Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը հրաժարվել է քաղաքական ու դիվանագիտական ճանապահով հարցը լուծելուց․ Ներսիսյան

  • 12:54 06.07.2023

Ադրբեջանի ահավոր հանցագործությունների առջեւ աչք փակելով՝ միջազգային հանրությունը դառնում է նրա հանցակիցը։ Այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ։

Պետնախարարը ներկայացրել է իրավիճակը, որն ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր, ադբեջանական կողմի կեղծ բնապահպանական ակցիան, Արցախի գազի եւ էլեկտրամատակարարման դադարեցումը, ինչի իրական նպատակը շրջափակման իրականացումն է եւ կապի դադարեցումը Հայաստանի հետ։ Արցախյան կողմը հայտարարել է Կաշենի հանքավայրի աշխատանքի դադարեցման մասին եւ պատրաստ է հրավիրել միջազգային փորձագետների։ Այն ժամանակ Ադրբեջանը հայտարարել էր իբր զենքի  տեղափոխման մասին եւ պահանջել էր սքաներ տեղադրել։ Ներսիսյանի խոս      քով՝ չնայած Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացնեն խաղաղապահները, Ադրբեջանը հայտարարել է անցակետի անհրաժեշտության մասին, սկսվել են քաղաքացիական անձանց ստուգումները։

«Եվ այնուամենայնիվ, Արցախի ժողովուրդը չկոտրվեց եւ սպասում էր, թե երբ միջազգային հանրությունը կբացի աչքերը։ Հասկանալով, որ ժամանակն անցնում է, Ադրբեջանը զիջումներ պահանջեց, սկսեց հայտարարել ինտեգրման մասին, հրավիրել Բաքու՝ բանակցությունների։ Այս ամենն ուղեկցվում էր խաղաղ բնակիչներին կրակելով, ոստիկանների սպանություններով եւ սպանությունների փորձերով։ Հունիսի 15-ից Բաքվից հումանիտար փոխադրումների կազմակերպման կարգախոսի տակ դադարեցվել են ԿԽՄԿ եւ ռուսական խաղաղապահ զորակազմի փոխադրումները, ավելի ուշ հաջողվեց վերականգնել դրանք։ Եվ դրանից հետո ինչ-որ մեկին թվում է, թե կարող են անվտանգության երաշխիքնե՞ր լինել։ Ադրբեջանի ահավոր հանցագործությունների առջեւ աչք փակելով՝ միջազգային հանրությունը նրա հանցակիցն է դառնում։ Այն անգամ չի հետեւել Միջազգային քրեական դատարանի որոշման կատարմանը։ Մեզանից ավելի շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում։ Բայց պետք է հասկանալ, որ անհնար է խաղաղության հասնել Արցախի ժողովրդի ցեղասպանության ճանապարհով»,- ընդգծել է պետնախարարը։

Ներսիսյանը թվարկել է այն հսկայական դժվարությունները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը՝ ընդգծելով, որ դա Արցախի ժողովրդի իրավունքների խախտում չէ, այլ ոչնչացում։

Դեկտեմբերի 12-ից սկսած Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվել է քաղաքական ու դիվանագիտական ճանապահով հարցը լուծելու տարբերակից, ասել է Ներսիսյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե եթե չենք շփվում, դրա այլընտրանքը, ելքը ո՞րն է, Գուրգեն Ներսիսյանն արձագանքեց. «Մենք պատրաստակամ ենք շփման եւ չենք կարծում, որ այլընտրանքը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ պահելը, սովի մատնելն է Ադրբեջանի տեսանկյունից: Մեր խնդիրը պետք է լինի այնպես անել, որ բոլոր միջնորդները ուղիղ նայեն ձեւավորված պրոբլեմներին, այն գործողություններին գնահատական տալ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը»: