Արցախի խորհրդարանը ուղերձ է հղել, որում ասվում է, որ «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը չունի միջազգային մանդատ, ինչը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումների և տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքի համար։ Արցախի խորհրդարանը կոչ է անում Հայաստանին հրատապ միջոցներ ձեռնարկել ռուս խաղաղապահների առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային»։
Ինչո՞ւ է Արցախի խորհրդարանը իրավիճակը տանում փակուղի. ի վերջո, ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ոչ ոք Ռուսաստանին ՄԱԿ-ի մանդատ չի տա։ Դա պարզից էլ պարզ է: Այսինքն՝ Արցախի խորհրդարանը կոչ է անում, որը հաստատ չի ընդունվի։ Ինչու՞ այդ դեպքում կազմակերպել այս ակցիան:
Ուղերձն ընդունվել է «ռուսական գնդացիրների տակ», թե խորհրդարանականների «խորին համոզմամբ», էական չէ։ Կարեւորն այն է, որ խորհրդարանը աննպատակ ու ապարդյուն վատնում է առկա պարկուճները՝ բաց թողնելով իրավիճակը շտկելու իրական հնարավորությունները։