Այսօր, ինչպես արդեն գրել էինք, մի խումբ արցախցիներ 25 լրագրողների ուղեկցությամբ գնացել են Կոռնիձոր՝ փորձելով հասնել Հաքարի կամուրջ։ Մի քանի ժամ սպասելուց հետո ստիպված են եղել վերադառնալ Երեւան։
Ահա թե ինչ է Step1.am-ի հետ զրույցում պատմել ակցիայի համահեղինակ Մարգարիտա Քարամյանը.
«Հասանք հայկական դիրք, որտեղ մեզ լավ դիմավորեցին, ցույց տվեցինք ԱԱԾ-ի թույլտվությունը, և աշխատակիցներն ասացին, որ այստեղ արդեն այլ կանոնակարգ է գործում, և պետք է դիմել ռուսական հրամանատարությանը։ Ռուս խաղաղապահների ներկայացուցիչները պետք է ժամանեն չեզոք գոտի, դիմավորեն մեզ և ուղեկցեն անցակետ։
Այնտեղ սպասեցինք 4 ժամ, փորձեցինք մեզ տրամադրված համարով կապ հաստատել ռուս խաղաղապահների հետ, բնականաբար չպատասխանեցին, փորձեցին կապվել այլ կերպ, բայց սկսեցին տարբեր պատճառներ բերել։ Անհրաժեշտ էր իբր նախապես դիմել, պաշտոնական նամակ գրել, սպասել պատասխանի։ Այսինքն՝ ուղղակի ցրում էին, և նրանք ապացուցեցին, որ չեն կատարում իրենց խաղաղապահ գործառույթը եւ մարդկանց ու բեռները չեն ուղեկցում դեպի Հաքարի կամուրջ։ Նաեւ եղեկացանք, որ ռուս խաղաղապահներն իրենք չեն կարող Արցախից այս անցակետով անցնել դեպի Հայաստան։
4 ժամվա ընթացքում բոլոր լրագրողները համոզվեցին, որ ճանապարհը չի աշխատում, երկու ուղղությամբ ոչ մի մեքենա չի անցել։ Մարդիկ չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին, ապրանքներ չեն տեղափոխվում, Արցախն ամբողջությամբ բլոկադայի մեջ է»։