Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ստեփանակերտում գրասենյակ է բացել 1992 թ․, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Կարմիր խաչը Արցախում ներկայացված միջազգային միակ կազմակերպությունն է։ Մինչեւ 2020 թ․ պատերազմը Ստեփանակրտում գրասենյակ ուներ նաեւ ԵԱՀԿ Գործող նախագահի Հատուկ ներկայացուցիչը։
Պատերազմից հետո Բաքուն խստիվ արգելում է միջազգային համապատասխան կառուցների մուտքն Արցախ, խոսքը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի, եւ ՄԱԿ պարենային հանձնաժողի, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին է։ Այս պահին Կարմիր խաչը՝ Արցախի հետ կապվող միակ հումանիտար խողովակն է եւ միակ միջազգային հանրության ներկայացուցիչը։
Մի քանի օր առաջ Ադրբեջանն անհեթեթ պատճառաբանությամբ արգելեց Կարմիր խաչի միջոցով Բերձորի միջանցքով հիվանդների տեղափոխումը։ Բաքվում ասում են, որ, իբր, ԿԽՄԿ մեքենաներով սնունդ, վառելիք եւ այլ «չառտոնված» “վտանգավոր” ապրանքներ են տեղափոխվել։ Կարմիր խաչի գրասենյակից հայտնեցին, որ նման ապրանքներ հայտնաբերել են վարձած վարորդների մեքենաներում, որոնց հետ խզվել են պայմանագրերը։
Սակայն դա չի բերել տեղաշարժի վերականգնմանը։
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը մի քանի հայտարարություններով է հանդես եկել այդ արթիվ։ «Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակի Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջը՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար», ասված է հայտարարություններից մեկում:
Ո՞վ է «արտոնում», թե ինչ ապրանքներ կարող են տեղափոխվել Կարմիր խաչի միջոցով, եւ արդյոք կա վտանգ, որ Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակը կարող է փակվել։
Step1.am-ի հարցերին պատասխանել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Կարմիր խաչը դեպի Հայաստան բուժառուների տեղափոխման ցուցակներն է համաձայնեցնում Արցախի կառավարության հետ, նաեւ դեղորայքի հետ կապված հարցերը։ Մյուս բոլոր ապրանքների մասով, որոնք տեղափոխվում կամ ենթադրաբար տեղափոխվում են Կարմիր խաչի միջոցով, Արցախի կառավարության հետ չեն համաձայնեցվում, եւ Արցախի կառավարությունը որեւէ մասնակցություն չի ունենում», ասել է օմբուդսմենը։
«Ինչ վերաբերում է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի փակման վտանգին, ես կարծում եմ, որ բոլոր քայլերն, որոնք Ադրբեջանի կողմից ձեռնարկվում են, ուղղված են Կարմիր խաչի գործունեությանը խոչնդոտելուն։ Սա կատարվում է Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով, եւ դրա ապացուցներից մեկը՝ Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումն է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ եւ այդ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրության բովանդակությունը։ Այսինքն Ադրբեջանի կողմից քաղաքականացվում է Կարմիր խաչի գործունեությունը, առաջ են քաշվում քաղաքական խոչնդոտներ՝ հումանիտար աջակցության տեղափոխման ուղիների կամ Ստեփանակերտի գրասենյակի ենթակայության վերաբերյալ։ Պահանջներ, որոնք ուղիղ հակասում են միջազգային իրավունքով Կարմիր խաչին տրված անկախության, անկողմնակալության սկզբունքներին, ճնշում են գործադրում Կարմիր խաչի վրա։ Կարծում եմ, որ դրանք հենց այն նպատակն են հետապնդում, որ Արցախից հանեն հեղինակություն եւ ազդեցություն ունեցող միակ միջազգային կազմակերպությանը, ինչպիսին է Կարմիր խաչը», ասել է Ստեփանյանը։
Իր հայտարարություններից մեկում օմբուդսմենը, հայտարարելով, որ Արցախում իրավիճակն օրհասական է, կոչ է արել․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։»։