102 տարի առաջ, այս օրերին հայության դեմ իրականացվող ռուս-թուրքական – ադրբեջանական ռազմաքաղաքական զավթողական գործողությունների արդյունքում ,,ղարաբաղյան թնջուկը,, դարձավ ազգամիջյան արյունալի բախումների պատճառ, որը շարունակվում է մինչ օրս։
Ցարական կայսրության անկումից հետո, Կովկասում ստեղծված ազգային պետությունների կազմավորման փուլում, 1918-20 թվականներին Լեռնային Ղարաբաղը դարձավ կռվախնձոր Հայաստանի Հանրապետության և նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության միջև, որն ընթանում էր արյունալի բախումներով, ավերածություններով։ Լեռնային Ղարաբաղի հայերի ազատ ինքնորոշման ձգտումը և Հայաստանի Հանրապետությանը վերամիավորվելու նրանց կամքը բազմիցս դրսևորվեց անձնազոհ ազգային-ազատագրական պայքարում և իրավաբանորեն ձևակերպվեց նրա ներկայացուցչական մարմինների որոշումներում: Սակայն Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի կառավարության հանդեպ խորհրդային Ռուսաստանի անբարեհաճ վերաբերմունքից, ամեն կերպ ջանում էր ավարտին հասցնել Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի վերջնական նվաճումը։
Ադրբեջանի այս նկրտումները Ղարաբաղի նկատմամբ իրենց ճանաչումը չգտան միջազգային մակարդակում։ 1920 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեն իր 3-րդ ենթակոմիտեի զեկույցի վրա հիմնվելով, միաձայն որոշեց մերժել Ադրբեջանի Հանրապետության դիմումը՝ Ազգերի լիգային անդամակցելու, հիմնավորելով, թե Ադրբեջանը չունի հստակ սահմանված պետական սահմաններ։
Ազգերի Լիգան նաև որոշեց, մինչև հայ–ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորումը Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես վիճելի տարածք, որին իրենց համաձայնությունը տվեցին Ռուսաստանն ու Ադրբեջանը։
Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանը խորհրդային հռչակվելուց հաջորդ օրն իսկ, Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին Հայաստանի հետ տարածքային վեճերը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելու հռչակագրի մասին։
Սույն հռչակագիրը կարող է սկզբունքորեն կարևոր կետ լինել այսօր ղարաբաղյան հարցի զարգացման մեջ: Փաստորեն երկու խորհրդային երկրների միջև համաձայնություն է կայացել համապատասխան հռչակագրերի տեսքով: Միջազգային-իրավական տեսակետից տեղի է ունեցել կամավոր ցեսիա՝ մի պետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջան) կողմից վիճելի տարածքի նկատմամբ հավակնություններից հրաժարում՝ հօգուտ մյուս պետության (տվյալ դեպքում՝ Հայաստան): Դա նշանակում էր, որ վիճելի տարածքներն այսուհետ իրավաբանորեն մտնում են հայկական պետության տարածքի մեջ, իսկ բուն տարածքային վեճը սպառված է։ Ինչին այսօր ձգտում է Ադրբեջանը, ամեն կերպ փորձելով ստիպել Հայաստանին իրավական ու միջազգային տեսանկյունից հրաժարվել Արցախից։
Սույն հռչակագիրը հաստատեց նաև 1921 թ. հունիսի 3-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոն, որը Նարիմանովի իսկ մասնակցությամբ միաձայն որոշեց. «Հայկական կառավարության հռչակագրում նշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին»: Համաձայն այս որոշման՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1921 թ. հունիսի 12-ին ընդունեց դեկրետ, որում վերջնականապես ձևակերպվում էր այդ տարածքների իրավաբանական պատկանելությունը Խորհրդային Հայաստանին:
Դեկրետի տեքստը հրապարակվեց նաև Բաքվում («Бакинский рабочий», 1921 թ. հունիսի 22)։
Հայաստանի տարածքային կազմը՝ ներառյալ Ղարաբաղը հաստատվեց նաև Ազգերի լիգայի մի շարք պաշտոնական և ծառայողական փաստաթղթերում: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, չնայած այս իրողություններին շարունակեց Ղարաբաղի պատկանելիության թեմայի քննարկումները։ Ազգությունների գործերով ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինի աջակցությամբ, որպես Անդրկովկասի հանրապետությունների ներքին սահմանների որոշման հարց այն կրկին անգամ օրակարգ բերվեց 1921 թ. հուլիսի 4-ին տեղի ունեցած ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստում, որը սակայն կրկին որոշեց «Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմում, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»: Սակայն Նարիման Նարիմանովի պնդմամբ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն համաձայնում է Ղարաբաղի հարցը վերջնական որոշման համար տեղափոխել ՌԿ(բ)Կ ԿԿ:
Բայց Ղարաբաղի հարցը չփոխանցվեց ՌԿ(բ)Կ ԿԿ դիտարկմանը: 1921 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցավ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի պլենումի ևս մեկ նիստ, որին որպես ՌԿ(բ)Կ ԿԿ անդամ մասնակցում էր Իոսիֆ Ստալինը: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն չեղյալ է համարում նախորդ որոշումները և կայացնում հետևյալ որոշումը. «Ելնելով մահմեդականների ու հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից և վերին ու ստորին Ղարաբաղի տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից` Լեռնային Ղարաբաղը թողնել ԱԽՍՀ կազմում՝ տրամադրելով նրան լայն մարզային ինքնավարություն՝ Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ”։
Ստալինյան այս որոշումը ոչ թե իրավական ակտ էր, այլ ուղղակի մեծապետական շահախնդրությունից բխող գործարք։ Եվ որերորդ անգամ հայության շահերն ու պատմական արդարությունը ստորադասվեցին ռուս–թուրքական տանդեմին։
1923 թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական Խ.Ս.Հ. Կենտրոնական Գործադիր Հեղափոխական Կոմիտեի որոշմամբ կազմաւորուեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանական Խ.Ս.Հ. կազմում։ Աւելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ։
Փաստորեն, երբ 1918-20 թվականներին կազմավորվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, նրա գերիշխանությունը չէր տարածվում ոչ Լեռնային Ղարաբաղի և ոչ Նախիջևանի վրա։ Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումից հետո միայն սկսվեց քաղաքական նոր քարտեզի սահմանագծումը։ Բռնակցումը կատարվել էր Խորհրդային Ռուսաստանի սահմանադրական հոդվածներով, որոնք 1991 թվականից հետո կորցրեցին իրենց իրավական հիմքը, երբ Ադրբեջանը հրաժարվեց ճանաչել խորհրդային կարգերը եւ դուրս եկավ Խորհրդային Միությունից, երբ դեռ չէր կայացել վերջինիս պաշտոնական լուծարումը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: