Գյուլիստանի Բեգլարյանների մելիքական տան հիմնադիր Սև Աբովի տապանաքարը

  • 12:23 28.07.2023

Գյուլիստանի մելիքությունը կազմավորվել է 17-րդ դարի սկզբին, նրա տիրակալները Մելիք Բեգլարյաններն էին, իսկ նստոցը՝ Գյուլիստանի բերդը։

Րաֆֆին նշում է, որ Մելիք-Բեգլարյանները բնիկ ուտեացիներ են, Նիժ գյուղից։ Թե ի՞նչ հանգամանքներ ստիպեցին նրանց թողնել իրենց հայրենիքը և գաղթելով Ղարաբաղի կողմերը, Գյուլիստան գավառում նոր բնակություն հաստատել, — այդ մասին լռում է պատմությունը։ Միայն հայտնի է, որ առաջին գաղթականը, որին թուրքերը կոչում էին «Ղարա-յուզբաշի» (սև հարյուրապետ), իսկ հայերի մեջ հայտնի էր սև Աբով անունով, հասարակ մարդ չէր. նա իր հայրենիքում ժողովրդի կառավարիչ էր, հարուստ էր։

16-րդ դարի սկզբներին հանկարծ այդ «սև հարյուրապետը» հայտնվում է Ղարաբաղի կողմերում, բոլորովին աղքատ, իր հետ ունենալով միայն յոթ ընտանիքներ և մի քանի անասուններ, որ կրում էին նրանց ճանապարհի ծանրությունները։ Երևում է, որ իրենց հայրենիքում մի աղետալի դեպք էր եղել նրանց հետ, որի պատճառով, թե՝ կողոպտվել են, և թե՝ տարագրվել։

Գալով մի անծանոթ աշխարհ, նրանք ոչ բնակության տեղ ունեին և ոչ պատսպարան։ Թեև աշնան ցրտերը արդեն սկսվել էին, նրանք դեռ բնակվում էին իրենց չատրներում, Թարթառ գետի ձախ ափերի մոտ, այժմյան Թալիշ գյուղից փոքր ինչ հեռու։

Սև հարյուրապետի մասին պատմությունը շատ ժլատ է, տեղեկությունները սուղ են, բայց պահպանվել է մի ավանդույթ, թե ինչպես է Աբովը նոր աշխարհում ձեռք բերել տարածքներ։ Ըստ ավանդության, մի օր նրա գրաստները դաշտում արածելու ժամանակ վրա հասան մի խումբ ավազակներ և ավարի առին անասունները։ Սակայն մի քանի ժամից Աբովը մի քանի երիտասարդների հետ  վերադարձնում են ոչ միայն անասուններին, այլև կողոպտող ավազակներին, որոնց բոլորին կալանավորեցին։

Պարզվում է, սույն ավազակների համար Բարդայի խանը մեծամեծ պարգևներ էր խոստացել բռնողին։ Սև Աբովը խանից վարձատրություն չի պահանջում իր մատուցած ծառայության համար, միայն, որպես գաղթական մարդ, խնդրում է, որ իրեն բնակության տեղ տա։ Խանի որոշմամբ, որպես մշտական սեփականություն հին Թալիշ կամ Թարիջ գյուղը Գյուլիստանի գավառում, Հոռեկա վանքի մոտ տրամադրվում է Սև Աբովին։

Անհայտ է մնում Սև Աբովի կնոջ անունը, գիտենք միայն, որ նա ուներ մի քանի որդիներ։ Աբովին հաջորդում է Մելիք Յավրին, անունը հիշատակված է 1650 թվականին Թալիշի ավետարանում։ Վերջինիս հաջորդում է Մելիք-Բեգլարը, որի օրոք ընդարձակվում են մելիքության տարածքները։ Մյուս որդիների մասին պատմությունը լռում է։

Մելիք Աբովը թաղվում է Հոռեկա վանքի մոտ, ուր ներկայումս Մելիք-Բեգլարյանների տոհմական գերեզմանատունն է։ Նրա տապանաքարի վրա փորագրված է մի տող միայն, որից երևում է, թե նա վախճանվել է հայոց ՌՁԱ (1081) թվականին, իսկ փրկչական 1632 թվականին, «Այս է հանգիստ Ապաւ քովխին  Թւ ՌՁԱ(1632)»: Տապանաքարը աչքի  է  ընկնում  չորս  խաչերի  և  մարդկային  պատկերաքանդակներով: Տարածքը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։

Լուսանկարները Գագիկ Սարգսյանի

f