Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում․ պետնախարար

Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները, ասված է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարության մեջ։

Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում ունենալու ենք ծանր ու անդառնալի հետևանքներ, որը մենք թույլ տալ չենք կարող, ուստի վաղվանից սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում: Այդ մասին առավել մանրամասն՝ ուղերձում:
«Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր՝
Արցախի Հանրապետությունը 2020թ. սեպտեմբերի 27-ից լրջագույն փորձությունների մեջ է: Մեր ժողովուրդը ստիպված եղավ որերորդ անգամ ենթարկվել ջարդերի, խոշտանգումների, տարհանման ու տառապանքների: 2022թ. դեկտեմբերի 12-ից այդ ամենին գումարվեց Արցախի շրջափակումը՝ Արցախը Հայաստանին կապող զարկերակի, կյանքի ճանապարհի արգելափակումը:
Այդ օրվանից սկսած՝ Արցախի ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, պահպանել է իր դեմքն ու արժանապատվությունը: Արցախի ժողովուրդը, ստանձնելով հայրենապահպանության իր բաժին պատասխանատվությունը, աշխարհին և համայն հայությանը վերահաստատել է, որ հայրենիքում արժանապատվորեն ապրելու մեր իրավունքը անսակարկելի է, այդ իրավունքի համար արցախցին վճարել է ամենաթանկով: Կյանքի դժվարին պայմանները, սննդի պակասը, ցուրտն ու մութը չեն կարող պարտադրել մեզ հրաժարվել մեր ինքնությունից, արժանապատվությունից, սեփական ճակատագիրը տնօրինելու, խաղաղ ու անվտանգ միջավայրում ապրելու պարզագույն մարդկային իրավունքներից:
Այս փորձությունները, դառնություններն ու տառապանքները արցախցին կրել ու այսօր էլ կրում է Մայր Հայաստանի, աշխարհասփյուռ հայության ու միջազգային հանրության աչքի առաջ:
2023թ. մարտի 1-ից ես ստանձնել եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և առաջին օրվանից սկսել ենք երկիրը նախապատրաստել ավելի ծանր ու բարդ մարտահրավերների դիմակայությանը: Թեև Արցախը գտնվում էր շրջափակման մեջ, ունեինք սահմանափակ հնարավորություններ և Արցախի ժողովրդի կարիքներ բավարարվում էին նվազագույն չափով՝ շաբաթական մի քանի անգամ ընդամենը մեկ տասնյակ բեռնատարով կազմակերպվող հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, այդուհանդերձ մենք կարողացանք նախապատրաստվել Ադրբեջանի հերթական սադրանքի դիմակայությանը՝ Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակմանը:
Այսօր 29-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, 29 օր է, ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող Արցախը ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին, 7 ամիս է՝ արցախցին ապրում է տարրական կենսապայմանների բացակայության պայմաններում, դադարեցված է Արցախ գազամատակարարումը, էներգամատակարարումը: Ակնհայտ է, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն և որքան էլ դրանք օգտագործվեն խնայողաբար, միևնույն է՝ դրանք մի օր սպառվելու են, իսկ այդ ժամանակ մենք ունենալու ենք աղետալի ու անդառնալի կորուստներ ու հետևանքներ: Խոսքը ամենևին հացի մասին չէ. բարեբախտաբար, բազմաչարչար Արցախցին կարողացել է ինքնակազմակերպվել ու իր աշխատանքով ապահովել նվազագույն կարիքները, բայց հանրության տարրական կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս պարագաների սահմանափակ քանակն ու Արցախ ներկրելու հանցավոր արգելափակումը արդեն լրջագույն սպառնալիքներ ու խնդիրներ են հարուցում:
Արցախի ժողովուրդը տևական ժամանակ է՝ ապրում է այսպիսի պայմաններում, ոմանք այդ ամենը կոչում են դիմանալ, ոմանք՝ պայքարել: Բայց ես, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, որպես կառավարության առաջնային պատասխանատուներից մեկը, որպես պետական պաշտոնյա, ուզում եմ հարցնել՝ իսկ մինչև ե՞րբ պիտի այսպես դիմանանք ու պայքարենք, երբ այլևս մարդիկ հիվանդանոցներում տարրական բուժօգնության կամ դեղորայքի բացակայության պատճառով սկսեն մահանա՞լ, երբ սովորական առողջական խնդիր ունեցող քաղաքացին զրկվի՞ կյանքից՝ բուժօգնություն ցուցաբերելու անհնարինության պատճառով, երբ մեր երեխաների առողջությունը սկսի քայքայվե՞լ՝ տարրական կալորիականությամբ սննդի բացակայության պատճառով, երբ մեր տարեցները, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները, հղիները ստիպված լինեն սնունդ կամ վիտամիններ մուրա՞լ, երբ չկարողանանք ունեցած սնունդը շրջաններ հասցնե՞լ, երբ չկարողանանք մարդկանց սովորական խմելու ջուր տա՞լ, երբ սկսենք ցրտահարված դիակներ հայտնաբերե՞լ այս կամ այն բնակարանում: Ընդամենը օրեր առաջ հայտնաբերեցինք առանց հսկողության մնացած երկու մանկահասակ երեխայի դիակ, որոնց մայրը նրանց համար սնունդ հայթայթելու նպատակով ստիպված էր երեխաներին թողնել տանը միայնակ: Մեզ, աշխարհասփյուռ հայությանը կամ առայժմ դիտորդ միջազգային հանրությանը նմա՞ն իրավիճակներ կամ տեսարաններ են պետք:
Ո՛չ, սիրելի՛ արցախցիներ, անթույլատրելի է լուռ և պասիվ վարքագծով այդ ամենին ընդառաջ գնալը: Որքան էլ դառը կամ սահմռկեցուցիչ թվա, այդուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության, համայն հայության, եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության լռության ու գրեթե անգործության ներքո մեզ տանում է նշածս հանգրվանը: Ես վստահաբար համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը այդ ամենին արժանի չէ և չի կարելի նրան նման փորձությունների ենթարկել: Ուստի, պետք է սթափվել ու ոտքի կանգնել:
Հարգելի՛ հայրենակիցներ, գիտեք, ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքական մանրախնդրությամբ և շահախնդրությամբ չեմ տառապել և իմ պատկերացրած պաշտոնեական պատասխանատվությունը հենց սա է, պաշտոնատար անձը հանրության հետ պետք է լինի ազնիվ, ստանձնի պատասխանատվություն՝ առաջնորդելու ժողովրդին և ոչ թե մտածի պատասխանատվությունը որևէ մեկի վրա բարդելու կամ կիսելու մասին:
Եվ հիմա, երբ այլևս Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, երբ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ոչ միայն երաշխավորված չէ, այլև ունենք ֆիզիկական ոչնչացման օրհասական վտանգ, պետք է ոտքի կանգնել, սկսել համաժողովրդական շարժում:
Նախքան մեր հետագա քայլերի մասին խոսելը, նախ ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լրջորեն վտանգված են: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Արցախցին ապրում է Մայր Հայաստանը սրտում՝ գիտակցումով, որ Հայաստանի Հանրապետությունում ունի երեք միլիոն քույր և եղբայր: Բայց, դժբախտաբար, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախցին զգաց մենակության դառնությունը: Պատերազմից հետո արցախցիները լավ էին պատկերացնում Մայր Հայաստանի խոցելի վիճակը և բազմաթիվ հարցերում մշտապես մնացել են զուսպ, սեփական զրկանքների գնով փորձել են զերծ պահել Հայաստանի Հանրապետությունը ճնշումներից, անել այնպես, որ մենք որևէ կերպ չդառնանք Հայաստանի համար խնդիր կամ նրա վրա ճնշման գործիք, բայց արդյունքում ստացել ենք նշաձողի իջեցում, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսում կամ անորոշություն, չերաշխավորված անվտանգություն, ֆիզիկական գոյության սպառնալիքներ, քաղաքացիական անձանց սպանություններ, թիրախավորման դեպքեր: Այսինքն, այդ ամենից հետո հայ ժողովուրդը խաղաղության նշույլներ անգամ չտեսավ և հիմա, երբ վտանգված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը, պետք է վերագնահատման ենթարկենք մեր քայլերն ու հետագա անելիքները և զերծ մնանք հայկական Արցախն ու արցախահայությունը կործանման տանող քայլերից: Հիմա իրավիճակն օրհասական է առավել քան երբևէ, արցախցիները կանգնած են լրջագույն խնդիրների առաջ և պետք է օր առաջ կանգնեցնել այս աղետի ընթացքը: Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի ու հայոց պետականության համար, Արցախը միայն արցախցիներինը չէ: Ուստի, բոլորս միասին պետք է լծվենք արցախապահպան այս սուրբ առաքելությանը:
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ հայրենակիցներ, լուռ մի՛ գտնվեք, մաս դարձե՛ք Արցախում սկսվող համաժողովրդական շարժմանը, գործողություններ ձեռնարկեք Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին բարձրաձայնելու և գործնական քայլերի մղելու ուղղությամբ:
Կոչով դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը. Հարգելի՛ քույրեր և եղբայրներ, արցախի ժողովուրդը ցեղասպանության վտանգի տակ է, ընդամենը օրեր հետո մեր ժողովուրդը կանգնելու է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև: Այս ամենը նաև ձեր լռության ու անտարբերության հետևանքն է, արթնացե՛ք ու աղաղակե՛ք, բացե՛ք բոլոր դռները և հայտարարե՛ք 21-րդ դարի ցեղասպանության մասին: Այսօր աշխարհի շատ երկրներ իրենց պասիվությունն արդարացնում են հենց ձեր վարքագծով. Ապացուցե՛ք, որ արցախցի ձեր եղբայրներն ու քույրերը մենակ չեն, նրանք անպաշտպան չեն:
Դիմում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դերակատար Ռուսաստանի Դաշնությանը: Արցախի Հանրապետության ժողովուրդը երախտապարտ է Ռուս ժողովրդին 44-օրյա արյունալի պատերազմը կանգնեցնելու և առ այսօր իրականացվող խաղաղապահ առաքելության համար: Արցախի ժողովուրդը վստահությամբ ու հավատարմությամբ է վերաբերվել ու վերաբերվում ռուս ժողովրդին, ըմբռնումով է մոտեցել այսօր Ռուսաստանի համար ստեղծված իրավիճակին, բայց մերօրյա Արցախն ու մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի մտահոգություններ են առաջացրել արցախցիների շրջանում, մեր ժողովուրդը տարակուսանքով է հետևում լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախում ուղղաթիռներով խաղաղապահների կարիքները հոգալուն, կան մի շարք երևույթներ, որոնք ծնում են բազմաթիվ անպատասխան ու մտահոգիչ հարցեր: Բայց արդյունքում մեր խնդրանքը մեկն է՝ խնդրում ենք ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը, մարդկանց ու բեռների տեղափոխությունը: Եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում կամ անպատշաճ է կատարում իր պարտականությունները, ապա այդ ամենի հետևանքների կրողը չի կարող լինել Արցախի ժողովուրդը, և եթե պետք են դիվանագիտա-քաղաքական ջանքեր ու քայլեր, ապա դրանք պետք է գործադրել հենց այդ կողմերի պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Դիմում եմ միջազգային հանրությանը, Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ: Արցախի ժողովուրդը, 30,000 երեխաները չեն կարող լինել արևմուտք-ռուսաստան հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա-հարթակը: Սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն է: Եթե Արցախի խաղաղասեր ու ստեղծագործ ժողովրդի համար այս ակնկալիքը նման է հրաշագործության սպասումի, ապա իրականում դա ոչ թե պարզամտություն է, այլ համոզվածություն, որ աշխարհն ու մարդկությունը դեռևս վերջնականապես չեն կորցրել իրենց իրական դեմքն ու դերակատարությունը: Եթե Արցախի ժողովրդին ուշադրություն դարձնելու դիմաց ենթադրվող գինը մարդկային կորուստներն ու տառապանքներն են, ապա մենք հերթական անգամ դրան արդեն շատ մոտ ենք: Մեր ժողովուրդը վերջին երեք տասնամյակում բավականին շատ կորուստներ ու տառապանքներ է տեսել, սթափվե՛ք և միջամտության հիմքեր ունենալու համար մի՛ սպասեք մարդկային կյանքերի կործանման նոր դեպքերի, կանգնեցրե՛ք գահավիժող այս արհավիրքը քանի ուշ չէ, ստանձնե՛ք մարդկության անբաժանելի մասը հանդիսացող մեր ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունը:
Մեզանից առավել՝ ոչ ոք տարածաշրջանում խաղաղություն չի կարող ցանկանալ: Ընդ որում, եթե ոմանց համար խաղաղությունը կամ դրա այլընտրանքային եղանակները քաղաքականություն են, ապա մեզ համար խաղաղությունը սեփական տանը ապրելու, երեխաներ կրթելու և դաստիարակելու պարզ, մարդկային պահանջմունքները բավարարելու հնարավորություն է:
Հարգելի՛ արցախցիներ, մենք զիջելու, լքելու Արցախ չունենք, Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է: Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում:
Աստված պահապան լինի Արցախ աշխարհին և Արցախի ժողովրդին»:

Արցախից ուզում են հանել Կարմիր խաչի գրասենյակը․ օմբուդսմենը ահազանգում է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ստեփանակերտում գրասենյակ է բացել 1992 թ․, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Կարմիր խաչը Արցախում ներկայացված միջազգային միակ կազմակերպությունն է։ Մինչեւ 2020 թ․ պատերազմը Ստեփանակրտում գրասենյակ ուներ նաեւ ԵԱՀԿ Գործող նախագահի Հատուկ ներկայացուցիչը։

Պատերազմից հետո Բաքուն խստիվ արգելում է միջազգային համապատասխան կառուցների մուտքն Արցախ, խոսքը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի, եւ ՄԱԿ պարենային հանձնաժողի, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին է։ Այս պահին Կարմիր խաչը՝ Արցախի հետ կապվող միակ հումանիտար խողովակն է եւ միակ միջազգային հանրության ներկայացուցիչը։

Մի քանի օր առաջ Ադրբեջանն անհեթեթ պատճառաբանությամբ արգելեց Կարմիր խաչի միջոցով Բերձորի միջանցքով հիվանդների տեղափոխումը։ Բաքվում ասում են, որ, իբր, ԿԽՄԿ մեքենաներով սնունդ, վառելիք եւ այլ «չառտոնված» “վտանգավոր” ապրանքներ են տեղափոխվել։ Կարմիր խաչի գրասենյակից հայտնեցին, որ նման ապրանքներ հայտնաբերել են վարձած վարորդների մեքենաներում, որոնց հետ խզվել են պայմանագրերը։

Սակայն դա չի բերել տեղաշարժի վերականգնմանը։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը մի քանի հայտարարություններով է հանդես եկել այդ արթիվ։ «Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակի Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջը՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար», ասված է հայտարարություններից մեկում:

Ո՞վ է «արտոնում», թե ինչ ապրանքներ կարող են տեղափոխվել Կարմիր խաչի միջոցով, եւ արդյոք կա վտանգ, որ Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակը կարող է փակվել։

Step1.am-ի հարցերին պատասխանել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Կարմիր խաչը դեպի Հայաստան բուժառուների տեղափոխման ցուցակներն է համաձայնեցնում Արցախի կառավարության հետ, նաեւ դեղորայքի հետ կապված հարցերը։ Մյուս բոլոր ապրանքների մասով, որոնք տեղափոխվում կամ ենթադրաբար տեղափոխվում են Կարմիր խաչի միջոցով, Արցախի կառավարության հետ չեն համաձայնեցվում, եւ Արցախի կառավարությունը որեւէ մասնակցություն չի ունենում», ասել է օմբուդսմենը։

«Ինչ վերաբերում է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի փակման վտանգին, ես կարծում եմ, որ բոլոր քայլերն, որոնք Ադրբեջանի կողմից ձեռնարկվում են, ուղղված են Կարմիր խաչի գործունեությանը խոչնդոտելուն։ Սա կատարվում է Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով, եւ դրա ապացուցներից մեկը՝ Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումն է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ եւ այդ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրության բովանդակությունը։ Այսինքն Ադրբեջանի կողմից քաղաքականացվում է Կարմիր խաչի գործունեությունը, առաջ են քաշվում քաղաքական խոչնդոտներ՝ հումանիտար աջակցության տեղափոխման ուղիների կամ Ստեփանակերտի գրասենյակի ենթակայության վերաբերյալ։ Պահանջներ, որոնք ուղիղ հակասում են միջազգային իրավունքով Կարմիր խաչին տրված անկախության, անկողմնակալության սկզբունքներին, ճնշում են գործադրում Կարմիր խաչի վրա։ Կարծում եմ, որ դրանք հենց այն նպատակն են հետապնդում, որ Արցախից հանեն հեղինակություն եւ ազդեցություն ունեցող միակ միջազգային կազմակերպությանը, ինչպիսին է Կարմիր խաչը», ասել է Ստեփանյանը։

Իր հայտարարություններից մեկում օմբուդսմենը, հայտարարելով, որ Արցախում իրավիճակն օրհասական է, կոչ է արել․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։»։

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան խորհրդարանին հղված նամակում մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որտեղ նաև քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տեղեկացրել է ԵՄ երկրների արտգործնախարարներին, որ Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչը սպառնում է խորացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։

Ըստ ԱԳ նախարարի՝ ինքը Նիդերլանդների անունից խորը մտահոգություն է հայտնել շրջափակման կապակցությամբ և կոչ արել ԵՄ-ին շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով։

Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ կոչ է արել Ադրբեջանին՝ վերացնելու շրջափակումը: ԵՄ խորհրդի նախագահը հուլիսին նախատեսում է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

ԵՄ անդամ բոլոր երկրները միահամուռ աջակցություն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու իր ջանքերում։

Լեռնային Ղարաբաղում մանկահասակ երեխաների մահը ադրբեջանական շրջափակման հետևանք է․ Արարատ Միրզոյան

Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության լիակատար պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են ունենում բնակչության կյանքի վրա:

«Թվիթեր»-ի իր էջում այս մասին  գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են  հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում սա չպետք է հանդուրժել»,- գրել է Միրզոյանը։

Հուլիսի 7-ին Աղաբեկալանջ գյուղի բնակչուհին ոստիկանություն է դիմել, որ իր երկու անչափահաս երեխաներին թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։

Ոստիկանության և փրկարար ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 8-ին երեխաները հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքում, ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում: Կատարված քննության շրջանակներում, ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։

Ավելի ուշ, «Ազատության» հետ զրույցում մահացած երեխաների մայրը պատմել է, որ տանն առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ չի եղել, ինքն էլ գնացել էր Մարտակերտ օգնության հետևից և երեխաներին թողել էր տանը։ Քանի որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում վառելիքի խնդիր կա, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցները չեն շահագործվում, կինը ստիպված է եղել Մարտակերտ հասնել ու տուն վերադառնալ ոտքով։

Ղարաբաղ՝ Ռուսաստանի ֆանտոմային ցավ

Մեդիամաքս-ին տված հարցազրույցում Ռուսաստանի «Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի» նախագահ Ֆյոդոր Լուկյանովն ասել է, որ «հետխորհրդային շրջանը, փաստորեն, սկիզբ առավ ղարաբաղյան հակամարտությանմբ։ Իսկ այդ հակամարտության, թեկուզ այս կերպ, ավարտումն ինչ-որ իմաստով հետխորհրդային շրջանի ավարտի խորհրդանիշն է”։

Որոշ հետազոտողներ Արցախն անվանում են Խորհրդային Միության փլուզման “պայթուցիչ”, թեև ակնհայտ է, որ ԽՍՀՄ-ն առանց դրան էլ կփլուզվեր։ Բայց Խորհրդային կայսրության (ԽՍՀՄ + սոցիալիստական ​​ճամբար, Վարշավյան պայմանագիր և այլն) հանդեպ կարոտախտ ունեցողների գիտակցության մեջ Ղարաբաղը մնում է ֆանտոմային ցավ։ Այն պահից, երբ խորհրդային-կայսերական նոստալգիան դարձավ Ռուսաստանում գերակշռող գաղափարախոսությունը, Ղարաբաղը դարձավ հիմնական թիրախ: Մոսկվան կարծում էր, որ եթե Ղարաբաղը չանդամատվի, հիվանդությունը «ռեցիդիվներ» կտա։ Եվ սկսվեց՝ Ադրբեջանին միլիարդավոր դոլարներով զինելը, Լավրովի ծրագրերը և այլն, իսկ 2020 թվականի պատերազմի ու Պուտինի հայտարարությունների, Ակնայի ռուս-թուրքական կենտրոնի մասին խոսելն ընդանրապես ավելորդ է։

Բայց «հետխորհրդային» շրջանը ամեն դեպքում կավարտվի Ռուսաստանի հերթական փլուզմամբ՝ անկախ նրանից, թե Ղարաբաղը «ամպուտացված է», թե ոչ։

«Հիմա բոլորը եկել են այն եզրակացության, որ սահմանագծերը, ընդհանուր առմամբ, չեն աշխատում։ Ռուսաստան՝ առաջին հերթին՝ սկսած Ղրիմից, իսկ հիմա՝ առավել եւս։ Կովկասում, ընդհակառակը, ինչ-որ առումով ստատուս քվոն վերադառնում է, բայց կվերադառնա՞, թե՞ կարող է նույնիսկ ավելի հեռու գնալ և ինչպես։ Ուստի այս պահն իսկապես պատմական է, բայց ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի համար, այլ ընդհանրապես»,- ասում է Ֆյոդոր Լուկյանովը։

Իրենից առաջ Պուտինը բազմիցս խոստովանել էր, որ Ռուսաստանը կարող է բաժանվել մի քանի պետությունների։ Ուզում եք Ռուսաստանը վերածել Մոսկովիայի, հարցրեց Պուտինը Ուկրաինա ներխուժելուց առաջ.

Այս ներխուժումը վերջ դրեց Ռուսաստանի խորհրդային կարոտախտին։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը վերջերս առաջին անգամ իր փաստաթղթերում օգտագործեց «ռաշիզմ» տերմինը՝ Ռուսաստանի պետական ​​գաղափարախոսությանը մատնանշելու համար։ Իսկ ռաշիզմը, ֆաշիզմի նմանությամբ, ըստ երեւույթին ենթարկվելու է Նյուրնբերգին։ Այդ թվում՝ Ղարաբաղի համար։

«Եթե մենք մեր ձեռքով Փաշինյանին հաղթանակ նվիրեինք, ապա հաջորդ պահին Հայաստանը կդառնար ՆԱՏՕ-ի անդամ. Մենք չէինք կարող աջակցել հանցագործների այս ոհմակին։ Մենք պետք է հայ ժողովրդին ցույց տանք, թե ով է նա։ Մենք Հայաստանի դեմ չենք պայքարել, պարզապես սպասում ենք, որ հայ ժողովուրդը ուշքի գա մինչև վերջ (ռուսական իմպերիալիզմի գաղափարախոսներից՝ Սերգեյ Կուրղինյան, «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» 10.11.2020թ.) .

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հետ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանն ու Հեյնսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցության վերաբերյալ:

ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների կրթությունը հեռավար է կազմակերպվել. ԿԳՄՍ նախարար

Հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների կրթությունն այս ընթացքում կազմակերպվել է հեռավար եղանակով։ Կառավարության նիստից հեռո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով` հեռավար կրթության կազմակերպումը վերաբերում է այն ուսանողներին, որոնք, օրինակ, հանգստյան օրերին Արցախ` տուն էին մեկնել, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով չեն կարողացել Հայաստան վերադառնալ։
«Նույնկերպ ապահովել ենք նաև ընդունելության միասնական քննությունների կազմակերպումը, նաև ներբուհական քննությունները` արվեստի, սպորտի, այլ ոլորտներում, այս գործընթացն էլ ենք ապահովել Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է ուսումնասռությանը, իհարկե, ես ինքս այս հարցը շարունակաբար բարձրացնում եմ, որ պետք է ապահովվի ուսանողների կրթության իրավունքը»,– նշեց Անդրեասյանը։
Նա հավելեց, որ նաև նամակներով է դիմել համապատասխան կառույցներին։ Ոլորտի պատասխանատուն հույս հայտնեց, որ սեպտեմբերին իրավիճակն այլ կլինի, և հայաստանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողները կկարողանան գալ։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, կրկին կփորձեն ուսանողների կրթությունը կազմակերպել հեռավար եղանակով։

Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում

Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը։

Էրիկ Պողոսյանին Արցախում շատերն են ճանաչում

Էրիկ Պողոսյանին շատերն են ճանաչում Արցախում և նրա սահմաններից դուրս։ Նա հայտնի է իր մեծ տաղանդով և նկարչության հանդեպ կիրքով, որը դրսևորել էր մանուկ հասակից։ Նա նկարում է տասնչորս տարեկանից։ Մասնակցել է մրցույթների, ունի դիպլոմներ։ Էրիկի համար նկարելը ոչ միայն գործունեության տեսակ է, այլ նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց։

Նա բնանկարներ է նկարում ոչ միայն թղթի, այլև քարերի վրա, ինչպես նաև դիմանկարներ, այդ թվում՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի և շատ այլ հայտնի մարդկանց դիմանկարները։

Էրիկն ունի լուրջ ախտորոշում՝ «մկանային դիստրոֆիա»։ Նա երկար ժամանակ վերականգնողական բուժում է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։

Կենտրոնը նրա համար դարձավ երկրորդ տունը՝ նա ակտիվորեն հաճախում էր տարբեր խմբակներ, այդ թվում՝ նկարչական, որտեղ ուսուցչի աջակցությամբ կատարելագործեց իր հմտությունները։ Վերականգնողական կենտրոնի անձնակազմը շատ ջերմ ընդունեց Էրիկին։ Այստեղ նա շատ ընկերներ գտավ։

Մինչ այժմ նա կապ է պահպանում կենտրոնի աշխատողների և հիվանդների հետ։ Ծնողների հետ ապրում է Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում։ Ինչպես մեր հանրապետության բոլոր բնակիչները, Էրիկն էլ ապրում է շրջափակման դժվարին օրեր և երազում խաղաղության մասին արցախյան հողում։

Արսեն Աղաջանյան

Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության շուրջ քննարկումներին և շեշտել Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրությունը։

Բլինքենը նաև շեշտել է բանակցություններում ճկունության և փոխզիջման անհրաժեշտությունը։

«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն դեպի տևական և արժանապատիվ խաղաղություն տանող բանակցությունների դրական առաջընթացը», – նշված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից:

Ալիևը համաձայն չէ Արևմուտքի պայմաններին, Ֆրանսիան կօգնի՞ էսկալացիայի դեպքում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ «Ալիեւը պետք է երաշխիքներ տա, որ ԼՂ-ում էթնիկ զտումներ չեն լինի, նա կհարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները եւ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջարկել որոշակի կարգավիճակ Ադրբեջանի կազմում»։

Նա նախատել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին այն բանի համար, որ «շատ վաղ է հայտարարել Ադրբեջանում հայերի անվտանգ կյանքի մասին»: Հիշեցնենք, որ դեսպանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ հավատում է նման հնարավորությանը:

Հայաստանը պնդում է անվտանգության «միջազգային երաշխիքներ», որոնց առկայության դեպքում, ըստ իշխող Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների, հնարավոր կլինի հարգել հայերի իրավունքները՝ ընդհուպ մինչեւ ինքնորոշման իրավունք։

Ղարաբաղում հայերի անվտանգ կյանքը «Ադրբեջանի կազմում», ըստ արեւմտյան միջնորդների, 3 պայման է նեռարում․ 1․ Որոշ կարգավիճակ հայերի ըամար /ինքնավարություն կամ ինչ-որ բան/, 2․ Ալիեւի երաշխիքն, որ նա չի դիմի էթնիկ զտումների /Հայաստանը միջազգային երաշխիքներ է պահանջում/, 3․ անխափան միջանց Հայաստանի հետ։ Ալիեւը համաձայն չէ ոչ կարգավիճակի, ոչ միջազգային երաշխիքների, որ էլ միջանցքի պայմաններին։

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը զանգահարել է և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին։ Ալիեւի հետ զրույցում նա հայտարարել է «քննարկումներում ստեղծագործ մոտեցման, ճկունության եւ փոխզիջման անհրաժեշտության մասին»։ Այսինքն՝ Բլինկենը Ալիեւին խորհուրդ է տալիս փոքր փոխզիջումների գնալ՝ հասնելու համար գլխավորին՝ «Ղարաբաղի ճանաչմանը Ադրբեջանի կազմում»։

Ալիևը հասկանում է, որ բոլոր երեք պայմանները՝ կարգավիճակ, միջազգային երաշխիքներ և միջանցք, հայկական իրավունքների միջազգային հաստատումն են։ Ալիեւը չի կարող համաձայնվել այս պայմաններին։ Ու հարց է առաջանում, իսկ հետո ի՞նչ է լինելու։ Եթե ​​Հայաստանն ու միջնորդները համաձայն են Ալիևի պայմաններին, ապա սա ուղիղ ճանապարհ է դեպի էթնիկ զտումներ։ Եթե ​​չհամաձայնվեն, Ալիեւը սպառնում է պատերազմով. «Ժամանակակից աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում. ուժի հետ հաշվի են նստում, ուժը զսպում է»,- ասել է Ալիևը։

Ուժային սցենարի նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում, միջազգային երաշխիքներ են փնտրվում։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում, որտեղ հանդիպել է Պենտագոնի ներկայացուցիչների և էներգետիկայի նախարարության միջուկային էներգիայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆի հետ։ Արմեն Գրիգորյանը միաժամանակ հայտարարեց, որ «Ղարաբաղի հարցը տարածքներին չի վերաբերում»։

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվում է Ֆրանսիայում, որտեղ ֆրանսիացի սենատորների հետ քննարկել է Ֆրանսիայի խորհրդարանի՝ «Արցախը ճանաչելու անհրաժեշտությունը» կոչ անող բանաձևերը, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում Ֆրանսիայի օգնությունը։

Step1