Ֆրանսիացի պատգամավորներն ու Արցախն առաջարկում են կոշտ քայլեր. ձեւաչափը փոխվել է

Մի քանի տասնյակ ֆրանսիացի պատգամավորներ կոչով դիմել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։

«Գործադիր իշխանությունը հստակ մանդատ ունի գործելու 2022 թվականի նոյեմբերի 15-ին Սենատի և 2022 թվականի նոյեմբերի 30-ի Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևերի համաձայն, ինչը նրան ազատություն է տալիս Բաքվի ռեժիմի դեմ տնտեսական պատժամիջոցներ և քաղաքականություն սկսելու համար և հայերին վճռական գործառնական աջակցություն ցուցաբերելու հնարավորություն:

Ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիան գիտի, ինչպես պատժել ում ուզում է, երբ ուզում է, նույնիսկ հզոր Ռուսաստանի պարագայում։ …Ադրբեջանն ինքը արդարացնում է Ֆրանսիայի դերն ու գործունեությունը տարածաշրջանում, հաստատում է մեր երկրի գործողությունների օրինականությունը, և բռնի ուժով հաստատված օկուպացիան ոչ մի դեպքում չի կարող գոյություն ունենալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Իր հերթին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ միայն «միջազգային հանրության ակտիվ և կոշտ միջամտությունը» կօգնի կանխել Արցախում իրավիճակի վատթարացումը։

Առավոտյան ելույթ ունեցավ Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը՝ հայտարարելով, որ բանակցությունների ձևաչափը փոխվել է այն բանից հետո, երբ Լավրովն Արցախն անվանել է «ազգային փոքրամասնություն» Ադրբեջանի կազմում, իսկ Բաքուն հրաժարվում է ուղիղ երկխոսությունից։ Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Բրատիսլավայում պետք է կայանար Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը, սակայն Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվեց հանդիպումից։ Վաղը կամ մյուս օրը միջնորդները կժամանեն Երեւան՝ որոշելու հետագա անելիքները, ասաց Տիգրան Պետրոսյանը։

Բրատիսլավայի փոխարեն Բայրամովն այսօր գնաց Անկարա, որտեղ Էրդողանն ասաց, որ Հայաստանը «հրատապ պետք է բացի Զանգեզուրի միջանցքը», պայմանագիր ստորագրի Բաքվի հետ, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Թուրքիայի ԱԳ նախարարը Լաչինի միջանցքը, որտեղ Բաքուն 6-րդ օրն է թույլ չի տալիս մարդասիրական շարասյան անցումը, իսկ շաբաթ օրը Կարմիր խաչի մեքենայից առևանգել է հիվանդ հային, անվանել է «Ադրբեջանի տարածք»։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին փաստահավաք առաքելություն ուղարկել՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։ «Ադրբեջանն արգելափակում է մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղին։ Սա միջազգային իրավունքի խախտում է։ Եթե ​​նույնիսկ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, դա չի արդարացնում էթնիկ զտումները։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է հստակ դիրքորոշում ունենան. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի «որսը»»,- գրել է Ռոթը։

Արթուր Օսիպյան. մարդիկ միակարծիք են, բայց անվտանգության հարցերը կարևոր են

Շտաբը սկսել է գրանցել նրանց, ովքեր ցանկանում են դառնալ դեպի Հաքարի գետի կամուրջ խաղաղ երթի մասնակից։ Գրանցումը կլինի ամեն օր ժամը 19.00-22.00: Այնուհետեւ կհայտարարվի երթի օրը։ Այս մասին ասել է միջանցքի ապաշրջափակման շտաբի աջակից Արթուր Օսիպյանը։

«Մենք հիմա կազմակերպչական աշխատանքներ ենք տանում։ Սա սովորական երթ չէ, ռիսկերն ակնհայտ են, ուստի կազմակերպչական աշխատանք է պետք։ Նույն աշխատանքն իրականացվում է նաև մարզերում։

Մենք չենք պատրաստվում բոլորին գրանցել։ Բայց պետք է որոշակի քանակություն լինի, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր դերն ու տեղը, ու վճռորոշ պահին սխալներ չլինեն։

Մարդիկ ընդհանուր առմամբ միակարծիք են, բայց հարցեր են ծագում, քանի որ անվտանգությունն այժմ շատ կարևոր է: Պետք է կարողանանք անզեն անցնել թշնամու զորքի միջով և հասնել Հաքարի կամուրջ։ Այդուհանդերձ, երթը պետք է կայանա, քանի որ այլ ճանապարհ պարզապես չկա»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Հիշեցնենք, որ Բերձորի միջանցք երթին մասնակցելու համար գրանցումը սկսվել է։

Մենք հույս ունենք, որ Բաքվի ցեղասպան քաղաքականությունը կդադարեցվի միջազգային խիստ միջամտությամբ. Արցախի նախագահ

Արցախում հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակությունները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով իրականացվող միջազգային ջանքերում:

Ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները՝ ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այդ միջոցով հնարավորինս բաց կերպով կներկայացնեմ իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները: Այնուհետև, բոլոր ակտիվ քաղաքական շրջանակների հետ կսկսեմ խորհրդակցություններ՝ մեր անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:

Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում: Դրան զուգահեռ մենք միշտ բաց ենք խաղաղ ու բանակցային ճանապարհով քննարկելու բոլոր հիմնախնդիրները և գտնելու լուծումներ, սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ են միջազգային պատշաճ ներգրավվածություն ու երաշխիքներ»,- նշել է Արցախի նախագահը:

ԵԽԽՎ նախագահը ԵԽ նախարարների կոմիտեին ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու, իսկ Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է հղել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ գնահատելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որում հայտնվել  են այնտեղ բնակվող հայերն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա սրում՝ հիշեցնում եմ Վեհաժողովի՝ Նախարարների կոմիտեին ուղղված հունիսի 20-ի կոչը՝ որքան հնարավոր է շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ գնահատելու համար իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։

Ես միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թվականի հուլիսի 28-ին, և կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, վերջապես կատարել իրենց փոխադարձ պարտավորությունները, որոնք ստանձնել են 1991 թվականին, որպեսզի նվազեցնեն լարվածությունը և վերականգնեն խաղաղությունը»,- հայտարարել է Քոքսը։

Դեպի Բերձորի միջանցք երթին մասնակցելու համար գրանցումը սկսվել է

«Փաստորեն, Շարժումն արդեն սկսվել է, ցանկացողները կարող են գալ և գրանցվել։ Մարդիկ մոտենում են, հարցնում, բայց մեզ հետաքրքրում է նրանք, ովքեր իրենց մեջ պատասխանատվություն են գտնում երթին մասնակցելու։ Կոպիտ ասած՝ 1500-2000 մարդ պետք է հավաքվի։ Սա խաղաղ ակցիա է»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Միջանցքի ապաշրջափակման շարժման շտաբի անդամ Վրեժ Բալասանյանը։

Հիշեցնենք, որ Շարժումն առաջարկում է Ստեփանակերտից և Երևանից միաժամանակ խաղաղ երթով շարժվել դեպի միջանցք և հասնել դրա ապաշրջափակմանը։ Ինչպես ավելի վաղ նշվել էր, Շարժման մասնակիցները պահանջում են ռուս խաղաղապահներից կատարել իրենց պարտքը և աջակցել արցախցիների խաղաղ երթին։

Հայերը պետք է հասկանան, որ չի կարելի անցնել Բաքվի անցակետով

Կառավարության դիմաց արցախահայերի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանն ասել է, որ «այսօր ոչ թե սովի խնդիրը պետք է դնել, թեեւ դա էլ է շատ կարեւոր, այլ իրավունքների խնդիրը: Հաջորդիվ նույնը լինելու է Հայաստանի հասարակության հանդեպ»,-ասաց նա:

Անդրադառնալով Բերձորի միջանցքում Բաքվի անցակետին, Մարգարիտա Քարամյանն ասաց, որ այն ապօրինի է եւ հայերը պետք է հասկանան, որ չի կարելի այդ անցակետով անցնել ընդհանրապես:

Նրա խոսքով՝ «Մենք անընդհատ ասում ենք, որ, ինչ ճնշում էլ լինի, Հայաստանը չպետք է հրաժարվի արցախահայության  անվտանգության երաշխավորը լինելուց։ Ցավոք, ոչ միայն այդ թեզից հրաժարվեց Հայաստանը, նաեւ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մեր պատգամավորները ԵԽԽՎ-ում ավելի առաջ գնացին, հայտարարեցին, որ նույնիսկ Արցախն են ճանաչում Ադրբեջանի մաս։ Բազմիցս ասել եմ, էլի կասեմ՝ ոչ ոք աշխարհում Հայաստանին չի հարգի ու չի ճանաչի, եթե նա հրաժարվում է իր ազգակիցների մի մասին պաշտպանելուց: Չեմ կարծում, որ Արցախը կկործանվի, որովհետեւ մենք պայքարելու ձևերը գիտենք, բայց Հայաստանը շատ մեծ վտանգների տակ է հիմա: Հիմա ՀՀ բնակչությունը շատ լուրջ պետք է մտահոգվի իր ճակատագրով», ասել է Քարամյանը:

Բերձորի միջանցքը պետք է բացել՝ միջոցների առաջ կանգ չառնելով, այդ թվում ռազմական ճանապարհով

«Արցախցիների սոցիալական խնդիրներ շատ են, բայց այսօրվա հիմնական պահանջն է՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակում, Արցախի ինքնորոշման ճանաչում: Ընդ որում դա պետք է լինի զուգահեռ», կառավարության շենքի առջեւ Արցախից տեղահանվածների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։

Նրա խոսքով, Բերձորի միջանցքը պետք է բացել՝ միջոցների առաջ կանգ չառնելով, այդ թվում ռազմական ճանապարհով, եթե այլ տարբերակ չկա. «Մեռնելն է հե՞շտ, թե՞ փորձելը: Միանգամից նաեւ պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, որովհետեւ միջանցքը Ադրբեջանը կարող է դրսի հրամաններով բացի, երկու օր հետո փակի: Այսինքն մինչեւ մեր սուվերենիտետը այնտեղ չհաստատվի, ճանապարհ բացել-փակելը ոչինչ չի տա: Բայց այս պահին արագ պետք է բացել միջանցքը, օգնություն հասնել Արցախի ժողովրդին, զուգահեռ սկսեն ինքնորոշման ճանաչումը: Եթե ասում են՝ չեն կարողանում, ապա թող հեռանան, մեր գլուխը չցավացնեն: Ի վերջո պատասխանատվության ժամը գալու է, եթե քո գործը չես անում, ուրեմն պատասխանատվության պիտի ենթարկվես»,- նշեց նա։

Լևոն Հայրյանն ասաց, որ եթե որոշ մարդկանց համար Վագիֆ Խաչատրյանի առևանգումն անսպասելի էր, ապա Ալիևի հռեոտորաբանությունից արդեն պարզ էր, թե Ադրբեջանն ինչի է պատրաստ. «Այն, ինչ հիմա անվանում են ինտեգրացիա, Արցախի բնակիչների ինտեգրացիան ադրբեջանական բանտերով է լինելու։ Դա է, Ալիեւը ցույց է տալիս ճանապարհը: Եթե ընդունում ենք, դառնում ենք ղազ: Եթե չենք ուզում ղազ լինել, Ալիեւին չենք ընդունում, ռուսի խաղաղարարությունը չենք ընդունում, միջազգային հանրության դեսպան Քվինի ապուշ հայտարարությունը չենք ընդունում եւ վերջ: Մենք պետք է ունենանք սեփական թասիբ եւ դրա հետեւից գնանք: Այո, թող գնան երկխոսության, բայց երկխոսության գնացողը պետք է իմանա, որ Արցախի ինքնորոշումից ցածր կարգավիճակ չպետք է լինի: Դրանից ներքեւ չի կարելի խոսել»,- ասաց նա։

Հայկական Լեռնային Ղարաբաղը գտնվում է վերացման եզրին, նրա ինքնորոշման իրավունքը պետք է կիրարկվի. Ֆրանսիայի քաղաքական ուժերի կոչը Մակրոնին

Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյա­կից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկա­յա­ցուցիչներ, այդ թվում՝ Սենատի Սոցիալիստական խմբակցության նա­խա­գահ Պատ­րիկ Կանները, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասսասին, Բնա­պահ­պանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սե­նա­տի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձ­­նաժողովի փոխ­նախագահ Մարի-Արլետ Կարլոտտին, Ֆրանսիա-Հայաս­տան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, Կոմունիստական կուսակցության անդամ և բարեկամության խմբի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Սենատի Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնա­խա­գահ Ֆաբիեն Գայը, Ազգային ժողովի Ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը և այլք, հանդես են եկել Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ուղղված կոչով՝ գործնական աջակ­ցու­թյուն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղին։

«Այս անհանգիստ ժամանակաշրջանում, երբ անկարգություններն աշխարհում ահագնանում են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ջանքեր է գործադրում՝ փորձելով ոչ միայն գոյատևել, այլև Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) մարմնավորել այն ժողովրդավարական արժեքները, որոնք մենք համարում ենք մերը։ Մինչդեռ, մենք ոչ մի քայլ այս առնչությամբ չենք նախաձեռնում և նրան չենք աջակցում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման փորձերին դիմակայելու հարցում: Համաշխարհային նորությունների յուրա­քանչյուր նոր ցնցման պայմաններում, որի վերջին օրինակը Պրիգոժինի գործն է, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն օգտվում է ինչպես մեր՝ այլ ուղղությամբ սևեռված ուշադրությունից, այնպես էլ՝ մեղավոր անտարբերությունից՝ այդպիսով էլ ավելի սեղմելով իր մահաբեր օղակը հայկական այս տարածքում:

Այսպես, հունիսի 15-ից վերջնականապես հրաժարվելով Լեռնային Ղարաբաղը և Հայաս­տանը կապող Լաչինի միջանցքում ազատ երթևեկության շուրջ մտացածին պատմությունը և սաստկացնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը՝ Իլհամ Ալիևը տեղադրել է բետոնե պատնեշներ՝ վերջնականապես արգելափակելով հաղորդակցությունը։

Ներկայիս ընդլայնված Եվրոպայում սա «Նոր Բեռլինի պատ» է, որը Լեռնային Ղարաբաղի հարյուր քսան հազար բնակչությանը տանում է դեպի սովամահություն։ Արդյոք մեր հանրապետական ​​գործընկերների պես մենք ևս պետք է կրկնենք, որ Բաքվի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի ամենատար­րա­կան սկզբունքներին։ Արդյոք մենք դեռ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է իր իսկ ստանձնած պարտավորությունները և 2020 թվականի նոյեմբերի հրադադարի պայմանները:

Արդյոք մենք պետք է վերստին հիշեցնենք, որ այս սրիկա պետությունը, ծաղրելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը նրան պարտադրում է անհապաղ վերականգնել է ազատ տեղաշարժը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, իրեն դարձնում է վտարանդի միջազգային հանրությունից։ Եվ վերջապես, արդյոք պետք է նշենք, որ գործադիր իշխանությունն ունի գործելու հստակ մանդատ՝ առաջնորդվելով 2022 թվականի նոյեմբերի 15-ին Սենատի և 2022 թվականի նոյեմբերի 30-ի Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևերով, որոնք տալիս են լիարժեք ազատություն՝ Բաքվի ռեժիմի դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ նախաձեռնելու և հարձակման ենթարկված հայերին վճռական ու անհապաղ աջակցություն ցուցա­բերելու հարցում։

Ընթացիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիան գիտի, թե ինչպես պատժել՝ ում կամենում է և երբ դա կամենում է, նույնիսկ հզոր Ռուսաստանի պարագայում է այդպես։ Ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք նաև գիտենք, թե ինչպես մեր ուժերը տեղակայենք Մոլդովայի սահմաններին։ Հօգուտ Լեռնային Ղարաբաղի մեր կրկնվող կոչերը չլսելը և հօգուտ նրա մեր հանձնառած միջոցները չհամախմբելը նշանակում է լինել Ադրբեջանի մեղսակիցը։

Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ դիմադրության հայազգի մարտիկ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի պանթեոն մուտք կգործի 2024 թվականի փետրվարի 21-ին՝ իր մահապատժից ութսուն տարի անց։ Մեզ մնում է միայն ողջունել այս որոշումը, որն ի դեմս Մանուշյանի՝ ոգեկոչում է նաև որևէ երկրի քաղաքացիություն չունեցող և մերժված հարյուրավոր մարդկանց՝ հայերի, հրեա­ների, իսպանացի հանրապետականների, իտալացի հակաֆաշիստների և շատ ուրիշ­ների հանձնառությունը՝ ծառայելու հօգուտ ազատության, մարդկության և եղբայրության արժեքների, որոնք Հանրապետության արժեքներն են հանդիսանում։ Բայց այս արդարացի երախտագիտությունը չպետք է վերածվի խեղկատակության՝ ծառայելով որպես պատնեշ, որը թույլ է տալիս հայերին թողնել միայնակ ներկայիս ավտորիտար և ավտոկրատ ադրբեջանական ռեժիմին դեմ-հանդիման:

Հայկական Լեռնային Ղարաբաղը գտնվում է վերացման եզրին։ Լեռնային Ղարաբաղը, որը Հարավային Կովկասում ներկայացնում է այն, ինչ մենք պնդում ենք, որ մարմնավորում ենք, արժանի է ավելիին, քան անուշադիր հայացքն է: Այն պարզապես արժանի է, որ իր քաղաքացիների ինքնորոշման իրավունքը կիրարկվի: Այն արդարացնում է Ֆրանսիայի դերն ու գործունեությունը տարածաշրջանում, հաստատում է մեր երկրի գործելու օրինականությունը և բռնի ուժով հաստատված օկուպացիան որևէ պարագայում չի կարող կասկածի տակ դնել դրա գոյությունը։

Իր կնոջը՝ Մելինեին ուղղված հրաժեշտի իր հայտնի նամակում Միսաք Մանուշյանը գրել է. «Իմ մահվան պահին ես հայտարարում եմ, որ ատելություն չունեմ գեր­մա­նացի ժողովրդի և որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա ըստ արժանվույն՝ պատժի կամ պարգևի տեսքով։ Գերմանացի ժողովուրդը և մյուս բոլոր ժողո­վուրդ­ները պատերազմից հետո կապրեն խաղաղության և եղբայրության մեջ, որը երկար չի տևի»։

Մենք խնդրում ենք Էմանուել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և նրա հանցախմբի նկատմամբ՝ առանց ատելություն տածելու իր ժողովրդի հանդեպ, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները վերջապես կարողանան գոյակցել խաղաղու­թյան և եղբայրության պայմաններում այս Հարավային Կովկասում, որտեղ նրանք ապրում են կողք կողքի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ֆրանսիայի քաղաքական ուժերի կոչ-հայտարարության մեջ:

Սրցախի ԱԱԾ հայտարարությունը

Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։

Այս մասին հայտնել է ԱՀ ԱԱԾ-ն։
«Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։
Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չարձագանքել նման գրառումների, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել պաշտոնական լրահոսին։
Կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տիգրան Պետրոսյան. Փաշինյանի ասածը հարիր չէ հայկական պետության ղեկավարին

Իրավիճակն Արցախում իսկապես կրիտիկական է, և այս ֆոնին ուզում եմ անդրադառնալ բլոգերի մակարդակին իջած Նիկոլ Փաշինյանի ասուլիսում անընդունելի հայտարարություններին։ Այս մասին այսօրվա ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Սկսեմ նրա հայտարարությունից, որ Լաչինի միջանցքը հանձնվել է առանց Հայաստանի համաձայնության։ Միգուցե չի գիտակցում, բայց սա չափազանց լուրջ մեղադրանք է, նա, ըստ էության, ասում է, որ առանց Հայաստանի իմացության մի ամբողջ շրջան է հանձնվել։ Իրավապահ մարմինները պետք է արձագանքեն նման հայտարարությանը եւ պարզեն, թե ով է հանձնել Լաչինը։ Որովհետև Արցախի իշխանություններն ասում են, որ ռուսները մեզ ստիպել են, իսկ մենք պարզապես ստիպված ենք եղել փրկել տեղի բնակչությանը։ Ռուսներն ասում էին, որ եթե հայերը չհեռանան, ռուսներն իրենք կհեռանան միջանցքից։ Սա պետք է պարզել։

Ինչ վերաբերում է դասալիքների մասին հայտարարությանը. դուք լավ գիտեք, թե Արցախից ու Հայաստանից քանի մարդ է զոհվել և ինչ համամասնությամբ։ Արցախում մեկ շնչին բաժին ընկնող մահացության դեպքերն բազմապատիկ շատ են։ Մարդիկ ոչ թե լքեցին, այլ տարհանեցին իրենց ընտանիքները, քանի որ այն մարդիկ, ում հետ դուք սելֆի եք արել՝ Բակո Սահակյանը և մյուսները, նախապես կացարաններ չէին պատրաստել, իսկ մարդիկ թաքնվելու տեղ չունեին։ Իսկ ի՞նչ պետք է անեին։ Ես շնորհակալ եմ հայաստանյան մեր հայրենակիցներին, ովքեր տեղավորեցին բոլորին։ Մենք մեկ ազգ ենք, և ոչ ոք իրավունք չունի ատելություն սերմանել։ Ի՞նչ է նշանակում «ղարաբաղյան ակցենտ»։ Իսկ որտեղի՞ց է քո իջեւանյան ակցենտը՝ ղարաբաղյանի նմանությամբ։ Մենք բոլորս մեկ ժողովուրդ ենք։

Փաստորեն, դուք ժողովրդին հենց սկզբից բաժանել եք։ Անգամ երբ ասում էիք, որ Արցախը Հայաստան է։ Ի՞նչ է նշանակում՝ մենք նրանց համար չենք զոհվի։ Ո՞վ է «նրանք» և ով է «դու»-ն։

Զիջումներով խաղաղություն չի ստացվում, այսօր Ղարաբաղ, վաղը Սյունիք, ասաց Տիգրան Պետրոսյանը։

Երեխան մեծ սիրով հաճախում էր չինական մարտարվեստի խմբակ, հիմա ի՞նչ անի

Շրջափակված Արցախում այսօր ապրում է 30.000 երեխա, որոնց իրավունքները ամեն օր ոտնահարվում են, մասնավորապես կրթություն ստանալու իրավունքը: Շրջափակման պայմաններում բավականին դժվարություններով ավարտվեց ուսումնական տարին, սակայն առավել դժվար է կազմակերպել մանկապարտեզների գործունեությունը՝ տրանսպորտի, սննդի բացակայության պատճառով: Այժմ բավականին մեծ դժվարությամբ մանկապարտեզները կարողանում են որոշ սահմանափակումներով կազմակերպել սննդի մատուցման հարցը, սակայն տրանսպորտի բացակայությունը արդեն իսկ բավականին բարդացրել է իրադրությունը, մասանովարապես այդ պատճառով երեխաների մի մասը հնարավորություն չունի հաճախել մանկապարտեզ:

Ստեփանակերտի բնակիչ Վ.Պ-ն երեք երեխաների մայր է, ուոնք հաճախում են դպրոց, մանկապարտեզ, ինչպես նաև տարբեր խմբակներ: Ըստ մեր զրուցակցի, տրանսպորտի բացակայություն պատճառով երեք երեխաների հետ, որոնցից մեկը ի դեպ ընդամենը 8 ամսական է, ստիպված քայլում են 10 կմ, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան հաճախել մանկապարտեզ, խմբակներ:

Վ.Պ-ն նաև նշեց, որ այժմ մանկապարտեզը կարողանում է հոգալ սննդի հարցերը, բայց տրանսպորտի պատճառով և մանկապարտեզում, և խմբակներում ունեն բացականեր:

Մ.Մ-ն ընտանիքով ապրում է Ստեփանակերտ քաղաքի ծայրամասում, ասում է, որ մեծ աղջիկը մինչև տրանսպորտի գործունեության դադարեցումը մեծ սիրով հաճախում էր չինական մարտարվեստի խմբակ, սակայն այժմ չնայած, որ երեխան ամեն օր լացում է, խնդրում է, որ իրեն տանեն խմբակի, չեն կարողանում, քանի որ խմբակը գտնվում է քաղաքի մյուս ծայրում, իսկ երեխան ընդամենը 6 տարեկան է և նման ծանրաբեռնվածությանը հաստատ դեռևս չի դիմանա:

Մեր զրուցակիցները նաև հավելել են, որ այժմ ամառային արձակուրդներ են, որը գոնե մի քիչ մեղմացնում է իրավիճակը, սակայն եթե մինչև սեպտեմբեր իրավիճակը չբարելավվի, ապա իրավիճակը կրկնակի կբարդանա, նամանավանդ բազմազավակ ծնողների համար: