ԶԼՄ-ների տեղեկություններով, բերման են ենթարկել Վիտալի Բալասանյանին

  • 23:58 13.07.2023

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ, Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրա հետ ձերբակալել են նաեւ որդուն, եղբորը եւ քեռու տղային: Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը թերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

“Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս գրել է․ «Արցախի Ազգային անվտանգությունը մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նա եւ որդին բերման են ենթարկվել»։

Ավելի վաղ Արցախի դատախազությունը հետեւյալ տեղեկությունն է տարածել, որը ենթադրաբար շոշափում է Վ․ Բալասանյանի որդու անունը․

ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում քննարկվել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումը, որով պարզվել է, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 /յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա..Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով /Վարկը ոչ նպատակային օգտագործելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներ, 12.07.2023թ. հարուցվել է քրեական գործ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը: