Շատ կարեւոր էր հասնել օդանավակայան, դա Արցախի պետական իրավասության հաստատումն է․ Գագիկ Ավանեսյան

Այսօր Ստեփանակերտի հանրահավաքի մասնակիցները հասել են օդանավակայան և մտել տարածք, որն արդեն որոշ ժամանակ փակ էր արցախցիների համար։

Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Արցախի նախագահին առընթեր հասարակական խորհրդի և միջանցքի ապաշրջափակման Համաժողովրդական շարժման շտաբի նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանի կարծիքով՝ շատ կարևոր էր օդանավակայանի նախկինում փակ տարածքն մտնելը։ «Սա օդանավակայանի նկատմամբ Արցախի պետական ​​իրավասության հաստատումն է»,- ասաց նա Step.am-ին։

Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում

Արցախում համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ  զորակազմի զորակայան, որտեղ կներկայացնեն իրենց պահանջը՝ դադարեցնել Արցախի շրջափակումն ու հումանիտար աղետը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ, որից հետո ինքը կվերադառնա և կներկայացնի հանդիպման արդյունքները։

«Մեր հաջորդ քայլը՝ հիմա այստեղ տեղադրում ենք վրաններ, և բոլորը վրաններում սպասում են մեր պահանջի կատարմանը։ Կարծում եմ, որ այլևս որևէ տարբերություն չկա մենք սոցիալական, կենցաղային, սննդի հետ կապված խնդիրներով այստեղ ենք, թե Ստեփանակերտում»,- հայտարարեց Ներսիսյանը։

Նա ընդգծեց՝ ուզում են ՌԴ խաղաղապահներին ասել, որ Արցախի ժողովուրդը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական շահառուն Արցախի ժողովուրդն է, և, երբ հայտարարության կողմերից մեկը չի կատարում իր պարտականությունները, դա չի նշանակում, որ դրա պատճառով առաջացած ծանրագույն հեռտևանքները պետք է կրի արցախցին։ «Մենք այստեղ ենք, որպեսզի արցախցիների խոսքը փոխանցենք խաղաղապահներին, որ ամենևին բարեկամական չէ, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, բայց մենք ամեն օր տեսնում ենք ուղղաթիռների թռիչքներ»,- հայտարարեց Ներսիսյանը։

ՌԴ խաղաղապահների հետ հանդիպումից հետո հավաքի մասնակիցների մի մասը՝ Ասկերանի բնակիչները, կմնան խաղաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, իսկ մնացածը կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ կշարունակվի առավոտյան մեկնարկած հանրահավաքը։

Կարելի էր առանց հաղորդավարների. իրադարձությունների տարեգրություն

Հուլիսի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ միջանցքի ապաշրջափակման Համաժողովրդական շարժման ակցիան, որի մասնակիցները հայտարարեցին ապաշրջափակման կոնկրետ քայլեր եւ նպատակներ՝ հավաքվել մի քանի տասնյակ հազար մարդով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնալ Շուշիի դիրք և ճեղքել միջանցքը դեպի Հաքարի կամուրջ, որտեղ նրանց կմիանան Հայաստանից ժամանած մասնակիցները։ Եթե ռուս խաղաղապահները հրաժարվում են ուղեկցել նրանց՝ ի հեճուկս իրենց մանդատի և պարտավորությունների, ակցիայի մասնակիցները մտնում են Բաքվի զինվորականների կողմից վերահսկվող Ստեփանակերտի օդանավակայան, դադարեցնում են սննդի և այլ ապրանքների մատակարարումը ռուսական զորքերի համար և ստիպում նրանց կատարել իրենց պարտավորությունները։

Այս նպատակները հռչակելուց հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի նախագահական, որտեղ անսպասելի դուրս եկավ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ով ասաց, որ ակցիաներին կարող են միանալ նաև պաշտոնյաներ։ Շարժումը ընդհատվեց մինչև հուլիսի 15-16-ը։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Հուլիսի 13-ի երեկոյան Գուրգեն Ներսիսյանը կոչ արեց բոլորին հուլիսի 14-ի առավոտյան ժամը 9:00-ին գալ Վերածննդի հրապարակ և սկսել անժամկետ Համաժողովրդական շարժում, քանի որ ուրիշի վրա հույս չկա։ Մինչ այդ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել էր Անվտանգության խորհուրդ և ասել, որ միջազգային հանրությանը ուղղված բոլոր կոչերն ապարդյուն են։

Հուլիսի 13-ի երեկոյան հայտնի դարձավ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին։

Հուլիսի 14-ին հանրահավաք է տեղի ունեցել, ինչ-որ տեղ տարօրինակ՝ ֆորմատով ավելի շատ մշակութային միջոցառման էր նման՝ հաղորդավարներով և այլով։ Ցուցարարների առաջնագծում կանգնած էր Արցախի ղեկավարությունը։ Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես հայտարարեց հանրահավաքին միանալու մասին։ Մնացած բոլորը նախընտրեցին հայտարարություններ չանել։

Հանրահավաքում սթափ ելույթ ունեցավ օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ պահանջելով ռուս խաղաղապահներից կատարել իրենց մանդատը և ապահովել անվտանգությունն ու տեղաշարժը միջանցքով։ Մնացած ելույթները հուզական առումով ավելի պաթետիկ էին և ուղղված էին անդեմ ու խուլ միջազգային հանրությանը, այսինքն՝ ոչ մեկին։

Հանրահավաքից հետո Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ մարդիկ գնացին Կարմիր խաչի գրասենյակ՝ պահանջելու խնդիրը բարձրացնել միջազգային ասպարեզում։ Հետո գնացել են ռուս խաղաղապահների շտաբ՝ պահանջելու կատարել իրենց պարտավորությունները։

Մինչ նրանք քայլում էին, Շուշիյից հայ դիրքապահների ուղղությամբ կրակել են ականանետերից և նռնականետերից։

Հայաստանում արցախյան հանրահավաքին քաղաքական արձագանքներ չեղան. ինչպես դրսում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, բոլորը հետեւում էին, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու։

Մարդիկ քայլով հասան Ստեփանակերտի օդանավակայան, մտան տարածք, վրաններ խփեցին եւ հայտարարեցին, որ մինչեւ ռուս խաղաղապահները չկատարեն իրենց պարտականությունը եւ չբացեն միջանցքը, նրանք ոչ մի տեղ չեն գնա։

Step1.am

Այսօր Շուշիի շրջանում խախտվել է հրադադարը՝ կիռարվել են ականանետներ

Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում Բաքվի զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառվել է նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Տեր կանգնեք ձեր մանդատին և ապահովեք մեզ խոստացված խաղաղությունը․ Արցախի ՄԻՊ-ը դիմեց ՌԴ խաղաղապահներին

Արցախի՝ 7 ամիս շարունակվող շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլևս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը, երբ այլևս մի ողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են և ընդգծված։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Գտնվելով շրջափակման մեջ և հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրական և անհերքելի սպառնալիքի ներքո։ Իրավիճակի մասին երկար չեմ խոսի, որովհետև խոսել եմ 7 ամիս շարունակ, ահազանգել եմ բոլոր բոլորին, խոսել շատերի հետ, անդադար՝ ամեն հանդիպման ժամանակ զրուցակիցներիցս ակնկալելով հարգանք մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ, հարգանք մեր ժողովրդի կյանքի և սեփական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի նկատմամբ։ Ակնկալել եմ կարեկցանք, ըմբռնում այն ամենի, ինչ կատարվում է մեզ հետ։ Խոսել եմ խնդրանքով, խոսել եմ ցասումով։ Այսօր արդեն ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է, որն այսօր, այստեղ հավաքվելով, բոլորս միասին պետք է անենք»,- ասաց Ստեփանյանը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը դիմեց միջազգային հանրության բոլոր դերակատարներին։ «Ասում եք մարդու իրավունքնե՞ր։ Ուրեմն ասեք ինձ, ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ։ Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել։ Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է։ Ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար։ Ես ինչպե՞ս նայեմ 20 հազար տարեցների աչքերին, որոնք օրվա հանապազօրյա հացը հայթայթելու համար անմարդկային դժվարությունների միջով են անցնում։ Եվ վերջապես, ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված զոհվածի մոր աչքերին, որն ահաբեկված հայացքով  նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ զավակի գերեզմանը։ Պատասխանեք ինձ, ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, ես ուզում եմ, որ դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում։ Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան։ Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում և նմանատիպ այլ հայտարարություններ․․․ բավ է, հերիք է, մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»։

Այնուհետև Արցախի ՄԻՊ-ը դիմեց Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին, որոնց 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի և ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը․ «Մեզ խաղաղություն էր խոստացվել։ Խաղաղությունն ամենօրյա տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ։ Խաղաղությունն ամենօրյա հաց հայթայթելով ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ։ Խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված և ամեն ինչից զրկված լինելը չէ։ Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների և մեր վրա թափվող անորոշությունները չեն։ Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»,- շեշտեց Ստեփանյանը։

Շարունակելով խոսքը՝ Ստեփանյանը դիմեց Հայաստանում ապրող հայրենակիցներին՝ ընդգծելով որ Արցախը յուրաքանչյուր հայի համար բացառիկ արժեք և սրբություն է։ «31 տարի առաջ Արցախում ապրող հայը կանգնեց մի պարզագույն ցանկությամբ՝ միանալու Մայր հայրենիքին։ Այդ ցանկությունը վաղեմության ժամկետ չունի, դա սրբագույն երազանք ու նպատակ է, որ պետք է իրականություն դառնա։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային իր այդ սրբագույն երազանքի հետ»։

Դիմելով սփյուռքում ապրող հայերին՝ Ստեփանյանն ընդգծեց․ «Ձեզանից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն՝ ինչ է նշանակում ցեղասպանվել, ինչ է նշանակում հայրենազրկվել, ինչ է նշանակում ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու։ Սիրելի քույրեր և եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք՝  աղաչում եմ, վեր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր  ցեղասպանությունը, վեր ելեք՝ պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայ ժողովրդի ճակատագրի համար։ Ամենուրեք ասում էին այլևս երբեք, պարտադրեք նրանց հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին։ Մենք պետք է ջնջենք մեր ճակատագրից անընդհատ ցեղասպանվող ժողովրդի խարանը։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այս ամենն էկրաններից այն կողմ ինչ-որ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ, սա Արցախում ապրող ձեր քույրերի և եղբայրների՝ ամեն օր խեղվող ճակատագիրն է»։

Ստեփանյանը շարունակեց՝ եթե աշխարհի շատ ժողովուրդների պետությունն ու պետականությունը մատուցվել է սկուտեղի վրա, ապա Արցախը վաստակել  է իր ինքնորոշման իրավունքը։ «Արցախյան բոլոր պատերազմներում վճարված թանկ գինը, 7-ամսյա շրջափակումն աղաղակող փաստեր են, որ մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, չենք կարող և վերջ։ Վերջապես հասկացեք։ Բոլոր նրանք, ովքեր դեռ իլուզիաներ ունեն այս առումով, թող պատասխանեն՝ արդյոք հնարավոր է՞ր պատկերացնել հրեաների կյանքը Նացիստական Գերմանիայում։ Այո, Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ, հայի նկատմամբ ատելությամբ ու թշնամանքով։ Բոլորը դրանում վաղուց արդեն համոզված պետք է լինեին։ Սա 21-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկն է։ Ուրեմն, վերջ տվեք խոսելուն, անհապաղ և կոնկրետ գործողություններ ձեռնարկելը ցպահանջ է՝ Արցախում ողբերգությունը կանխելու համար։ Անտարբերությունը հավասար է մեղսակցության։ Եվ հիշեք՝ անպատիժ հանցագործությունը կրկնվող հանցագործություն է։ Այսուհետ  մեր անցյալը, ներկան ու ապագան նաև ձեր ձեռքերում է։ Արցախն ապրելու է, Արցախը հարատևելու է՝ ի հեճուկս բոլոր չկամների ու թշնամիների և ի փառս համայն հայության»,- եզրափակեց Արցախի ՄԻՊ-ը։

Ստեփանակերտում հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ և աղոթքով

Արցախի Վերածննդի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը, որը պետք է սկիզբ դնի անժամկետ Համաժողովրդական շարժմանը։

Հանրահավաքի սկզբում նշվել է, որ արցախահայությունը դարեր շարունակ պայքարել է հայապահպանության համար, ինչը բացառվում է Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակում գտնվելու դեպքում։

Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին «երկնային բանակին», ովքեր իրենց կյանքը տվեցին հայոց Արցախի պահպանման համար։ Աղոթք կատարվեց.

Արցախի հանրային հեռուստատեսությունը ուղիղ եթերում է

Ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը

Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյբուքի իր էջում հայտնել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Հանրությանը իրազեկում եմ, որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը»,-գրել է նա՝ հավելելով, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։

Ինչպես է Արցախում պահպանվել հայոց պետականությունը․ Խամսայի մելիքություններ

Հայոց պետականության անկումից հետո, Հայստանի լեռնային շրջանների իշխանություններին հաջողվել է պահպանել իրենց իշխանությունը, ինչպիսիք են  Զեյթունը, Սասունը, Շատախը, իսկ ահա Արևելյան Հայաստանում Սյունիքն ու Արցախը։ Ամբողջ միջնադարում Արցախում մենք հանդիպում ենք իշխանական տների, որոնք կարողացել են դիմակայել օտար ներխուժումներին ու պահպանել քաղաքական ինքնուրույնություն։ Չնայած նրանք ընդունել են նվաճողների հպատակությունը, սակայն ներքին կառավարման հարցերում՝ հարկահավաքություն, դատավարություն անկախ էին, և նույնիսկ սեփական զորք պահելու իրավունք ունեին, ըստ պատմական աղբյուրների, դրանց թիվը հասնում էր 10-12 հազարի։

Ավելի ուշ․ 16-17-րդ դարերում Արցախում ի հայտ եկան մելիքական տներ, որոնք ուշ միջնադարյան իշխանական տների ժառանգորդներն էին և պատմական այդ շրջանում գլխավորում էին հայ ազգային-ազատագրական շարժումները մերթ պարսկական, մերթ թուրքական նվաճողների դեմ։ 1736 թվականին իրեն Պարսկաստանի շահ հռչակած Նադիրը վերջ դրեց Սեֆյանների դինաստիային եւ ժամանակավոր վերականգնեց կայսրության ամբողջականությունը: Պատմական հենց այդ ժամանակաշրջանում Արցախի մելիքական տներից կազմավորվեց Խամսայի մելիքություն անվամբ քաղաքական – վարչական միավորը։

Նադիրի առաջարկությամբ Դիզակի մելիք իշխան Ավանին, կամ որ առավել հայտնի է մելիք Եգանին շնորհվեց խան-բեկլարբեկի եւ Արցախի բոլոր հայկական մելիքություների կառավարչի կարգավիճակը: Վերջինս ուղղակիորեն ենթարկվում էր Նադիր շահի եղբայր Իբրահիմ խանին։ Ինչպես արդարացիորեն նշում է Հ․ Փափազյանը, անդրադառնալով Մելիք Եգանի ընդունարանի վիմագիր արձանագրությանը, Անդրկովկասում Քարթլի – Կախեթի վրացական վալիության կողքին առաջին անգամ ստեղծվում է «Մահալ էլ խամսե» հայկական բեկլարբեկությունը, որն ընդգրկում էր պատմական Արցախը մինչև Արաքսի ափն ընկած տարածքները, ասել է թե Խամսայի մելիքության տարածքը համապատասխանում էր Արցախի Հանրապետության տարածքին, մինչև 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմը։

Գրեթե 2 տասնամյակ Արցախում ձևավորված հայկական այս իշխանությունը  ինքնուրույն կյանք էր վարում։ Իսկ մելիքությունների կառավարիչ մելիք Եգանի քաղաքական հմտությունների մասին կարող ենք կարծիք կազմել հենց նրա ընդունարանի վիմագիր արձանագրությունից, որում ասված է․ «ՌՃՁԶ (1737թ.): Այս ընդունարանը հիշատակ է: Այսպես է, որ ես Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք Եգան, նախապես ժողովուրդը հավաքվեց և ինձ քյոխվա [տանուտեր] կարգեց: Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, շահ Սուլթան Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա բերեց սրանց [վրա] ինձ մելիքություն տվեց: Այնուհետև օսմանցին եկավ և [երկիրը] նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ բերին Դիզակ, ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա: Արաղից (Կենտրոնական Իրան) շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրը օսմանլուի ձեռքից առավ: Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա, ինձ որպես խան և բեկլարբեկ կարգեց. շնորհ արեց: Ով հետո կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի: Եղավ: Ամեն»: Անդրադառնալով սույն գրավոր հիշատակության պատմա-քաղաքական նշանակությանը, քաղաքագետ Մ․ Սարգսյանը նշել է,- ամեն դեպքում, մենք տեսնում ենք սուվերեն քաղաքականության ուժի ֆենոմենը, որի հետ այդ ժամանակվա ուժեղ սուբյեկտները հաշվի էին նստում եւ պարգեւատրում:

Մելիքների ձեռքում էր կենտրոնացված ներքին կառավարման բոլոր լծակները։ Դատական իշխանությունը կենտրոնացված էր յուրաքանչյուր գավառի մելիքի ձեռքում, վերջիններս ի տարբերություն ասենք Երևանի մելիքների ունեին նաև մահապատիժ իրականացնելու իրավունք։ Եվ առհասարակ հայրենիքի փրկության համար մարտնչած մելիքներն իրենց հեղինակությամբ կարողանում էին կարգ ու կանոն հաստատել սեփական գավառներում։

Արցախի մելիքներն ունեին զորք պահելու իրավունք, որի թիվը համաձայն աղբյուրների, հասնում էր մինչև 20000,  յուրաքանչյուր տուն պարտավոր էր մեկ զինվոր տալ։ Մելիքները մշտապես պահում էին նաև 300 հոգուց բաղկացած թիկնազոր։

Հայոց պետականության բացակայության պայմաններում Արցախի մելիքությունը կարող էր դառնալ այն հենքը, որի վրա վեր կհառներ հայոց պետականությունը, սակայն նրանց միասնությունը չդիմացավ ժամանակի մարտահրավերներին։ Միասնությունը խաթարվեց ներքին երկպառակություններից, որոնք սկսվեցին Վարանդայի մելիք Շահնազար երկրորդից և որից օգտվելով Շուշի անառիկ ամրոցում օտարածին իշխանության նոր կենտրոն հիմնադրվեց Փանահի գլխավորությամբ:

Փանահը, ապա նաև նրան հաջորդած Իբրահիմը դաժան պայքար են սկսում հայ մելիքների դեմ։ Համառ դիմադրություն են ցույց տալիս հատկապես Դիզակի, Ջրաբերդի և Գյուլիստանի մելիքները, սակայն ամենադաժան բախտին արժանանում են մելիք Եգանյանները, որոց մի մասը սպանվում, մի մասն էլ բռնի իսլամացվում են։ Երեք տասնյակ շարունակ Խամսեի կենտրոն Տողի ու Շուշիի օտարածին ,,տիրակալների,, միջև իշխանության պայքար մղվեց։ Փանահի, ապա նաև Իբրահիմի վարած հակահայ քաղաքականությունը կարելի է ասել խրախուսվում էր տարածաշրջանում խաղացող արտաքին ուժերի կողմից, որի առհավատչյան թերևս 1805 թվականին կնքված Քյուրակչայի պայմանագիրն էր, որով ճանաչվեց Իբրահիմի ժառանգական իշխանությունը Ղարաբաղում։ Խամսայի մելիքությունների իշխանությունը վերջնականապես վերացավ 19-րդ դ. կեսերին, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո։

Այսօր Ադրբեջանի բռնապետը գրեթե նույն բանն է անում, վերացնելով հայկական իշխանության հետքը Շուշիում՝ այն վերածելով մահմեդական աշխարհի մշակութային կենտրոն, իսկ Տողը դարձնելով «Տուղ» պետական ​​պատմաճարտարապետական ​​և բնության արգելոց, որպես ադրբեջանցիների պատմական անցյալ։

Այդուհանդերձ անուրանալի է Արցախի իշխանների հետո նաև մելիքների դերը հայոց պետական մտքի ու ավանդույթների պահպանման գործում, այն մելիքների, ովքեր իրենց համարում էին «Հայոց թագավորաց ազնիվ զինվորաց մնացեալ ժառանգք» (Ա․ Մաղալյան)։ Րաֆֆու իսկ խոսքերով, անհայտության մեջ կորած հայկական այդ իշխանությունը՝ Խամսայի մելիքությունը մի յուրօրինակ պետական միավոր էր, որը թերևս արժանի քաղաքական ուսումնասիրման ու գնահատականի չի արժանացել։

Step1

ԶԼՄ-ների տեղեկություններով, բերման են ենթարկել Վիտալի Բալասանյանին

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ, Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրա հետ ձերբակալել են նաեւ որդուն, եղբորը եւ քեռու տղային: Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը թերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

“Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս գրել է․ «Արցախի Ազգային անվտանգությունը մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նա եւ որդին բերման են ենթարկվել»։

Ավելի վաղ Արցախի դատախազությունը հետեւյալ տեղեկությունն է տարածել, որը ենթադրաբար շոշափում է Վ․ Բալասանյանի որդու անունը․

ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում քննարկվել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումը, որով պարզվել է, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 /յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա..Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով /Վարկը ոչ նպատակային օգտագործելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներ, 12.07.2023թ. հարուցվել է քրեական գործ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

«Միջազգային կառույցների կոչերը արդյունք չեն տվել». Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության   նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների  հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը:

ԱՀ նախագահի աշխտակազմից հայտնում են, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում  իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի  ապաշրջափակման վերաբերյալ  տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը  դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու հրամայական է  առաջադրում:
Ելնելով իրավիճակից՝  Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ: