Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ լուծված չեն, սակայն հավաստիացրել է, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում։
«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի հնարավորինս արագ կայուն խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը օգնելու են Հայաստանի սուվերենությանն ու անկախությանը, պաշտպանելու են երկրի ժողովրդավարությունը։
Անդրադառնալով չլուծված խնդիրներին՝ Գրիգորյանն ասել է, որ ամենառաջնային խնդիրներից մեկն է հստակեցնել սահմանը 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա։ «Մենք պատրաստ ենք այս տարբերակով առաջ շարժվել։ Վերջնական համաձայնություն չկա, բայց շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, որ հենց 1975 թվականի քարտեզն օգտագործվի, նաև միջազգային մեխանիզմ ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտը և Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները։ Հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի առաջ շարժվենք այս ուղղությամբ»,- ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։
Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր հարթակներում ընթացող բանակցությունները փոխլրացնող են։ «Կարելի է ասել, որ բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույնն է։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է կայունություն ապահովել, և այդ առումով շատ կարևոր եմ գնահատում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը նաև բանակցությունների մասով, որովհետև բանակցություններն առաջ մղելու մեծ ջանք է գործադրվում Վաշինգտոնի կողմից, ինչը մենք գնահատում ենք»,- նշել է նա։
Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները ինտենսիվացնելու և խորացնելու մեծ հնարավորություն է տեսնում, ասել է նա։
Ժողովրդավարությունը և տարածաշրջանի հանդեպ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը մեծ դաշտ են բացում այդ համագործակցության համար։ Անվտանգությունը, էներգետիկ ոլորտը և տնտեսությունը օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք և քննարկելու ենք մոտակա երկու օրերի ընթացքում՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել համագործակցությունը։ Հայաստանը հետաքրքրված է նաև մի շարք հարցերով, որոնք լայն հնարավորություններ են տալու։ Օրինակ, շուկայական տնտեսության կարգավիճակ ձեռք բերելը, տարբեր բիզնեսների հնարավորություններն օգտագործելը։ Օրինակ, Google ծառայությունների մեծ մասը հասանելի չէ Հայաստանում։ Հասանելիությունը, կարծում ենք, կարող է մեծ փոփոխություններ մտցնել ազատ խոսքից մինչև այլ հարցեր լուծելու հարցում, որովհետև Հայաստանում այս պահին Google ծառայությունների մի մասի չգործելու պատճառով, օրինակ, մեդիաները չեն կարողանում իրենց Youtube ծառայությունները մոնետիզացիայի ենթարկել։ Սա փոքր մի մաս է, բայց այսպիսի փոքրից մինչև լայն անվտանգային համագործակցություն քննարկման օրակարգում են»,- ասել է Գրիգորյանը։
ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ, ասել է Արմեն Գրիգորյանը:
«Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն, որովհետև այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն: Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Հույս ունենք, որ այդպիսի ընկալում կա, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի համար»,-ասել է նա:
Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է, ասել է Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ:
«Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»,-ասել է ԱԽ քարտուղարը:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին: Այս կապակցությամբ՝ Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր խնդիրները քննարկում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ և օգտագործում ՀԱՊԿ-ի հարթակները բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար: «Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի ձևով առնվազն հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Շատ կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մեր բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Եվ ակնկալում ենք այդ խնդիրների լուծում»: