Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Այս մասին հուլիսի 6-ին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ հավելեց. «Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»,-ասաց նա:
Էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մաս է այն միջազգային կազմակերպությունների եւ երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ Ադրբեջանի գործողություններին, ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Այս առումով Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե պաշտոնական, թե հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ եւ ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին:
Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է:
Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե քաղաքականապես, թե բարոյական, թե էմոցիոնալ առումով, մենք որեւէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»,-ընդգծեց նա:
ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, այնտեղ գործում է ԼՂ բանակը, որի գործունեության պատճառը յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության մեջ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ասաց, որ ՀՀ կառավարությունն ունի որոշման նախագիծ`3 հսկիչ անցակետերի հիմնադրումը Ադրբեջանի հետ սահմանին, որը չի ընդունվում Ադրբեջանի կողմից, քանի որ նա չի հրաժարվել ՀՀ շրջափակման ենթարկելու իր 30–ամյա ձգտումից։
«Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին։ Այսինքն` տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և՛ ՀՀ կողմից, և՛ Ադրբեջանի կողմից լինեն այդ հսկիչ անցագրային կետերը, որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները ապաշրջափակվեն։ Ադրբեջանի չի անում սա, ու նրա մոտեցումն այդպիսին է, քանի որ նա չի հրաժարվել ՀՀ–ն շրջափակման ենթարկելու իր` 30–ամյա քաղաքականությունից»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերով։ Փաշինյանը նշեց, որ նախ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22–ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում ՀՀ–ին ուղղված մեղադրանքները, բացի այդ` հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունը և վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ։
«Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չի արել, մինչև օրս շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին, և նրանց օգտագործել` որպես քաղաքական սակարկման գործոն»,– նշեց նա։
Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները, պարտավորությունները չկատարելու մեջ, միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով, ասել է Փաշինյանը:
«Այստեղ եւս ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր որեւէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել եւ նման որեւէ մեկնաբանությունը երբեւէ չի ընդունի:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաներին, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո ապաշրջափակմանը, Հայաստանը բազմիցս հայտարարել է եւ հայտարարում է, որ պատրաստ է դրան: