Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում:
«Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար աջակցություն Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով»,-ասաց Սարգսյանը:
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում 19 բեռնատար՝ բեռնված առաջին անհրաժեշտության սննդամթերքով՝ ալյուր, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն և այլն:
Սարգսյանը հույս հայտնեց, որ հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիր չի առաջանա:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: