Շառլ Միշելը մանրամասներ է պատմել եռակողմ հանդիպումից

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, միաժամանակ շեշտեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։

Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։

«Ես շեշտել եմ, որ անհրաժեշտ է բացել Լաչինի ճանապարհը, նաև ընդգծել եմ Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում և կոչ եմ անում երկու կողմին էլ իրականացնել հումանիտար մատակարարումներ, որպեսզի տեղի բնակչության կարիքները բավարարվեն», – ասաց Միշելը՝ նաև ողջունելով միջազգային Կարմիր Խաչի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը։

Անկեղծ ու բովանդակային գնահատելով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահն ասաց, որ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը։

«Տեղի բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների ու անվտանգության վերաբերյալ։ Այս համատեքստում ես արտահայտել եմ Եվրամիության աջակցությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի և Բաքվի ուղիղ երկխոսությանը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի բոլոր կողմերի համար այդքան անհրաժեշտ վստահությունը», – ընդգծեց Միշելը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, թե այժմ դրանց ամենավճռական փուլն է. – «Ես գովաբանում եմ առաջնորդներին խաղաղության գործընթացի նկատմամբ իրենց հստակ հանձառության համար և կոչ եմ անում նրանց ձեռնարկել հաջորդ խիզախ քայլերը՝ ապահովելու կարգավորման ճանապարհին վճռական ու անշրջելի առաջընթաց»։

Խոստովանելով, որ այս հանդիպումը կայացավ տեղում աճող լարվածության ֆոնին, Միշելը կարևորեց քաղաքական քննարկումները՝ տեղեկացնելով, որ այս անգամ ևս վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը վերահաստատել հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ։

«Հետևաբար՝ Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600։ Երկու առաջնորդներն էլ հաստատեցին իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որն ընդունում են որպես քաղաքական հիմք։ Այս առիթով մենք ողջունում են երկու երկրների սահմանային հանձնաժողովների հուլիսի 12-ի հանդիպումը։ Այս հանձնաժողովների կանոնադրության և դելիմիտացիայի հիմքերի շուրջ աշխատանքն առաջ է գնացել։ Եվ դա շատ կարևոր է, ղեկավարները համաձայնեցին արագացնել հանձնաժողովների աշխատանքը», – ասաց ԵՄ խորհրդի նախագահը:

Եվրոպացի ղեկավար պաշտոնյայի փոխանցմամբ՝ կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել հաղորդակցության վերականգնման շուրջ. – «Վերջին երկու ամսվա նրանց քննարկումների նպատակը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումն էր։ Մենք այսօր քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերի տեխնիկական դետալները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։ Երկաթուղու շինարարությունը պետք է անհապաղ առաջ գնա, Եվրամիությունը պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել։ Որոշ դետալներ դեռ հստակեցման կարիք ունեն, բայց այս հարցում դիրքորոշումներն ավելի են մոտեցել և ակտիվորեն տարբերակներ են քննարկվել»։

Ինչպես Փաշինյան-Ալիև նախորդ բանակցություններից հետո, այս անգամ ևս Շառլ Միշելը խոսեց ձերբակալվածների մասին։ Թեև մայիսին կայացած հանդիպումից հետո նա հույս էր հայտնել, որ առաջիկայում փոխանակում կլինի, սակայն այն մինչև այս պահը չի եղել։

«Առաջնորդները վերահաստատեցին ջենտլմենական ընկալումը, որ այն զինվորները, որոնք պատահաբար են հատել սահմանը, նրանց հարցը պետք է լուծվի։ Ես հորդորեցի, որ երկու կողմում ձերբակալվածներն ազատ արձակվեն։ Քննարկվել է նաև անհետ կորածների ճակատագրի հարցը և այդ նպատակով համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ ասել եմ, որ հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակվի», – նշեց Եվրոպական խորհրդի նախագահը:

Շարլ Միշելը նաև ընդգծեց, որ իրական առաջընթացի համար նախ և առաջ պետք է վերջ տրվի բռնություններին ու կոշտ հռետորաբանությանը, որպեսզի խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծվի։
Տեղեկացրեց, որ նպատակ ունի ամռանից հետո Փաշինյանին ու Ալիևին ևս մեկ հանդիպման հրավիրել, նրանք ևս մեկ հանդիպում էլ կունենան Եվրոպական քաղաքական հաջորդ գագաթնաժողովի շրջանակում՝ այդ անգամ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։

Երկու տուն կորցնելով

2020 թվականի սեպտեմբերին Ծովիկ Մարտիրոսյանը երկրորդ անգամ փախստական ​​է դարձել։

Նրա ծնողները ծննդով Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից են, սակայն ճակատագրի կամոք տեղափոխվել են Բաքու։ Այնտեղ ծնվել են նրանց երեք երեխաները, որոնցից ավագը Ծովիկն է։

1988-ին Արցախում ազգային-ազատագրական շարժման սկսելու պես Ադրբեջանի բոլոր հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերը սկսեցին ճնշումների ենթարկվել։ Բռնության ալիքը սկսվեց Սումգայիթից՝ երիտասարդ արդյունաբերական քաղաքից, որը գտնվում էր Բաքվից՝ Ադրբեջանի այն ժամանակվա բազմազգ մայրաքաղաքից 29 կիլոմետր հեռավորության վրա:

Բաքվի 300 հազար հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և դառնալով փախստական՝ ցրվել աշխարհով մեկ։ Ինչ-որ մարդկանց հաջողվել է քաղաքի կենտրոնում իրենց բնակարանները փոխանակել Հայաստանի սահմանամերձ գյուղերում ոչխարաբուծությամբ զբաղվող քոչվոր ադրբեջանցիների խղճուկ խրճիթների հետ։

Հայերի մի մասը տեղափոխվել է Արցախ, որի ճակատագիրն այն ժամանակ անհայտ էր։ Բայց մարդիկ եկան Արցախ, հաստատվեցին, տներ կառուցեցին, իր բնակիչների հետ վերապրեցին երեք պատերազմների, հետպատերազմյան տարիների բոլոր դժվարությունները և 2020 թվականի աշնանը նորից կորցրին ամեն ինչ։

Բացի բոլոր ընդհանուր անախորժություններից, Ծովիկը ստիպված էր դիմանալ ճակատագրի հերթական հարվածին. 1993 թվականի աշնանը, այն օրը, երբ նրանց առաջնեկ աղջիկը դարձավ 40 օրական, նրա ամուսինը զոհվեց։

Արցախյան տոկունությունն օգնեց Ծովիկին վերապրել բոլոր վշտերը, մեծացնել դստերը և օգնել մեծացող ծնողներին:

Այժմ Ծովիկը ապրում է Երեւանում։ Նրա չնչին աշխատավարձն ու մոր թոշակը չեն բավականացնում վարձակալած բնակարանի և դստեր դրամական օգնության համար։

Ադրբեջանի մեղքով երկու անգամ տունը կորցրած Ծովիկը ստիպված է իր կյանքը զրոյից կառուցել։ Բայց ֆինանսական ու սոցիալական դժվարություններից բացի, նրան տանջում է այն, որ չի կարող այցելել հոր գերեզմանին, որը մնացել է հայրենի Հադրութում, որը օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Արցախի պետնախարարը քննարկել է Շարժումը հասարակական կազմակերպություննրի հետ

Արցախի շուրջ 30 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են այսօր պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ՝ քննարկելու Համաժողովրդական շարժման իրավիճակն ու նպատակները և առաջարկներ ներկայացնելու հետագա քայլերի համար։

Պետական ​​նախարար Գուրգեն Ներսեսյանը, դիմելով ՀԿ-ների ներկայացուցիչներին, նշեց, որ «այլեւս չենք կարող սպասել, պետք է գործել, դրա համար նախաձեռնել ենք համաժողովրդական շարժում, որը պետք է հասնի նպատակին»։
«Շարժումը սկսվեց երեկ, մարդիկ միացան, եւ մենք պետք է շարունակենք, մինչեւ հասնենք նախանշված նպատակին՝ Արցախի ապաշրջափակմանը»,- ասաց Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ երեկվա ակցիայից հետո Արցախի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ, և Շարժմանը միանալու առաջարկներ սկսեցին գալ։ Հայաստանը նմանատիպ ակցիաներով աջակցեց Արցախի ժողովրդին։
Ներսիսյանի խոսքով, Շարժումը միանվագ չէ, առաջիկա օրերին այն կշարունակվի Ստեփանակերտում և շրջկենտրոններում։ Նա հորդորեց համախոհներին և հակառակորդներին բացառել Շարժմանը խոչընդոտելու կամ ստեղծված իրավիճակն սեփական շահերի համար օգտագործելու բոլոր փորձերը։
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը կոչ է արել հասարակական կազմակերպություններին հայտարարությունների ու առաջարկների տեսքով արտահայտել իրենց դիրքորոշումն ու առաջարկները, ներկայացնել իրավիճակի իրենց տեսլականը։
«Երեկ այն բանից հետո, երբ ժողովուրդն իր պահանջներն արտահայտեց և դրանք հաստատեց երթով, համաշխարհային հանրության հետաքրքրությունն Արցախի նկատմամբ մեծացել է, բայց մենք չենք կարող դրանով սահմանափակվել», – նշել է օմբուդսմենը։
ՀԿ ներկայացուցիչները իրենց հետաքրքրող հարցեր ուղղեցին և առաջարկեցին ստեղծել շարժման հանձնաժողով և դերեր հատկացնել, մշակել շարժման ճանապարհային քարտեզ, ամրապնդել տեղեկատվական բլոկը, սկսել սերտորեն աշխատել Սփյուռքի հետ և ակտիվացնել Շարժման աջակցությունը Հայաստանում, բացահայտելով յուրաքանչյուր կազմակերպության ներուժը և նրանց հնարավորությունները ընդհանուր գործի և Շարժման համար օգտակար լինելու համար:

Ինչ է քննարկվել բրյուսելյան հանդիպմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակումը, ԼՂ հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ», – ասված է կառավարության հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ իշխանությունը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, եւ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա

ՌԴ ԱԳՆ տարածել է հայտարաություն, որում ասվում է․

2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող վեհաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դրությունը։

Գտնում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

Ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ համալիրի խստիվ կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր տրամադրվածությունը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական վեհաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար։

Մտահոգիչ է, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Այս տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքների հանգեցնել ղարաբաղահայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջան էներգակիրներ մատակարարելու համար։

Արցախցի կանայք դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Հարգելի տիկին նախագահ,

Կրկին օգնության խնդրանքով դիմում ենք ձեզ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կանանց անունից։

Ձեզ ուղղված մեր նախորդ կոչում 2023 թվականի հունվարին տեղեկացրել էինք 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր երկրի շարունակվող շրջափակման մասին, որն իրականացվում է Ալիևի հրամանով։ Արդյունքում Արցախում 120 հազար մարդ տառապում է սովից ու ցրտից։ Խնդրել ենք աջակցել Արցախի կանանց և երեխաներին և անել հնարավորը Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու և նրան ստիպելու վերացնել մեր հանրապետության շրջափակումը։

2023 թվականի մարտի 16-ին մենք ստացանք Ձեր պատասխանը, որում վստահեցնում էիք, որ Եվրամիությունը ուշադիր հետևում է «Լաչինի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակին և մոբիլիզացնում է դիվանագիտական ​​ջանքերը՝ ապահովելու ազատ տեղաշարժն ու անվտանգությունը միջանցքի երկանքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի դրույթների։

Ձեր արձագանքը դրական փոփոխությունների հույս է արթնացրել մեզ մոտ:

Սակայն խորը ափսոսանքով հայտնում ենք մեր հիասթափությունը ձեր խոսքերին ուղեկցող շոշափելի գործողությունների բացակայության կապակցությամբ։ Այս իրավիճակը կասկածի տակ է դնում ոչ միայն ձեր սրտացավության անկեղծությունը, այլև որպես Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ձեր անաչառությունը։

Այս նամակով ևս մեկ անգամ ձեր, Եվրոպական հանձնաժողովի և միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն ​​փաստի վրա, որ այսօր՝ 2023 թվականի հուլիսի 14-ին, 120.000 մարդ, այդ թվում՝ 30.000 երեխաներ և 20.000 տարեցներ, ենթարկվում են սովի և ֆիզիկական խոցման՝ բացառապես իրենց ազգության համար: Այս ողբերգությունը ծավալվում է քաղաքակիրթ Եվրոպայի աչքի առաջ, թեկուզ Արցախի քաղաքացիները պարզապես ձգտում են ապրել իրենց հայրենիքում և իրականացնել իրենց ինքնորոշման իրավունքը։

Ալիևի ռեժիմը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, ինչն արձանագրվել է բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումներով։ Երկու դատարաններն էլ Ադրբեջանից պահանջել են անհապաղ դադարեցնել այդ խախտումները։

Յոթ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում հումանիտար իրավիճակը օրեցօր վատանում է՝ հասնելով անշրջելիության կետին։

Ամբողջ միջազգային հանրությունը՝ բոլոր պետությունները, ներառյալ Եվրամիությունը, ստանձնել են ցեղասպանությունների կանխարգելման և ինքնորոշման իրավունքի պաշտպանության պատասխանատվությունը։

Դա չկատարելը անուղղակիորեն առաջացնում է պատասխանատվություն և հետևանքներ:

Արցախի կանայք

Արթուր Թովմասյանը դիմել է բարեկամ երկրների խորհրդարաններին. Ճանաչում հանուն փրկության

Ս.թ. հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։

Արցախյան խորհրդարանի անունից իր հարգանքի հավաստիքը հայտնելով գործընկերներին՝ նա դիմել է Արցախի Հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ անկախության ճանաչմանը աջակցելու խնդրանքով։

Փաստելով, որ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են, Արթուր Թովմասյանը ներկայացրել է երկրի առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները, ստեղծված իրավիճակը գնահատել որպես լիակատար շրջափակման մեջ գտնվող արցախահայության հայրենազրկման վտանգ և այս կապակցությամբ ահազանգել է միջազգային հանրությանը։

Արցախի խորհրդարանի ղեկավարը խորապես համոզված է, որ ողբերգությունից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա։  Նա վստահեցրել է գործընկերներին, որ ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը կան ու ներկայացրել է դրանցից ամենկարևորները։

Պարոն Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը հայ բնակչության համար անվտանգության վստահելի երաշխիք կդառնա, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահի նամակը

Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքյան էջում։

ՊԲ-ն չի ճնշում Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարում է, թե իբր վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13֊ին, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 11։54֊12։07 Զանգիլան֊Ֆիզուլի, իսկ ժամը 13։02֊13։17 Ֆիզուլի-Բաքու երթուղով չվերթներ իրականացնող օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, այնինչ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։

Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

Դեկտեմբերից ավելի քան 100 000 արցախահայեր Ռուսաստանի գործակցությամբ շրջափակված են Ադրբեջանի կողմից. Նատալի Լուազո

Դեկտեմբերից ավելի քան 100 000 արցախահայեր Ռուսաստանի գործակցությամբ շրջափակված են Ադրբեջանի կողմից։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է եվրախորհրդարանական Նատալի Լուազոն՝ մեկնաբանելով Le monde ֆրանսիական պարբերականի հոդվածը Արցախում բողոքի ցույցի մասին։

«Լեռնային Ղարաբաղ. հազարավոր մարդիկ բողոքում են՝ պահանջելով բացել Հայաստան տանող միջանցքը»,- նշել է Լուազոն։

Հարյուրավոր Եվրոպական ՀԿ-ներ պահանջում են իրենց ղեկավարներից պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին։Հայտնում են Եվրոպացիներն Արցախի համար նախաձեռնությունից:

Նամակի հեղինակները մատնանշում են անտանելի կենսապայմանները, որոնցում հայտվել են 120.000 Արցախահայեր՝  Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի կանխամտածված շրջափակման հետևանքով։

«Հանուն մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, հանուն այն արժեքների, որոնց ջատագովն են եվրոպական ժողովրդավարությունները, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի » եվրոպական կազմակերպությունները իրենց առաջնորդներից խնդրում են ձեռնարկել հետևյալ վեց կոնկրետ գործողությունները․

Ադրբեջանից կրկին պահանջել անհապաղ դադարեցնել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության խախտումները, հանել Հակարիի կամրջի անցակետը, որը տեղադրվել է Արդարադատության միջազգային դատարանի և միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց և ապրանքների ազատ ու ապահով շարժը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ։

Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ կիրառել տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների, միջազգային պարտավորությունները չկատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացնելու և Արցախը շրջափակման համար։

Օգտագործել բոլոր լծակները՝ կանխելու Բաքվի ցանկացած վերահսկողություն Արցախի նկատմամբ, քանի որ դա անխուսափելիորեն նշանակում է Արցախի տեղաբնիկ հայ բնակչության էթնիկ զտում։

Ճանաչել Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը  որպես կենսական անհրաժեշտություն և օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ կայուն խաղաղության և անվտանգության համար։

Գործարկել օդային միջանցք՝ Արցախին շտապ տնտեսական և հումանիտար օգնության տրամադրելու և Ստեփանակերտի օդանավակայանի միջոցով օդային հաղորդակցությունների անվտանգությունը երաշխավորելու նպատակով,

Իբրև խաղաղ բանակցությունների նախապայման՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս զորքերը անհապաղ և առանց նախապայմանների դուրս հանելի ՀՀ ինքնիշխան տարածքից և վերջ տալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշմանը ։

Նամակը հղվել է Եվրոպական միության առաջնորդներին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ։