ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է արգելափակել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ Կոնգրեսում շուտով կմեկնարկեն «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» շուրջ քննարկումները:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, հայկական հանձնախումբն առաջարկել է 13 փոփոխություն։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգային հանձնաժողովը հուլիսի 11-ին կքննարկի 2024 թվականի «Ազգային պաշտպանության վավերացման ակտ» օրինագծում (NDAA) առաջարկվող օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնց թվում Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների առաջարկած ավելի քան մեկ տասնյակ հայանպաստ օրենսդրական նախաձեռնություններն են:
«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը հայտնեց, որ այն հանտեղ նախաձեռնություն է:
«Փոփոխությունները կքննարկվեն Կանոնակարգային հանձնաժողովում: Հանձնաժողովի լսումներից հետո, դրանք կխմբավորվեն՝ ընդգրկվելով տարբեր փաթեթներում ՝ վերջնական քվեարկության համար:
«Ազգային պաշտպանության վավերացման ակտի» համար առաջարկվել են ավելի քան 1 300 փոփոխություններ, որոնցից 13-ը հայանպաստ օրինագծեր են»:
Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանի ներկայացմամբ, Հայաստանին առնչվող օրենսդրական փոփոխությունների հեղինակները Հայկական հանձնախմբի դեմոկրատ ու հանրապետական օրեսնսդիրներն են, ուստի` դրանք երկկուսակցական նախաձեռնություն են:
«Այս բանաձևերին իրենց աջակցությունն են հայտնել դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականները: Աշխատանքները շարունակելու ենք, և հաջորդ շաբաթ պարզ կդառնա, թե ներկայացված փոփոոխություններից որոնք կքննարկվեն Ներկայացուցիչների տանը»:
Կանոնակարգային հանձնաժողովում հավանության արժանացած փոփոխությունները կքննարկվեն Ներկայացուցիչների տան հանձնաժողովներում և ենթահանձնաժողովներում:
«Երբ հարցը վերաբերում է ԱՄՆ անվտանգությանն ու պաշտպանությանը, քննարկումների ժամանակ առաջնային են ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների տան պաշտպանության խնդիրներով զբաղվող հանձնաժողովները: Զուգահեռաբար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովներն իրենց առաջնային տեղն ունեն այս կարևոր օրինագծի մշակման հարցում: Հիմնական դերակատարներից են նաև հատկացումների հանձնաժողովները, որոնք կորոշեն արտաքին հատկացումների չափը»,- ասում է Չուլջյանը:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ պաշտպանությանը վերաբերող կարևոր այս փաստաթղթի ընդունումը` փոփոխությունների հետ միասին, երկարատև օրենսդրական ընթացակարգ ունեցող գործընթաց է:
«Այս փոփոխությունները նախ պետք է անցնեն Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների քննարկումների միջով, այնուհետև պետք է ներկայացվի ողջ Ներկայացուցիչների տան քվերակությանը: Դրանից հետո այն կփոխանցվի Սենատ, որտեղ կանցնի նույն ընթացակարգը: Ի վերջո, Սենատի և Ներկայացուցիչների տան ղեկավարությունները պետք է համաձայնեցնեն ստորին և վերին պալատների օրինագծերը, որպեսզի օրենքի նախագծի վերջնական տարբերակը ներկայացվի նախագահի ստորագրությանը»,- նշում է Չուլջյանը:
Հայկական հանձնախմբի անդամների առաջարկած փոփոխություններից են Լաչինի միջանցքի արգելափակման հարցի շուրջ օրենսդրական նախագծեր, այդ թվում` կոնգրեսականներ Ջուդի Չուի, Ֆրենք Փալլոնի, Գաս Բիլիրակիսի, Թոմաս Քինի առաջ քաշած փոփոխությունները:
«Ներկայում, Կոնգրեսի անդամները շատ լավ գիտակցում են Լաչինի շարունակվող շրջափակման [նշանակությունը]։ Հետևաբար, տարբեր փոփոխություններ են առաջարկվել «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» համար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև ցեղասպանության սպառնալիքի համար»,- ասում է Խոլոյանը:
Ներկայացվել են նաև այլ փոփոխություններ` Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակման, 907-րդ բանաձևի կիրառման, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
«Այս 13 բանաձևերը լավ առիթ են դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների կողմից Բայդենի վարչակազմին ազդանշան ուղարկելու, որ պետք է կանխել ռազմական օժանդակության հատկացումը Ադրբեջանին և մարդասիարկան օգնություն հասցնել Արցախ»,- ասում է Հայ Դատի հանձնախբի մամլո խոսնակը:
Կոնգրեսական Ադամ Շիֆն իր առաջարկած երեք առանձին օրինագծերում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի պահպանմանը, կոչ է անում Ադրբեջանին «անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին» և պահանջում է արգելել հարձակողական զենքի վաճառքը Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն «չի դադարեցրել ուժի կիրառմսն սպառնալիքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»։
Հայանպաստ օրինագծեր առաջ քաշած օրենսդիրններից են Թոնի Կարդենասը, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Քրիս Սմիթը, Քեթի Փորթերը, Քրիս Փապասը, ինչպես նաև Դինա Տիտուսը:
Հիշեցնենք՝ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս տարվա մարտին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույ ում հայտնել էր, թե Վաշինգտոնը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:
«Միացյալ Նահանգները չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար: Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Այստեղ եմ, որպեսզի աշխատեմ երկու կողմների հետ` խաղաղությանը նրանց մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում»,- հայտարարել էր ամերիկացի դիվանագետը:
Միացյալ Նահանգները մի քանի անգամ մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ, որն ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը: ԱՄՆ բազմիցս ընդգծել է Լաչինի միջանցքի հնարավորինս արագ վերաբացման կարևորությունն առևտրային և մասնավոր տեղաշարժի համար: Միևնույն ժամանակ, 907-րդ բանաձևի չեղարկման հարցի շուրջ պետքարտուղարությունը նշել է, որ դրա չեղարկումը բխում է ԱՄՆ պետական շահերից:

Վաշինգտոնում անհամբերությամբ սպասում են հայ-ադրբեջանական հետագա բանակցություններին․ Մեթյու Միլլեր

Հայ-ադրբեջանական բանակցությունների հաջողության նշանը կլինի բանակցությունների շարունակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Կարծում եմ՝ ևս մեկ նշան կլիներ բանակցությունների շարունակությունը, ինչին մենք շարունակում ենք աջակցել։ Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնության հասնելը հնարավոր է, և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցությունների առաջիկա ամիսներին», – ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է սպասեն հայերն ու ադրբեջանցիները, որպեսզի հասկանան, որ բանակցությունները հաջող են անցել։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս տարի Վաշինգտոնում երկու անգամ բանակցություններ են անցկացրել։

Հուլիսի 21-ին սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը Բրյուսելում։

Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունը Լաչինի միջանցքով

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը փակելու և միջանցքով առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տարածած հաղորդագրությունը, որպես երթևեկությունը դադարեցնելու պատճառ Ադրբեջանում նշում են այն, թե իբր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաներով մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու դեպքեր են բացահայտվել։

Նշվում է, որ մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտն անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։

Էրդողանը համաձայնել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ այսօրվա հանդիպմանը համաձայնել է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը։

«Հաշվի առնելով Եվրատլանտյան տարածքում զսպման և պաշտպանության կարևորությունը՝ թուրքական կողմը Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը կհանձնի Ազգային մեծ ժողովին և սերտորեն կաշխատի վեհաժողովի հետ՝ վավերացումն ապահովելու համար», – ասվում է Ստոլտենբերգի հայտարարության մեջ։

Էրդողանը մեկ տարի է արգելափակում է Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, իսկ երկուշաբթի օրը անսպասելիորեն հայտարարեց, որ կանաչ լույս չի վառի, քանի դեռ ԵՄ-ն չի ապասառեցրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։

Արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացում․ խորհրդակցություն նախագահի մոտ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների,  ուժային գերատեսչությունների ղեկավարների  մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Ադրբեջանի կողմից  Արցախի Հանրապետության դեմ  շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների  լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է  ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի  ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Արցախի ՀԿ-ները բաց նամակ են հղել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության առնչությամբ

Արցախի քաղաքացիական հասարակությունը բաց նամակ է հղել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ, և դիմել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և քաղհասարակությանը՝ Արցախի ձայնը միջազգային լայն հասարակությանը հասցնելու և իրենց կառավարություններից գործնական քայլեր պահանջելու խնդրանքով՝ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հերթական հանցագործությունները կանխելու նպատակով։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի էջում տեղադրված և 28 հասարակական կազմակերպությունների ստորագրած բաց նամակում նշվում է․ «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը, որ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ, դիմում է աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի պատշաճ կատարումը։

2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ հերթական սադրանք նախաձեռնելով՝ Ադրբեջանը խորացրել է Արցախի շրջափակումը, որը տևում է գրեթե 7 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած։ Ադրբեջանն արգելափակել է ԿԽՄԿ-ի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից իրականացվող մարդասիրական փոխադրումները, այդ թվում՝ հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի մատակարարումները՝ դրանով իսկ կտրուկ սրելով երկրում առկա հումանիտար ճգնաժամը։ Մեկ շաբաթ անց՝ 2023 թվականի հունիսի 22-ին, ադրբեջանական կողմը բետոնե պատնեշներ է տեղադրել կամրջի վրա, որտեղ 2023 թվականի ապրիլի 23-ին ապօրինի անցակետ է տեղադրվել՝ բառացիորեն փակելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ 2023 թվականի հունիսի 25-ից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ հիվանդների տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ վերականգնվել է, սակայն, քաջածանոթ լինելով Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին, որն օգտագործում է հումանիտար խնդիրները որպես Արցախի վրա ճնշում գործադրելու լծակ՝ երաշխիքներ չկան, որ այդ փոխադրումները նորից չեն ընդհատվելու։ Ադրբեջանի այս գործողությունները չպետք է դիտարկվեն որպես առանձին ագրեսիայի դրսևորումներ, այլ որպես Արցախի և նրա բնիկ հայ բնակչության դեմ էթնիկ զտումների հետևողական և համակարգված քաղաքականության բաղադրիչներ։

2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիային է դիմել Արցախի դեմ՝ հրետանու և ԱԹՍ֊ի կիրառմամբ, որին զոհ են գնացել չորս զինծառայողներ, որոնք պաշտպանում էին իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանը։

Անտեսելով Եվրոպական խորհրդարանի 2023 թ․ հունվարի 19-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2023 թ․ հունիսի 22-ի բանաձևերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2022 թ․ դեկտեմբերի 21-ի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումները՝ Ադրբեջանը, կարծես ծաղրելով այդ կազմակերպությունների հեղինակությունը, համառորեն շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և հայրենազրկման քաղաքականությունը՝ դրսևորելով հանցավոր կամայականություն և հակադրվելով քաղաքակիրթ աշխարհին։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը բացահայտորեն սպառնում է միջազգային հանրության այն ներկայացուցիչներին, որոնք չեն կիսում նրա մոտեցումը Արցախի հիմնախնդրի լուծման հարցում՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքն ամբողջությամբ Ադրբեջանի կողմն է։

Պաշտոնական Բաքուն, չընդունելով Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պահանջները, մշտապես պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, որն ինքը մտադիր է լուծելու սեփական հայեցողությամբ։ Բռնապետական Ադրբեջանի պետական քաղաքականության մաս կազմող և ադրբեջանական հասարակության մեջ ներծծված, բազմաթիվ ապացույցներով փաստվող սարսափելի մեծ հայատյացության համատեքստում դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ որոշումը, եթե Արցախի ժողովուրդը հանկարծ հայտնվի Բաքվի իշխանության ներքո։

Ողջունում ենք աճող միջազգային ըմբռնումն առ այն, որ Արցախի ժողովուրդը պաշտպանության միջազգային ամուր երաշխիքների կարիք ունի։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներին, որոնք այդ դիրքորոշմամբ հանդես են եկել 2023 թ․հունիսի 21֊ին ԱՄՆ Կոնգրեսում՝ իրերն իրենց անուններով կոչելով և օբյեկտիվ գնահատական տալով Ադրբեջանի քաղաքականությանը։ Շնորհակալ ենք նաև բոլոր այլ միջազգային դերակատարներին, որոնք վճռականություն են ցուցաբերում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հարուցվող գոյաբանական սպառնալիքների մասին բարձրաձայնելու հարցում։

Հույս ենք հայտնում, որ աշխարհում էլ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան ըմբռնել հակամարտության իրական պատճառներն ու կհասկանան, թե ինչու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռ 1988 թվականին դիմել է Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու իրավաչափ խնդրանքով, ինչն էլ ադրբեջանական ագրեսիայի և արյունալի պատերազմի սանձազերծման պատճառ է հանդիսացել, որի ժամանակ հայերը ստիպված էին ինքնապաշտպանվել։

Հիմա, երբ տարբեր միջազգային հարթակներից անհասկանալիորեն հնչում են Արցախն Ադրբեջանին բռնակցելու ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր, մենք առաջարկում ենք վերհիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունն ու փորձել պատկերացնել՝ իսկ հնարավոր էր արդյո՞ք հրեա ժողովրդին կոչ անել ապրելու հիտլերյան նացիստական իշխանության ներքո։ Ժամանակակից Ադրբեջանը նույնպես հայերի նկատմամբ նացիստական տրամադրված երկիր է, և դրանում դժվար չէ համոզվել հարցին օբյեկտիվ հայացքով նայելու դեպքում՝ բացառելով ադրբեջանական քարոզչամեքենայի միակողմանի պահանջները։

Ադրբեջանի կողմից սանձազերծված երեք պատերազմների, ջարդերի, բռնի տեղահանությունների, հոգեբանական ահաբեկման, մարդկային և նյութական կորուստների արհավիրքներով անցած Արցախի ժողովուրդը, շարունակելով ապրել վերահաս գոյաբանական սպառնալիքների ներքո, դիմում է բոլոր միջազգային մեխանիզմները գործարկելու պահանջով՝ կանխելու Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք պահանջում ենք բոլոր համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունն Արցախում։ Հաշվի առնելով 2020 թ․ նոյեմբերի 9֊ի Եռակողմ հայտարարության 6֊րդ կետով ամրագրված պայմանավորվածությունների խախտումները, համաձայն որոնց՝ պետք է ապահովվի ազատ և անվտանգ շարժը Լաչինի միջանցքով՝ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին՝ ի դեմս ՄԱԿ֊ի, միջազգային առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ)՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու և խաղաղապահ ինստիտուտի աշխատանքն ամրապնդելու և բարելավելու նպատակով։

Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ և ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ շրջափակման ընթացքում կայացրած որոշումները բացահայտ չկատարելու հանգամանքով պայմանավորված՝ դիմում ենք միջազգային հանրությանը՝ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։

Արցախի քաղաքացիական հասարակության անունից դիմում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և քաղհասարակությանը՝ Արցախի ձայնը միջազգային լայն հասարակությանը հասցնելու և իրենց կառավարություններից գործնական քայլեր պահանջելու խնդրանքով՝ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հերթական հանցագործությունները կանխելու նպատակով։

Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ճակատագրի նկատմամբ ցուցաբերվող մտահոգության համար՝ ընդգծում ենք, որ մեր իրավունքների և անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքով ամրագրված ինքնորոշման և ազատ կամարտահայտության իրավունքի վրա հիմնված Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։

Արցախն ուժեղի իրավունքով որևէ մեկին բաժին հասած տարածք չէ, այլ մեր հայրենիքն է, որտեղ մենք ունենք անվտանգ կյանքի լիարժեք և անքակտելի իրավունք։ Արցախն ընդամենը 120 հազարանոց մի բուռ ժողովուրդ չէ (չհաշված 2020 թվականին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց տներից վտարված Արցախի շուրջ 30 հազար տեղահանված բնակիչները)։ Այսօր Արցախը ժողովրդավարական աշխարհի հռչակած արժեքների մի հերթական փորձաքարը և լակմուսի թուղթն է։ Պայմանավորված այն բանով, թե ինչ ընտրություն է կատարվելու՝ մի կողմից ստի, խտրականության, բռնության, ահաբեկչության, բռնապետության և, մյուս կողմից, ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման միջև, հստակեցվելու է փոխակերպվող աշխարհակարգի արժեքային էությունը»։

Հ1-ի լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը գրում է․ 
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։
Արցախի ժողովուրդն իհարկե չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղ տերմինից, ավելին, ԱՀ սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:
Այնուամենայնիվ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հանրապետություն բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով, այն դեպքում, երբ օրինակ միջազգային լրատվական խմբի մաս կազմող Ազատություն և Սպուտնիկ Արմենիա լրատվականներն են օգտագործում Արցախ անվանումը։
Եթե խնդիրը միջազգային դերակատարներին ավելի հասկանալի լինելու մեջ է, ապա նախ՝ կարծում եմ՝ Արցախ անվանումը հարցով հետաքրքրված դերակատարների կողմից արդեն իսկ հասցրել է ճանաչելի և ընկալելի դառնալ, և երկրորդ՝ արդյո՞ք հնարավոր չէ գոնե օգտագործել երկու անվանումներն էլ զուգահեռ՝ Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։
Հաճախ միջազգային մեդիայի ներկայացուցիչներն են Լեռնային Ղարաբաղին զուգահեռ օգտագործում Արցախ անվանումը՝ հարգանք դրսևորելով տեղացիների նկատմամբ, որովհետև միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն։

«Արարիչ» հիմնադրամի ամառային ճամբարում ավելի քան 200 երեխա կհանգստանա, 20 հազար երեխա զրկված է հանգստանալու հնարավորությունից

Արցախի «Արարիչ» հիմնադրամը Ծմակահող գյուղում կազմակերպում է ամառային ճամբար՝ երիտասարդ Կամավորների, տեղահանված, բազմազավակ, ուժային կառույցներում ծառայողների և սոցիալական որոշակի կատեգորիայի ընտանիքների երեխաների համար։

Հուլիս ամսվա ընթացքում հիմնադրամը նախատեսում է ճամբարային հանգիստ կազմակերպել 4 հոսքով՝ 7-ական օր, յուրաքանչյուր հոսքում մոտ 60 երեխա։ Երեկ երեխաների երկրորդ հոսքը գնաց Ծմակահող։ Նրանց թվում են նաև Արցախի Հանրապետությունում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ուսանողները։

«Արարիչի» ներկայացուցիչ Հունան Թադևոսյանի խոսքով՝ ամառային ճամբարի կազմակերպման բոլոր ծախսերը հոգում է Հիմնադրամը։ «Շրջափակման պատճառով կրճատվել են մի շարք միջոցառումներ, տրանսպորտային տեղաշարժեր, երեխաների թիվը, հոսքերը։ Բայց չէինք կարող ամբողջությամբ բացառել ամառային ճամբարի կազմակերպումը, քանի որ բազմաթիվ դիմումներ են եղել ծնողներից»,- ասաց Թադևոսյանը։

Հարցին, թե արդյո՞ք հիմնադրամը քննարկում է ամառային-մշակութային ինչ-որ բան կազմակերպել շփման գծի մերձակայքում գտնվող գյուղերի երեխաների համար, որտեղ տրանսպորտի տեղաշարժը սահմանափակ է շրջափակման պատճառով, Թադևոսյանը նշեց, որ «Այս առաջարկը կներկայացնի քննարկման հիմնադրամի խորհրդի նիստին»։

Սննդի բացակայությունը ստիպում է փակել Արցախի բոլոր մանկապարտեզները

Նախադպրոցական հաստատություններում երեխաներին հատկացվող սնունդը կհերիքի մեկ շաբաթ։

«Եթե տոտալ շրջափակումը ձգձգվի, և Քաշաթաղի (Լաչին) միջանցքը չբացվի, ապա բոլոր մանկապարտեզները ստիպված կլինեն փակել, քանի որ երեխաներին կերակրելու ոչինչ չի լինի։ Մանկապարտեզներին հազիվ մեկ շաբաթվա սնունդ է մնացել»,- նշել են Արցախի կառավարությունից։

Արցախի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության նախադպրոցական հիմնախնդիրների վարչությունից հայտնեցին, որ «պատերազմից հետո Արցախում գործում է 52 մանկապարտեզ, որից 10-ը՝ Ստեփանակերտում»։

«Կառավարության կողմից քննարկվել է գյուղական համայնքներում մանկապարտեզների կառուցման ծրագիրը։ Բայց շրջափակումը կանխեց այս բոլոր ծրագրերը։ Վերջին վեց ամիսների ընթացքում Արցախում սկսել է գործել Մարտունու շրջանի մեկ նոր մանկապարտեզ։ Սակայն մի քանի օր աշխատելուց հետո սննդամթերքի և վառելիքի սղության պատճառով ստիպված փակվել է»,- նշել են վարչությունից։

Մոսկվան չի կարողացել մինչեւ վերջ պայմանավորվել․ Արթուր Օսիպյան

Արթուր Օսիպյանը, Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ, «Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր 

Մեկնաբանելով գազի հետ կապված իրավիճակը՝ Արթուր Օսիպյանը նշեց, որ տեսնում է պայմանավորվածությունների տապալում։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ստեփանակերտն անսպասելի գազ ստացավ, գազալցակայաններում հերթեր էին գոյացել, իսկ տները գազ մատակարարելու համար արդեն իսկ հաղորդակցություններ էին նախապատրաստվում։ Բայց 20 ժամ անց գազամատակարարումը նույնպես հանկարծակի դադարեցվել է։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի խոսքով՝ գազի մատակարարման և դադարեցման հետ կապված Արցախի հետ շփումներ չեն եղել։

«Չեմ կարծում, որ Արցախին մի քանի ժամով գազի մատակարարումը ինչ-որ կերպ կապված է Բրյուսելի բանակցությունների հետ։ Սա, ամենայն հավանականությամբ, այն բանի արդյունքն է, որ Մոսկվան չկարողացավ մինչեւ վերջ համաձայնության գալ։ Այսինքն՝ գազի հետ կապված այսպես կոչված «միջադեպը»՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի անտեսումն է»,- ասաց Օսիպյանը։

Նրա խոսքով, Բաքվի վրա ճնշում կարող է գործադրել միայն Արևմուտքը, Եվրոպան և ԱՄՆ-ը։ «Այն, որ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի սկսում, կարելի է ասել, Արևմուտքի ճնշման արդյունք է։ Բայց ես կցանկանայի, որ այս ճնշումն ավելի շոշափելի արդյունքներ բերեր»։

Բաքվի ընդունած որոշումներում Ռուսաստանի դերի վերաբերյալ ընդդիմադիրը նշել է, որ «Ռուսաստանն հավատարիմ է մեկ նպատակի՝ հնարավորինս աջակցել Բաքվին»։