Արցախի «Արարիչ» հիմնադրամը Ծմակահող գյուղում կազմակերպում է ամառային ճամբար՝ երիտասարդ Կամավորների, տեղահանված, բազմազավակ, ուժային կառույցներում ծառայողների և սոցիալական որոշակի կատեգորիայի ընտանիքների երեխաների համար։
Հուլիս ամսվա ընթացքում հիմնադրամը նախատեսում է ճամբարային հանգիստ կազմակերպել 4 հոսքով՝ 7-ական օր, յուրաքանչյուր հոսքում մոտ 60 երեխա։ Երեկ երեխաների երկրորդ հոսքը գնաց Ծմակահող։ Նրանց թվում են նաև Արցախի Հանրապետությունում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ուսանողները։
«Արարիչի» ներկայացուցիչ Հունան Թադևոսյանի խոսքով՝ ամառային ճամբարի կազմակերպման բոլոր ծախսերը հոգում է Հիմնադրամը։ «Շրջափակման պատճառով կրճատվել են մի շարք միջոցառումներ, տրանսպորտային տեղաշարժեր, երեխաների թիվը, հոսքերը։ Բայց չէինք կարող ամբողջությամբ բացառել ամառային ճամբարի կազմակերպումը, քանի որ բազմաթիվ դիմումներ են եղել ծնողներից»,- ասաց Թադևոսյանը։
Հարցին, թե արդյո՞ք հիմնադրամը քննարկում է ամառային-մշակութային ինչ-որ բան կազմակերպել շփման գծի մերձակայքում գտնվող գյուղերի երեխաների համար, որտեղ տրանսպորտի տեղաշարժը սահմանափակ է շրջափակման պատճառով, Թադևոսյանը նշեց, որ «Այս առաջարկը կներկայացնի քննարկման հիմնադրամի խորհրդի նիստին»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: