Զախարովան թվարկել է Ֆրանսիայի արածն Արցախի համար և նախատել Մակրոնին՝ Ալիևին մեղադրելու համար

Մեզ զարմացնելու քիչ բան կա, բայց երբեմն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջողության է հասնում, ինչպես եղավ հունիսի 28-ին Մարսելում, որտեղ նա հայտարարեց, որ «ավելի շատ ճնշում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևի, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի վրա, և որ նա է միակը, ով հստակ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում եւ գրեթե միայնակ է այս թեման պահում է համաշխարհային հանրության օրակարգում»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե նա խոստացել է ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ նման հայտարարություններից հետո զգացվում է, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա առնականությանը։ Իհարկե, մենք երբեք չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի այս բնութագրերից, թե ինչ պաթոսով է նա խոսում իր անձնական դերի, արցախյան կարգավորման գործում ունեցած վաստակի, ինչպես նաև այլ հարցերի մասին։ Ափսոս, որ նա չխոսեց նման բեղմնավոր աշխատանքի գործնական արդյունքների մասին։ Գործընթացը կա, բայց արդյունքը՝ ոչ։ Եվ գուցե նա չասաց, քանի որ ոչ ոք երբեք չի տեսել այս արդյունքները։ Եվ, ի դեպ, այս արդյունքները ոչ ոք երբեք չի տեսել ոչ միայն ԼՂ կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդության, այլեւ բազմաթիվ այլ գործերում, որոնք բազմիցս ստանձնել է նախագահ Մակրոնը։ Մենք վաղուց պատրանքներ չունենք այն մասին, որ Ֆրանսիան կարող է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծմանը․ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը սաբոտաժ և իրականում փլուզում, այդ թվում՝ Փարիզի ջանքերով, 2022թ. աշնանը Արանսիայի Ազգային ժողովի և Սենատի բանաձևրը, որոնք դատապարտում էին, ինչպես գրել էին, Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ պահանջում հենց այդ երկրի և նրա պաշտոնյաների դեմ։ Փարիզը նախաձեռնում էր նաեւ Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայել կասկածելի մանդատով՝ առանց հաշվի առնելով Ադրբեջանի կարծիքը։ Սրանք բոլորը ֆրանսիական օրակարգի վառ օրինակներն են այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է գիտելիք և պրոֆեսիոնալիզմ գործողություններում: Կարող եմ փաստել, որ այս բոլոր գործողությունները, ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանի Դաշնությանը կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, երբեմն էլ պարզապես նախընտրական նպատակների իրականացմանը։ Դրանք ոչ միայն դրական ազդեցություն չթողեցին բանակցային գործընթացի վրա, այլ ընդհակառակը, ամբողջությամբ վարկաբեկեցին Ֆրանսիայի միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Բայց, տեսեք, դեռ ոչ ոք չի չեղարկել ինքնագովազդը, ամեն մեկն այս առումով իր ընտրությունն է անում։ Թերևս դա նրանց միակ բանն է, որ մնացել է»,- ասել է Զախարովան։

news.am

Փաշինյանը չի հրաժարվում քաղաքական գործընթացների հիմքը քանդող հայտարարություններից

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ալիևի հետ Բրյուսելում մոտալուտ հանդիպման մասին՝ խոստովանելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ, ԱՄՆ-ում աննշան առաջընթաց է գրանցվել, Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկները՝ բացել հաղորդակցությունները, այդ թվում՝ Բերձորի միջանցքը, շարունակելով Արցախի ցեղասպան շրջափակումը։

Միաժամանակ Փաշինյանը չհրաժարվեց «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին» իր հայտարարությունից, որը հիմք դարձավ միջազգային հանրության առաջնորդների դիրքորոշման փոփոխության համար, որոնց աջակցության վրա հայկական կողմը հուսալու հիմքեր ունի։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, մասնավորապես, ասել է, որ ինքը Հայաստանի համար ավելին է անում, քան Փաշինյանը, և «խնդիրը Փաշինյանի մեջ է»։ Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Բորելը, Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը նույնպես պատասխան էր հայ հաղորդավարի հարցին՝ վկայակոչելով Փաշինյանի հայտարարությանը.

Պաշտոնական Երեւանը չի հերքել Մակրոնի խոսքերը. «Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի դեմ, որը հասցեական գնահատականներ և տագնապալի ազդակներ են հնչում Բաքվի կողմից արցախահայության դեմ անօրինական քայլերի մասին»,- հայտարարեց Փաշինյանն այսօր՝ առանց ասելու, որ Մակրոնը սխալվել էր։ Նա նաեւ չի նշել, որ Ֆրանսիայի վրա Ալիեւի հարձակումները պայմանավորված են հենց իր հայտարարություններով։

«Ֆրանսիան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպանի կեղծ դիրքավորվելով, շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Ալիևը Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը, որտեղ նույնպես հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունը։

«Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը կոչված է կանխելու այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում զարգացած հումանիտար ճգնաժամի հնարավոր նպատակային գնահատականները։ Հայաստանն իր հերթին, ծնորհակալ լինելով Ֆրանսիային, պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հանդես գան Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ համապատասխան գնահատականով»,- ընդգծել է Փաշինյանը։ Նա մատնանշեց բացառապես հումանիտար ասպեկտները՝ չանդրադառնալով Ֆրանսիայի քաղաքական հայտարարություններին։

Փաշինյանը չասաց, թե ինչու Հայաստանը չի արձագանքում Արցախը ճանաչելու անհրաժեշտության, 1994 թվականի սահմաններին վերադարձի և բանակցությունների միջազգային ձևաչափի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձևերին։

Ցանկալի կլիներ, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները զերծ մնան հայտարարություններից, որոնք խանգարում են մեր ընդհանուր գործին և Արցախի շահերին և կասկածի տակ են դնում ինքնորոշման իրավունքը։ Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով իշխանությունների կողմից ՀՀ որոշ պաշտոնյաների և պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարությունների մասին հարցին։ Օմբուդսմենի խոսքերով, այդ հայտարարություններն այնուհետեւ մեջբերում են միջազգային գործընկերները։

«ՀՀ-ում հասարակությունը և պաշտոնյաները պետք է շատ հստակ հասկանան, թե ինչ է կատարվում, սպառնալիքի լրջությունը, որովհետև կարծես թե այն ամբողջությամբ չի ընկալվում»,- ասաց Ստեփանյանը։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը հրաժարվել է քաղաքական ու դիվանագիտական ճանապահով հարցը լուծելուց․ Ներսիսյան

Ադրբեջանի ահավոր հանցագործությունների առջեւ աչք փակելով՝ միջազգային հանրությունը դառնում է նրա հանցակիցը։ Այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ։

Պետնախարարը ներկայացրել է իրավիճակը, որն ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր, ադբեջանական կողմի կեղծ բնապահպանական ակցիան, Արցախի գազի եւ էլեկտրամատակարարման դադարեցումը, ինչի իրական նպատակը շրջափակման իրականացումն է եւ կապի դադարեցումը Հայաստանի հետ։ Արցախյան կողմը հայտարարել է Կաշենի հանքավայրի աշխատանքի դադարեցման մասին եւ պատրաստ է հրավիրել միջազգային փորձագետների։ Այն ժամանակ Ադրբեջանը հայտարարել էր իբր զենքի  տեղափոխման մասին եւ պահանջել էր սքաներ տեղադրել։ Ներսիսյանի խոս      քով՝ չնայած Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացնեն խաղաղապահները, Ադրբեջանը հայտարարել է անցակետի անհրաժեշտության մասին, սկսվել են քաղաքացիական անձանց ստուգումները։

«Եվ այնուամենայնիվ, Արցախի ժողովուրդը չկոտրվեց եւ սպասում էր, թե երբ միջազգային հանրությունը կբացի աչքերը։ Հասկանալով, որ ժամանակն անցնում է, Ադրբեջանը զիջումներ պահանջեց, սկսեց հայտարարել ինտեգրման մասին, հրավիրել Բաքու՝ բանակցությունների։ Այս ամենն ուղեկցվում էր խաղաղ բնակիչներին կրակելով, ոստիկանների սպանություններով եւ սպանությունների փորձերով։ Հունիսի 15-ից Բաքվից հումանիտար փոխադրումների կազմակերպման կարգախոսի տակ դադարեցվել են ԿԽՄԿ եւ ռուսական խաղաղապահ զորակազմի փոխադրումները, ավելի ուշ հաջողվեց վերականգնել դրանք։ Եվ դրանից հետո ինչ-որ մեկին թվում է, թե կարող են անվտանգության երաշխիքնե՞ր լինել։ Ադրբեջանի ահավոր հանցագործությունների առջեւ աչք փակելով՝ միջազգային հանրությունը նրա հանցակիցն է դառնում։ Այն անգամ չի հետեւել Միջազգային քրեական դատարանի որոշման կատարմանը։ Մեզանից ավելի շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում։ Բայց պետք է հասկանալ, որ անհնար է խաղաղության հասնել Արցախի ժողովրդի ցեղասպանության ճանապարհով»,- ընդգծել է պետնախարարը։

Ներսիսյանը թվարկել է այն հսկայական դժվարությունները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը՝ ընդգծելով, որ դա Արցախի ժողովրդի իրավունքների խախտում չէ, այլ ոչնչացում։

Դեկտեմբերի 12-ից սկսած Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվել է քաղաքական ու դիվանագիտական ճանապահով հարցը լուծելու տարբերակից, ասել է Ներսիսյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե եթե չենք շփվում, դրա այլընտրանքը, ելքը ո՞րն է, Գուրգեն Ներսիսյանն արձագանքեց. «Մենք պատրաստակամ ենք շփման եւ չենք կարծում, որ այլընտրանքը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ պահելը, սովի մատնելն է Ադրբեջանի տեսանկյունից: Մեր խնդիրը պետք է լինի այնպես անել, որ բոլոր միջնորդները ուղիղ նայեն ձեւավորված պրոբլեմներին, այն գործողություններին գնահատական տալ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը»:

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին կներկայացնի նոր ապացույցներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 6-ին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Միջազգային դատարանների հետ աշխատանքը սկսվել էր դեռ Լաչինի միջանցքը արգելափակելու առաջին օրվանից՝  նախորդ տարվա դեկտեմբեր ամսից։ Առաջինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն էր, որով դատարանը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հիվանդերի և անօթևան մնացած անձանց անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության վրա։

Բնականաբար, ՄԻԵԴ-ի նման շրջանակ ֆիքսելը պայմանավորված է իր առանձնահատկություններով, քանի որ այդ ատյանը միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կայացնելու որոշման դեպքում կենտրոնանում է երկու իրավունքների վրա՝ կյանքի իրավունքի և անմարդկային դաժան վերաբերմունքի դեմ։ Այդ տրամաբանությամբ էլ որոշումը ձևակերպվել էր։ Ցավոք, որոշման կայացումից հետո որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,- ասաց Կիրակոսյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման շարունակական խափանումներ եղան, որը ստիպեց հայկական կողմին հաջորդ քայլը ձեռնարկել և ներկայացնել պահանջ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։

«Արդարադատության միջազգային դատարանը բավականին արագ հրատապ նիստ հրավիրեց արդեն հունվարի վերջին և փետրվարի 22-ին կայացրեց իր հայտնի որոշումը, որն ավելի լայն ձևակերպում տվեց և պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել իր իրավասության տակ գտնվող բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան անցումը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով՝ հիմնվելով կրկին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Այդ որոշումից հետո, ցավոք, չունեցանք որևէ դրական տեղաշարժ, հակառակը՝ ավելի բացասական հետևանքներ եղան։ 2023 թվականի ապրիլ ամսին տեղադրվեցին անցակետերը, և դրանց տեղադրումից հետո ավելի սրվեց իրավիճակը, հետո տեղադրվեցին բետոնե պատնեշները, որով գրեթե ամբողջությամբ սահմանափակեց շարժը Լաչինի միջանցքով։ Այս զարգացումներին հետևելով՝ Արդարադատության միջազգային դատարան ներկայացրեցինք երկրորդ դիմումը, որով խնդրեցինք, որպեսզի  փետրվարի 22-ի որոշումը ավելի հստակեցվի և նշվի, որ ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի, այդ թվում՝ անցակետերը։ Դատարան ներկայացվել են լրացուցիչ ապացույցներ այդ ժամանակարշջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Այս շաբաթվա ընթացքում  նորից լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք։ Հուսով ենք, որ Արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշումը, որովհետև բավականին ժամանակ անցել է մեր ներկայացրած պահանջից՝ շուտով կլրանա երկու ամիսը»,- նշեց Կիրակոսյանը։

Արցախի ԱԳ նախարար․ Ստեփանակերտը դեռ սպասում է Մոսկվայի քայլերին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրում են պատասխանատվության իրենց բաժինը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցում։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Պատասխանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների մասին հարցին, որն օրերս հույս էր հայտնել, որ Ադրբեջանում հնարավոր է Արցախի ժողովրդի իրավունքների ապահովումը, նախարարը հիշեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը մանրամասն պատասխանել է դեսպանին։

«Ադրբեջանի ո՞ր քայլերն են հավատալու հիմք տվել։ Տեղի է ունենում ուղիղ հակառակը։ Եթե որեւէ մեկը հույսեր ունի էլ, ապա դրանք պետք է ցրվեն վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ ՄԽ համանախագահներից սպասում ենք ավելի ակտիվ մասնակցություն, այլ ոչ թե կոչեր եւ հայտարարություններ։ Նրանք կրում են պատասխանատվության իրենց բաժինն այս իրավիճակի համար, եւ խոսքը էթնիկ զտումների կանխման մասին է»,- ասել է Արցախի արտաքին գործերի նախարարը։

Նա նաեւ պարզաբանել է Վլադիմիր Պուտինին ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղարկած նամակի նպատակը։

«Ինչպես գիտեք, նման նամակներ պարբերաբար ուղարկվում են, եւ ոչ միայն ՌԴ նախագահին, այլեւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին։ Ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունները դիմել են այդ քայլին։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այս իրավիճակին»,- տեղեկացրել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտը սպասում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում կգործադրի բոլոր ջանքերը շրջափակման վերացման համար, հատկապես այն պայմաններում, երբ հունիսի 15-ից հետո անհնար է մթերքներ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ տեղափոխել։ Միայն ԿԽՄԿ-ն է տեղափոխում սահմանափակ քանակությամբ դեղեր։ Ինչպես նշել է Ղազարյանը, խաղաղապահները պետք է իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկեն բոլոր քայլերը՝ շրջափակումը դադարեցնելու համար։ Ճշգրտող հարցին, թե արդոյք դա նշանակում է, որ բոլոր քայլերը չէ, որ ձեռնարկվում են, նախարարն ասել է, որ եթե այդ քայլերը ձեռնարկվեին, շրջափակում չէր լինի։ Նրա խոսքով՝ տարբեր պատճառներ են բերվում, թե ինչու դա չի արվում, բայց Ադրբեջանի սադրանքների նպատակներից մեկը խաղաղապահներին վարկաբեկելն է։ Նախարարը հիշեցրել է, որ այլ խաղաղապահների հրավիրելու հեռանկարը իրատեսական չէ կամ, առնվազն, չի կարող արագ իրականացվել, ընդ որում՝ համապատասխան որոշում պետք է ընդունի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը։ Ցանկացած պարագայում Ստեփանակերտում սպասում են ստեղծված իրավիճակի փոփոխությունների։

Հարցին, թե ինչու է Վլադիմիր Պուտինը նամակի հասցեատերը, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ներառյալ Արցախը, ճանաչման մասին հայտարարում է ՀՀ վարչապետը, նախարարը պատասխանել է, որ Արցախում այդ հայտնի հայտարարություններին արձագանքել են։ Ինչպես ընդգծել է Ղազարյանը, Արցախի իշխանություններն առաջնորդվում են ժողովրդի կամքով, որն արտահայտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։ Անկախ այն բանից, թե ինչ մակարդակում է ասվում, մենք առաջնորդվում ենք այդ մանդատով, ամփոփել է ԱԳՆ ղեկավարը։

Արցախի «Պաշտպանության բանակի լուծարման» մասին խոսելն իրատեսական չէ, ասել է Սերգեյ Ղազարյանը։

«Ով ծանոթ է հակամարտությանը, գիտի, որ Պաշտպանության բանակը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Սրանում բազմիցս համոզվել ենք։ Նման պահանջները, մանավանդ խորացող ագրեսիվ հռետորաբանության եւ սադրանքների պայմաններում, իրատեսական չեն։ Եթե դատելու լինենք ադրբեջանական կողմի հռետորաբանությունից՝ նրանք մշտապես ասում են այդ մասին։ Երեկ այդ երկրի նախագահը նույնի մասին էր խոսում։ Պաշտպանության բանակը ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծել է Ղազարյանը։

Արցախը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից։ Այլ հարց է, որ բանակցությունները չեն կարող ընթանալ ճնշման տակ, ուղեկցվել շրջափակմամբ, սպանություններով եւ սադրանքներով, ընդգծել է Ղազարյանը։

Նախարարի խոսքով՝ արցախյան կողմը առավել շահագրգռվածն է իրական երկխոսության հարցում։ «Բայց որպեսզի երկխոսությունը կառուցողական լինի, պետք է համապատասխանի որոշ պահանջների»,- ասել է Ղազարյանը՝ ավելացնելով, որ այս հարցի վերաբերյալ առաջարկներ են ստացվել տարբեր երկրներից, միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։ Նա հիշեցրել է, որ փետրվարի 24-ին եւ մարտի 1-ին տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, նրանց տեղակայման վայրում, որոնց ընթացքում քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր։ Բայց ադրբեջանական կողմը լիովին խեղաթյուրել է այդ հանդիպումների բովանդակությունը։ Հետո տեղի ունեցավ դիվերսիան, երբ սպանվեց 3 ոստիկան, մեկը վիրավորվեց։ «Անհնար է ճնշման տակ իրականացվող հանդիպումներն անվանել երկխոսություն եւ բանակցություն։ Ադրբեջանական կողմը պետք է դադարեցնի շրջափակումը, վերականգնի մատակարարումների հնարավորությունը, մենք պետք է տեսնենք, որ իրավիճակը փոխվում է։ Նրանք պետք է ցույց տան, որ պատրաստ են երկխոսության»,- ասել է Ղազարյանը։ Նա ավելացրել է, որ քննարկումներն ընթանում են, ղարաբաղյան կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել, որոնք Բաքուն մերժել է։

Փաշինյան․ պայմանագրի տեքստը պատրաստ չէ, միջանցքներ չեն լինի

Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Այս մասին հուլիսի 6-ին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ:

Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության  պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ հավելեց. «Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է  հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության  պայմանագիր ստորագրվի»,-ասաց նա:

Էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մաս է այն միջազգային կազմակերպությունների եւ երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ Ադրբեջանի գործողություններին, ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե պաշտոնական, թե հանրային հարթակներում հնչում են  հասցեական գնահատականներ եւ ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին:

Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է:

Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե քաղաքականապես, թե բարոյական, թե էմոցիոնալ առումով, մենք որեւէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»,-ընդգծեց նա:

Հայաստանն ու ԱՄՆ-ն կարևորել են Ստեփանակարտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակներում հուլիսի 5-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանն ու Դերեք Հոգանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները:

Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակարտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը:

Իշխանությունները Շարժումից ժամանակ են խնդրել մինչեւ շաբաթվա վերջ

Արցախի Անվտանգության խորհրդի նիստից հետո իշխանությունները Ապաշրջափակման համաժողովրդական շարժման շտաբից ժամանակ են խնդրել մինչեւ շաբաթվա վերջ։

Ըստ Շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, բլոգեր Դավիթ Վանյանի՝ «իշխանությունների խնդրանքը բավարարվել է, շաբաթվա վերջին սպասում ենք Արցախի ապաշրջափակման և պետության քաղաքական կողմնորոշման վերաբերյալ հայտարարության։ Այս հայտարարությունից է կախված լինելու Շարժման հետագա աշխատանքը»,- ասաց Վանյանը։

Վանյանն ասաց, որ իշխանությունները խոստացել են նպաստել Շարժման ներկայացուցիչների հանդիպմանը ԼՂՀ հրամանատարության հետ Արցախում։

«Հույս ունենք, որ դա կլինի շուտով։ Հանդիպումը, ինչպես նախկինում, կանցկացվի դռնփակ, բայց մենք պարտավորվում ենք, որ հանրությունը մանրամասն կտեղեկացվի արդյունքների մասին»,- նշել է բլոգերը։

Step1

Միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը. Արցախի ԱԳՆ-ը ԱՄՆ-ին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի`2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։
Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ունեցել և շարունակում է ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, միևնույն ժամանակ կարծում ենք, որ միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը։ Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան այնպիսի բարդ և տևական հակամարտության կարգավորումը, ինչպիսին է ադրբեջանա-ղարաբաղյան հիմնահարցը, կարող է հաջողությամբ պսակվել, այն դեպքում, եթե հակամարտության բոլոր կողմերը և միջնորդները, ամբողջովին գիտակցելով իրենց պատասխանատվությունը, ցուցաբերեն ճկունություն, ստեղծարար մոտեցում, կառուցողականություն և առաջնորդվեն ինչպես միջազգային իրավունքի նորմերով, այնպես էլ համընդհանուր այնպիսի արժեքներով, ինչպիսիք են արդարությունը, արժանապատվությունը և ազատությունը: Գտնում ենք, որ անսասան հավատարմությունն այս սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից կուտակված միջնորդական փորձի կիրառումը կնպաստեն հակամարտության արդար ու համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ակնհայտ ցեղասպանական մտադրությամբ իրականացվող նվաճողական և էթնիկ զտման քաղաքականության, շարունակվող անմարդկային շրջափակման, բռնության և ագրեսիայի կրկնվող դեպքերի, աճող ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության պայմաններում նմանատիպ հայտարարությունները հիշեցնու են ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականություն։ Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում, ինչը հանգեցնում է միայն հետագա բռնությունների և մարդկային տառապանքների։
Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված և արժանապատիվ կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ, այլ պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։ Նորագույն պատմության մեջ և միջազգային պրակտիկայում կան ժողովրդի կամարտահայտության հիման վրա նման բարդ և ձգձգված հակամարտությունների լուծման օրինակներ»,- ասված է հայտարարության մեջ:

Արայիկ Հարությունյանը “սեղմագույն ժամկետներում” քայլեր է ակնկալում Երեւանից եւ Մոսկվայից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ:
«Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու մեր ակնկալիքները բոլոր հնարավոր ձևերով ներկայացվել և ներկայացվում են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրության այլ դերակատարների: Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում: Մեր կողմից հնչեցվող գոյաբանական ահազանգի պայմաններում Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ակնկալում են սեղմագույն ժամկետում շոշափելի արդյունքներ անվտանգային ու հումանիտար իրավիճակի մեղմացման և շրջափակման վերացման ուղղությամբ: Իհարկե, մենք մեր խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնս կատարում ենք իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»,- հավելել է Արայիկ Հարությունյանը:
Ծավալվել է մտքերի փոխանակություն Արցախի նախագահի խնդրանքով տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգի ընթացիկ արդյունքների, ինչպես նաև օրակարգային այլ հարցերի շուրջ: Հանրապետության նախագահը վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին:

Տ․Պետրոսյան․ այս շաբաթ մենք պետք է ընտրություն կատարենք պետության քաղաքական կողմնորոշման մասով

Արցախյան հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանի հարցազրույցը Step1.am-ին

-Պարոն Պետրոսյան, Դուք հանդիսանում եք Հակաճգնաժամային կոմիտեի նախագահ, ի՞նչ գործառույթներ է իրականացնում կոմիտեն:

– Հակաճգնաժամային կոմիտեի հիմնական գործառույթը՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի, հանրային բողոքների ուսումնասիրությունն է, դրանց հիման վրա որոշումների կայացումն և այդ որոշումների իրականացման պարտադրումը: Մենք ուսումնասիրում ենք գրեթե բոլոր ոլորտներին առնչվող հարցեր, այդ թվում նաև զոհվածների և տեղահանվածների ընտանիքներին առնչվող:

Կարծում եմ, հանրությունը դեռևս չի գիտակցում, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Մենք կանգնած ենք աղետի եզրին, ավելի լուրջ, քան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Նաև կցանկանայի նշել, որ այս շաբաթ մենք պետք է վերջանականապես կողմնորոշվենք պետության քաղաքական կողմնորոշման մասով:

-Պարոն Պետրոսյան, ըստ Ձեզ, եթե հարցը վերաբերում է պետության համար այսպիսի ճակատագրական պահերի, արդյո՞ք ճիշտ է իրավիճակը գաղտնի պահել հանրությունից:

-Ոչ մեկ չի կարող որոշում կայացնել, օրինակ՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, կամ պատերազմ սկսել: Այն կառույցները, որոնք պետք է կամ պետք չէ նման որոշում կայացնեն, լեգետիմություն չունեն հետպատերազմյան ժամանակաշրջանում, իսկ նոր ընտրություններ իրականացնել ևս չենք կարող:

-Կմեկնաբանե՞ք նախագահ Հարությունյանի վերջին հայտարարությունը բնակարաների հետ կապված:

-Այդ հայտարարությունը տեղի է ունեցել հենց հակաճգնաժամային կոմիտեի ջանքերով: Ոչ պետությունը, ոչ ժողովուրդը պարտավոր չեն պահել այն անձանց գույքը, ովքեր ապահով ապրում են Արցախից դուրս: Ամբողջ այդ գույքը պետք է օգտագործվի ի շահ պետության: Այդ անշարժ գույքը պետք է տրամադրվի տեղահանված անձանց, իսկ, օրինակ, վարձակալության տրված խանութների գումարը պետք է ուղղվի պետական բյուջե:

-Մենք նաև տեսնում ենք տարբեր շարժումներ Արցախում: Արդյո՞ք այդ շարժումները մեկը մյուսին չեն խանգարում:

-Իհարկե կան շարժումներ, որոնց նպատակը հստակ է և ճիշտ, քանի որ լռել չի կարելի, և կան շարժումներ, որոնք ստեղծվել են հանրության պառակտման, իշախանության համար: