Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
Հարգելի տիկին նախագահ,
Կրկին օգնության խնդրանքով դիմում ենք ձեզ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կանանց անունից։
Ձեզ ուղղված մեր նախորդ կոչում 2023 թվականի հունվարին տեղեկացրել էինք 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր երկրի շարունակվող շրջափակման մասին, որն իրականացվում է Ալիևի հրամանով։ Արդյունքում Արցախում 120 հազար մարդ տառապում է սովից ու ցրտից։ Խնդրել ենք աջակցել Արցախի կանանց և երեխաներին և անել հնարավորը Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու և նրան ստիպելու վերացնել մեր հանրապետության շրջափակումը։
2023 թվականի մարտի 16-ին մենք ստացանք Ձեր պատասխանը, որում վստահեցնում էիք, որ Եվրամիությունը ուշադիր հետևում է «Լաչինի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակին և մոբիլիզացնում է դիվանագիտական ջանքերը՝ ապահովելու ազատ տեղաշարժն ու անվտանգությունը միջանցքի երկանքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի դրույթների։
Ձեր արձագանքը դրական փոփոխությունների հույս է արթնացրել մեզ մոտ:
Սակայն խորը ափսոսանքով հայտնում ենք մեր հիասթափությունը ձեր խոսքերին ուղեկցող շոշափելի գործողությունների բացակայության կապակցությամբ։ Այս իրավիճակը կասկածի տակ է դնում ոչ միայն ձեր սրտացավության անկեղծությունը, այլև որպես Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ձեր անաչառությունը։
Այս նամակով ևս մեկ անգամ ձեր, Եվրոպական հանձնաժողովի և միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ այսօր՝ 2023 թվականի հուլիսի 14-ին, 120.000 մարդ, այդ թվում՝ 30.000 երեխաներ և 20.000 տարեցներ, ենթարկվում են սովի և ֆիզիկական խոցման՝ բացառապես իրենց ազգության համար: Այս ողբերգությունը ծավալվում է քաղաքակիրթ Եվրոպայի աչքի առաջ, թեկուզ Արցախի քաղաքացիները պարզապես ձգտում են ապրել իրենց հայրենիքում և իրականացնել իրենց ինքնորոշման իրավունքը։
Ալիևի ռեժիմը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, ինչն արձանագրվել է բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումներով։ Երկու դատարաններն էլ Ադրբեջանից պահանջել են անհապաղ դադարեցնել այդ խախտումները։
Յոթ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում հումանիտար իրավիճակը օրեցօր վատանում է՝ հասնելով անշրջելիության կետին։
Ամբողջ միջազգային հանրությունը՝ բոլոր պետությունները, ներառյալ Եվրամիությունը, ստանձնել են ցեղասպանությունների կանխարգելման և ինքնորոշման իրավունքի պաշտպանության պատասխանատվությունը։
Դա չկատարելը անուղղակիորեն առաջացնում է պատասխանատվություն և հետևանքներ:
Արցախի կանայք