Արցախի ԱԺ կանոնակարգում փոփոխություն են անում, որպեսզի ավելի արագ հնարավոր լինի ընտրել ԱԺ նախագահ

  • 21:46 26.07.2023

Հուլիսի 26-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը:

Քննարկվող օրինագծերը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ: Ըստ գործող կարգավորումների Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, առաջարկվում է սահմանել երկօրյա ժամկետ:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում: Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստ գումարելը ստեղծված պայմաններում կարող է բավականին երկար տևել, ուստի առաջարկվում է հարցը քննարկել առաջիկա նիստում:

Հաջորդ նախագծերի փաթեթում ներառված՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող և  Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծերի ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված են Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով:

Եթե նախկինում մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ենթակա էին միայն քաղաքացիաիրավական պաշտպանության, ապա առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելը կդիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք, ինչպես նաև դրանց դեպքում կարող են կիրառվել նաև ազատազրկման տեսքով պատժատեսակներ:

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման պարագայում առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ:

Իրավական լուծում կտրվի նաև ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքներին:

Քննարկված օրինագծերն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեր տեղեկություններով վաղը՝ հուլիսի 27-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տալու: Ըստ մամուլի տեղեկությունների ԱԺ նոր նախագահ կդառնա ՀՅԴ խմբակցությունից Դավիթ Իշխանյանը: