Այդպիսի հարված Կրեմլի հովանավորներին կարող էին հասցնել երդվյալ թշնամիները՝ Կարաբեկյան

Ադրբեջանա-Արցախյան դիմակայության գոտում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետ կապված Արցախի խորհրդարանի պահանջը՝ դադարեցնել Վաշինգտոնյան բանակցություններին Հայաստանի մասնակցությունը աբսուրդի է հասնում։ Այդպիսի հարված Կրեմլի հովանավորներին կարող էին հասցնել կա՛մ երդվյալ թշնամիները, կա՛մ ծայրահեղ նեղմիտ ու ստրկամիտ մարդիկ…
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
Իսկ ի՞նչ կմտածեր մեզանից յուրաքանչյուրը՝ լինելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ, սենատոր, կոնգրեսական, ԱՄՆ նախագահի վարչակազմի անդամ՝ կարդալով Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունը հենց այն պահին, երբ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Արդյո՞ք միանշանակ չէ, թե ով եւ ում միջոցով է փորձում խորամանկություն անել Արեւմուտքի հանդեպ։
Իհարկե, Բաքվին ձեռնտու է ահաբեկել Երևանը և ստիպել ընդունել իր սահմանազատման բանաձևը և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տարբերակը, բայց ի՞նչ ենք ստանալու դրանից մենք։ Ի՞նչ կտա մեզ բանակցությունների ընդհատումը։
Բաքվի սադրանքը, ընդհակառակը, հնարավորություն բացեց նոր լույսի ներքո բարձրացնելու Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության միջազգային երաշխիքների և դրանց ապահովման մեխանիզմների հարցը։ Եվ այն, ինչ մենք արեցինք՝ հարված է ԱՄՆ խաղաղարար նախաձեռնություններին…
Բնականաբար, 2020 թվականին Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպելուց հրաժարվելուց հետո երկու կարծիք չի կարող լինել, թե ինչ և ում կողմից է թելադրվել պաշտոնական Ստեփանակերտի այս քայլը։ Ավելին, Արցախի պետնախարարի և ԱԳ նախարարի հայտարարությունները, թե արևմտյան խաղաղ նախաձեռնությունները (ներառյալ Արցախը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը) խաթարում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ջանքերը , և պաշտոնական Ստեփանակերտի առաջարկը՝
ռուս խաղաղապահներին տալ միջազգային մանդատ, որը արվել է արցախյան պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, հանում է բոլոր կասկածները։
Ո՞ւմ կարող է ձեռնտու չլինել Արցախում միջազգային ներկայությունը։
Իսկ հիմա ամենատհաճի մասին՝ Փարիզից Մոսկվա կատարած այցից հետո, հենց այն այցից, երբ մենք միջազգային մանդատ էինք մուրում ռուս խաղաղապահների համար, նույնիսկ ռուսալեզու փաբլիկները հեգնում էին, թե ինչպես էր Արցախի ներկայացուցիչը Կրեմլում պատնում Արեւմուտքի հետ բանակցությունների մասին, մանրամասնորեն ներկայացնելով ընթացքը…

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի Հանրապետության 49 քաղաքացու ճակատագիր

Անհայտ կորածների հիշատակի օրվա նախօրյակին «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, նախագահությամբ՝ հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի:

Կատարված աշխատանքների ամփոփումից առաջ հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր զոհված 4 զինծառայողների և հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հերոսների հիշատակը:

Կարեն Սարգսյանն անդրադարձել է 2022-ի և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներին, նշել, որ Արցախի շրջափակումը որոշակի դժվարություններ է ստեղծել նաև բանակցություններում, սակայ, հանձնաժողովը չի դադարում թեկուզ հեռավար տարբերակով աշխատել Հայաստանի Հանրապետության գործընկերների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:

«Անհայտ բացակայող ճանաչված անձանց գտնելու քայլերը հարթ չեն ընթանում: Այդ հարցում մեղքի իր բաժինն ունի Ադրբեջանը և անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական կառույցը, որը համագործակցության որևէ եզրեր չի պահպանում հայկական կողմի և միջազգային մարդասիրական կառույցների հետ»,- նշել է Կարեն Սարգսյանը՝ հավելելով, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի Հանրապետության 49 քաղաքացու ճակատագիր, որից 30-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձինք: Այս ամենին զուգահեռ, հայկական կողմը ջանք չի խնայում օր առաջ տեղեկություն իմանալու անհայտության մեջ գտնվող Արցախի քաղաքացիների վերաբերյալ:

Զեկույցներով հանդես են եկել և կատարած աշխատանքները ներկայացրել ՆԳՆ ԱԻ պետական ծառայության, պաշտպանության, արտաքին գործերի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների, քննչական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի պատասխանատուները, ինչպես նաև «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» և «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ նախագահները:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես կապված են 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ու մասունքների ԴՆԹ թեստի նույնականացման գործընթացի հետ:

Այս ուղղությամբ հանձնաժողովի նախագահը հանդիպման նոր օր է նշանակել, որին մասնակից կդառնան նաև անհայտ կորածների հարազատները:

Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա․ Փաշինյանը կոչով դիմում է միջազգային հանրությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:

Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի շրջափակված մնալ, այսօրվա դրությամբ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով կա 4 զոհ: Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին ետղեկացրին կառավարությունից, վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։

Ումից է Արցախի խորհրդարանը «երաշխիքներ» պահանջում. արցախյան աթոռն առանց էդ էլ երկու ոտք ունի

Արցախի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում, ըստ էության, ասվում է, որ Բաքվից հրետակոծությունն ու էսկալացիան ուղղակիորեն կապված են Վաշինգտոնի բանակցությունների հետ։ Այսինքն՝ Բաքուն չի ցանկանում բանակցություններ վարել Վաշինգտոնում եւ ուզում է վերադառնալ ռուսական «եռակողմ» ձեւաչափին, ինչի համար էլ կրակում է։

«Վաշինգտոնում հայկական պատվիրակությունն անհապաղ դադարեցնել ընթացող բանակցությունները, մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմանին ամբողջական հրադադարի հաստատելը։ Եվ դրա պահպանման փաստաթղթային երաշխիքների տրամադրումը»,- ասված է հայտարարության մեջ։

Ո՞վ պետք է փաստաթղթային երաշխիքներ տրամադրի: Ռուսական խաղաղապահ զորքե՞րը։ Արցախը պատրաստվում է ինչ-որ «երաշխիքներ» ստորագրել Բաքվի և Մոսկվայի հետ, իսկ Վաշինգտոնի բանակցությունները դրան խանգարո՞ւմ են։

«Մենք պետք է ոչ թե կոչ անենք Հայաստանին դադարեցնել բանակցությունները, այլ Ռուսաստանին՝ որ կատարի իր պարտավորությունները կամ անկեղծորեն ընդունի իր անվճարունակությունը, իսկ Հայաստանը բանակցությունների ընթացքում պետք է բարձրացնի միջազգային ուժեր ներգրավելու հարցը, քանի որ Կրեմլի անկարողությունը պատասխանատվություն կրել ստորագրած հայտարարության համար ակնհայտ է։ Կարծես թե ԱԺ պատգամավորական կուսակցությունները կա՛մ կույր են, կա՛մ շիլ, միջազգային հարաբերություններից ոչ մի բան չեն հասկանում։ Արցախի համար գլխավոր սպառնալիքը՝ Արցախի Ազգային ժողովն է»,- գրում է արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը։

Միևնույն ժամանակ, խորհրդարանը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ կոչ անելով «Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, զսպել նրա ագրեսիվ ոտնձգությունները» (ոչ թե խաղաղապահներ ուղարկել)։ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության շրջանակներում ավելի կոշտ միջոցներ կիրառեք Ադրբեջանի անմարդկային, ցեղասպան գործողությունները կասեցնելու համար»,- ասվում է խորհրդարանի հայտարարության մեջ։

Ի՞նչ ասես։ Արցախյան աթոռակը առանց դրա էլ ընդամենը երկու ոտք ունի, եւ եթե մեկը ջարդես, ապա …

Արցախի ԱԺ հայտարարությունը

«Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված Եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, ս.թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 01.30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետության քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:

Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները: Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի;

Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները;

Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն;

Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր չորս նահատակների հիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»:

Ո՞ւմ եք խաբում՝ ձեր երեխաների՞ն, ծնողների՞ն

Արաքսի դաշտավայր

Հայաստանում ներքաղաքական քննարկումները հանգում են որոշակի խմբերի փոխադարձ մեղադրանքներին, ի դեպ, նույն ձեռքից սնվոց՝  2020 թվականի պատերազմն ու մեծ կորուստները թույլ տալու համար։ Նրանք մեղադրում են միայն հայկական ուժերին՝ չհիշատակելով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իսրայելին, ո՛չ էլ բոլոր նրանց, ովքեր, ըստ էության, ընդունել են ագրեսիային իրենց մասնակցությունը։

Ներկայիս իշխանությունը անձնազոհաբար մեղադրում է նախկին նախագահներին, թե իբր նրանք երեքով թուրը սրած սեպտեմբերի 27-ին հարձակվել են Արցախի վրա, գրավել Հադրութը, Շուշին ու ամեն ինչ հանձնել ռուսական զորքերի «խնամքին»։ Ընդդիմությունը ներկայիս իշխանությանը մեղադրում է բանակը, արտաքին քաղաքականությունը, Սփյուռքի հետ աշխատանքը ձախողելու, ազգը պառակտելու, Արցախը կամավոր հանձնելու և 4000 մարդու սպանության մեջ։

«Քննարկմանը» ագրեսորի գործոնից խնամքով խուսափում են։ «Ինչ-որ մեկը» հարձակվել է Արցախի վրա, «ինչ-որ մեկը» օգնել է նրան, բայց մեղավորը ներքին մրցակիցներն են, որովհետեւ եթե իրական մեղավորների անունները հնչեցնեք, ապա ստիպված կլինեք ոչնչացնել այն, ինչ «ձեռք է բերվել քրտնաջան աշխատանքով»։ Քանի մարդ սպանվեց, քանի մարդ կորցրեց իր տունը, ունեցվածքը, ինչքան ամոթալի պայմանավորվածություններ եղան (Փաշինյանը նման դեպքերում վերելակն է հիշում Ալիևի հետ)՝ նրանք հոգու վրա ծանր մեղք են վեցրել եւ չեն կարող ամեն ինչ այդքան հեշտ կորցնեն։

Հայկական քաղաքական քննարկումներում կան բառեր, որոնք խիստ տաբուի տակ են: Ամենատաբուավցած բառը «տարածքներն» են։ Փաշինյանը երեկ ասաց, որ եթե Հայաստանը հաղթեց 1994-ին պատերազմում, ապա ինչո՞ւ նրա բնակչությունը չաճեց։ Սա միայն առաջին հայացքից անհեթեթ հարց է, բայց իրականում դա նարրատիվի մի մասն է՝ պատերազմը տարածքի համար չէ։ Պատերազմը, ինչպես փորձում է ներդնել Փաշինյանը, կա՛մ բնակչության կորուստ է (Եռաբլուր), կա՛մ ավելացում (տեսեք՝ քանի տուն ենք կառուցում Երևանում)։ Բնակչությունը տարածք չպետք է ունենա՝ բարձրահարկ շենքերի համար բավական է «օդ» կլինի։ Արցախում էլ տարածքներ չպետք է լինեն՝  «իրավունքներ ու անվտանգությունը» բավական են։

Ինչո՞ւ է հակառակորդ կողմը հպարտորեն խոսում նվաճված տարածքների մասին, իսկ հայկական իսթեբլիշմենթը ամաչկոտ «թաքցնում» է հաղթանակը՝ ինքն իրեն նույնիսկ չխոստովանելով, որ աշխարհում պատերազմները տեղի են ունենում հենց տարածքների համար։ Այո, ցավում ենք, բայց դեռ այդպես է։ Նրանք, ովքեր 2020 թվականին հարձակվել են Հայաստանի վրա, եկել են ոչ թե բնակչության, այլ տարածքների հետեւից։ Ու այն, որ այս բառը Հայաստանում տաբու է, նշանակում է, որ «իշխանությունը» շատ լավ հասկանում է պատերազմի էությունը, բայց փորձում է դա թաքցնել՝ սեփական երեխաներից, ծնողներից, հարեւաններից, իրենցից։

Իրեն խաբելու թույլ տալը եւ այդ խաբեությանը մասնակցելը Հայաստանում դարձել է քաղաքական գերիշխող ավանդույթ։ Այնքան էլ վաել չէ իրեն խելոք համարող ազգի համար։

ՊԲ-ն հայտնել է զոհված զինծառայողների անունները

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զոհված զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը,  Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Լարվածությունը բացառելու համար կոնկրետ՝ հասուն քաղաքական քայլեր են պետք

Այս գիշեր, ըստ Արցախի ՊԲ-ի, գրոհի են ենթարկվել հայկական ուժերի դիրքերը Մարտակերտում և Մարտունիում։ Զոհվել է 4 զինվոր. Օգտագործվել են մարտական ​​անօդաչու սարքեր, ականանետեր։

Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Քննարկվող թեմաներից մեկը կարող է լինել Արցախի և Լաչինի միջանցքի անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմները։ Թե ինչ են նշանակում այս մեխանիզմները, պարզ չէ։ Պաշտոնական Երևանը չի մանրամասնում այս առաջարկը, սակայն եւ չի դիմում ՄԱԿ-ին և այլ կազմակերպություններին միջազգային զորքեր ուղարկելու կոչով։ Թեպետ նույնիսկ կույրն է տեսնում, որ այն «անվտանգության» համակարգը, որով Ռուսաստանը խոստացել էր երաշխավորել նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ, չի գործում։ Ավելի ճիշտ՝ աշխատում է հակառակ ուղղությամբ՝ 2020 թվականի նոյեմբերից սկսած վերջին համարյա երեք տարիներին Արցախը կորցրել է նոր տարածքներ, օկուպացվել է Հայաստանի սահմանադրական տարածքների մի մասը, փակվել է միջանցքը, հարյուրավոր հայ զինվորներ գերվել են։

Արցախի Հանրապետության պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ իրավիճակը սրելու Բաքվի մտադրության հետ կապված երեկ Telegram-ի իր ալիքում ասել է, որ միջանցքի ու մարդասիրական մատակարարումների արգելափակումը, գնդակոծությունները տեղի են ունենում մի շարք գործոնների ֆոնին։ «Դրանք են՝ վերջին օրերին Ադրբեջանի վրա միջազգային ճնշման աճն և առաջիկա օրերին Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի նոր որոշումների հեռանկարը։ Ռուսաստանի լրացուցիչ զբաղվածությունը ուկրաինական ճակատում և ներքին գործերում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան բանակցությունների նոր փուլի սկիզբ»,- գրում է Բեգլարյանը։ Նա նշում է, որ «իրավիճակն էլ ավելի սրելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերը պետք է դադարեցվեն գործնական քայլերով»։

Ալիեւի վրա ի՞նչ ճնշումների մասին է խոսքը։ Վերջին օրերին արցախյան հիմնախնդրի շուրջ անկեղծ քննարկումներ են ծավալվել արևմտյան մայրաքաղաքներում. արձանագրվել է, որ միջանցքը արգելափակված է, որ Ադրբեջանը չի կատարում իր կոնվենցիոն պարտավորությունները, և Ռուսաստանը չի կարողանում երաշխավորել Արցախի անվտանգությունն ու իրավունքները։ ԵԽԽՎ-ն պահանջել է միջազգային դիտորդներին թույլ տալ մտնել Արցախ և Լաչինի միջանցք, սակայն պատասխան չի ստացել։ Բաքուն միայն հանել է Բերձորի միջանցքում մի քանի օր առաջ տեղադրված բետոնե բլոկները և հիմա թույլ է տալիս ԿԽՄԿ մեքենաներին անցնել այնտեղով։

Բուն Ստեփանակերտում ուղղաթիռներ են երևում․ ռուսական զորքերը, ինչպես ասում են, սնունդ և այլ ապրանքներ են բերում: Եթե ​​դա այդպես է, ապա ստացվում է, որ Մոսկվան համաձայն է օգտվել թանկարժեք օդային տրանսպորտից, միայն թե ճանապարհը չբացվի եւ Արցախում «օտար» դիտորդներ չերեւան։

Ակնհայտ է, որ խոսքն ամենևին էլ Ուկրաինայում Ռուսաստանի «զբաղվածության» մասին չէ։

Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է, ավելի վաղ՝ ԵԽԽՎ-ում և ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներից հետո հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հույս ունենք, որ Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից։ Այդ ձեւաչափերի դադարեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «տեղում» էսկալացիայի», – նշել է Զախարովան։

Փաստորեն, սա «տեղում» էսկալացիայի ուղղակի սպառնալիք է, եթե հայկական կողմը փորձի եռակողմի հետ մեկտեղ օգտագործել այլ ձևաչափեր։ Այս ֆոնին իրավիճակի սրումը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում սաբոտաժի փորձ է թվում։

Այն, ինչ տեղի ունեցավ այս գիշեր Մարտունիում և Մարտակերտում, պետք է քննարկվի Արցախի խորհրդարանում՝ Մոսկվայի իրական նպատակների և միջազգային օրինական կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին իրական խաղաղապահ աջակցության ուղղակի կոչ անելու նպատակահարմարության համատեքստում։ Դա են “գործնական քայլերը”։

ԱՄՆ-ը «կշարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին զարգացնել այս գործընթացը»

Ազզստություն

ԱՄՆ-ն ուրախ է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններում, երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերը փոխանցել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի առավոտյան հանդիպում է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հետ՝ ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը շատ կարևոր է խնդիրների լուծման, տևական ու արժանապատիվ խաղաղության ապահովման համար։

Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը ոգևորված է վերջին շրջանում խաղաղ գործընթացում Ադրբեջանի և Հայաստանի արդյունավետ մասնակցությունից, և «մենք կշարունակենք օգնել նրանց զարգացնել այս գործընթացը», – նշել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Հունիսի 27-ը հանդիպման առաջին օրն էր, և քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը, նաև ասել է Մեթյու Միլլերը:

Երեքշաբթի օրն ավելի վաղ պետքարտուղար Բլինքենն էր գրառում կատարել Թվիթերում՝ հայտնելով Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին «տևական և արժանապատիվ համաձայնության ուղղությամբ համատեղ աշխատանքում»: «Երկխոսությունն է կայուն խաղաղության բանալին», – ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Ադրբեջանը կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի չորս զոհ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ: