Ֆեյսբուքյան օգտատեր Մերի Գրիգորյանը գրում է. «Ասեք Միշելին էլ, Զախարովային էլ, որ մենք ուզում ենք ճանապարհ բացել, ոչ թե որ հաց բերենք ու փորներս լցնենք, մենք ճանապարհներ ենք ուզում, որ կապվենք մայր Հայաստանի հետ»։
Սա հասարակ արցախցու չափազանց նշանակալից հայտարարություն է, որը վկայում է այն մասին, որ քաղաքական խնդիրը հումանիտարով փոխարինելու նենգ փորձերը սթափ գնահատականներ են ստանում ողջամիտ մարդկանց կողմից Արցախում եւ ամբողջ Հայաստանում։
Արցախի անխափան կապը Հայաստանի հետ էկզիստենցիալ ու առանցքային խնդիր է, որը ցուցիչ է, քաղաքական որոշման ձգան։ Կլինի Հայաստանի հետ միջանցք՝ Արցախը կպահպանի իր սուբյեկտությունը, չի լինի միջանցք, չի լինի հայկական Արցախ։
Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ միջանցք որպես այդպիսին չկա և երբեք չի եղել, թեև այնտեղ էլ ըմբռնում կա, որ Արցախը գետտո դարձնելու փորձերը (ինչպես ասում է Փաշինյանը) և սովի միջոցով «ինտեգրում» պարտադրելը կդիտվի որպես պատերազմական հանցագործություն։ Մինչ այժմ Երեւանն ու Ստեփանակերտը միջազգային ատյաններ չեն ներկայացրել Բաքվի ռեժիմը որպես ռազմական հանցագործ ճանաչելու պահանջ։ Բայց դա անպայման տեղի կունենա, եւ այժմ Ալիեւը ուղիներ է փնտրում նման արդյունքից խուսափելու համար։
Գտնվելով օկուպացված Շուշիում՝ Ալիևն ասել է, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը մեսիջ է։ «Դա նաև մեսիջ էր. Բայց քանի՞ մեսիջ պետք է ուղարկենք, քանի՞ անգամ կարող ենք ակնարկել։ Եվ Փարուխի օպերացիան, և իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2021 թվականի մայիսին, և իրավիճակը սահմանին 2022 թվականի սեպտեմբերին, և սահմանային անցակետը՝ մեսիջ են։ Իսկապե՞ս նրանք կարող են այդքան անհասկացող լինել»,- ասել է Ալիեւը։
Ալիևը խոստովանում է մեղքը՝ ասելով, որ դրանք ընդամենը «մեսիջներ» են և ոչ թե օրինական որոշումներ։ Այսինքն՝ հնարավոր է փոխել որոշումը։
Միջազգային կազմակերպություններն ու դատարանները միանշանակ ճանաչել են Արցախի և միջանցքի շրջափակումը, այսինքն՝ ռազմական հանցագործության փաստը, որը Ալիևը փորձում է ներկայացնել որպես «մեսիջ»։ 120 հազար մարդու ճակատագրի հաշվին գեստապոյական «մեսիջները» պետք է դատապարտվեն ամենաբարձր միջազգային իրավական մակարդակով որպես ռազմական հանցագործություն։
Երեկ մի խումբ արցախցիներ 25 լրագրողների ուղեկցությամբ Երեւանից մեկնել են Կոռնիձոր՝ փորձելով մտնել Բերձորի միջանցք։ Վերջին հայկական դիրքում 4-5 ժամ սպասել են՝, բայց ռուսական ուղեկցորդություն այդպես էլ չեղավ։ Միջանցքը փակ է, այդ ընթացքում ոչ մի մեքենա չի անցել։ Ավելին, ինչպես հայտնի դարձավ, ռուս խաղաղապահները նույնպես ադրբեջանական անցակետով Հայաստան չեն անցնում։
Փաստորեն, ռուս խաղաղապահները հասկացել են Ալիևի «մեսիջը» և «ընդունել», որ Հայաստանի հետ միջանցք չկա, թեև Արցախում իրենց մնալու մանդատը ստորագրել է ոչ թե Բաքուն, այլ Երևանը։
Նաիրա Հայրումյան