Հուլիսի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ միջանցքի ապաշրջափակման Համաժողովրդական շարժման ակցիան, որի մասնակիցները հայտարարեցին ապաշրջափակման կոնկրետ քայլեր եւ նպատակներ՝ հավաքվել մի քանի տասնյակ հազար մարդով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնալ Շուշիի դիրք և ճեղքել միջանցքը դեպի Հաքարի կամուրջ, որտեղ նրանց կմիանան Հայաստանից ժամանած մասնակիցները։ Եթե ռուս խաղաղապահները հրաժարվում են ուղեկցել նրանց՝ ի հեճուկս իրենց մանդատի և պարտավորությունների, ակցիայի մասնակիցները մտնում են Բաքվի զինվորականների կողմից վերահսկվող Ստեփանակերտի օդանավակայան, դադարեցնում են սննդի և այլ ապրանքների մատակարարումը ռուսական զորքերի համար և ստիպում նրանց կատարել իրենց պարտավորությունները։
Այս նպատակները հռչակելուց հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի նախագահական, որտեղ անսպասելի դուրս եկավ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ով ասաց, որ ակցիաներին կարող են միանալ նաև պաշտոնյաներ։ Շարժումը ընդհատվեց մինչև հուլիսի 15-16-ը։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Հուլիսի 13-ի երեկոյան Գուրգեն Ներսիսյանը կոչ արեց բոլորին հուլիսի 14-ի առավոտյան ժամը 9:00-ին գալ Վերածննդի հրապարակ և սկսել անժամկետ Համաժողովրդական շարժում, քանի որ ուրիշի վրա հույս չկա։ Մինչ այդ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել էր Անվտանգության խորհուրդ և ասել, որ միջազգային հանրությանը ուղղված բոլոր կոչերն ապարդյուն են։
Հուլիսի 13-ի երեկոյան հայտնի դարձավ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին։
Հուլիսի 14-ին հանրահավաք է տեղի ունեցել, ինչ-որ տեղ տարօրինակ՝ ֆորմատով ավելի շատ մշակութային միջոցառման էր նման՝ հաղորդավարներով և այլով։ Ցուցարարների առաջնագծում կանգնած էր Արցախի ղեկավարությունը։ Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես հայտարարեց հանրահավաքին միանալու մասին։ Մնացած բոլորը նախընտրեցին հայտարարություններ չանել։
Հանրահավաքում սթափ ելույթ ունեցավ օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ պահանջելով ռուս խաղաղապահներից կատարել իրենց մանդատը և ապահովել անվտանգությունն ու տեղաշարժը միջանցքով։ Մնացած ելույթները հուզական առումով ավելի պաթետիկ էին և ուղղված էին անդեմ ու խուլ միջազգային հանրությանը, այսինքն՝ ոչ մեկին։
Հանրահավաքից հետո Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ մարդիկ գնացին Կարմիր խաչի գրասենյակ՝ պահանջելու խնդիրը բարձրացնել միջազգային ասպարեզում։ Հետո գնացել են ռուս խաղաղապահների շտաբ՝ պահանջելու կատարել իրենց պարտավորությունները։
Մինչ նրանք քայլում էին, Շուշիյից հայ դիրքապահների ուղղությամբ կրակել են ականանետերից և նռնականետերից։
Հայաստանում արցախյան հանրահավաքին քաղաքական արձագանքներ չեղան. ինչպես դրսում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, բոլորը հետեւում էին, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու։
Մարդիկ քայլով հասան Ստեփանակերտի օդանավակայան, մտան տարածք, վրաններ խփեցին եւ հայտարարեցին, որ մինչեւ ռուս խաղաղապահները չկատարեն իրենց պարտականությունը եւ չբացեն միջանցքը, նրանք ոչ մի տեղ չեն գնա։