Արցախը պահանջում է վերականգնել կապը Հայաստանի հետ և չշեղվել հումանիտար խնդիրներով

  • 10:58 29.07.2023

Ստեփանակերտի բնակիչ Մերի Գրիգորյանը գրում է. «Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցը Գորիս և Կոռնիձոր պետք է ողջունվի Արցախի քաղաքացիների կողմից։ Դեսպանները հասել են կամուրջ՝ նշելու, որ այն փակ է նույնիսկ մարդասիրական բեռների համար։ Մեր կողմից, մենք՝ արցախցիներս, պետք է հայտարարենք, որ միջանցքը պետք է ապաշրջափակվի, և ոչ մի այլընտրանք չենք ընդունի, եթե նույնիսկ Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանություններն ընդունեն դա (չնայած գրեթե համոզված եմ, որ չեն ընդունի): Մեր պահանջները պետք է հրապարակվեն իշխանությունների կողմից, քանի որ ժողովուրդն ինքը ինքնաբուխ հավաքների փորձ չունի»։

Էդգար Կարախանյանն իր հերթին ասաց, որ Ստեփանակերտի հրապարակում վրաններ տեղադրելու և «նստացույց» անցկացնելու փոխարեն ավելի լավ է երթով շարժվել դեպի դեսպանները և պահանջել ապաշրջափակել միջանցքը։

«Կյանքի ճանապարհը բացելով՝ մենք կարող ենք մեր ընտանիքները փրկել սովից։ Բայց մեզ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ, արժանապատիվ կյանք։ Լավ, բեռնատարները ասենք հասան Արցախ, ուտելիքը բաժանվեց, մարդիկ մի երկու օր կշտացան։ Ու ի՞նչ: Մեզ սա պետք չէ։ Պահանջում ենք բացել միջանցքը եւ երթ անել։ Մեր կառավարությանը կարող է մի կոչով հավաքել մարդկանց»,- նշել է տղամարդը։

Նելլի Սարդարյանը հայտարարեց, որ պահանջում է վերջնականապես ապաշրջափակել միջանցքը՝ առանց որևէ պայմանի, առավել եւս՝ առանց հումանիտար օգնության հղումների։ «Իմ երեխան սննդի օգնության կարիք չունի, որի համար պետք է վճարի հարազատների անվտանգությամբ։ Դադարեք խաբել հասարակությանը ձեր խաղերով։ Վերադարձեք ձեր բեռնատարները, մի խաղացեք մեր արդեն լարված նյարդերի վրա։ Պահանջում եմ, որ անհապաղ և մշտապես բացվի միջանցքը, եւ մենք ինքներս կորոշենք մեր հետագա քայլերը»։

Միհրան Բալայանը կարծում է, որ «իրավիճակը չափազանց կրիտիկական է, և մեր իշխանություններն ու համաժողովրդական շարժումների ու ճակատների առաջնորդները պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները և ազնվորեն ասեն ժողովրդին՝ պատրա՞ստ են անձնուրաց ծառայել ժողովրդին»։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ միջանցքը բացվի միայն շարասյան անցման համար։ Անհրաժեշտ է, որ ավտոշարասյունը թույլատրվի միայն այն պայմանով, որ մեկընդմիշտ եւ անարգել բացվի ճանապարհը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Սա այն է, ինչին պետք է հասնել հայկական կողմին և բանակցել միայն այս պայմաններով»,- ասաց տղամարդը։

«Այսօր առավոտյան ես արթնացա այն մտքով, որ մենք կարող ենք պայքարել առանց վախի, որ ավելի վատ կլինի: Մենք ապրում ենք տնտեսական, սոցիալական, էներգետիկ աղետի պայմաններում։ Իսկ մեկօրյա մատակարարումով բեռնատարները իրավիճակը չեն փրկի։ Պետք է պայքարել միջանցքի վերջնական ապաշրջափակման և ապօրինի անցակետի ապամոնտաժման համար։ Իսկ եթե իշխանությունները չեն ուզում դա անել, ուրեմն պետք է ստիպել»,- ասաց Էմմա Հայրապետյանը։

Նրա ընկերուհի Անժելիկա Պետրոսյանը հավելեց, որ «եթե երթ լինի դեպի Հաքարի գետի կամուրջ, ապա ես կգնամ իմ երկու երեխաների հետ, քանի որ հասկանում եմ, որ նույնիսկ 100 բեռնատարով սնունդ բերելը չի ​​լուծում մարդկանց անվտանգության հարցը»։ «Մեզ անհրաժեշտ է առանց անցակետերի և ադրբեջանական զինուժի միջանցք, արժանապատիվ կյանք և Հայաստանի հետ կապի մեր իրավունքի վերականգնում».

f