Արցախի սահմանամերձ և հեռավոր գյուղերում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների խնդիրը սուր է։
Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը գրել է Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղի խնդրի մասին՝ նշելով, որ «գյուղացիների մեծ մասը տարեցներ են, ցավազրկողներ են պետք՝ անալգին դեմիդրոլ և պլատիֆիլին ներարկման համար»։ Նա դժգոհություն հայտնեց, որ նման խնդիրներ լուծելու համար պետք է դիմել պետնախարարին՝ հետաքրքրվելով, թե որտեղ են մյուս պատասխանատուները։
Ճանկաթաղ գյուղի բուժքույր Սվետլանա Իխտիրյանն էլ նկատեց, որ բուժկետում առաջին անհրաժեշտության դեղերի պակաս կա։ Նա նկատեց, որ գյուղը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական մարտական դիրքերից, և մարդիկ հաճախ են բուժկետ դիմում արյան բարձր ճնշմամբ, սրտի արագացած բաբախյունով, ջղաձգությամբ և անհանգստությունից առաջացած գլխացավով։
Բուժաշխատողն խոստովանել է, որ «եթե ինչ-որ մեկի հետ հանկարծ լուրջ բան պատահի, ապա նա չի ունենա անհրաժեշտ դեղամիջոցները մինչեւ մարզկենտրոնից շտապօգնությունը ժամանի»։
Արցախի կառավարությունում նշել են, որ հունիսի 15-ի Հաքարի կամրջի վրա ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է միջանցքով բոլոր տեսակի մարդասիրական փոխադրումները։ Սակայն վերջերս ԿԽՄԿ-ն սկսել է դեղեր ներկրել Արցախ։
«Եթե գյուղերում դեղորայքի պակաս կա, ապա բենզինի բացակայության պատճառով․ առանց վառելիքի գյուղական համայնքներ դեղորայք հասցնելը դժվար է։ Բացի այդ բենզինի սղության պատճառով դադարել են մասնավոր երթեւկությունները քաղաքներ և հակառակ ուղղությամբ, մարդիկ չեն կարողանում դեղեր գնել այլ դեղատներից։ Երկուշաբթի օրվանից կառավարությունը կզբաղվի այս հարցով»,- Step1.am-ին ասացին Արցախի կառավարությունից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: