Լյուդմիլան կենսուրախ կին է՝ կյանքի դժվարին փորձառությամբ։ Իր կյանքի ընթացքում նա երեք պատերազմի միջով է անցել։
Ծնվել և մեծացել է Հադրութում։ 1991 թվականին, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, նա սովորում էր բժշկական քոլեջի վերջին կուրսում։ Պատերազմի պատճառով Լյուդմիլան չկարողացավ ձեռք բերել անհրաժեշտ տեսական գիտելիքների բազա։ Նա անմիջապես անցել է “պրակտիկ պարապմունքների” պատերազմական պայմաններում:
Կարիերան սկսել է դաշտային հիվանդանոցում: Այստեղ նա մեծ փորձ ձեռք բերեց, որն օգնում է նրան մինչ այժմ իր աշխատանքում։ Աշխատում էր որպես բուժքույր՝ մարտի դաշտում փրկելով վիրավոր զինվորներին։
Դժվար էր, բայց նա արժանապատվորեն անցավ բոլոր դժվարությունների միջով՝ գիտակցելով այն հսկայական պատասխանատվությունը, որն այն ժամանակ վստահված էր բուժաշխատողներին։ Ունի «Արիության համար», ինչպես նաև «Մայրական փառք» մեդալներ։ Պատերազմից հետո Լյուդմիլան անցավ քաղաքացիական աշխատանքի։
Աշխատել է Հադրութի հիվանդանոցում՝ որպես ինֆեկցիոն բաժանմունքի ավագ բուժքույր։ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, Լյուդան կրկին տեղափոխվեց հիվանդանոց՝ բժիշկներին օգնելու։ Այս անգամ պատերազմն արագ ավարտվեց, ու թվում էր, թե դժվարություններն անցել են։ Լյուդմիլան վերադարձավ առօրյա աշխատանքին, սակայն անդորրը երկար չտեւեց.
44-օրյա պատերազմը անակնկալի բերեց Լյուդմիլային. սեպտեմբերի 27-ին նա ընկերների հետ բարձրանում էր Դիզափայտի վանք։ Նրանց կանգնեցրել են հարազատների ու ընկերների բազմաթիվ զանգերը։
Հայտարարվեց լայնածավալ պատերազմ։ Լյուդան շտապեց աշխատանքի։ Հիվանդանոցում նա սարսափելի պատկեր է տեսել. բուժանձնակազմը չէր հասցնում սպասարկել վիրավորների հսկայական հոսքը։ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին հիվանդանոցը անվտանգության նկատառումներով տեղափոխվել է Ազոխ գյուղ։
Այնուհետեւ հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդի զորքերը մտան Հադրութ, հոսպիտալի կին բուժանձնակազմը ողջ բնակչության հետ տարհանվեց Հայաստան։ Լյուդմիլան ամեն ինչ թողել է Հադրութում՝ չհասցնելով անգամ իրերը վերցնել։ Պատերազմից հետո Լյուդմիլան վերադարձել է Արցախ։
2021 թվականից աշխատում է Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնում։ Նրա որդին այս դժվարին պահին ծառայում է Արցախի պաշտպանության բանակի շարքերում։
Լյուդմիլան, ինչպես բոլոր արցախցիները, ապրում է շրջափակման ծանր շրջան և անկեղծորեն հավատում է, որ մի օր կվերադառնա հայրենի Հադրութ։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: