Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում սահմանափակվում է հասարակական տրանսպորտի շահագործումը․ մայրաքաղաքի բնակչությանը կշարունակեն սպասարկել միայն ծայրամասային թաղամասերը սպասարկող երկու երթուղիները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը։
«Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը:
Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը Step1.am-ին հայտնեց, որ հանրապետությունում այլընտրանքային տրանսպորտի կիրառման հետ կապված լուրջ վթարներ չեն եղել, սակայն անզգուշության պատճառով հնարավոր վթարը կասեցվել է Ստեփանակերտում։ Մայրաքաղաքի գլխավոր փողոցում անչափահաս հեծանվորդը, տեսնելով, որ ճանապարհին ավտոմեքենաներ չկան, գերազանցել է թույլատրելի արագությունը, կորցրել կառավարումը և կանգնեցվել ոստիկանների և քաղաքացիների ուժերով։