Իրավիճակն օրհասական է, ԿԽՄԿ-ից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը. Արցախի ՄԻՊ

  • 18:40 12.07.2023

Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատարները, հայտարարություններից բացի, այլ քայլեր չեն ձեռնարկում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախում իրավիճակն օրհասական է։ Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։

Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատարները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։

Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության՝ բոլորի կողմից:

Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»,- ասված է հայտարարության մեջ: