Երևանն ու Բաքուն կրակոցների մասին են հաղորդում, ադրբեջանական կողմը՝ նաև մեկ վիրավորի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր ՝ ժամը 17:35-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Բաքուն, իր հերթին, հայտնում է Լաչինի մոտ իրենց դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ իրենք մեկ վիրավոր ունեն։

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի ուշ ևս մեկ հաղորդագրությամբ տեղեկացրեց հայկական կողմը։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 21:15-21:30-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մանվել Սարգսյան․ Թուրքերն իրենց անվտանգության պայման են համարում հայերի գործոնը

Բաքուն և Անկարան պահանջում են Հայաստանից պարտադրող պայմանագրեր ստորագրել եւ ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը նեռարյալ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ առանց Երևանի ստորագրության, Թուրքիայի և Ադրբեջանի «ամբողջականությունը» անօրինական է։ Իսկ ի՞նչ քայլեր կարող է անել Երևանը նման պայմաններում, որպեսզի արդյունավետ օգտագործի տարածաշրջանում սահմանները ճանաչելու իր «իրավասությունը»։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ «թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն սեփական պետությունների լեգիտիմության ու անվտանգության իրենց տեսլականը, որն ամբողջությամբ պարզ չէ մյուսների համար»։

«Այս տեսլականում հայերի դերը հիմնարար է, մեզ համար գուցե դժվար է հասկանալ, բայց թուրքերն իրենց անվտանգության պայման են համարում հայերի գործոնը։ Ինչպես ասում է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը. թուրքերը համոզված են, որ «մեր՝ որպես թուրք ազգի գոյության պայմանը՝ հայերի չգոյությունն է»։ Ըստ երևույթին, թուրքերը վերացական վախ ունեն հայերի հանդեպ իրենց վերաբերմունքի համար հատուցման հանդեպ։ Ցեղասպանության խնդրի ընդգրկումը Մեծ գերտերությունների զինանոցում խիստ անհանգստացնում է թուրքերին ու նրանց կրտսեր եղբայրներին՝ ադրբեջանցիներին, եւ նրանք հույս ունեն ճնշել հայկական սփյուռքի կամքը Հայաստանի ձեռքով»,- ասել է Մանվել Սարգսյանը Step1.am-ին տված մեկնաբանության մեջ։

Նա կարծում է, որ Բաքվի պայմաններով Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչման պնդումը Թուրքիայի մատնանշած քաղաքականության դրսեւորումն է. Հայաստանը պետք է ամեն ինչում հնազանդ լինի։

«Հայաստանի իշխանությունները պարզապես պետք է դա հասկանան և գործեն միջազգային հարաբերությունների տրամաբանության շրջանակներում: Մեզ պետք են նորմալ դաշնակցային հարաբերություններ, որոնք կարող են Հայաստանին համապատասխան կշիռ ապահովել ուժերի միջազգային հավասարակշռության համակարգում: Հույս դնել «կողմերի բարի մտադրություններին»հիմարություն է»,- ասաց Մանվել Սարգսյանը։

Լրագրող Հայկ Ղազարյանը հրաժարվել է ներողություն խնդրել, քանի որ ոչ մեկին չի վիրավորել

Փաստաբան Ռոման Երիցյանը հուլիսի 9-ին բողոքի ակցիա է անցկացրել Արցախի դատախազության մոտ՝ իր պաշտպանյալի հետ հանդիպում թույլ չտալու պատճառով։ Ակցիային մասնակցել են նաև մեղադրյալի հարազատները։ Ոստիկանները մոտեցել են, ծեծկռտուք է եղել, փաստաբանը վնասվածքներ  է ստացել։

ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը լուսաբանել է ակցիան և պատրաստել ռեպորտաժ։ Այնուհետեւ իրավապահները խլել են Հայկի հեռախոսը, ջնջել բոլոր ձայնագրությունները եւ վերադարձրել հեռախոսը։

Ըստ Հայկ Ղազարյանի՝ Վ.Սարգսյան փողոցում ինչ-որ մարդիկ հարձակվել են իր վրա, ցանկացել են առեւանգել եւ մեքենա նստեցնել, նա պնդում է, որ այդ ամենը կապված է իր մասնագիտական ​​գործունեության և կոնկրետ այս հաղորդման հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դիմակավորված անձինք ներխուժել են Ռոման Երիցյանի աշխատասենյակ, ջարդել տեխնիկան, փչացրել փաստաթղթեր։

Step1.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ղազարյանն ասաց, որ Վազգեն Սարգսյան փողոցում իր վրա հարձակվել են, փորձել ուժով մեքենա նստեցնել ու տանել։ «ՆԳ նախարարի թիմից են, սկսեցի բղավել, մարդիկ հավաքվեցին, նրանք հասկացան, որ չեն կարող ուժով մեքենա նստեցնել, հարվածեցին ու գնացին»,- պատմեց Հայկը։

«Ինձ՝ որպես լրագրողի, փորձում էին վախեցնել, քանի որ ես քննադատում էի նրանց աշխատանքը, փորձում էին ինձ ներկայացնել որպես կողմնակալ կողմ, թեև ես միայն իմ գործն էի անում՝ ուղիղ եթերում լուսաբանելով ակցիան։ Ինձ սկսեցին կանչել տարբեր մարմիններ, պահանջեցին ներողություն խնդրել, ես հրաժարվեցի, քանի որ ոչ մեկին չեմ վիրավորել։ Ես հայտարարություն եմ արել, օմբուդսմենը նույնպես հայտարարություն է արել, բայց ոչինչ չի օգնել»,- ասաց Հայկը։

Վառելիքի սղության պատճառով Արցախում կարող է փակվել «Tourist Bus 2023» ծրագիրը

Երկրում ստեղծված իրավիճակի և վառելիքի սղության պատճառով անցած շաբաթավերջին Արցախում դադարեցվել են «Tourist Bus 2023» պետական ​​ծրագրի երթուղիները։

Մշակույթի նախարարությունը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթավերջին վառելիք կլինի, և զբոսաշրջիկները կկարողանան կրկին այցելել Արցախի տեսարժան վայրեր։

Արցախի մշակույթի նախարարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունից նշել են, որ անցած շաբաթավերջին չեղարկված երթուղիների համար գնված բոլոր տոմսերը կարող են հետ վերադարձվել Ստեփանակերտի տուրիստական ​​կենտրոն կամ երկարաձգվելու դեպքում պահել, ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Վարչության տնօրեն Գեւորգ Առաքելյանը նշեց, որ «Tourist Bus 2023» նախագիծը գործում է երկար տարիներ, և սա ներքին զբոսաշրջության ոլորտում ամենապահանջված նախագծերից է։ Նա մեծ հաջողություններ է ունեցել բնակչության շրջանում համաճարակի, պատերազմից հետո և հատկապես շրջափակման ժամանակ։

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո և շրջափակման պատճառով նույնիսկ չարժե խոսել արտաքին զբոսաշրջության ոլորտի մասին՝ լիակատար հետընթաց, հետևաբար ներքին զբոսաշրջության զարգացումն առաջնահերթություն է դարձել։

Ծրագրի հենց սկզբից՝ հունիսից, «Tourist Bus 2023»-ի բոլոր տոմսերը մեկ ամիս առաջ սպառվել էին։ Աշխատում են շաբաթ և կիրակի՝ զբոսաշրջային ուղղություններով Ստեփանակերտ – Նիկոլ Դումանի տուն-թանգարան – Հակոբավանք – Գանձասար – Ստեփանակերտ, Ստեփանակերտ – Բովուրխանի վանք – Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցի – Ամարաս – Ստեփանակերտ։

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Ադրբեջանը մաքսանենգության կեղծ պատրվակով փորձում է ԼՂ-ում Կարմի Խաչի գրասենյակը ենթարկել Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին. Արցախի ՄԻՊ

Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԼՂ-ում ԿԽՄԿ գրասենյակն Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջն՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն, ընդգծելով, որ «մաքսանենգության կեղծ պատրվակով՝ Ադրբեջանի հուլիսի 11-ի քայլն այդ ստոր քաղաքականության իրականացմանն ուղղված գործողությունների շղթայի մի մասն է:

«Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ այս անգամ «մաքսանենգության» կեղծ պատրվակով:

Աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազնին չեն խուզարկվում ինչքան Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում, որը միտված է դիտավորյալ խոչընդոտելու Արցախում միակ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող առաքելությանը:

Ադրբեջանն ակնհայտորեն արհամարհում է միջազգային իրավունքով սահմանված ԿԽՄԿ հատուկ կարգավիճակը, որը ենթադրում է ԿԽՄԿ անձնակազմի, տրանսպորտային միջոցների և բեռների անձեռնմխելիությունը:

Սա Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ գործունեությունը իրականացնելու համար միտումնավոր խոչընդոտներ հարուցելու առաջին դեպքը չի: Նախկինում ադրբեջանական կողմն ապօրինի արգելափակված հատվածում պահանջել էր իրականացնել ԿԽՄԿ վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային ու մեքենաների ստուգումներ: Հարուցված խոչընդոտների հետևանքով հունիսի 15-ից 10 օր շարունակ ամբողջովին կասեցված էր ԿԽՄԿ կողմից դեպի Արցախ մատակարարվող դեղորայքի և բուժառուների երկկողմանի տեղափոխումը:

ԿԽՄԿ գործունեությանը խաթարելով՝ ադրբեջանական կողմը հերթական անգամ ապացուցում է, որ մարդասիրական հարցերը և հումանիտար ճգնաժամը օգտագործվում են որպես Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ճնշում գործադրելու և անտանելի կենսապայմաններ ստեղծելու լծակ:

Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակի Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջը՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար: Եվ այս քայլը այդ ստոր քաղաքականության իրականացմանն ուղղված գործողությունների շղթայի մի մասն է կազմում»,- ասված է Արցախի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Մենք պատանդ ենք․ իշխանությունները պենք է դիմեն ՄԱԿ

200 օրից ավել է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Բերձորի (Լաչինի) միջանցքը և շրջափակման մեջ է պահում հարյուր հազարից ավելի Արցախի Հանրապետության բնակչությանը, այդ թվում՝ 30 հազարից ավելի երեխաների և նույնքան էլ ծերերի, հաշմանդամ և բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց։

Միջազգային օրենքներին համապատասխան, շրջափակումը՝ ահաբեկչական ակտ է, որը որակավորվում է որպես մարդկության հանդեպ ոճռագործություն։

1979 թվականի դեկտեմբերի 17-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Պատանդ վերցնելու դեմ միջազգային կոնվենցիա» 34/146 բանաձևը, որի համաձայն «պատանդ վերցնելը միջազգային հանրությանը լուրջ մտահոգություն պատճառող հանցագործություն է», և սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, «ցանկացած անձ, ով կատարում է պատանդ վերցնելու գործողություն, կամ պետք է հետապնդվի, կամ կհանձնվի»։

200 օրից ավել երկու հայկական հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները չեն ուզում կամ չեն կարող օգտվել իրենց իրավունքից և չեն դիմել միջազգային համապատասխան մարմիններին՝ ներկայացնելով Արցախի Հանրապետության ողջ բնակչության պատանդառման փաստը։

Հայերիս մոտ վերջին 2․5 տարիների ընթացքում մի դիրքորոշում ընդունվեց․ «աշխարհը խուլ ու համր է», «մենք մենակ ենք», «մեզ ոչ ոք չի ուզում օգնության ձեռք մեկնել»։ Սակայն, ի՞նչ ենք անում մենք՝ հայկական իշխանություններն ու հասարակությունը, որպեսզի ընկալելի լինենք աշխարհի համար։

Քանի՞ անգամ են հայկական իշխանությունները դիմել ՄԱԿ՝ Միջազգային պարենի ծրագրի շրջանակում Արցախ հումանիտար օգնություն  հասցնելու խնդրանքով։

Կամ, քանի՞ անգամ են Արցախի Հանրապետության կառավարությունն ու Ազգային Ժողովը դիմել հենց նույն շրջափակման խնդրով, ներկայացնելով պետականորեն մշակված զեկույցներ, փաստարկված տվյալներ, վկայություններ և այլն։

Շատերը կասեն, դե մենք չճանաչված երկիր ենք, ո՞վ է ընդունելու մեր բողոոքները։ Կամ, դե Ադրբեջանը նույնիսկ ՄԱԿ դատարանի որոշումներին չի ենթարկվում, մեր ասածն ի՞նչ արդյունք պետք է տա։

Շտապեմ հիասթափեցնել նման կերպ մտածողներին։ Միջազգային հանրությունը կատարում է իրենից կախվածը, իսկ ահա մենք լուռ նստած, ձայն չենք հանում։

Այո, այսօր բոլոր միջազգային ատյանները ստագնացիայի մեջ են, քանի որ փոփոխվող միջազգային հարաբերությունների, ավերիչ պատերազմների հետևանքով այլևս չեն գործում 40-60 տարի առաջ ընդունված որոշումներն ու իրավական կարգավորումները։

Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է բարձրացնենք մեր ձայնը՝ ի պաշտպանություն մեր երեխաների, ծերերի, հիվանդների և ընդհանրապես՝ գոյաբանական իրավունքների համար։

Չգիտես ինչու, մենք անընդհատ սպասում ենք այլ տեղերից եկող բառերին, արտահայտություններին, հայտարարություններին, և ամեն անգամ կամ ոգևորվում ենք, կամ հիասթափվում այս կամ այն երկրի դիրքորոշումից։ Սակայն չենք գիտակցում, որ այդ երկրների հետ պետք է խորը և քրտնաջան աշխատանք տանել, որպեսզի իրենք հասկանան մեր խնդիրները, չենք հասկանում, որ ամեն երկիր քաղաքականություն է իրականացնում իր շահերին համապատասխան, և միայն սեփական շահերը ներկայացնողներն են կարողանում ընդհանուր եզրեր գտնել և ճիշտ աշխատել արտաքին աշխարհի հետ։ Ի դեպ, ինչը շատ արդյունավետ անում է մեր թշնամին։

Ինձ նորից կարող են հակափաստարկ բերել, որ մեր թշնամին նաֆթ, գազ ունի, ու ես նորից կհակադարձեմ, որ իրենց «հաջողությունների» պատճառը՝ իրավունքների ստեղծման վրա հիմնված քաղաքականությունն է։ Տեսեք, ինչ համառությամբ է Ադրբեջանը 26 տարի իր ձեռքում պահել Արցախի հանդեպ իր իրավունքը, էլ չասեմ, թե ինչ հրեշավոր ծրագիր է ներկայացրել միջազգային հանրությանը, որով ուղղակի կարող է ոչնչացնել հայկական պետականությունը /խոսքը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մասին է/։

Իսկ մենք՝ հայերս, չգիտես ինչու, իրավունքները դնում ենք ամենավերջին տեղում, շատ դեպքերում հանձնում դրանք օտարներին և հետո բողոքում ամեն ինչից։

Այսօր էլ ուշ չէ, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները դիմեն միջազգային հանրությանը՝ գոնե դիտորդական և հումանիտար առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն։

Թե՞ էլի թերհավատ են, որ ոչինչ չի արվի։ Դուք դիմեք, թող իրենք հրաժարվեն, որպեսզի հիմք ստանանք՝ շուրջբոլորին մեղադրելու անտարբերության մեջ։

Չկա ավելի սարսափելի բան, քան հասարակության և իշխանությունների անտարբերությունը սեփական կյանքի և պետության ճակատագրի հանդեպ։

 

Մարգարիտա Քարամյան

ԿԽՄԿ-ն Արցախում խզել է պայմանագիրը վարձու վարորդների հետ, ովքեր փորձել են գաղտնի կերպով առևտրային ապրանքներ տեղափոխել

ԿԽՄԿ-ն խզել է աշխատանքի պայմանագրերը վարձու վարորդների հետ, ովքեր փորձել են գաղտնի կերպով առևտրային ապրանքներ տեղափոխել Արցախ իրենց մեքենաներով:

Արցախում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի ղեկավար Էթերի Մուսայելյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ «ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չարտոնված ապրանքների տեղափոխման վերաբերյալ հնչած մտահոգություններին և չի աջակցում նման գործողություններին։ ԿԽՄԿ-ին պատկանող տրանսպորտային միջոցներից ոչ մի չթույլատրված իր չի հայտնաբերվել»:

«Բոլոր բեռներն անցնում են Ադրբեջանի մաքսային հսկողությամբ։ Այնուամենայնիվ, մենք ցավում ենք, որ առանց մեր իմացության չորս վարձու վարորդներ փորձել են որոշ առևտրային ապրանքներ տեղափոխել իրենց մեքենաներով, որոնք ժամանակավորապես կրում էին ԿԽՄԿ տարբերանշանը: Այս անձինք ԿԽՄԿ-ի աշխատակիցներ չէին, և ԿԽՄԿ-ն անմիջապես խզեց նրանց պայմանագրերը: Մեր աշխատանքը Լաչինի միջանցքի երկայնքով միշտ կրում է զուտ մարդասիրական բնույթ։ Կարևոր աշխատանքը, որը հնարավորություն է տվել ավելի քան 600 հիվանդի տեղափոխել բժշկական հաստատություններ, բժշկական օգնության և դեղորայք, սնունդ, մանկական սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել ընտանիքներին, պետք է շարունակվի: Այդ աշխատանքը միշտ իրականացվում է կողմերի համաձայնությամբ և փոխում է հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասաց ԿԽՄԿ-ի Արցախում աշխատողը։

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը նախազգուշացում է ստացել Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին սպառնալիքների համար

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գրասենյակները դատապարտել և անընդունելի են որակել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիքովի պահվածքը, ով սպառնալիքներ է հնչեցրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին, որոնք այցելել էին Հայաստան և տեղում ծանոթացել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Վագիֆ Սադիքովը «Թվիթեր»-ում ԵԽ պատգամավորների հասցեին արված սպառնալից գրառման համար կանչվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայություն։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ Սադիքովը գրառում էր արել «Թվիթեր»-ում՝ սպառնալիքներ հնչեցնելով ԵԽ պատգամավորների հասցեին։ Նա տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր և նկարագրություն՝ հետևյալ մակագրությամբ. ««Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։

Թեմային անդրադարձել էր OC Media լրատվական հարթակը՝ մեջբերելով ԵՄ խոսնակի և Հայաստան այցելած պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոյի արձագանքները Սադիքովի գրառմանը։ Եվրոպական Միության խոսնակն ընդգծել էր, որ դատապարտում են նման պահվածքը, որը հարիր չէ ԵՄ-ում հավատարմագրված դեսպանին։

Ադրբեջանի դեսպանի սպառնալից գրառմանն անդրադարձել է նաև Euobserver-ը, որը զրուցել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավոր Նատալի Լուազոյի հետ, ով ղեկավարել էր Հայաստան այցելած ԵԽ պատվիրակությունը։

Լուազոն հայտնել է, որ Սադիքովի գրառման վերաբերյալ նամակներ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին և ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մամուլի խոսնակը պատասխանել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է։ «Մենք ուսումնասիրում ենք այս հարցը»,- ասել է Մեցոլայի խոսնակը։

ժոզեպ Բորելի գրասենյակից նշել են, որ Արտաքին կապերի Եվրոպական ծառայությունն այդ գրառման հետ կապված կանչել է Ադրբեջանի դեսպանին և նրան հստակ ասել, որ ակնկալում են, որ դա վերջին անգամը կլինի, երբ ադրբեջանական դիվանագիտության կողմից նման անհարգալից վերաբերմունք կդրսևորվի ԵՄ-ի ինստիտուտների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ։

Նատալի Լուազոն հավելել է, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի սպառնալից ու վիրավորական գրառումը միակը չէ Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին՝ հստակեցնելով, որ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ էլ նրանց կոռումպացված են անվանել։ Լուազոն ընդսգծել է, որ անձամբ Ադրբեջանի նախագահն էլ նման հռետորաբանություն է օգտագործում։

Հիշեցնենք, որ Սադիքովը մեկնաբանություն էր թողել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի գրառման տակ, ով Թվիթերում հայտնել  էր Եվրախորհրդարանի պատգամավորների այցի մասին՝ մեջբերելով Ադրբեջանին ուղղված նրանց կոչն առ այն, որ Ադրբեջանը պետք է «անհապաղ հեռանա Հայաստանի տարածքից և հարգի իր միջազգային իրավական պարտավորությունները, այդ թվում՝ դադարեցնի Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը»։

 

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր շրջափակումը վերացնելու համար՝ ՀՀ ԱԳՆ

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով: Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- գրել է Բադալյանը։

Մի խումբ արցախցիներ պահանջում են հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ԱՄՆ դեսպանատան դիմաց մի խումբ արցախցիներ ակցիա անցկացրեցին․ նրանք Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինի հետ հանդիպում են պահանջում՝  նրա վերջին հայտարարության առնչությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի նախագահ, ակցիայի կազմակերպիչ Լևոն Հայրիյանը նշեց, որ Արցախը 200 օրից ավել շրջափակման մեջ է և հեռանկար էլ չի երևում, թե երբ կապաշրջափակվի, արհամարհված են արցախցիների մարդու ու միջազգային իրավունքները։

«Մեր նպատակն է նամակ փոխանցել ԱՄՆ դեսպանատանը և հանդիպում պահանջել դեսպանի հետ, որովհետև նրա վերջին հարցազրույցը մեզ մոտ հարցեր է առաջացրել։

Մասնավորապես, Արցախը Ադրբեջանի կազմում թողելու հարցը։ Սա մեզ համար շատ զարմանալի է, որովհետև մենք գիտենք, որ 1918 թվականից գոյություն ունի Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որտեղ հստակ շեշտված է, որ աշխարհը պետք է հարգի ազգերի ինքնորոշման իրավունքը։ Արցախն Ադրբեջանի կազմ մտցրել է բռնապետ Ստալինը։ Ընդ որում, դա պարզ օկուպացիա էր՝ սկզբից ռուսական զորքը հարձակվել էր Արցախի վրա, գրավել և հետո հանձնել Ադրբեջանին։ Ստացվում է ԱՄՆ-ն, որը համաշխարհային ժողովրդավարության առաջնորդն է և դրոշակակիրն է, մարդու իրավունքների մեծագույն պաշտպանը և ազգերի ինքնորոշման իրավունքի ջատագովը, մի կողմ է թողնում ազգերի ինքնորոշման իրավունքը և գնում բռնապետ Ստալինի հետևից և պաշտպանում նրա որոշո՞ւմը։ Այս հարցերի պատասխանը կուզենայինք ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը լսել»,- ասաց Հայրիյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։

Հայրիյանը նշեց, որ Արցախի որոշ բնակավայրեր շարունակվում են Ադրբեջանի կողմից օկուպացված մնալ, և բռնի տեղահանված արցախցիները անորոշության մեջ են ու կցանկանային իմանալ ԱՄՆ-ի մոտեցումը բռնի տեղահանված արցախցիների ապագայի վերաբերյալ։

«Այս հարցի պատասխանը ևս կցանկանայինք լսել»,- ասաց Հայրիյանը և նամակ փոխանցեց ԱՄՆ դեսպանատան  ներկայացուցչին։

Ստեփանակերտը խոսաց արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին

Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ընդգծվել է «Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման» անհրաժեշտությունը։

Ի՞նչ է նշանակում աևտաքին քաղաքական ջանքեր: Օրինակ, ԱՄՆ Կոնգրեսում շուտով կսկսվեն «Պաշտպանության ազգային վավերավման ակտի» քննարկումները, իսկ Կոնգրեսի հայկական խումբն առաջարկել է օրենքում 13 փոփոխություն կատարել։ Սա ներառում է Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Ազատության ակտի 907-րդ ուղղումը ամբողջությամբ իրականացնելու պահանջը։

Եթե ​​Ստեփանակերտը ցանկանում է «ակտիվացնել արտաքին քաղաքական ջանքերը», ապա պետք է մշակվի ջանքերի կոնկրետ ծրագիր։ Եթե ​​դրա տակ նկատի ունեն նամակներ դեպի Մոսկվա, ապա արդյունքը, ինչպես ասում են, ակնհայտ է։ Այն հաղորդագրությունից հետո, որ Արայիկ Հարությունյանը նամակ է հղել Պուտինին, իսկ Արցախի հասարակության ներկայացուցիչների՝ գեներալ Լենցովի հետ հանդիպումից հետո Բաքուն 20 ժամով միացրել է գազը և նույնքան հանկարծակի անջատել։ Իսկ այսօր Բաքուն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքի երթեւեկությունը նույնիսկ ԿԽՄԿ-ի համար։

Ավելի վաղ, երբ ԱՄՆ-ում ընթանում էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները, Բաքուն անօդաչու սարքի ռեյդ էր իրականացրել, որի հետևանքով զոհվել էր 4 հայ զինվոր։ Դրանից հետո Արցախի խորհրդարանը դիմեց ոչ թե Ռուսաստանին՝ անվտանգության պարտավորությունները կատարելու պահանջով, այլ Հայաստանին՝ անհապաղ դադարեցնել բանակցությունները Վաշինգտոնում։

Բանակցությունների շարունակությունը կլինի հայ-ադրբեջանական բանակցությունների հաջողության նշան, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Հուլիսի 21-ին Բրյուսելում սպասվում է Փաշինյանի, Ալիևի և Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Մինչ այս հանդիպումը պաշտոնական Ստեփանակերտը պետք է ուրվագծի իր դիրքորոշումները և հայտարարի, որ իր համար անընդունելի է առաջարկվող կարգավորման բանաձևը և պնդի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված բանակցություններ կառուցելու անհրաժեշտությունը։

Արևմտյան դիվանագետները, ի տարբերություն Ռուսաստանի, լսում են Արցախի ձայնը. Արցախի ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունից հետո ԱՄՆ դեսպանն ասաց, որ իրենք չեն ցանկանում հայտարարություններով կանխորոշել բանակցությունների արդյունքը։ Դրանք կլսվեն նաև Բրյուսելում, եթե արցախյան հայտարարությունները պարունակեն հայկական շահերից բխող թեզեր, այլ ոչ թե ռուսականից։

Արցախի 28 հասարակական կազմակերպությունների բաց նամակում ասվում է, որ «մեր իրավունքների և անվտանգության միակ հուսալի երաշխիքը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է, որը հիմնված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա՝ ամրագրված միջազգային իրավունքով և Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։ Արցախը ուժեղի իրավունքով ինչ-որ մեկի ժառանգած «տարածք» չէ, այլ մեր հայրենիքը, որտեղ մենք ունենք ապահով կյանքի լիարժեք և անքակտելի իրավունք»։

Step1.am