Արցախի իշխանությունները խոստացել են միանալ համաժողովրդական շարժման հանրահավաքներին

Միջանցքի ապաշրջափակման շարժման հանրահավաքները կշարունակվեն մի քանի օրից

«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» շտաբի համակիր, Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը Step1.am-ի հետ զրույցում նշեց, որ բանակցություններից հետո կառավարությունը խոստացել է տրանսպորտ կազմակերպել, որպեսզի մեր հայրենակիցները շրջաններից գան դեպի Ստեփանակերտ՝ մասնակցելու խաղաղ անհնազանդության հերթական երթին։

Նրա խոսքով՝ իշխանությունները ժամանակ են խնդրել մինչեւ հուլիսի 15-16-ը։ Միաժամանակ Շարժումը կհայտարարի հաջորդ հանրահավաքի ժամն ու վայրը։ Հույս կա, որ իշխանությունները կմիանան ժողովրդին, եւ հանրահավաքը կլինի համապետական՝ պետական ​​մակարդակով։

Գնահատելով այսօրվա ակցիան՝ Օսիպյանն ընդգծեց, որ արդյունքները սպասվածից ավելին են եղել, այն առումով, որ ի վերջո երկրի ղեկավարությունը նույնպես եկել է այն որոշման, որ անհրաժեշտ է նպատակներին հասնել զանգվածային ժողովրդական շարժման միջոցով։ Իսկ մենք այսօրվա համար ունենք մեկ նպատակ՝ ապաշրջափակել միջանցքը, ապաշրջափակել Արցախը։

Նշենք, որ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նախագահականի մոտ դուրս է եկել ցուցարարների մոտ։ Նա ցուցարարներին ուղեկցել է նաեւ նախագահի հետ բանակցությունների, որտեղ բարձրացվել է մարզերից տրանսպորտի եւ հաջորդ հանրահավաքին իշխանությունների՝ ժողովրդի հետ միասին մասնակցության հարցը։

Պետնախարարը ներկաներին ասաց, որ կարծում է, որ «իրավիճակից դուրս գալու միակ ելքը՝ համախմբված համաժողովրդական շարժումն է»։

«Բոլորն ունեն ընդհանուր կարծիք, և բոլորը հասկանում են, որ համաժողովրդական շարժումը միակ ելքն է այս իրավիճակից։ Ուստի բոլորը, անկախ զբաղեցրած պաշտոնից ու կոչումից, պետք է միանան համապետական ​​ակցիային։ Ստեղծված իրավիճակում համազգային շարժմանը մասնակցելու է ողջ ժողովուրդը մեկ անձի պես»,- ասաց Ներսիսյանը։

Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրևապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ԿԽՄԿ մեքենաների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ինչպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները։ Այն փաստը, որ այդ ապօրինի և անմարդկային գործողությունն արդարացնելու համար Ադրբեջանը հղում է անում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով այնպիսի «չթույլատրված իրերի» տեղափոխմանը, ինչպիսիք են՝ բջջային հեռախոսներն ու աքսեսուարները, ծխախոտն ու վառելիքը, միայն ապացուցում է Արցախի շարունակվող տրանսպորտային, պարենային և էներգետիկ շրջափակումը, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը, ինչպես նաև Բաքվի թշնամական և մարդատյաց վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ։

Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է չխոչընդոտել հումանիտար բեռների մատակարարումը պաշարված Արցախ։ Տվյալ պարտավորության խախտումը հանդիսանում է Ժնևի կոնվենցիաների դրույթների լուրջ խախտում և որակվում որպես պատերազմական հանցագործություն։

Հաշվի առնելով դեպքի կապակցությամբ ԿԽՄԿ հուլիսի 11-ի հայտարարությունը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված Եռակողմ հայտարարությունը, որով, մասնավորապես, նախատեսվում էր Լաչինի միջանցքի գործունեության վերահսկողությունը վերապահել ՌԴ խաղաղապահ ուժերին՝ ապահովելու կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, ինչպես նաև երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երկու ուղղություններով երթևեկության անվտանգությունը։ Ավելին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման շարունակումը ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումների խախտում է, որոնց համաձայն Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց և ապրանքների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ընդգծում ենք, որ միջազգային դերակատարները Լաչինի միջանցքի հարցի շուրջ իրենց մոտեցումներում պետք է առաջնորդվեն ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումներով։

Խոչընդոտելով ԿԽՄԿ կողմից իրականացվող մարդասիրական գործունեությունը, ներառյալ՝ բժշկական տարհանումները, Ադրբեջանը ոչ միայն անտեսում է իր միջազգային պարտավորությունները, այլև սրում է Արցախում ստեղծված առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը։ Տվյալ արգելքն, ըստ էության, անհետաձգելի բժշկական օգնության սուր կարիք ունեցող անձանց ընդհանրապես զրկում է դրա հասանելիությունից, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև մարդկանց մահվան:

ԿԽՄԿ մարդասիրական գործունեության խաթարումը, հունիսի 15-ից ի վեր Արցախի ամբողջական շրջափակումը, Ադրբեջանի հետևողական խոչընդոտումը Արցախի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն, ինչպես նաև Արցախում անտանելի կենսապայմանների ստեղծմանը միտված քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների հերթական դրսևորումն են։

Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի ապօրինի գործողությունները և ճնշում գործադրի՝ վերականգնելու Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումներ և բժշկական տարհանումներ իրականացնելու ԿԽՄԿ հնարավորությունը՝ հիմք ընդունելով մարդու արժանապատվության հարգման սկզբունքը, ինչպես նաև հավաքական ջանքեր գործադրի՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հերթական անգամ հիշեցնում ենք, որ խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում Արցախի արդեն 7 ամիս շարունակվող հանցավոր շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների լիարժեք կատարումն ապահովելու համար»։

Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպումը կայացել է Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի հատվածում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 4-րդ հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի հատվածում։

Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի. ԱՄՆ դեսպանատուն

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգներին, Հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ «Ադրբեջանը կրկին արգելափակել է Լեռնային Ղարաբաղից բժշկական տարհանումները՝ արգելելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անցնել Հակարիի կամրջով։ Ինչպիսի՞ն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Բաքվի այս քայլի վերաբերյալ»։

«Հումանիտար երթևեկության երեկվա կասեցումն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և վտանգում խաղաղության գործընթացում վստահություն ձևավորելու ջանքերը։ Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի», – պատասխանել է ԱՄՆ դեսպանատունը։

Իրավիճակն օրհասական է, ԿԽՄԿ-ից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը. Արցախի ՄԻՊ

Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատարները, հայտարարություններից բացի, այլ քայլեր չեն ձեռնարկում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախում իրավիճակն օրհասական է։ Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։

Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատարները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։

Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության՝ բոլորի կողմից:

Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»,- ասված է հայտարարության մեջ:

Կրակել են Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 12-ին ժամը 13:40-13:50-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Արցախում իսկապես համաշխարհային դավադրություն կա, բայց այն այլ նպատակ ունի

Արցախի փոքր հասարակությունն այնքան է ատոմացվել ազդեցության բազմաթիվ խմբերի ճնշման տակ, որ նույնիսկ ամենառացիոնալ ձեռնարկությունը բախվում է տոտալ կասկածի, կեղծ վախի պատին, որը համեմված է ինչ-որ մեկի ականջին «թաքուն» ասված բառերով և համաշխարհային դավադրություն սոուսով։

Արցախը, թերեւս, կարող է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ քառակուսի մետրի վրա ազդեցության գործակալների քանակով, և այս ռեկորդային թիվը խոսում է Արցախի հսկայական նշանակության մասին գերտերությունների և նրանց համար, ում Արցախը դարեր շարունակ խանգարել է վերջնականապես բաժան-բաժան անել հայոց հողը։

Առաջին հարցը, որ տրվում է՝ ում կողմից ես դու: Նույնիսկ եթե առաջարկում է փրկել ձեր երեխային, դուք հարցնում եք՝ իսկ ո՞րն է ձեր օգուտը: Ի՞նչ կապ ունի օգութը, ձեզ համար կարևոր է չէ՞ երեխային փրկել:

Այժմ Արցախ կանգնած է ամենակարեւոր խնդիրի արջեւ՝ կանխել Լաչինի միջանցքի լիակատար շրջափակումը, վերականգնել դրա 5 կիլոմետրանոց արտատարածքային կարգավիճակը եւ վերսկսել ազատ տեղաշարժը։

Այսօր Ստեփանակերտում մի խումբ քաղաքացիներ Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շտաբի նախաձեռնությամբ երթ են անցկացրել և հայտարարել խաղաղ անհնազանդության միջոցով միջանցքը ճեղքելու և Հաքարիի կամուրջ հասնելու մտադրության մասին։

Ակցիային միացել են հարյուրավոր մարդիկ, սակայն հազարավոր մարդիկ, չցանկանալով դուրս գալ ընդհանուր լրտեսական մոլուցքի և դավադրության տեսությունների հարմարավետ ցանցից, ոչ միայն չեն միացել ակցիային, այլև փորձում են վարկաբեկել այն։

Դավադրական տեսություններն ու համաշխարհային դավադրությունը իսկապես առկա են Արցախում, բայց դրանց հիմնական նպատակը՝ արցախյան հասարակությանը մասնատելն է, էքզիստենցիալ խնդիրներ ձևակերպելը եւ իրական քայլերը թույլ չտալն է։ Փակեք ձեր ականջները, բացեք աչքերը: Համաշխարհային դավադրությունը փորձում է ձեզ քնեցնել:

“Մտնում ենք օդանավակայան, վերցնում մեր վերահսկողության տակ, ռուսների մատակարարումը դադարեցնում”

«Մեր ծրագիրն է այստեղ հնարավորինս շատ մարդ հավաքել, որից հետո երթով շարժվել դեպի Հաքարի կամուրջ։ Դրա համար անհրաժեշտ են վառելիք և անվտանգության երաշխիքներ, և այս երկու հարցերով էլ մենք կդիմենք ռուս խաղաղապահներին»,- ասաց ակտիվիստ Արթուր Օսիպյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման երթ, որին միացել են հարյուրավոր մարդիկ։ Շարժման անդամները Արցախի պետնախարարի հետ այժմ նախագահականում քննարկում են իրենց պահանջները։ Խոսքը, մասնավորապես, վառելիքի և ավտոբուսների տրամադրման մասին է, որոնցով մարզերից ցանկացողները կարող են միանալ վաղվա ակցիային։

“Մենք ուզում ենք 10 հազար հոգով գնանք Մեծ Շեն, եւ ռուսները պարտավոր են ապահովել մեր անվտանգությունը: Եթե հանկարծ ռուսը դա չանի, ի՞նչ ենք անելու: Դրա պատասխանն էլ կա, մտնում ենք օդանավակայան, թուրքերին էնտեղից քշում ենք, օդանավակայանը վերցնում մեր վերահսկողության տակ, ռուսների մատակարարումը դադարեցնում: Եթե մենք մատակարարում չունենք, ուրեմն իրենք էլ չունեն: Էդ օդանավակայանում մենակ թուրքեր կան եւ ռուսներին ստուգում են: Ուրեմն մեր օդանավակայանում թուրքերը ռուսին ստուգում են, մենք չենք կարո՞ղ ռուսին ստուգել:

Իմիջիայլոց, ռուս խաղաղապահների նկատմամբ մեր վերաբերմունքը ադեկվատ ու կոռեկտ պետք է լինի, առանց ավելորդ զրույցների: Մենք խոսելու ենք իրավական հարցերի շուջ եւ հարցերը կոնկրետ ենք դնելու: Ռուսները պարտականություններ ունեն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության եւ խոսելու ենք դրա շրջանակներում: Եթե իրենք չեն ապահովում մեր անվտանգությունը, մենք իրենց մատակարարումը դադարեցնում ենք: Ոնց մենք, այնպես էլ իրենք: Ինչպես ասում են՝ մեկ օրից կսովածանան, մեկ շաբաթից կկարոտեն, մեկ ամսից կխելոքանան:

Եթե ղարաբաղցիք տասնյակ հազարով գնան կամրջին կանգնեն, Երեւանից էլ են գալու: Բայց մինչեւ մենք այստեղից չսկսենք, հայ ազգը ոտքի չի կանգնելու: Մենք պետք է այստեղ ոտքի կանգնենք, գնանք այնտեղ, դրանից հետո 30 հազար ղարաբաղցիք էլ են գալու, երեք միլիոնն էլ է գալու, ամբողջ աշխարհի հայերը ոտքի են կանգնելու ու այդ դեպքում մենք 10 միլիոնով թուրքին ճզմելու ենք: Հիմա գնում ենք նախագահականի մոտ, եթե դրական պատասխան չեն տալիս, կորոշենք, թե ոնց ենք վարվում», ասաց Արթուր Օսիպյանը:

ԵՄ-ն Ադրբեջանին կրկին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը

Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի գործողությունները` որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպություն: Այս մասին տեղեկանում է ԵՄ-ի տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ԿԽՄԿ-ն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց, ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

«Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ ԿԽՄԿ-ին՝ շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:

ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի զինուժի կրակոցից երկրորդ հայ զինծառայողն է վիրավորվել

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն, այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էին նաև հուլիսի 12-ի առավոտյան, ինչի հետևանքով վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն․ Թ․-ն։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ կեղծ էկո-ակտիվիստների ցույցերից մինչև միջանցքում անցակետի տեղադրում և հանրահռչակված «պատժիչ» նպատակներով տեղաշարժի արգելափակում, ապացուցում են, որ այս քայլերը հստակորեն ծրագրված են ադրբեջանական իշխանությունների կողմից և միտված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտումների ենթարկելուն։

Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ միայն ուղղակիորեն հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այլև բացահայտ արհամարհանք են քաղաքակիրթ հանրության՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչերին, տարբեր խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերին և ՄԱԿ-ի  արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Դատարանն իր վերջին որոշումով փաստեց, որ Ադրբեջանի պնդումները, թե վերջինս իրականացնում է Դատարանի փետրվարի 22-ի` Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումը, աղերս չունեն իրականության հետ։

Այս ամիսների ընթացքում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը, որը մինչ այժմ ուղեկցվում է Ադրբեջանի կողմից արդեն մի քանի ամիս շարունակվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարմամբ, շարունակում է էլ ավելի վատթարանալ։

Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը։ Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում իսպառ արգելվել է։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը։

Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև առողջապահական ոլորտում։ Հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար ահրաժեշտ դեղորայքի պակաս, ինչի հետևանքով մի շարք խոցելի և լիարժեք բժշկական օգնության կարիք ունեցող խմբեր՝ քաղցկեղով և դիաբետով տառապող անձիք, հղի կանայք, մանկահասակ երեխաներ, կանգնած են լրջագույն առողջական խնդիրների առջև։ Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։

Այս ընթացքում անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով ԿԽՄԿ միջոցով ՀՀ են կարողացել փոխադրվել միայն մի քանի տասնյակ հիվանդներ և նրանց ուղեկցող անձինք։ Նրանք ստիպված են եղել անցնել մարդկային արժանապատվությունը վիրավորող գործընթացներով, նկարահանվել և որպես գործիք են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ապացուցելու, որ Լաչինի միջանցքով իբրև թե գործում է մարդկանց անխափան անցում։

Ցավալի է արձանագրել, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով։

Նման իրավիճակում Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին: Սա անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու և Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանգնեցնելու նպատակով։ Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի նման գործողությունները եւ Միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների արհամարհումը»:

Ակցիայի մասնակիցները նախագահականում են. պատվիրակությունը պետնախարարի հետ միասին գնացել է նախագահի մոտ

Պետական ​​նախարար Գուրգեն Ներսիսյանը դուրս եկավ նախագահականի մոտ հավաքված Միջանցքի ապաշրջափակման շարժման ակցիայի մասնակիցների մոտ։ Մոտ 20 ցուցարար պետնախարարի հետ միասին գնացել է նախագահի հետ հանդիպման։ Նրանք պահանջում են վառելիք տրամադրել, որպեսզի մարզերից իրենց միանալ ցանկացող բազմաթիվ մարդիկ կարողանան գալ Ստեփանակերտ։