Month: Հունիս 2023
ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունը։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր։
Ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, ատելության խոսքի և սպառնալիքների միջոցով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումը միանգամայն վկայում են, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
Դեսպան Խաչատրյանը Նախարարների կոմիտեին է ներկայացրել հունիսի 22-ին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» ԵԽԽՎ բանաձևը, որով Վեհաժողովն ահազանգում է, որ, ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված լինի լքել իրենց տներն ու համայնքները։ Ընդգծել է, որ Վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև Վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն։
Մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը նշել է, որ Լաչինի միջանցքի հարցով Նախարարների կոմիտեին հասցեագրված ԵԽԽՎ խորհրդատվությամբ՝ Վեհաժողովը Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի միակողմանի գործողությունների հետևանքով ստեղծված Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին առնչվող հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամի վրա։
Հորդորել է Նախարարների կոմիտեին ձեռնարկել հստակ քայլեր՝ ԵԽԽՎ խորհրդատվությամբ բարձրացված խնդիրները հասցեագրելու և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների կանխամտածված այս ճգնաժամին արձագանքելու համար:
ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի և Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ԵԽԽՎ և Մարդու իրավունքների հանձնակատարի ներգրավվածության կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի հասցեագրման հարցում։
Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում Եվրոպայի մեղադրանքներին ու առաջարկներին
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԽԽՎ բանաձեւը ԼՂ եւ Լաչինի միջանցքի վերաբերյալ՝ ընդգծելով քննարկումների բացառապես մարդասիրական եւ իրավական կողմերը։
Փաշինյանը դեռ չի մեկնաբանել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, ով Եվրախորհրդարանում ասել է, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ճանաչել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Արցախը իր կազմում»: Մինչ այդ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ Հայաստանի բոլոր ղեկավարները ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ արդարացնելով իրեն քայլերը։
Բորելի հայտարարությունը ամեն ինչ իր տեղը դրեց. նա, փաստորեն, ասում է, որ ամեն ինչ Հայաստանի ձեռքում է, և եթե Փաշինյանը փաստաթղթերով ճանաչի Արցախը որպես «Ադրբեջանի մաս», ինչպես պնդում է Ալիևը, ապա Եվրոպային այլ ելք չի մնա, քան ենթարկվել Հայաստանի կամքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ ասել է, որ բոլոր հարցերը պետք է ուղղել Փաշինյանին։ Մարսելում ազդեցիկ շրջանակների հետ հանդիպմանը, ըստ arfd.am-ի, նա ասել է, որ ինքը «ավելի շատ ճնշում է գործադրում Ալիեւի վրա, քան ինքը՝ Փաշինյանը»։ «Բոլոր հարցերը Փաշինյանին։ Ես միակն եմ, ով ունի հստակ դիրքորոշում և ուղերձ Արցախի հարցում»,- ասել է Մակրոնը։ «Չկասկածեք իմ վճռականությանը Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցում։ Ես կշարունակեմ ջանքերս, եթե նույնիսկ միջազգային ընտանիքում լինեմ այս օրակարգով միակը։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան առաջին անգամ է իր ռազմական կցորդին է ուղարկել Հայաստանի դեսպանություն։ Դա պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞: Մենք կանենք հնարավորը»,- ասել է Մակրոնը։
Փաշինյանը չի մեկնաբանում նման հայտարարությունները՝ նշելով միայն, որ «աշխարհում ոչ ոք չի ճանաչում Արցախը Ադրբեջանից դուրս»։ Իսկ նրա արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով ԱՄՆ-ի հովանու ներքո բանակցություններ է վարում Վաշինգտոնում, խոսում է 1975 թվականի որոշ քարտեզների, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 1991 թվականի հռչակագրի մասին։ Այս բոլոր փաստաթղթերը միջազգային իրավունքի համատեքստում ընկալվում են որպես մակուլատուրա, և դրանք հիշատակվում են միայն Հայաստանի առաջարկով։
ԵԽԽՎ-ում և ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկումների ժամանակ, օրինակ, նույնիսկ Լաչինի միջանցքի առնչությամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նշվել։ Խոսքը վերաբերում էր Բաքվի և Մոսկվայի կողմից ստանձնած կոնվենցիոն պարտավորությունների կատարմանը և տարածաշրջան միջազգային դիտորդների մութք թույլ տալուն։ Եվ ոչ մի խոսք դատարկ փաստաթղթերի մասին, որոնք Հայաստանը ինչ-ինչ պատճառներով քարոզում է։
Փաշինյանը չի մեկնաբանում Արևմուտքի կոնկրետ առաջարկները, որոնք չեն համընկնում Թուրքիայի և Ռուսաստանի հետ համատեղ «խաղաղության օրակարգի» հետ։
«Մենք պատրաստ ենք աշխարհի այլ երկրների համար անել նույնը, ինչ արեցինք Ուկրաինայի համար՝ զենք մատակարարելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով մահաբեր օգնություն ցուցաբերելու առումով»,- ասել է ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը Անվտանգության և պաշտպանության գործընկերության Շումանի ֆորումում։
Նման հայտարարությունները, ինչպես նաև Մակրոնի ակնարկը Հայաստանում դեսպանատանը ռազմական կցորդ նշանակելու մասին խոսում են այն մասին, որ Երևանին կոնկրետ առաջարկներ են արվում։
Մինչդեռ Հայաստանում «խորամանկ ծրագիր» են մշակվում՝ թող Ղարաբաղը մի երկու տարի մնա Ադրբեջանի կազմում՝ միջազգային երաշխիքներով, հետո կհզորանանք ու կազատագրենք։
Ամեն օր պարեկություն ենք իրականացնում ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը. ԵՄ առաքելություն
Մենք ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան – Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը, ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին Բրյուսելին զեկուցելու համար: Այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության Twitter-ի էջում:
«Հետևաբար, ԵՄ քաղաքացիական առաքելության անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է Եվրամիության գլխավորած խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում», – ասված է գրառման մեջ։
Մակրոն․ Արցախի հարցով ես վճռական եմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ, հայտնում է Այս մասին գրում է ՀՅԴ պաշտոնական arfd.am կայքը։
«Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն Մարսէյ եռօրեայ այցելութեան ծիրէն ներս հանդիպում ունեցաւ Մարսէյի ազդեցիկ տարբեր շրջանակներու (տնտեսական, ճարտարարուեստի, քաղաքական, համայնքային,մարզական, մշակութային, առեւտրական, գիտական-կրթական, եւայլն) հետ, զոր հրաւիրած էր անձամբ:
Սոյն երեկոյին, Մարսէյի հայ համայնքի ներկայացուցիչներու հետ իր հանդիպումին, որուն ներկայ էր նաեւ Ազգային Ժողովի պատգամաւոր Սապրինա Ակրեսթի-Ռուպաշ, պատասխանելով իրեն ուղղուած դիմումին՝ «պարոն նախագահ, Արցախի շրջափակման եւ ազերիական յարձակողապաշտ ընթացքին դէմ ձեզմէ կը սպասենք առաւել ազդու նախաձեռնութիւն, գործնակա՛ն եւ ոչ միայն բարոյական», ըսաւ հետեւեալը. «Ես Ալիեւին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ եւ կը բանեցնեմ քան նոյնինքն Փաշինեանը: Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ»:
Նախագահին այս պատասխանին, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեան ըսաւ. «պարոն նախագահ, մենք իբրեւ Ֆրանսայի քաղաքացի մենք ձեզի կը դիմենք որպէս մեր նախագահը, ինչպէս նաեւ Մինսկի խումբի համանախագահ, եւ կ‘ակնկալենք, որ ցուցաբերէք Արցախի մեր հայրենակիցներուն գործնական զօրակցութիւն:
Գիտենք, որ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպութեանց համակարգող խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեան տարբեր առիթներով արծարծած է ձեր հետ Արցախի տագնապալի եւ յուժ մտահոգիչ կացութիւնը, մենք մեր կարգին կը դիմենք ձեզի միեւնոյն պահանջով ու միեւնոյն հարթութեամբ: Պէտք է յստակ ըլլայ նաեւ, որ մեզի համար անընդունելի է հայապատկան դարաւոր Արցախը Ատրպէյճանի կազմին մէջ տեսնելու որեւէ խօսակցութիւն կամ մտադրութիւն»:
Նախագահ Մաքրոն եզրակացուց. « Մի կասկածիք Արցախի եւ ընդհանրապէս Հայաստանի գծով վճռականութեանս: Պիտի շարունակեմ ջանքս, նոյնիսկ եթէ մինչ օրս այս օրակարգով գրեթէ միակն եմ միջազգային ընտանիքէն ներս: Գիտէք նաեւ, որ առաջին անգամ ըլալով Ֆրանսա Հայաստանի իր դեսպանութեան մօտ ուղարկեց զինուորական իր կցորդը, որ պէտք է որոշ բան նշանակէ, չէ՞: Մենք պիտի ընենք մեր կարելին, առաւելագոյնը»»:
Շրջափակման հեղինակներն էլ են զարմացել, թե որքան կռո է Արցախի հայությունը
ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի դեսպանի կողմից ԵԽ պատգամավորներին ուղղված սպառնալիքը
Եվրոպական միությունը դատապարտել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքը, որը հնչեցվել է հայ-ադրբեջանական սահման ԵԽ պատվիրակության այցից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմայով հոդված է հրապարակել OC Media լրատվական հարթակը։
Սադիգովը, որը նաև Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է, հունիսի 23-ին Twitter-ում գրառում էր կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի, որի ընթացքում պատվիրակության անդամները մեկնել էին Ադրբեջանի հետ սահմանի մոտ:
Սադիգովը տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր՝ հետևյալ տեքստով.
«Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մ կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։
Սպիտակ տունն ու Պետդեպը վաշինգտոնյան բանակցությունների մասին
Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը Սպիտակ տանն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին:
Իր թվիթերյան գրառման մեջ Սալիվանը, մասնավորապես, նշել է.
«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի գրառման տեքստում:
Պաշտոնական Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղ գտած միջադեպի և զոհերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ:
Ի պատասխան հարցին՝ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Պատելը ասել է. «Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այս նպատակին, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»:
Ըստ փոխխոսնակի, արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին․ «Շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա՝ խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար: Այսպիսով, ժամանակացույցում որևէ փոփոխություն չկա… ։ Շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ»:
Արձագանքելով լրագրողների հարցերին՝ բանակցային գործընթացի հնարավոր սառեցման կամ ակտիվության նվազեցման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի ներգրավվածության վերաբերյալ՝ Պատելն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Լուիս Բոնոն շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել գործընթացում:
«Սա մի գործընթաց է, ուր կշարունակենք անմիջականորեն ներգրավված մնալ կողմերի արտգործնախարարների հետ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը երեկ հնարավորություն է ունեցել հանդիպել նրանց հետ՝ երկկողմ և եռակողմ [ձևաչափերով]։ Ակնկալում ենք, որ այս խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Հրաժարվելով մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից՝ Վեդանթ Փաթելն կարևորել է Միացյալ Նահանգների դերը գործընթացում․ «… Շատ ուրախ ենք կողմերին հրավիրելու և հյուրընկալելու համար: Սա այն գործառույթն է, որ իրականացրել ենք նախորդ անգամ, երբ հյուրընկալեցինք նույն այս բանակցություններն այս տարվա սկզբին»:
Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ ևս անդրադարձել է այսօրվա միջադեպին՝ շեշտելով. «Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տեւական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում»,- նշել է Միլլերը:
Շաբաթն երկու անգամ կապ Ստեփանակերտի հետ
Շաբաթը երկու անգամ ավտոբուսային կապ է ապահովվում Շուշիի շրջանի գյուղերի և Ստեփանակերտի միջև։ Դեպի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ առաջին երթեւեկությունները կատարվել են անցած շաբաթ օրն ու այս երկուշաբթի։ Հաջորդը նախատեսված է շաբաթվա վերջին։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ից Հաքարի գետի կամրջի վրա ապօրինի անցակետի տեղադրումից հետո Արցախի Շուշիի շրջանի Եղցահոգ, Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր գյուղերի համայնքները հայտնվել են երկակի շրջափակման մեջ։ Հունիսի 15-ից իրավիճակն էլ ավելի է բարդացել, քանի որ դադարեցվել է սննդի մատակարարումը խաղաղապահների կողմից։
Շուշիի շրջանի վարչակազմում նշել են, որ ուղեւորափոխադրումները բոլոր կողմերի հետ համաձայնեցված են։ Փոխադրումները իրականացվում են խաղաղապահների ուղեկցությամբ։ Շուշի քաղաքի մոտ գտնվող ադրբեջանական անցակետում մարդիկ անցնում են անձնագրային հսկողություն՝ ուղեկցող խաղաղապահները անձնագրերը հավաքում են, հանձնում ադրբեջանցի պարեկներին, ապա վերցնում փաստաթղթերը, հանձնում տերերին, որից հետո երթուղայինը շարժվում է։
Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի խոսքով՝ տրանսպորտային կապը հնարավորություն է տվել բնակչությանը ապահովել կենցաղի համար անհրաժեշտ սննդով և այլ ապրանքներով։ Լուծվել է նաեւ դեղորայքի, բուժօգնության հարցը՝ այս համայնքներ է գալիս շտապօգնության մեքենա՝ կրկին խաղաղապահների ուղեկցությամբ։ Ուղարկվում են աշխատավարձերն ու թոշակներ։
Հովհաննիսյանը նշեց, որ համայնքներում որոշ բաներ արտադրում են այգիներում եւ բանջարանոցներում, իսկ ալյուրն ու որոշ ապրանքներ՝ մակարոնեղեն, ձավարեղեն, միայն վերջերս են մատակարարվել։
«Համայնքներում կրկնակի շրջափակման առաջին օրվանից ի վեր իրավիճակը ծանր է, մարդասիրական աղետին մոտ։ Եվ միայն անցած շաբաթ օրը տրանսպորտային կապը հնարավորություն տվեց լուծել սոցիալական կարևոր խնդիրներ։ Կարմիր խաչը նաև օգնություն է ցուցաբերել սննդի և անձնական հիգիենայի պարագաների տեսքով։ Այս ամենը, իհարկե, լավ է, բայց դա չի նվազեցնում մեր հոգսերը՝ մեզ համար առաջնային են մնում ապաշրջափակման և, իհարկե, անվտանգության հարցերը»,- ասաց վարչակազմի ղեկավարը։
Միրզոյանը Սալիվանի և Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանմանն այլընտրանքի բացակայությունը:
Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը: Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն ունեցել է չորս զոհ՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, և ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն:
Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն Արցախի դեմ Ադրբեջանի կատարած հերթական ագրեսիայի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը: Դրա մասին բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ երկրի նախագահը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հունիսի 26-ի հայտարարությունն առ այն, որ Արցախի այն բնակիչները, ովքեր չեն ցանկանում ճանաչել Բաքվի իշխանությունը, պետք է լքեն իրենց հայրենիքը, Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Բաքվի ունեցած իրական նպատակների ևս մեկ ապացույց է:
Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. «2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի տարածքի խորքում գտնվող օբյեկտների վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության ՊԲ 4 զինծառայող։
Այդ հարվածների համար մեղքը արցախյան կողմի վրա բարդելու ադրբեջանական կողմի արդեն սովորական դարձած փորձերը զուրկ են որևէ հիմքից: Այդ են վկայում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը, որը հունիսի 26-ին՝ նշված հարձակումից ընդամենը երկու օր առաջ, հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի համար որևէ վտանգ չի ներկայացնում՝ միաժամանակ սպառնալով մեկ կորպուսի ուժերով ռազմական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ըստ էության, Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ հենց իր երկիրն է հանդիսանում ագրեսոր և իրականացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացում։
Մարդկային զոհերի հանգեցրած այս չհրահրված հարձակումը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու իր ծրագրերից։ Հունիսի 28-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքում հասցված հարվածները, ինչպես և դրանից առաջ տեղի ունեցած գնդակոծումներն ու հարձակումները խաղաղ բնակիչների վրա, Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող ցեղասպան քաղաքականության ակնհայտ դրսևորումն են, որը նա հետևողականորեն իրականացնում է միջազգային հանրության կողմից դիմադրության բացակայության պայմաններում։
Եվս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ շուրջ 200 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, որը գնալով էլ ավելի խիստ և անմարդկային է դառնում։ Հանրապետության բնակչությունը զրկված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից: Վերջին 14 օրերի ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումներն Արցախի Հանրապետություն, որոնք վերջին ավելի քան վեց ամիսների ընթացքում սահմանափակ ռեժիմով իրականացվում էին ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։
Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը: Դրա մասին բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ երկրի նախագահը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հունիսի 26-ի հայտարարությունն առ այն, որ Արցախի այն բնակիչները, ովքեր չեն ցանկանում ճանաչել Բաքվի իշխանությունը, պետք է լքեն իրենց հայրենիքը, Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Բաքվի ունեցած իրական նպատակների ևս մեկ ապացույց է:
Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ինչպես արդեն բազմիցս եղել է կարևոր հանդիպումներից առաջ կամ դրանց ընթացքում, հունիսի 28-ի հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երեկ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների հերթական փուլի ֆոնին՝ վերահաստատելով, որ Բաքուն փորձում է հարկադրանքի միջոցով, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառմամբ հայկական կողմին պարտադրել իր վերջնագրային ու առավելապաշտական պահանջները։
Այն, որ Բաքուն պատրաստ չէ բարեխղճորեն մասնակցել բանակցություններին, ակնհայտ է դառնում նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ 2023 թվականի հունիսի 23-ին Reuters-ին տված հարցազրույցում արված հայտարարություններից։ Մասնավորապես, նա մերժել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների գաղափարը՝ այն հիմնավորմամբ, թե դա իբր Ադրբեջանի ներքին գործն է։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման խնդիրը փորձելով ներկայացնել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են օրինականացնել Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրենց ծրագրերը: Նման հայտարարությունները վկայում են նաև, որ Բաքուն ձգտում է տապալել միջազգային դերակատարների ջանքերը՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման համար պայմանների ստեղծմանը։
Այս համատեքստում զինված հարձակումից մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը, թե իբր այդ երկիրը պատրաստ է օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, հանդիսանում է ծայրահեղ ցինիզմի դրսևորում: Լավագույն օգնությունը, որ կարող է ցուցաբերել Ադրբեջանը, հրադադարի ռեժիմի անշեղ պահպանումն է, Արցախի Հանրապետության տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցումը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների և ՄԱԿ-ի միջազգայինի դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք կատարումը, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ, անվտանգ և անարգել երթևեկությանը։
Նշենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Արցախի 120 հազար բնակչությանը կանխամտածված տառապանք պատճառելը և հումանիտար ճգնաժամը խորացնելը, միջազգային իրավունքի համաձայն, հավասարազոր են ռազմական հանցագործության: Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրությունն ընդհանրապես, և խաղաղ գործընթացում ներգրավված միջազգային բոլոր դերակատարները մասնավորապես, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ուղղակի պատասխանատվություն են կրում Արցախում հումանիտար և անվտանգային ճգնաժամի հետագա խորացումը կանխելու, ինչպես նաև միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման, տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության ապահովման համար: Այս կապակցությամբ ևս մեկ անգամ պնդում ենք, որ վերջիններս պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած ճնշման բոլոր լծակներն ու գործիքները՝ ապահովելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը»։
Զախարվան չի ասել, ո՞վ է լարում իրավիճակը
Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը:
Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով:
«Մենք կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ ենք անում ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ փոխգործակցությամբ: Եվ մենք կարծում ենք, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ քայլերի արագ ձեռնարկումը կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»,- ասել է Զախարովան։
«Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը հաստատել են այն: Եվ այդ հարցի շուրջ համապատասխան կոնսենսուս է ձեռք բերվել», – նշել է Զախարովան։