Արցախի մի խումբ քաղաքացիներ փորձում են հասնել Հակարիի կամուրջ` Արցախ մեկնելու նպատակով։ Նրանք հասել են հայկական վերջին անցակետին, որից հետո սկսվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքը։ Factor TV-ի նկարահանող խումբն այս պահին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հայկական վերջին անցակետի մոտ է, որտեղից արդեն շուրջ հինգ ժամ արցախցիները չեն կարողանում առաջ գնալ։ Նրանք մի քանի ժամ է՝ սպասում են անցակետում, որպեսզի իրենց մոտենան ռուս խաղաղապահները։ Հայաստանի ուժային ծառայությունների ներկայացուցիչները հայտնում են, որ այդ հատված մուտքը միայն հնարավոր է ռուսական կողմի ներկայությամբ։ Արցախ մեկնող քաղաքացիներից Մարգարիտա Քարամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ այս այցով ցանկանում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ալիևի` Լաչինի միջանցքի բաց լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։
© factor.am