշխարհում ոչ ոք չի ճանաչում Արցախը Ադրբեջանից դուրս»։ Իսկ նրա արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով ԱՄՆ-ի հովանու ներքո բանակցություններ է վարում Վաշինգտոնում, խոսում է 1975 թվականի որոշ քարտեզների, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 1991 թվականի հռչակագրի մասին։ Այս բոլոր փաստաթղթերը միջազգային իրավունքի համատեքստում ընկալվում են որպես մակուլատուրա, և դրանք հիշատակվում են միայն Հայաստանի առաջարկով։

ԵԽԽՎ-ում և ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկումների ժամանակ, օրինակ, նույնիսկ Լաչինի միջանցքի առնչությամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նշվել։ Խոսքը վերաբերում էր Բաքվի և Մոսկվայի կողմից ստանձնած կոնվենցիոն պարտավորությունների կատարմանը և տարածաշրջան միջազգային դիտորդների մութք թույլ տալուն։ Եվ ոչ մի խոսք դատարկ փաստաթղթերի մասին, որոնք Հայաստանը ինչ-ինչ պատճառներով քարոզում է։

Փաշինյանը չի մեկնաբանում Արևմուտքի կոնկրետ առաջարկները, որոնք չեն համընկնում Թուրքիայի և Ռուսաստանի հետ համատեղ «խաղաղության օրակարգի» հետ։

«Մենք պատրաստ ենք աշխարհի այլ երկրների համար անել նույնը, ինչ արեցինք Ուկրաինայի համար՝ զենք մատակարարելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով մահաբեր օգնություն ցուցաբերելու առումով»,- ասել է ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը Անվտանգության և պաշտպանության գործընկերության Շումանի ֆորումում։

Նման հայտարարությունները, ինչպես նաև Մակրոնի ակնարկը Հայաստանում դեսպանատանը ռազմական կցորդ նշանակելու մասին խոսում են այն մասին, որ Երևանին կոնկրետ առաջարկներ են արվում։

Մինչդեռ Հայաստանում «խորամանկ ծրագիր» են մշակվում՝ թող Ղարաբաղը մի երկու տարի մնա Ադրբեջանի կազմում՝ միջազգային երաշխիքներով, հետո կհզորանանք ու կազատագրենք։

f