Գերագույն դատարանը նախագահի ընտրության նախագիծը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող

ArtsakhPress.am

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել:

Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Ս. Աղաջանյանը:

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ րակարգում ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանից բխող ևս 5 օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկումն էր: Այն ներկայացրել է արդարադատության նախարար Ս. Արզումանյանը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ հնարավորություն կընձեռվի կուսակցությունների, հիմնադրամների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների կամ արհեստակցական միությունների լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող այլ գույքը Արցախի Հանրապետության կառավարությանը սեփականության իրավունքով փոխանցելու, հնարավոր կլինի լուծել օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած պրակտիկ խնդիրներ, կհստակեցվի լիազոր մարմինը, կմշակվեն հաշվետվությունների ներկայացման գործուն մեխանիզմներ։

Հանձնաժողովը 4 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել փաթեթին:

«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ևս ներկայացրել է արդարադատության նախարարը:

Օրենքի նախագծով օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անձի կողմից չկատարելու դեպքում նրան պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ են նախատեսվում:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Հաջորդիվ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժ. Միրզոյանը ներկայացրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Արցախի Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Սահմանադրության 12-րդ գլխում փոփոխություն (լրացում) կատարելու վերաբերյալ նախագիծ, որը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել Ազգային ժողովի կողմից ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրության իրականացման ընթացակարգը:

Ազգային ժողովը նախագծի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել էր Գերագույն դատարան: Գերագույն դատարանը Սահմանադրության նախագիծը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:

Պետաիրավական հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կներկայացվի խորհրդարանի նիստին:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2022 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմամբ հանդես է եկել Գ.Ստեփանյանը:

Հաշվետու տարին բնորոշվել է Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների տևական ու հետևողական խախտումներով, որի վերաբերյալ Արցախի օմբուդսմենը զեկույցներ է ներկայացրել՝ խնդիրը հանրայնացնելով միջազգային ասպարեզում:

ՄԻՊ գրասենյակ է մուտք գործել 735 դիմում 820 անձի կողմից, 2200 հոգու ընդունելություն է կազմակերպվել: Դիմումների գերակշիռ մասը՝ 35 տոկոսը, սոցիալական ուղղվածության են:

ՄԻՊ տարեկան հաղորդումը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտականությունը. ադրբեջանական առաջարկների 99 տոկոսը չի ընդունվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերջերս ընդունած «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևով նաև արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտականությունը՝ լուծելու ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասացին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն՝ ամփոփելով ամառային նստաշրջանի աշխատանքները:

Նստաշրջանի գլխավոր իրադարձությունը «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևի և դրա խորհրդատվությունների ընդունումն էր:

«Դա շատ կարևոր իրադարձություն է, քանի որ ԵԽԽՎ-ն այդ բանաձևով ֆիքսեց, որ Լաչինի միջանցքով այս պահին չկա ազատ և անվտանգ տեղաշարժ: Զեկուցողը մինչև բանաձևն այցելել էր Հայաստան, Լաչինի միջանցքը տեսել էր հայկական կողմից և արձանագրել էր, որ մուտք չկա: Եվ դա արտահայտվել էր բանաձևում»,-ասաց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

ԵԽԽՎ ընդունած բանաձևում արձանագրված է նաև, որ Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը ԼՂ: Արձանագրված են նաև հումանիտար խնդիրները, որոնք շրջափակման արդյունքում առաջացել են ԼՂ-ում, արձանագրված է Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից կիրառվող ատելության խոսքը: «ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված խնդիրների հասցեագրման կոչ է արվում Ադրբեջանին: Ինչպես նաև միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն սկսելու կոչ է արվում, այդ թվում՝ լուծման կիրառումը պետք է ենթադրի միջազգային մեխանիզմներ՝ ըստ բանաձևի»,-ասաց Ռուբինյանը:

Ադրբեջանի պատվիրակությունն ամեն ինչ արել է, որ բանաձևը փոփոխվի, տապալվի, առաջարկված 60-ից ավելի փոփոխությունների 99 տոկոսը ԵԽԽՎ-ն չի ընդունել:

Անդրադառնալով ակնկալվող գործնական արդյունքներին՝ Ռուբինյանը նշեց, որ դատական որոշումները, միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող բանաձևերը պետք է դիտարկել որպես մի գործընթացի մասնիկներ, որոնք միմյանց ամրապնդում են: «Բայց մենք պետք է միաժամանակ տարբեր կազմակերպություններում ճնշումը մեծացնենք»,-հավելեց նա:

Այս բանաձևը կարող է օգտագործվել դատական գործընթացներում: Պատվիրակության ղեկավարը դժվարացավ ասել, թե կարճաժամկետ հեռանկարում այն ինչ օգուտ կտա, սակայն երկարաժամկետ հեռանկարում սա ավելացնում է ճնշման գործիքակազմը  ԵԽԽՎ-ի շրջանակներում, թե առհասարակ:

«Օրինակ՝ այս բանաձևի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ հարց էին հնչեցնում՝ արդյոք այսքանից հետո Ադրբեջանը կարո՞ղ է շարունակել լինել Եվրոպայի խորհրդի անդամ: Եվ մենք շարունակելու ենք ճնշումը մեծացնել»,-ասաց Ռուբինյանը:

Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը դեռ շարունակում է գործի քննությունը՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա: Հայկական կողմը նոր հայցի ապահովման միջոց է պահանջել: «Եվ այս բանաձևի ընդունումը, որտեղ ֆիքսվել է՝ փաստ է, որ Լաչինի միջանցքն անանցանելի է բոլոր սուբյեկտների համար, լրջագույն արձանագրում կարող է հանդիսանալ դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման համար: Երկրորդ՝ չափազանց կարևոր է, որ ԵԽԽՎ-ն ԵԽ նախարարների կոմիտեին տվել է հանձնարարականներ, որ համապատասխան գործողություններ իրականացնեն Լաչինի միջանցքի հարցով»,-ասաց Վարդանյանը:

Նա նկատեց՝ սա նշանակում է, որ շարունակական գործողությունները լինելու են շատ ակտիվ, և ԵԽԽՎ-ն պարբերաբար ստանալու է զեկույցներ նախարարների կոմիտեից, թե ինչ գործընթացներ են ծավալվել, որ խնդրի հանգուցալուծումը ավելի մոտ դառնա:

«Ըստ էության ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտականությունը՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով»,-նշեց պատգամավորը:

ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի գլխավոր հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ

Խաղաղության նախատեսվող պայմանագրի համար Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասուլիսում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսի 27-ին նախատեսվող բանակցություններից ակնկալիքներին:

«Ակնկալում ենք առաջընթաց: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից և հնարավոր կլինի ստորագրել: Բնականաբար, գործընթացը բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Կան նաև հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ»,-ասաց Ռուբինյանը:

Ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի ևս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները:

Ռուբինյանը չի կարծում, թե ապաշրջափակման համատեքստում ինքնիշխանության և իրավազորության վերաբերյալ համաձայնություն չկա: «Ես տպավորություն ունեմ, որ այդ կետով համաձայնություն կա: Այլ հարց, որ այդ համաձայնությունը դեռ չի ֆիքսվել թղթի վրա, հուսով եմ, որ կֆիքսվի»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Հայաստանին պետք է ունենալ իր շահերից բխող խաղաղության պայմանագիր հնարավորինս արագ: Հայկական կողմի համար կան ամենասկզբունքային, ամենակարևորն երեք կետեր:

«Առաջինը՝ կոնկրետ քարտեզ դնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում: Երկրորդը՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն է, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմով: Երրորդը՝ երաշխիքների ինստիտուտն է»,-ասաց Ռուբինյանը:

Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խախտվել է: ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ այդ հայտարարության մեջ դժվար է գտնել մի կետ, որ Ադրբեջանը չի խախտել: Հետևաբար` շատ կարևոր է, որ որոշակի միջազգային երաշխիքներ լինեն, որ այդ պայմանագիրը կյանքի կոչվի:

Պուտինը և Ռայիսին քննարկել են Անդրկովկասում կայունության ապահովումը և ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի որոշ հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովմանը և սիրիական կարգավորմանը», – նշված է հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են նաև փոխշահավետ երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համաձայնագրերի գործնական իրականացման վրա։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի ղեկավարությանը և ժողովրդին գալիք Կուրբան-բայրամի կապակցությամբ։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրեց առաջխաղացումը և զորքերը վերադարձրեց տեղակայման վայրեր։

ՀՀ վարչապետն ու ԻԻՀ նախագահը հեռախոսազրույցի ընթացքում մի շարք հարցեր են քննարկել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:

Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

Հաքարի կամրջի վրա դրոշ դնելը նախազգուշացում է, որ եթե Հայաստանը չհամաձայնի Ստեփանակերտ-Բաքու-Մոսկվա ձևաչափին, ռուսները տհաճություն կպատճառեն հայկական կողմին

«Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը Step1.am-ին տված հարցազրույցում նշել է, որ Արցախը երբեք չի դիմել միջազգային կազմակերպություններին խաղաղապահ օգնության համար, և եկել է դիմելու ժամանակը։

Ձեր մեկնաբանությունները ԵԽԽՎ-ում և ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում արցախյան հիմնախնդրի շուրջ կայացված քննարկումների և որոշումների վերաբերյալ։ Արդյո՞ք դրանք կապ ունեն Հաքարի կամրջից բետոնե բլոկների հեռացման հետ։

Նրանք հենց դրա հետ էին կապված, քանի որ թե՛ ԱՄՆ Կոնգրեսի հայտարարությունը, թե՛ ԵԽ ԽՎ բանաձեւը բավականին հասցեական էին, արդարացի և ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականը։ Կան հստակ ակնարկներ, կոնկրետ քայլեր, որոնք հույս են ներշնչում, որ հարցը կլուծվի արդարադատության, հետեւաբար՝ ինքնորոշման շրջանակներում։ Եվ մենք ականատես եղանք, քանի որ նկարահանվել էր, թե ինչպես են ռուս խաղաղապահներն իրենց հրամանատար գեներալ-գնդապետ Լենցովի գլխավորությամբ իրականում պաշտպանում ադրբեջանցի զինվորներին Հաքարի կամրջի վրա, որ նրանք երկրորդ փորձից բարձրացնեն իրենց դրոշը Հայաստանի տարածքում։ Սա դավաճանական քայլ էր Լենցովի կողմից, և ինձ թվում է, որ Արցախի ղեկավարությունը չպետք է թողնի դա հենց այնպես։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Ստեփանակերտի վրա. իբր, եթե Արցախը հրաժարվի բանակցել, ԱՄՆ-ը սպառնացել է հակաահաբեկչական գործողությամբ։ Նույն օրը Հայաստանի տարածքում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը։

Դրոշով սադրանքը պայմանավորված է նրանով, որ բանակցային գործընթացը տեղափոխվում է միջազգային տարածություն, սա դուր չի գալիս ռուսական կողմին, և նրանք փորձում են սաբոտաժի ենթարկել հայ-ադրբեջանական բանակցությունները Վաշինգտոնում և Եվրոպայում։ Սա վկայում էր այն բանի մասին, որ եթե Հայաստանը չհամաձայնի Ստեփանակերտ-Բաքու-Մոսկվա ձևաչափին, ապա դրանք տհաճություն կպատճառեն հայկական կողմին։

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԵԽԽՎ-ում և ԱՄՆ Կոնգրեսում քննարկումները։ Ինչպե՞ս են ԱԳՆ-ի այս հայտարարությունները կապված Արցախի խորհրդարանի գործողությունների հետ, որրին մեղադրում եք անգործության մեջ։

Բանն այն է, որ այս հայտարարությունները կապ չունեն ԱԺ-ի հետ, քանի որ ԱԳՆ-ն աշխատում է, խորհրդարանը՝ ոչ։ Արտաքին գործերի նախարարությունը ճիշտ հայտարարություններով է հանդես գալիս, իսկ խորհրդարանից լսվեց միայն մեկ անձի՝ Արթուր Թովմասյանի իմիջայլոց արած հայտարարությունըՒ Բայց խորհրդարանը, և ոչ միայն խոսնակը պետք է արձագանքի ԵԽԽՎ հայտարարությանը։ Խորհրդարանը միայն որպես թույլ օղակի արձագանքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, իսկ երբ անհրաժեշտ է միջազգային ասպարեզում պաշտպանել Արցախի շահերը, մեր խորհրդարանը լռում է. Ավելին, Բերձորի, Աղավնոյի հանձնումը մեր խորհրդարանի ձեռքի գործն է։ Հարցի իրենց տեսլականն էր, որ հանգեցրեց նրան, որ Բերձորը, Աղավնոն, Սուսը մեզանից ապօրինի խլեցին, և դա մեր խորհրդարանի համաձայնությամբ էր։ Խորհրդարանը նույնիսկ կողմ է եղել հին երթուղին ժամանակից շուտ Ադրբեջանին փոխանցելուն, ինչը մեզ արժեցավ մի ամբողջ շրջանի կորուստ և լիակատար շրջափակում։

Խորհրդարանը հինգ կուսակցություններն են և նրանց առաջնորդները, ներառյալ նրանց առաջնորդների քաղաքական հայրերը: Որոշում են կայացնում ոչ թե 33 պատգամավոր, այլ նրանց կուրատորները։ Բայց պատգամավորները դա պետք է ընդունեն, այլապես մեղքը կվերցնեն իրենց հոգու վրա։

Կկատարվի՞ Շարժման պահանջը։

Դա պետք է արվի, քանի որ շարժման կազմակերպիչները գրագետ հարցեր են բարձրացնում և խոսում այն ​​մասին, ինչ կա իրականում։ Առաջադրված պահանջը իրերի իրական վիճակն է՝ կա՛մ կատարե՛ք ձեր պարտականությունները, կա՛մ հայտարարե՛ք, որ ի վիճակի չեք՝ Արցախին հնարավորություն տալով լրացուցիչ խաղաղապահ ուժեր ներգրավելու այդ խնդիրները լուծելու համար։ Շատերն ասում են, որ ոչ ոք չի ուզում գալ այստեղ, բայց սա այն պատճառով է, որ Ղարաբաղը երբեք չի դիմել ուրիշներին խաղաղապահ օգնության համար: Ուստի եկել է դիմելու ժամանակը, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկություն չունի այստեղ խաղաղապահ զորքեր ուղարկելու։

Ալեն Սիմոնյանը վաշինգտոնյան բանակցությունների մասին

Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններից կարելի է առաջընթաց սպասել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել, որովհետև պետք է ասեմ, որ բանակցությունները բավականին ինտեսիվ են ընթանում և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Այդ փոփոխություններում մի տեղ հայկական կողմն է ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ ադրբեջանական կողմը։ Այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,-ասաց Սիմոնյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կարևոր է, որովհետև այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել, հակառակ դեպքում խնդիրը լուծում չի ստանալու, ասլ է Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ  Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունը հենց ադրբեջանական կողմին է վնաս տալիս։ Նման իրողությունների դեպքում խնդիրը լուծում չի ստանա։ Դա իրականությունից փախչել է, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվի։ Վստահ եմ, որ ինչ-որ փուլի դրան կգան։ Նույնիսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և բանակցությունների ժամանակ օգտագործելու համար է արվում։ Իմ տպավորությունն այդպիսին է»,- ասաց Սիմոնյանը։

Ճշգրտող հարցին, թե ի վերջո Ադրբեջանը համաձայնելո՞ւ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կարևոր է, որովհետև այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել։ Դա ինքնախաբեություն է։ Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ ինքնախաբեությամբ զբաղվել։ Այն, ինչը որ մենք հայտարարել ենք, հետամուտենք լինելու այդ հայտարարությանը»,-եզրափակեց Սիմոնյանը։

Անշնորհակալ գործ է կանխատեսում անել, թե արդյոք Ադրբեջանի վերջին գործողությունները կարող են բերել լայնածավալ ռազմական գործողությունների, ասել է Ալեն Սիմոնյանը:

«Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում: Բանակին ոփւղղված աշխատանքները, բարեփոխումները հենց այդ  տրամաբանությամբ են առաջ գնում: Այսինքն անկախ նրանից, թե այդ սադրանքները կլինեն, թե չեն լինի, մենք յդ տրամաբանությամբ ենք գնում: Մշտապես կրակոցներ եղել են դեռ առաջին արցախյան պատերազմից հետո»,-ասաց նա:

Արցախի Ազգային ժողովն ընդունել է Շարժման պահանջը․ կդիմե՞ն ռուս խաղաղապահներին

Այսօր Արցախի Ապաշրջափակման ժողովրդական շարժումն իր պահանջն է ներկայացրել Արցախի խորհրդարան, որն ընդունել է փոխխոսնակ Գագիկ Բաղունցը։ Այսօր ժամը երեքին խորհրդարանը պետք է պատասխանի Շարժման պահանջին։ Հիշեցնենք, որ Շարժումը Արցախի Հանրապետության Ազգային ժողովից պահանջում էր դիմել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին՝ կոչ անելով անհապաղ բացել միջանցքը՝ դիտարկելով հինգ կիլոմետրանոց գոտին, համաձայն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Հակառակ դեպքում, եթե միջանցքը չբացվի, Արցախի Ազգային ժողովը պետք է հրապարակավ հայտարարի ռուս խաղաղապահների՝ իրենց պարտավորությունները չկատարելու անկարողության մասին և դիմի ԵԱՀԿ երկրներին և Ֆրանսիայի Սենատին՝ ՄԱԿ-ի բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործելու խնդրանքով՝ միջազգային խաղաղապահներ ներգրավելու համար»։

Step1.am-ի ռեպորտաժը


Վրեժ Բալասանյան, Շարժման անդամ.

Հավատո՞ւմ եք, որ խորհրդարանը կկատարի ձեր պահանջները։

Մենք կարծում ենք, որ նրանք նույնպես հայ են, ընտրվել են ժողովրդի վստահության քվեով և պետք է մտածեն ժողովրդի մասին։ Խորհրդարանում որոշ մարդկանց ճանաչում եմ և, ելնելով նրանց հայրենասիրական նկրտումներից, վստահ եմ, որ կարձագանքեն։

Ձեր պահանջները ուշացած չե՞ն, ճանապարհը 10 օր է փակված է։

Մի քիչ ուշացած են, բայց հիմա ամեն րոպեն թանկ է, և եթե ոչինչ չձեռնարկվի, հետևանքները կարող են անդառնալի լինել։

 


Շարժման անդամ Արթուր Գրիգորյան

Որքա՞ն ժամանակ եք տալիս խորհրդարանին ձեր պահանջները կատարելու համար։ Իսկ Խորհրդարանը պարտավո՞ր է կատարել այդ պահանջները։

Իմ կարծիքով, պարտավոր է, քանի որ մի իրավիճակում ենք հայտնվել, երբ պարզ չէ, թե ինչ կլինի հաջորդ պահին, իսկ ռուսական կողմը, ինչպես տեսնում ենք, աշխատում է «մոտավորապես, ոչ թե հստակ»։ Եւ Արցախի խորհրդարանը պետք է նման հայտարարություն, որին պետք կհետևեն ռուսական կողմի լիարժեք գործողությունները։ Կամ եթե չեն կարողանում, ապա թող օգնության կանչեն ՄԱԿ-ի խաղաղապահներին կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների ուժերին։ Եթե ​​ռուսները հայտարարեն, որ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները, ապա շարունակությունը կարող է ավելի իրական խաղաղապահությունը դառնալ։

Քննարկվում է միջանցքի ամբողջական փակման եւ Աղդամ տանող ճանապարհի բացման հարցը։

Սա աբսուրդ է։ Այո, սա ձեռնտու է ադրբեջանական կողմին, բայց մեզ համար դա ճակատագրական կլինի։ Մեր խնդիրն է Հաքարի կամուրջը և մայր Հայաստանի հետ կապող ճանապարհը։

Բայց հայկական կողմից, իշխանությունների կողմից արձագանք կարծես չկա։

Դե, իշխանությունները կարող են վախկոտ լինել, չհամարձակվեն հայտարարություններ անել, կամ գուցե այլ ծրագրեր ու հաշվարկներ ունեն։ Բայց այս պահին ժողովուրդն է կանգնած հիմնական խնդիրների առաջ, ուստի ժողովուրդն է, որ պետք է ինչ-որ բան անի։ Մեր Շարժումը որոշակի քայլեր է ձեռնարկել. Իհարկե, հասարակության կողմից շատ մեծ աջակցություն չկա, բայց սա համընդհանուր պասիվություն ու ապատիա է։

Պուտինը սասանվեց. դա նրան ավելի խոցելի է դարձնում։

ԿՀՎ նախկին տնօրեն և ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսը CNN-ի եթերում խոսել է Եվգենի Պրիգոժինի ապստամբության մասին. «Նա գտնվում էր Մոսկվայի արվարձաններից մոտ երկու ժամ հեռավորության վրա, որտեղ նրանք սկսեցին պաշտպանական դիրքեր պատրաստել: Ապստամբությունը չառաջացրեց այն աջակցությունը, որ հույսն նա ուներ: Եվ կրկին որոշեց ընդունել գործարքը: Նրա նյարդերը տեղի են տվել», – գրել է Ամերիկայի ձայնը:

Պետրեուսը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը կարող էր այդ պահին փախչել մայրաքաղաքից։ «Կարծում եմ, որ կառավարությունը փշրված է: Պուտինն սասանվեց: Դա նրան ավելի խոցելի է դարձնում, քան երբևէ Ռուսաստանի Դաշնությունում իր կառավարման երկու տասնամյակի ընթացքում: Ո՞վ գիտի, թե ուր կարող է դա գնալ հիմա», – ավելացրեց գեներալը:

ԿՀՎ նախկին տնօրենի խոսքով՝ Պրիգոժինին հաջողվել է փրկել իր կյանքը, սակայն նա կորցրել է Վագները։

«Եվ նա պետք է շատ զգույշ լինի Բելառուսի նոր կենսավայրում բաց պատուհանների առաջ», – ընդգծել է Պետրեուսը:

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ կոնգրեսի ՄԻ հանձնաժողովում «ԼՂ ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները, որոնք կազմակերպվել են հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում: Այս մասին ասվում է Արցախի ԱԳն-ի տարածած հաղղորդագրության  մեջ:

«Խորը երախտագիտություն ենք հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս ՄըքԳավերնին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալլոին, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին` Ադրբեջանի անօրինական և ռազմատենչ նկրտումների մասին տեղեկացվածության բարձրացմանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Առանձին ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց ելույթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, կանխելու հետագա լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների ու նոր հանցագործությունների։

Համոզված ենք, որ նման ձևաչափով լսումների անցկացումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր ու սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև՝ տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։

Շնորհակալություն ենք հայտնում նաև ԱՄՆ մեր բարեկամներին՝ անսասան և սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև հույս հայտնում, որ նման լսումների անցկացումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին կարևոր ազդակ կարող է դառնալ Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման և անվտանգային ու հումանիտար բնագավառներում առկա մարտահրավերների հաղթահարման համար»,-ասվում է Արցախի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Քարին տակ

Քարին տակը գյուղ է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում, գտնվում է Շուշի քաղաքի անջրպետային ժայռերի տակ՝ Քարինտակ գետի ձախ ափին։

Քարին տակը հիմնադրվել է 1700-ական թվականների սկզբին Բերդաձորի շրջանի Խծաբերդ և Դիզակի շրջանի Թաղլար գյուղերից վերաբնակված ազնվականների կողմից։ Խծաբերդից տեղափոխվածները նոր բնակավայր են «բերել» Խծաբերդի բարբառը, որը մինչ օրս օգտագործվում է բնակիչների կողմից։ Ինչպես նշված է 1898 թվականին «Կովկասի վայրերի ու ցեղերի նկարագրությամբ նյութերի ժողովածուում», «բարբարոս խաների» հալածանքների արդյունքում Արցախի Խծաբերդ գյուղի բնակիչները տեղափոխվել են այս տարածք և հիմնել Քարին տակ գյուղը։

1988-ին անձնագրային ռեժիմը ստուգելու պատրվակով խորհրդային զորքերը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը խուզարկություններ են կատարում, խլում թանկարժեք իրեր, փող, հագուստ և այլն, կրակում։ 1992 թվականի հունվարի 26-ին գիշերը ադրբեջանցիները հարձակվել են գյուղի վրա, սակայն կազմակերպվել է ինքնապաշտպանություն, գյուղը հաջողվել է պաշտպանել, և այդ օրը նշվում է որպես Քարինի տակի հերոսամարտի օր։

Քարին տակ գյուղում կային մի շարք պատմամշակութային հուշարձաններ՝ ինչպես հնագույն, այնպես էլ ժամանակակից։

2020 թվականի աշնանային պատերազմի արդյունքում գյուղը օկուպացվել է Ադրբեջանի կողմից, և նրա բնակիչները դարձել են բռնի տեղահանվածներ։ Պատերազմից առաջ գյուղում կար 161 տնտեսություն կամ 701 բնակիչ։