Այսօր առավոտյան Ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները գնացել են ռուս խաղաղապահների հրամանատարության ներկայացուցչի մոտ՝ պարզելու իրենց ուղարկված նամակի պատասխանը։ Ինչպես հայտնի է դարձել, նամակը «խրվել» է ինչ-որ բաժանմունքում, ու նրան այդպես էլ ընթացք չեն տվել։ Շարժման անդամները հետ են վերցրել նամակն ու գնաում են դեպի կառավարություն։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը 6 ամսից ավելի շրջափակում է Արցախը, իսկ վերջին շաբաթներին անցել է Քաշաթաղի (Լաչին) միջանցքի ամբողջական շրջափակման, Համաժողովրդական շարժումը պահանջել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովից դիմել ՌԴ ուժերի հրամանատարությանը՝ կոչ անելով անհապաղ բացել միջանցքը՝ հարգելով հինգ կիլոմետրանոց գոտին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Հակառակ դեպքում, եթե միջանցքը չբացվի, Արցախի Ազգային ժողովը պետք է հրապարակավ հայտարարի ռուս խաղաղապահների՝ իրենց պարտավորությունները չկատարելու անկարողության մասին և դիմի ԵԱՀԿ երկրներին և Ֆրանսիայի Սենատին՝ ՄԱԿ-ի բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործելու խնդրանքով, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղադրել»։
Խորհրդարանը, հիշեցնենք, մերժել է շարժման անդամներին։
Ի՞նչ հարցեր են դրվելու իշխանությունների և հրամանատարության առաջ այսօր.
Շարժման անդամ Դավիթ Վանյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց.«Կոնկրետ և շատ պարզ հարցեր, որոնք հուզում են բոլորին․ նախ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ մենք չենք բանակցում, չգիտենք, թե ով ինչ է համաձայնեցնում։ Ուրեմն, առաջին խնդիրն այն է, որ հասկանանք, թե ինչ գործընթացներ են ընթանում շրջափակման շուրջ, ինչ գործողություններ են իրականացվում և ինչ է սպասվում։ Այս հարցերի պատասխանները ցանկանում ենք ստանալ կամ մեր ղեկավարությունից, կամ ռուսական զորքերի հրամանատարությունից։
Մեր հաջորդ քայլերը կախված կլինեն այս պատասխաններից: Անիրազեկ մարդը չի կարող ճիշտ կողմնորոշվել ու քայլ առ քայլ պլանավորել բոլոր հարցերը։ Մենք ցանկանում ենք լսել պատասխանները եւ արդեն հայտարարել կոնկրետ քայլերի մասին»։