Կարմիր Խաչը, համաձայնվելով Բաքվի գեստապոյական պայմաններին, դառնում է ռազմական հանցագործության մեղսակից

«Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց «Կարմիր խաչի» առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում»,- ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Սրանք պայմաններ են, որոնք ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին, համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։

Ամբողջ աշխարհի աչքի առաջ ոտնահարվում են մարդու բոլոր հիմնարար իրավունքները, եւ, ըստ միջազգային բոլոր կանոնների, դա պետք է դիտարկվեն որպես ռազմական հանցագործություն և ֆաշիզմի դրսեւորում։ Համոզված եղեք, որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է Արցախում, կդառնա միջազգային հետաքննության առարկա և կարժանանա միջազգային իրավական գնահատականի։

Սա մարդասիրական ճգնաժամ չէ, այլ քաղաքական և իրավական, սա միջազգային իրավունքի ճգնաժամ է, որը չի կարող պաշտպանել մի բուռ մարդկանց, ովքեր պարզապես ուզում են ապրել սեփական հողի վրա, որտեղ բոլորը կարող են գծել իրռնց տոհմածառ՝ արմատացած ոչ թե դարերով, այլ հազարամյակներով։

Մարդիկ ստիպված ժամերով հերթեր են կանգնում սովորական սննդի համար, տարեցներն ու անօգնականներն արդեն առանձնապես դժվարություններ են ապրում։ Գյուղատնտեսական աշխատանքներ չեն տարվում, աղբը հանելու հնարավորություն գրեթե չկա, ու արդեն խոսում են համաճարակային իրավիճակի վատթարացման մասին։

Բժիշկներն ասում են, որ հղի կանայք թերսնման պատճառով անառողջ երեխաներ են ծնում, մարդիկ մահանում են, քանի որ շտապօգնությունը չի կարողանում ժամանակին ժամանել։

Երկար ժամանակ ֆաշիզմը չարիք համարող քաղաքակիրթ աշխարհում և նույնիսկ Հայաստանում չէին հավատում շրջափակմանը։ Բոլոր բացատրությունները հանգում էին կա՛մ թերահավատ վերապահումներին, ասենք՝ այս ամենը կրկես է, և դուք եք մեղավոր, կա՛մ իշխանությունը, կողմնորոշումը փոխելու խորհրդներին։

Միայն վեց ամիս անց իրավասու միջազգային կազմակերպություններն ու դատարանները պաշտոնապես հաստատեցին, որ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում՝ մի ամբողջ ժողովրդին քաղաքական հնազանդության պարտադրելու համար։ Սա ռազմական հանցագործություն է, և այն պետք է որակվի և պատժվի օրենքի ողջ խստությամբ։

Միջազգային քաղաքական դատարանը որոշել է ձերբակալել Պուտինին, ով արյունալի պատերազմ է մղում Ուկրաինայում՝ սեփական անառողջ հավակնությունները բավարարելու համար։ Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, կներառվի Հաագայի դատարանում Ալիևի գործում և կմիացվի «Պուտինի գործին»։

Կարմիր Խաչը, համաձայնվելով Բաքվի գեստապոյական պայմաններին, դառնում է ռազմական հանցագործության մեղսակից։

Ասեք Միշելին էլ, Զախարովային էլ, որ մենք ճանապարհ ենք ուզում մեր մայր Հայաստանին միանալու համար

Մերի Գրիգորյանը  գրում է․ Էն Միշելին էլ, Զախարովային էլ ասեք, որ մենք ճանապարհ չենք ուզում, որ սնունդ բերեք` փորներս լցնենք, մենք ճանապարհ ենք ուզում մեր մայր Հայաստանին միանալու համար։

«Պտույտ մը» շրջափակված քաղաքում

Անալիտիկոն

Ստեփանակերտի բակերից մեկում ամեն օր առավոտը սկսվում է հարևան Ռիմայի հարցով. «Հինչ նորությու՞ն կա»։ Տարեց կնոջը, որն ամբողջ կյանքն ապրել է այժմ սահմանամերձ Ավդուռ գյուղում, իսկ անցյալ տարվանից ամուսնու և որդու հետ քաղաք է տեղափոխվել, Արցախի շուրջ կատարվող միջանկյալ իրադարձությունները չեն հետաքրքրում։ Նա ամեն օր հույս է փայփայում լսել որոշակի մի բան՝ շրջափակման վերացման մասին, կարգավիճակի մասին և այն մասին, թե ինչպես անվտանգ ապրել հայրենի գյուղում, երբ հակառակորդի հենակետերն իր տնից ընդամենը 200 մետրի վրա են։  Մինչ շրջափակումը ամուսինն աշխատել է հարկադիր վերաբնակվածների համար բնակարանների շինարարությունում։ Այժմ, երբ դեկտեմբերից ողջ շինարարությունը կանգ է առել, ընտանիքից միայն տղան է աշխատում։ Ռիման բանջարանոց է գցել, ճտեր է ձեռք բերել, սակայն նկատվում է, որ քաղաքում նրա համար անհարմար է և ձանձրալի։ «Քաղաքականության մասին» առավոտյան կարճ զրույցներն արդեն ավանդույթ են դարձել, և նա, հոգոց հանելով, դրանցից յուրաքանչյուրն ավարտում է կայուն անփոփոխ հարցով. «Հինչ ա՞, է, ինիլու, հունց ա՞, է, ինիլու… է՜հ»։

Շոգը մտել է քաղաք։ Հարևան բազմահարկի բակում երեխաները, չսպասելով Վարդավառին, ջրային ատրճանակներով և շշերով իրար վրա ջուր են ցողում։ Քիչ այն կողմ ինչ-որ մեկի մանկական ձեռքը ասֆալտին նկարել է հայկական դրոշն ու կողքը ռուսերեն գրել՝ «Мы армяне!»։

Փողոցներում վերջին օրերին հետիոտների համար միշտ կանաչ լույսն է վառվում, իսկ մեքենաների համար՝ դեղին։ Այլ ռեժիմով լուսակիրների աշխատանքի անհրաժեշտություն չկա՝ ընթացող մեքենաները քաղաքում չափազանց քիչ են։ Դրա փոխարեն ավելանում են հեծանվորդները։ Ասում են՝ այստեղ-այնտեղ նաև ավանակ են տեսել։

Նաև ասում են, թե մեկ այստեղ, մեկ այնտեղ խանութներում մածուն ու թթվասեր է լինում։ Սակայն դա, հաստատ, միայն նրանց համար, ում բախտը կբերի։ Մյուսներին հաջողվում է միայն հանդիպել դեռևս չվաճառված ներմուծված մայոնեզի, կետչուպի, լոռի պանրի, թեյի և սուրճի։ Տեղական ապրանքներից դարակներում միայն վերմիշել և տուփով մուրաբաներ են։ Խանութների սառցարաններում ամենուր նույն պատկերն է՝ տեղական պաղպաղակ և պիցայի բլիթ։ Վերջինս պահանջարկ չունի, քանի որ, մեկ է, պիցայի այլ բաղադրիչներ գտնել հնարավոր չէ։ Իսկ կաթնամթերքի համար պետք է առավոտ վաղ գնաս «Արցախ կաթ» ֆաբրիկայի մոտ և հերթ կանգնես։

Պատահաբար հանդիպած ծանոթուհիս հրավիրում է իր սեփական տանը սուրճ խմելու։ Տունը փոքրիկ հողամաս ունի։ Բակի հեռավոր պատի երկայնքով մազութապատ փայտե փոքրիկ կոճերի կուտակ է։ «Ամուսնուս ընկերը հատակը փոխել է, դե, հները հանել և մեզ է տվել՝ վառարանի համար։ Կարելի է ասել՝ բախտներս բերել է, որովհետև վառելիքի բացակայության պատճառով փայտ գտնել հնարավոր չէ, իսկ սրանք տղաներս կջարդեն և կօգտագործենք, երբ ցրտերն ընկնեն»։ Իրինան այգում շրջայց է կազմակերպում. «Ահա, այստեղ կանաչ սոխ եմ ցանել, այստեղ ընկույզն է արդեն հասունանում, այստեղ՝ նուռը, ահա և մեր քաղցրիկը՝ թթենին»։ Ծառի տակ ձգված կտորի վրայից Իրինան հավաքում է սպիտակ պտուղները։ «Շաքար չկա, բայց հո թութ կա, հյուրասիրվիր»։ Զրույցին միանում է նրա ամուսինը՝ Դավիթը. «Դե, սա ժամանակավոր հաճույք է»։ «Ոչինչ, կարևորն է, որ այն այսօր կա»։

Քաղաքային շուկայում նույնպես շաքարն են հիշում։ «Երբ մթերքներ բերեցին, ես որպես պաշար առատորեն գնեցի և՛ ձեթ, և՛ շաքար, իսկ հիմա, ահա՝ կես կիլո բան է մնացել»։ Նաիրան՝ այն կանանցից մեկը, որ ժենգյալով հաց ու թերթերուկ են թխում, մեզ է մեկնում փաթեթը. «Սա է մնացել։ Նշանակում է՝ շուտով կմոռանանք թերթերուկը։ Դե, ժենգյալով հացն էլ, երևի. երեք օրվա ձեթ է մնացել»։ «Ալյուրն էլ է պրծնում,- ասում է նրա հարևանուհին՝ Լեսմոնյան։ – Մեզ մոտ հինգ կին է աշխատում, հինգ տուն ենք պահում, սակայն եթե իրավիճակը չփոխվի, ապա այս վաճառակետը պիտի փակենք ու նստենք տանը։ Թե ոնց պիտի ապրենք՝ չգիտեմ։ Բայց, մեկ է, լավի հույս ունենք։ Պետք է հավատալ։ Հնարավոր է ինչ-որ տեղից մի լույսի շող երևա…»։ Լեսմոնյան տեղական աստղ է. պատերազմից հետո բազմիցս հարցազրույցներ է տվել լրագրողներին, ելույթ է ունեցել կայտառ ու աշխույժ։ Ժամանակի ընթացքում նրա էնտուզիազմը մարել է, սակայն «հույսը վերջինն է մեռնում»…երկու անգամ կրկնեց նա։

Արևի շողերը ծակում-անցնում են դատարկ ապակե սառնարանների միջով։ Դրանցում առաջ միս կար։ Հիմա շուկայում միսը քիչ է, և դատարկ սեղաններն են շատ։ Համեմի մի կապն արժե 600 դրա՞մ։ Ամեն դեպքում պետք է գնել կերակրող մոր համար, որը սիրում է այդ կանաչին։ Առջևում զրույց է առաջին պատերազմը և բլոկադան հաղթահարած մերձավորների հետ այն մասին, թե արդյո՞ք բարոյական է ներկա իրավիճակում նման գներով առևտուր անել։

Բայց դա հետո, իսկ հիմա պաղպաղակի մեծ ցանկություն կա։ Ընդ որում՝ հենց «Թումանյան’ս»-ում։ Պետքէ աջակցել նրանց, ովքեր աջակցում են երեխաներին, ապա՝ մասնակցել նաև ձեռագործի պարապմունքներին։

Պատերազմից հետո Քրիստինն ու իր ամուսինը տարածք վարձակալեցին և ընտանեկան սրճարան բացեցին։ Սակայն դա միայն սրճարան չէ։ Այն գործում է նաև որպես երեխաներին զբաղեցնելու հարթակ։ Շաբաթական երկու անգամ մասնագետների հետ պարապմունքների համար այստեղ են գալիս երեխաներ, ընդ որում՝ նաև հատուկ վերաբերմունքի կարիք ունեցողները։ Քրիստինի երազանքը՝ Արցախում բացել ներառական մանկապարտեզ, որպեսզի հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարողանան զարգանալ և շփման սահմանափակումներ չունենան, առայժմ երազանք էլ մնում է։ Սակայն նույնիսկ հետպատերազմյան և շրջափակման պայմաններում նա փորձում է օգնել նման երեխաներին և զարգացնել ներառական կրթությունը։

Շրջափակումը Քրիստինի ընտանիքը դարձրել է կիսված։ Նա չի կարող տեսնել մորն ու իր երկու երեխաներին՝ ուսանող աղջկան ու բարձր դասարանում սովորող տղային։ Գրկելով ուրիշի երեխաներին, նա սեփականին գրկել չի կարող։ Նույնիսկ երբ հնարավորություն կար երթևեկել միջանցքով, նա սկզբունքորեն չօգտվեց դրանից. անձնագիրը մեկնել նրանց, ովքեր դեկտեմբերի 12-ից հսկում են ճանապարհը, նշանակում է ընդունել քո ենթակայությունը նրանց, իսկ դա իր համար տաբու է։

Այս անգամ «Թումանյան’ս»-ում երեխաները փորձ էին անում, որպեսզի մասնակցեն GSN-ի խոշոր նախագծին։ Ավելի ճիշտ՝ վոկալի ուսուցիչ Գոգան մանկական երգչախմբի ապագա ձայնագրության համար տոնայնություն էր ընտրում։ Բոլորը չէ, որ կարողացել էին գալ երգի փորձին. քաղաքում հիմա հանգստյան օրերին հասարակական տրանսպորտը չի աշխատում, և ոմանք չէին կարողացել տեղ հասնել։

«Այս նախագիծը առնչություն ունի ՄԱԿ-ի հետ,-պատմում է Քրիստինը,- մասնակցելու է 17 երկիր՝ 17 թեմայով։ Մեր թեման «պայքար ընդդեմ անհավասարության» է կոչվում։ Մենք պետք է ամեն հնարավորություն օգտագործենք՝ աշխարհին հայտարարելու, որ Արցախի երեխաներն ունեն այն նույն իրավունքները, ինչ այլ երկրների երեխաները։ Եվ այդ իրավունքը չպետք է խախտվի, անկախ նրանից՝ ճանաչվա՞ծ, թե՞ չճանաչված երկրում են ապրում։ Արցախի երեխաները, որոնց իրավունքներն անգթորեն խախտվում են, պետք է պաշտպանված լինեն։ Մեր գերմանացի բարեկամները մեզ առաջարկեցին մասնակցել այս նախագծին, համարելով, որ Արցախը պետք ներկայացվի իբրև 17 երկրներից մեկը։ Դա որոշակի իմաստով կդառնա նաև երկրի ճանաչում»։

Երեխաները երգը ձայնագրելու և նախագծին մասնակցելու համար լուրջ աշխատանք պիտի կատարեն։ Իսկ Քրիստինը պետք է հայտնի չէ որտեղից ուժ գտնի, որպեսզի անընդհատ ոտքի վրա անցկացրած ծանր աշխատանքային օրից հետո ոտքով տուն վերադառնա։

Հրապարակում ակտիվ տրաֆիկ ունեցող մեքենաների կուտակում է։ Մանկական էլեկտրամոբիլներն են։ Առայժ շարված են և սպասում են իրենց վարորդներին։ Երեկոյան քաղաքացիներն ընտանիքներով այստեղ կհավաքվեն, և երթևեկությունը խիտ կլինի։ Այն դեպքում, երբ Ստեփանակերտում մեքենան հազվադեպ երևույթ է, և յուրաքանչյուր երթևեկ ուշադրություն է գրավում»

Հանգստյան օրերին քաղաքը դատարկ է առանց դեղին երթուղային ավտոբուսների։ Թեպետ մի դեղին ավտոբուս, այսուհանդերձ, երթևեկում է։ Դա «Գանձասար տուր»-ի երկհարկանի տուրիստական ավտոբուսն է, որը ցանկացողներին տեղափոխում է հրապարակից մինչև «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձան և հետ։ Քաղաքի այդ պաշտամունքային կոթողը չպետք է առանց մարդկանց մնա. քաղաքացիները չափազանց շատ են սիրում իրենց «դեդո-բաբո»-ին։ Ահա ավտոբուսն անցնում է «Պյատաչոկ»-ի մոտով, Ազատամարտիկների պողոտայի դեղին լուսակիրների մոտով, ապա՝ թիվ 7 դպրոցի, որտեղ այժմ ոչ ոք չկա։ Իսկ դեռ երեկ այրող արևի տակ խռնված էին կանայք՝ իրենց երեխաների հետ, որպեսզի, համաձայն նոր կարգի, ստանային մեկ երեխայի հաշվով կես կիլոգրամ շաքարն ու կես շիշ ձեթը։ Սա ամսական նորմ է, և այդ մթերքները տանն ունենալու միակ հնարավորությունը։

Շրջափակումը նոր կանոններ է թելադրում։ Դրանցից մեկը՝ առանց հացի տոպրակի տնից դուրս չգալ։ Ցելոֆանները հիմա նույնպես դեֆիցիտ են։ Սակայն սիրելի «Մայակ» փուռում երեկոյան ժամը հինգին արդեն հաց էլ չկար։  «Հիմա մեզ մոտ հացը շուտ է վերջանում։ Մարդիկ սկսել են շատ հաց առնել։ Մենք նույնիսկ ստիպված եղանք սահմանափակում մտցնել՝ մեկ հոգուն երկու հացից ոչ ավել։ Բայց դե ո՞նց մերժես գյուղացիներին, որոնք ավտոբուսով հատուկ եկել են հացի, որովհետև իրենց մոտ վերջացել է ալյուրը, իսկ նոր խմբաքանակ դեռ չեն առաքել։  Ակնհայտ է, որ կարիքավորներից շատերը բազմանդամ ընտանիքից են, հարկ է լինում նրանց 10 հատ տալ, այդ պատճառով էլ հիմա հացը շատ շուտ է վերջանում, – բացատրում է փռի աշխատակցուհին և ավելացնում,- վաղը եկեք, մենք քաղցրավենիք էլ ենք ունենում, թխվածքաբլիթ ենք թխում այն խմորից, որում ձու չի պահանջվում։ Ձու վաղուց չենք ստանում։ Այն ոչ մի տեղ չկա, չէ՞ որ թռչնաֆաբրիկան փակվել է»։

«Եվրոպա» հյուրանոցի տանիքում, որտեղից քաղաքի և մերձակայքի հրաշալի տեսարան է բացվում, հատկապես մայրամուտին, մի գավաթ սուրճ ըմպելը օրվա սփոփիչ ավարտ դարձավ։ Այն մատուցեց Վալերա անունով մոտ 25 տարեկան զրուցասեր երիտասարդը։ «Իսկ ես ձի կգնեի։ Լրիվ լուրջ,- ասում է Վալերան։ – Բենզին, գազ չկա, և պետք է ոչ միայն ոտքով երթևեկել»։ Վալերան վերաբնակ է։ Ծնվել է Ստեփանակերտում։ Մինչև 2018 թվականն ապրել է Ռուսաստանում, սակայն հետո ընտանիքը գիտակցաբար վերադարձել է հայրենիք։

«Գիտե՞ք, ինչ էլ պատահի, ինչքան էլ դժվար լինի, մեր ընտանիքից ոչ մեկը երբեք չի ափսոսացել, որ մենք այստեղ ենք. ոչ նախկինում, ոչ էլ հիմա՝ շրջափակման ժամանակ։ Մենք ռուսական քաղաքացիություն ունենք և հարյուր անգամ կարող էինք մեկնել, սակայն չենք ուզում։ Ահա, ասում են՝ մթերք չկա, միայն կարտոֆիլ է և լոբի։ Սակայն կարտոֆիլից կարելի է երեք-չորս տարբեր կերակուրներ պատրաստել։ Տեսե՞լ եք «Արցախյան մենյու» նկարը. տապակած կարտոֆիլ, խորոված կարտոֆիլ, եփած և պյուրե։ Լոբի՝ եփած, շոգեխաշած, լուբու խաշլամա, – ծիծաղում է Վալերան։ – Բացի այդ տեղական ձմերուկ և անգամ սեխ է վաճառվում, չնայած թանկ է»։

Սակայն սա էլ օրվա վերջին հանդիպումը չէր։ Տան ճանապարհին ուշադրություն գրավեց ժողովրդական երաժշտության բարձր ձայնը։ Պարզվեց՝ թատրոնի կողքին Մարիամն ազգային պարերի դաս է վարում։ Մոտ 30 մարդ՝ մեծեր ու երեխաներ, Մարիամի ղեկավարությամբ շարժումներն էին սովորում։ Երբ դասն ավարտվեց, և արդեն մթնում էր, ոմանք չէին շտապում հեռանալ և շարունակում էին պարապել։

Մարիամը դա համարում է ոչ թե պարզապես դաս, այլ պարային թերապիա։ «Մենք սթրեսային վիճակում ենք, իսկ պարը մեզ համար լավագույն թերապիան է, որովհետև պարը մեր արյան մեջ է, այն գաղափար և իմաստ է կրում։  Պատերազմից հետո Արցախ վերադառնալով, կորցնելով տունս ու քաղաքս՝ Շուշին, սկզբում ես վատ էի, ինձ անվտանգ չէի զգում, և հենց պարը ինձ հանեց այդ վիճակից։ Եթե ես չվերադառնայի պարերի պարապմունքներին, միգուցե հեռանայի Արցախից։ Սակայն ես պարերի օգնությամբ հաղթահարեցի ամեն ինչ և հիմա օգնում եմ մյուսներին։ Գլխավորն այն է, որ ես տեսնում եմ արդյունքները։ Մեզ կարող է միանալ ցանկացած մարդ։ Երևանում նման բան կա Կասկադում։ Իսկ այժմ կա նաև մեզ մոտ»։

Շրջափակման ևս մի կանոն. Հետևել հեռախոսի լիցքավորված լինելուն, որպեսզի լապտերիկի համար հերիքի, և հոսանքի հերթական անջատման ժամանակ, մթության մեջ հեշտությամբ տուն հասնես։

Իսկ հետո, ինչպես ամպրոպը պայծառ երկնքում, ճայթեց լուրը, թե գազը միացրել են։ Ինչ-որ մեկը հավատաց, ուրախացավ, սակայն մեծամասնությունը չէր կասկածում, որ դա կարճատև է լինելու։ Եվ ճիշտ դուրս եկավ։ Կես օր էլ չանցավ, և գազը նորից անջատեցին։ Եվ սա նույնպես կայունության մասին է խոսում, համբերանքի և սպասման ռեժիմի դեղին լույսի մասին։

 

Ժենյա ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Ֆրիլանսեր լրագրող
Ստեփանակերտ

100 պարկ ալյուր Արցախի համար․ ակցիա ՄԱԿ գրասենյակի մոտ

Ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ցույցի մասնակիցները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ են բերել սննդամթերք և հարյուր պարկ ալյուր՝ պահանջելով սնունդ հասցնել Ստեփանակերտ։

«Լեռնային Ղարաբաղին աջակցող ակցիաների ժամանակ միտք ծագեց՝ սնունդ հավաքել և ճանապարհ գտնել այն մեր սովի մատնված հայրենակիցներին ուղարկելու համար: Մարդիկ, ովքեր սնունդ կամ միջոցներ են նվիրաբերում գնման համար, աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղին և պահանջել, որ բեռն ուղարկվի Ստեփանակերտ»,- ասաց «Բացում» նախաձեռնության ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը։

Նրա խոսքով, նախաձեռնությունն աշխատում է ՄԱԿ-ի գրասենյակի և Հայաստանի արտգործնախարարության հետ՝ արդյունքների հասնելու համար։ Նամակներ են գրվում միջազգային կառույցներին՝ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական մատակարարումների պահանջով։

Ֆրանսիայի ԱԺ և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերը պահանջում են Սյունիքի մարզում բացել Ֆրանսիայի հյուպատոսական ներկայացուցչություն

Ֆրանսիան կարող է կարևոր քայլ կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար՝ հյուպատոսական ներկայացուցչություն բացելով Սյունիքում, մարզային մայրաքաղաք Կապանում կամ Գորիս քաղաքում, ինչպես արդեն արել են այլ երկրներ։ Դա ուժեղ քայլ կլինի՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության, ինչպես նաև կհանդիսանա արժեքավոր ֆորպոստ Ֆրանսիայի ու Հայաստանի միջև համագործակցության զարգացման առումով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս առաջարկությամբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննային պաշտոնական նամակով դիմել են Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լոուրենս Պետելը և Սենատում համանուն խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դեվինազը։

Ֆրանսիացի օրենսդիրների դիտարկմամբ՝ թեև Հայաստանի Հանրապետության հարավում գտնվող Սյունիքի մարզն ամենաքիչ բնակեցված լեռնային շրջանն է, այդուհանդերձ, չնայած իր աշխարհագրական մեկուսացմանը, 4500 ք/կմ տարածքով կենտրոնական տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերում՝ նախևառաջ իր ընդերքում առկա օգտակար հանածոների հարստության պատճառով, որոնց շահագործումը Հայաստանի տնտեսության էական մասն է կազմում։

«Սյունիքը թեև կապված է Երևանի հետ միայն մեկ լեռնային ճանապարհով, այնուամենայնիվ հանդիսանում է էական միջանցք՝ Իրանի հետ սահմանով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Ընդամենը 35 կմ երկարությամբ հայ-իրանական սահմանը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ 2020 թվականի աշնանը այն նաև միակն էր, որ բաց մնաց քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում՝ պաշտպանելով Հայաստանին լիակատար շնչահեղձությունից»,- նշված է Ֆրանսիայի արտգործնախարարին ուղղված նամակում։

«Ի վերջո, Սյունիքի հանդեպ նկրտումներ ունի ադրբեջանական վարչակարգը, որը ցանկանում է հասնել Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի ցամաքային միացմանը։ Այդ հավակնությունն ավելի մեծ պանթուրքական ծրագրի մի մասն է, որի նպատակն է կապել Բոսֆորի թյուրքական բնակչությանը Կասպից ծովի տարածաշրջանի հետ: Այս համատեքստում, երբ ռազմական անհավասարակշռությունն ամեն օր աճում է հօգուտ Ադրբեջանի, վերջինիս կողմից իրականացվելիք հնարավոր նոր ագրեսիան կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Նշված սպառնալիքին դիմակայելու համար Հայաստանը քիչ դաշնակիցներ ունի։ Դրանց թվում Ֆրանսիան ՀՀ-ի տարածքային ամբողջականության և հայ բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող ամենանվիրյալ պետություններից է»,- նշել են ֆրանսիացի օրենսդիրներն իրենց նամակում՝ ևս մեկ անգամ շեշտելով Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը։

Վառելիքի սակավության պատճառով գյուղմթերքները դժվարությամբ են առաքվում Ստեփանակերտի շուկաներ

Արցախի շրջափակման հետևանքով վառելիքի սուր դեֆիցիտի պատճառով գյուղմթերքի առաքումը քաղաքային շուկաներ ծայրահեղ խնդրահարույց է դարձել ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր տնային տնտեսությունների համար։

Կառավարության որոշումը, որ հուլիսի 8-ից բոլոր գյուղացիները պարտավոր են իրենց արտադրանքը Ստեփանակերտի կենտրոնական շուկա մատակարարել միջհամայնքային տրանսպորտով՝ ապրանքների վերավաճառքի և փողոցային վաճառողների պատճառով թանկացումներից խուսափելու համար, չի կարող կիրառվել, քանի որ վառելիքի պակասը հանգեցրել է շրջաններից ավտոբուսային երթուղիների կրճատմանը։

Իսկ այն գյուղացիները, ովքեր կարողանում են գալ մայրաքաղաք, նախընտրում են շուկա չհասնել։ Շուկայում անվճար տեղ տրամադրելու կառավարության որոշումը գյուղացիներին չի գրավում. նրանք նախընտրում են հանձնել իրենց ապրանքը, գումար ստանալ և վերադառնալ մինչև մութն ընկնելը, մինչդեռ կա հետադարձ տրանսպորտ։ Գյուղացին ինքն է իր արտադրանքի գինը սահմանում։

«Ես երկար տարիներ շուկայում եմ աշխատում։ Որպես վերավաճառող՝ գյուղացուց ապրանք եմ ընդունում՝ դրա գնին ավելացնելով 10-15 տոկոս միջնորդավճար։ Ավելին չի թույլատրվում: Բայց ամեն ինչ թանկացել է նախորդ տարվա համեմատ 5-10 անգամ՝ կախված ապրանքից»,- ասում է շուկայի աշխատակիցը, ով իրեն ներկայացրել է Ռուզաննա։

Արցախի գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ հանրապետության մարզերում կա բավարար քանակությամբ բանջարեղեն, սակայն տրանսպորտային վառելիքի բացակայության պատճառով սպառողին հասցնելը խնդիր է դարձել, իսկ այգեգործությունն ու մեղվաբուծությունը ահռելի վնասներ են կրում։

Գերատեսչությունից վստահեցրին, որ գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպվում են առաջնահերթությամբ։ Վառելիքը հիմնականում տրամադրվում է հացահատիկի եւ խոտի բերքահավաքի,  բանջարեղենի աճեցման համար. իրականացված աշխատանքների շրջանակներում հիմնական շեշտը դրվել է բնակչության պարենային անվտանգության վրա:

Արթուր Օսիպյանը պնդում է երթ անցկացնել դեպի Հաքարի կամրջի ապօրինի անցակետ

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի կարծիքով՝ հիմա տարբեր տարբերակներ, ենթադրություններ ու ենթադրություններ հնչեցնելու ժամանակը չէ, պետք է մտածել միայն մեկ բանի մասին՝ միջանցքի ապաշրջափակման, Արցախի ապաշրջափակման մասին։

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր որոշ ելույթներում հնչեցրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու երեք տարբերակ. առաջինը պատերազմն է, այսինքն՝ իրավիճակից պատերազմի միջոցով դուրս գալը։ Բայց մենք գիտենք, որ դա անհնար է, քանի որ մեր բանակը ներկայումս չունի հարձակողական ներուժ։ Երկրորդ տարբերակը Արցախից հեռանալն է. այս տարբերակը նշանակում է լքել հայրենիքը, պատիվն ու արժանապատվությունը։ Երրորդ տարբերակը, ըստ Հարությունյանի, Ադրբեջանի առաջարկած «ինտեգրումն» է։ Բայց ես բազմիցս դիմել եմ Հարությունյանին, և կարծում եմ՝ նա ինքն էլ է հասկանում, որ երեք տարբերակներն էլ մեզ համար անընդունելի են։ Այս բոլոր տարբերակները թողնում ենք մի կողմ, քանի որ նրանք չեն կարող փրկել Արցախը, և մտածում ենք լուրջ հնարավորությունների մասին՝ դուրս գալու այս վիճակից»,- այսօր ֆեյսբուքյան իր ելույթում ասաց ընդդիմադիրը։

Օսիպյանը հայտարարեց, որ Արցախը փրկելու հնարավորություն կա, և այս մասին շատ է խոսվել, ու մարդկանց մի ստվար զանգված կա, որ սա ճիշտ է համարում։

Սա Համաժողովրդական շարժման շտաբի առաջարկն է՝ ապաշրջափակել միջանցքը։ Այսինքն՝ սկզբից պետք է ինքնակազմակերպվել, դառնալ միասնական ազգ-բանակ ոչ միայն խոսքով, այլև գործով։ Այնուհետեւ խաղաղ երթով շարժվել դեպի Հաքարի գետի կամրջի վրա Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետ։ Արցախի բոլոր կառույցներն ու գերատեսչությունները՝ սեփական տրանսպորտով ու պաստառներով, ժողովրդի հետ միասին պետք է մասնակցեն երթին։ Իսկ եթե պետք է, նաեւ նվագախմբով։ Որովհետև չափազանց կարևոր է, որ աշխարհը տեսնի, որ սա խաղաղ երթ է, և ժողովուրդը տեր է կանգնում իր իրավունքներին»,- ասաց Օսիպյանը։

Նրա խոսքով, «աշխարհը պետք է հասկանա, որ Արցախն ու Արցախի ժողովուրդը պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, կյանքի ու ազատության իրավունքը»։

Նա չհստակեցրեց երթի անցկացման ժամկետը, սակայն նշեց, որ «եթե իշխանություններն ու Արայիկ Հարությունյանը խոչընդոտեն ու արգելեն մասնակցել խաղաղ երթին, չդադարեցնեն մարդկանց վրա բացասաբար ազդող հայտարարությունները, ապա մենք նրան և իր կառավարությանը կդնենք Արցախը դավաճանողների և հանձնողների շարքում»։

Արցախյան կազմակերպությունները ողջունում են եվրոպական ՀԿ-ների հայտարարությունը

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հասարակական կազմակերպությունների հայտարարությունը
Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները ողջունում և շնորհակալություն են հայտնում 470 եվրոպական ՀԿ-ներին և միավորումներին, որոնք նամակ են հղել Եվրոպական միությանը և Եվրոպական խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։
Չափազանց կարևորում ենք եվրոպական գործընկերների կոչը՝ ճանաչե՛լ Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես կենսական անհրաժեշտություն։
Կիսում ենք այն տեսակետը, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ՝ կայուն խաղաղության և անվտանգության համար։
Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարատև արժանապատիվ և արդար կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի անհատական և կոլեկտիվ իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հարգման վրա։
Միևնույն ժամանակ խստագույնս դատապարտում և անընդունելի ենք համարում Բրյուսելում կայացած վերջին հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որով որպես Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու ուղի դիտարկվել է Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհը։ Ընդգծում և հիշեցնում ենք, որ հումանիտար աղետի մեջ գտնվող ժողովրդին տրամադրվող աջակցությունը չի կարող լինել նրա արժանապատվության ոտնահարման գնով, մի երկրից, որը բացի ատելությունից, տառապանքներից և ցավերից այլ բան առաջարկել չի կարող։
Հուսով ենք, որ եվրոպական քաղհասարակության ներկայացուցիչները հետևողական կլինեն իրենց կողմից մատնանշված գործողությունները կյանքի կոչելու հարցում։
«Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ
«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ
«Հավասար հնարավորություն» ՀԿ
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
«Փախստական կանանց միավորում» ՀԿ
«Հայ Բարեկամների Միավորում» ՀԿ
«Երիտասարդների միավորում հանուն արդարության» ՀԿ
«ԳԵՆ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Մայրություն» ՀԿ
«Քաղաքացիական հաբ» ՀԿ
«Փախստականների միություն» ՀԿ
«Արցախի կամավորների միություն» ՀԿ
«Մեր տուն – Արցախ» ՀԿ
«Հավատ և արիություն հայրենասիրական միություն» ՀԿ
[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]

Զախարովան անպատասխան է թողել խաղաղապահների ուղղաթիռների օգտագործման հարցն Արցախին օգնություն հասցնելու գործում

Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, ոչ միայն հրապարակային հարթությունում, ինչ վերաբերում է մեթոդաբանությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ունի արդյոք ռուսական կողմը Լաչինի միջանցքի շրջափակման հարցում Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություն՝ կոչերից բացի, եւ հնարավոր է արդյոք Արցախ հումանիտար օգնությունը հասցնել ուղղաթիռներով եւ ինքնաթիռներով, որոնք ունեն ռուս խաղաղապահները։

«Ինչ վերաբերում է հումանիտար օգնությանը, ապա, ինչպես հասկանում ենք, միջազգային կառուցվածքի առանձին երկրներ այդ հարցի լուծման տարբեր տարբերակներ են օգտագործում»,- նշել է նա։

Զախարովա․ «լավ փոխգործակցում ենք թուրք գործընկերների հետ Աղդամի ռուս-թուրքական կենտրոնի շրջանակներում»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Թուրքիան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրի կողմ չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է դիվանագետն արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ ռուսական խաղաղապահ զորակազմը 2025 թ․-ին պետք է լքի Լեռնային Ղարաբաղը։

«Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, և հենց այդ փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հենց այս փաստաթղթում հստակ ուրվագծվում են և՛ զորակազմի՝ տարածաշրջանում գտնվելու ժամկետները, և՛ հերթական 5-ամյա ժամկետով դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կարևոր կայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում։

«Դրա հիմնական գործառույթը հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումն է։ Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ դրա գործունեությունը տարածաշրջանում է՛լ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների, այդ թվում, կարծում եմ, Թուրքիայի շահերից», – շեշտել է Զախարովան։

Դիվանագետը նաև ընդգծել է «լավ համակարգված փոխգործակցությունը թուրք գործընկերների հետ Աղդամի տարածաշրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում»։

Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացման լավ շանսեր կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շանսերը շատ լավն են: Հենց այդ հանդիպման վրա աշխատող փորձագետներից ստանանք կոնկրետ ժամկետների վերաբերյալ առաջարկներ, անպայման կկիսվենք ձեզ հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև վերջին տարաձայնությունները չեն ազդի եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության վրա։

Օրերս Ադրբեջանը կոշտ արձագանք էր տվել հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությանը։  Ըստ ադրբեջանական կողմի՝ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պայմանավորում է Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, ինչը հակասում է Մոսկվայի և Բաքվի միջև փոխգործակցության մասին հռչակագրին։

Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նստաշրջան կգումարի

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 21-ին ժամը 10:00-ին կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:

Օրակարգի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: