«Ես թողեց/ի ոչ Հայեասդա/նաս/ եսիր գալու»` Ես չթողեցի որ իմ Հայաստանից գերի ընկնեն: Կարդում ենք Դիզակի մելիք, Արցախի բոլոր հայկական մելիքություների կառավարիչ մելիք Եգանի թողած արձանագրության մեջ իր ընդունարանի մուտքի պատի վրա։ Մելիքի նստոցն ու ապարանքը գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղում։
ԱՀ Հադրութի շրջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում ամբողջովին բռնազավթվեց Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ոչ միայն բնակավայրերը, այլև մի ամբողջ պատմամշակութային միջավայր, որն այսօր բռնայուրացվում, օտարվում, կեղծվում ու ոչնչացվում է հատուկ քաղաքականությամբ։ Ադրբեջանը հատկապես իր հակամշակութային, ավելին՝ հակաքաղաքակրթական քաղաքականությունը առավել ակտիվ վարում է Հադրութի շրջանում։ Շրջանը հայտնվել է երկրի առաջին դեմքի ուշադրության կենտրոնում։ Ալիևը հաճախ է այցելում Հադրութի շրջան իր ընտանիքի անդամների հետ, տարածում նկարներ մեր պատմաճարտարապետական հուշարձանների ֆոնին։ Մի շարք եկեղեցներ հայտարարվել են ուդիական, կազմակերպվել այսպես կոչված ուխտագնացություններ, որով մեծագույն վնաս է հասցվում շրջանի հոգևոր կենտրոնների ոչ միայն պատմական արժեքներին, այլև ամբողջ հոգևոր-կրոնածիսական արժեհամակարգին։ Եվ այդ ամենն իրականացվում է ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով։
Իսկ այս տարվա հունիսի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում հրապարակվել է հրաման, համաձայն որի Տող գյուղի պատմական տարածքում ձևավորվում է «Տուղ» պետական պատմաճարտարապետական և բնության արգելոց։ (https://president.az/ru/articles/view/60283): Արգելոցի ստեղծմամբ իբր թե նպատակ են հետապնդում ցուցադրել ադրբեջանական ժողովրդի պատմական անցյալը։ Իսկ հայկական հոգևոր և աշխարհիկ շինությունները ներկայացվում են որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։ Ու քանի որ այն գտնվում է Շուշի տանող ճանապարհի վրա, նորաստեղծ արգելոցը նաև զբոսաշրջային մեծ ներուժ ունի։ Իսկ այս ամենը պետք է իրականություն դառնա 2 ամսվա ընթացքում։
Հարկ է նշել, որ միայն Տող գյուղի վարչական տարածքում հաշվառված է 97 պատմամշակութային հուշարձան, այդ թվում՝ մեկ մելիքական ապարանք, 4 եկեղեցի, մեկ վանական համալիր իրենց հայերեն արձանագրություններով ու հայկական խաչքարերով։
Ինչպես վերը նշեցինք, տարածաշրջանում հայկական իշխանության խորհրդանիշներից մեկը՝ մելիք Եգանի ապարանքը, գտնվում է այս նույն Տող գյուղում։ Իշխանական պալատի գլխավոր շինությունները կառուցվել են 1737 թվականին, երբ Եգան անունը ստացած մելիք Ավանը 1736 թվականին պարսից շահ Նադիրից ստացավ խանի (բեկլարբեկ) աստիճան: Ու Արցախում սկիզբ դրվեց հայկական իշխանության մի նոր ժամանակաշրջանի կայացման, որը Խամսայի մելիքություն (խանություն) անվամբ է հայտնի պատմության մեջ։ Մելիք Եգանին տրվեց Արցախի բոլոր հայկական մելիքություների կառավարչի կարգավիճակ:
Շատ կարճ այդ ժամանակաշրջանում՝ 20 տարուց էլ պակաս, Արցախի ժողովուրդը հնարավորություն ունեցավ ինքնուրույն կառուցել իր կյանքը համեմատաբար անվտանգ պայմաններում: Որի մասին Եգանը իր ընդունարանի շքամուտքի մոտ գրություն է թողել սերունդներին․ Արձանագրության մեջ ի շարս այլ ծառայությունների, մելիք Եգանը նշում է․․․ «Ես թողեց/ի ոչ Հայեասդա/նաս/ եսիր գալու»` Ես չթողեցի որ իմ Հայաստանից գերի ընկնեն:
Այս գրությունն անգին տեղեկատվություն է պարունակում, ոչ միայն մելիք Եգանի վարած քաղաքականության ու ձեռքբերումների մասով, նաև նրանով, որ իշխանն իր երկիրը Հայաստան է անվանում: Ինչն այսօր փորձում է վերացնել, յուրացնել Ադրբեջանի բռնապետը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: