2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, օկուպացրել են Փառուխ և Քարագլուխ գյուղերը։ Հարկ է նշել, որ Քարագլխի աշխարհագրական դիրքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Բարձունքը վերահսկում է Ակնայի հարթավայրը, Խաչենի հովիտը, ինչպես նաև Ասկերանի ենթաշրջանի մի մասն ու Ստեփանակերտը։
Պատմական իրադարձությունները փաստում են, որ Ասկերանի ու նրա շուրջը գործող ռազմավարական բարձունքների նկատմամբ թուրք-թաթարական մերօրյա ցանկություններն ամենևին էլ նորություն չեն։ Ասկերանի գյուղերի, բարձունքների նկատմամբ նրանց հավակնություններն առնվազն 100 տարվա վաղեմություն ունեն ։
Դրա մասին են վկայում 1918 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքերը, երբ ամսի 21-ին թուրքական զորքը հարձակման անցավ Ասկերանի ուղղությամբ, նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները։
Այդ օրերի մասին կարևոր հիշատակություն ունի Ղարաբաղի ժողովրդական կառավարության առաջին նախագահ Եղիշե Իշխանյանն իր «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքում։ Համաձայն որի, սեպտեմբերի 21-ին և 22-ին թուրքական զորքը ուժեղ գրոհ է սկսում Քարագլխի և Վարազաբուն, Քյաթուկ գյուղերի ուղղությամբ։ Նրանց հաջողվում է գրավել որոշ հայկական բնակավայրեր, սակայն առաջին օրերին Քարագլուխը մնում է անսասան։ Դալի Մահրասան, Մուսան, Աղասին, Ալէքսան դայու ղեկավարությամբ հետ են մղում թշնամու գրոհները, և Քարագլխի մոտ թշնամին բավական կորուստներ է ունենում։ Սակայն հայկական պաշտպանական ուժերը զիջում էին մի քանի անգամ գերակշռող թուրքական զինված ուժերին, բացի այդ զենքի ու զինամթերքի լուրջ պակաս էր զգացվում։
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո հաջորդ օրը ևս մարտական գործողությունները շարունակվում են։ Սեպտեմբերի 23-ին թուրքական զորքերը գրավում են Քարագլուխն ու Խրամորթը։ Նրանց առաջխաղացումն ավելանում է և արդյունքում թուրքական զորքերը գրավում են նաև Վարազաբունը, Ղլիժբաղը, Խանապատը, Քյաթուկը, Փիրջամալը, Նախիջևանիկն ու Ասկերանը։ Կարճ ժամանակ անց Ասկերանի և նրա շրջակա գյուղերի անկման լուրը տարածվում է Արցախում։ Ասկերանի և շրջակա գյուղերի անկումը դրդում է համագումարի նիստ գումարել։ Նիստին համագումարի անդամներն ունեին տարբեր տեսակետներ։ Ոմանք կարծիք են հայտնում, որ պետք է խաղաղությունը չխախտել և հարևանների հետ հաշտ ապրել։ Ոմանք ցանկանում էին շարունակել զինված դիմադրությունը, սակայն գիտակցում էին, որ զենքի ու զինամթերքի բացակայության դեպքում անհնար է պայքար մղել թուրք-թաթարական մեծաքանակ զորքի հետ։
Քարագլխի հին գերեզմանոցում այսօր կանգուն է մի տապանաքար, Հարություն Մովսիսյան Գրիգորյանցի տապանաքարը, որի վրայի գրությունը փաստում է, որ նա մասնակցել է Քարագլխի ինքնապաշտպանական մարտերին ու իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։
«Երնեկ այն մարդուն, որ ազգի Սիրուն կըզոհվի
Այս է տապան լուսահոգի Յարությունի Մովսեսեան Գրիգորյանց որը տաճկական պատերազմի ժամանակ Քարագլուխ գյուղը վերցնելուց չխնայելով իր երիտասարդ կյանքը հանուն ժողովրդի զոհ գնաց տաճկական գնդակին ջուխտ խաչերի առջև։ 23 սեպտեմբերի, 1918թ, 35 տարեկան հասակում »։ Մինչդեռ այսօր Ադրբեջանը գնում է ամեն քայլի, օկուպացված տարածքները ոչ հայկական ներկայացնելու համար։
Արցախյան առաջին պատերազմում Քարագլուխը կրկին հայտնվել էր թշնամու թիրախում, կատաղի մարտերում սակայն մեր մարտիկներին հաջողվել է ծանր գնով անառիկ պահել այն։
Պատմությունը ցույց է տալիս, որ թուրքերը երբեք պատրաստ չեն խաղաղ ապրել հայերի կողքին և ամեն առիթով միշտ փորձելու են առաջ շարժվել։ Ցավալիորեն մեզանից շատերը սա չգիտեն, կամ էլ գիտեն, սակայն չեն ցանկանում դասեր քաղել պատմությունից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: