Վառելիքի սակավության պատճառով գյուղմթերքները դժվարությամբ են առաքվում Ստեփանակերտի շուկաներ

  • 17:38 20.07.2023

Արցախի շրջափակման հետևանքով վառելիքի սուր դեֆիցիտի պատճառով գյուղմթերքի առաքումը քաղաքային շուկաներ ծայրահեղ խնդրահարույց է դարձել ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր տնային տնտեսությունների համար։

Կառավարության որոշումը, որ հուլիսի 8-ից բոլոր գյուղացիները պարտավոր են իրենց արտադրանքը Ստեփանակերտի կենտրոնական շուկա մատակարարել միջհամայնքային տրանսպորտով՝ ապրանքների վերավաճառքի և փողոցային վաճառողների պատճառով թանկացումներից խուսափելու համար, չի կարող կիրառվել, քանի որ վառելիքի պակասը հանգեցրել է շրջաններից ավտոբուսային երթուղիների կրճատմանը։

Իսկ այն գյուղացիները, ովքեր կարողանում են գալ մայրաքաղաք, նախընտրում են շուկա չհասնել։ Շուկայում անվճար տեղ տրամադրելու կառավարության որոշումը գյուղացիներին չի գրավում. նրանք նախընտրում են հանձնել իրենց ապրանքը, գումար ստանալ և վերադառնալ մինչև մութն ընկնելը, մինչդեռ կա հետադարձ տրանսպորտ։ Գյուղացին ինքն է իր արտադրանքի գինը սահմանում։

«Ես երկար տարիներ շուկայում եմ աշխատում։ Որպես վերավաճառող՝ գյուղացուց ապրանք եմ ընդունում՝ դրա գնին ավելացնելով 10-15 տոկոս միջնորդավճար։ Ավելին չի թույլատրվում: Բայց ամեն ինչ թանկացել է նախորդ տարվա համեմատ 5-10 անգամ՝ կախված ապրանքից»,- ասում է շուկայի աշխատակիցը, ով իրեն ներկայացրել է Ռուզաննա։

Արցախի գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ հանրապետության մարզերում կա բավարար քանակությամբ բանջարեղեն, սակայն տրանսպորտային վառելիքի բացակայության պատճառով սպառողին հասցնելը խնդիր է դարձել, իսկ այգեգործությունն ու մեղվաբուծությունը ահռելի վնասներ են կրում։

Գերատեսչությունից վստահեցրին, որ գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպվում են առաջնահերթությամբ։ Վառելիքը հիմնականում տրամադրվում է հացահատիկի եւ խոտի բերքահավաքի,  բանջարեղենի աճեցման համար. իրականացված աշխատանքների շրջանակներում հիմնական շեշտը դրվել է բնակչության պարենային անվտանգության վրա:

f