Կյանքը նրան բազմիցս փորձարկել է տոկունությունը, բայց Արամին կոտրելը հեշտ գործ չէ։

  • 10:24 19.07.2023

Արամը մեծ հայրենասեր է, նա մասնակցել է Արցախյան երկու պատերազմի՝ 2016 թվականի ապրիլյան և 44-օրյա պատերազմների։ Ծնվել է 1994 թվականին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում։

Դեռ մանկուց սիրում էր հողի հետ շփվել։ Երկար ժամանակ ընտանիքի հետ ապրել է Քաշաթաղի շրջանի Միջնավան գյուղում, որտեղ զբաղվել է հողագործությամբ, աշխատել նաև որպես պտտագործ։

44-օրյա պատերազմի արդյունքում Քաշաթաղի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին։

Արամի ընտանիքը համագյուղացիների հետ ստիպված է եղել լքել գյուղը՝ թողնելով տարիների ընթացքում ձեռք բերված տունն ու ունեցվածքը։ Պատերազմից հետո նրանք բնակություն են հաստատել Ասկերանում։

Ցավոք սրտի, Արամի համար դա վերջին փորձությունը չէր։

2021 թվականին նա սարսափելի վթարի ենթարկվեց։ Արդյունքում ստացավ ողնաշարի ծանր վնասվածք։ Վթարից հետո նա բուժօգնություն է ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Դրան հաջորդեց վերականգնողական շրջանը Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ Արամի հետ կենտրոնում աշխատել են տարբեր պրոֆիլների մասնագետներ։ Ի միջի այլոց, նա ունեցել է խորը հոգեբանական տրավմա։

Նա չէր հավատում, որ կկարողանա վերադառնալ լիարժեք կյանքի, սակայն կենտրոնի մասնագետների ահռելի աշխատանքի շնորհիվ Արամը հավատաց ինքն իրեն ու սկսեց նոր կյանք։

Նա նոր մասնագիտություն ձեռք բերեց և սկսեց աշխատել Վերականգնողական կենտրոնում՝ որպես խեցեգործության դասարանի հրահանգիչ։

Արսեն Աղաջանյան

f