ԱՄՆ պետքարտուղարն “իր խորը մտահոգությունն” է հայտնել Ալիեւին․ ի՞նչ երկխոսություն

Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, որ մեր խորը մտահոգությունը հայտնեմ  Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է նա։

Պետքարտուղարը չի պնդել արցախցու առեւանգման անթույլատրությունը, միայն հիշեցնելով “երկխոսության մասին”։

Հիշեցնենք, որ այսօր լուրեր են եղել, որ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ հանդիպում է նախատեսվում եվրոպական քաղաքներից մեկում՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Ասվում է, որ երեկվա առեվանգումով Բաքուն փորձում է հայկական կողմին սիպել հրաժարվել երկխոսությունից։ 

Հիշեցնենք նաեւ, որ երբ հունիսի 28-ին Վաշինգրոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում էր տեղի ունենում, Ադրբեջանը անօդաչու սարքով հարվածել է հայկական դիրքերին Մարտունիում, որի հետետանքով 4 հայ զինվր է զոհվել։ Նույն օրը Արցախի խորհրդարանը կոչ է արել ընդհատել վաշինգտոնյան բանակցություննները եւ, ինչպես ասում են, հրաժարվել է Բաքվի հետ ուղիղ  հանդիպումից։  

Վագիֆ Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է. Արցախի պետնախարար

Նախօրեին Լաչինի միջանցում առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են, սակայն ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվել: Այս մասին «Հետք»-ին հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի և պետնախարարի հարցուպատասխանը.

Հարց- Երեկ Ձեր կողմից տեղեկություն էր հրապաարակվել ԿԽՄԿ միջոցով Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխելիս Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացուն արգելանքի վերցնելու մասին՝ նշելով, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը մեր քաղաքացու հետ է, իսկ քիչ անց հայտարարություն է տարածել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, ում պնդմամբ՝ մեր քաղաքացին առևանգվել է: Տպավորություն է, որ հակասություն կա ձեր հայտարարություններում, ինչպե՞ս կպարզաբանեք այս հանգամանքը:

Պատասխան- Նախքան դեպքի մասին իմ կողմից հայտարարություն անելը, ես անընդհատ կապի մեջ էի գտնվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչների ու ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ, ով ուղեկցում էր նրան ու հանդիսացել է իրադարձությունների ականատեսը: Հայտարարություն անելու պահին ինձ տեղեկացրել էին, որ ադրբեջանցիները սահմանափակել են Վագիֆ Խաչատրյանի ազատությունը և ԿԽՄԿ ներկայացուցչի հետ միասին առանձնացել՝ հեռանալով անցակետից և նրանց տեղափոխելով անցակետից որոշակի հեռավորությամբ տեղակայված հատված: Սակայն որոշ ժամանակ անց կրկին հայտնել են, որ ԿԽՄԿ ներկայացուցչին այդտեղից հետ են ուղարկել անցակետ, իսկ Վ. Խաչատրյանին առևանգել ու տարել անհայտ ուղղությամբ: Այս մասին արդեն հայտարարությունը տարածել էր ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նշվածից հետևում է, որ իրականում ոչ թե հակասություն է, այլ իրադարձությունների հաջորդական նկարագրություն:

Հարց- Ի՞նչ տեղեկություն ունեք հիմա գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրից ու առողջական վիճակից:

Պատասխան- Երեկ ես, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Ներքին գործերի նախարարը հանդիպում ենք ունեցել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Կառլոս Մորացանիի հետ ինչպես առանձին, այնպես էլ Վ. Խաչատրյանի հարազատների հետ միասին, այնուհետև հարազատների մասնակցությամբ հանդիպում է կազմակերպվել նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ: Երկու դեպքում էլ հավաստիացումներ են ներկայացվել, որ ամեն ինչ արվելու է մեր քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ, սակայն մենք նման անարդյունք հավաստիացումներ շատ ենք լսել, հիմա սպասում ենք արդյունքների: Օրվա վերջին ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վ. Խաչատրյանը արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են, սակայն ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվել:

Այսօր կրկին հանդիպում է նախատեսվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակում, փորձենք հասկանալ՝ ինչ ունենք հիմա և ինչ քայլեր են նախատեսում ձեռնարկել հետագայում

Բացեք «Սուվալկի միջանցքը», փակեք Բերձորինը

Խոսակցություններ են հայտնվել, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ օրերս եվրոպական մայրաքաղաքներից մեկում պատրաստվում է Ստեփանակերտի և Բաքվի ուղիղ հանդիպում։ Հատկանշական է, որ հավանական հանդիպման նախօրեին Բաքուն Բերձորի միջանցքում ռուս խաղաղապահների ներկայությամբ առևանգել է Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացու։ Ինչպես նշել է Արցախի օմբուդսմենը, միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ, և նրանք են պատասխանատու դրա անվտանգության համար։

Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Բաքվի քայլն ուղղված է Արցախում և Լաչինի միջանցքում ԿԽՄԿ առաքելության դադարեցմանը։ Ուրբաթ օրվանից Կոռնիձորում տեղակայված մարդասիրական ավտոշարասյունը, ԿԽՄԿ-ի հեռացմանը զուգահեռ, ցույց է տալիս, որ Հայաստանը չի կարող կամ չի ցանկանում բացել Բերձորի միջանցքը՝ Ստեփանակերտ-Բաքու հարաբերությունները համարելով «Ադրբեջանի ներքին գործը»։ Հայաստանի ղեկավարությունը չի դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, չի հռչակում հայկական իրավունքները, չի ներգրավում միջազգային խաղաղապահներին՝ արժեզրկելով Հայաստանի հետ արցախահայության ֆիզիկական և քաղաքական կապի իրավական հիմքերը։ Փաշինյանը դա հիմնավորում է նրանով, որ չգիտի, թե ինչ որոշում կկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Այս ֆոնին Հայաստանի սուբյեկտիվության շուրջ ստեղծված իրավիճակը դառնում է համաշխարհային կենտրոնների միջեւ հանցավոր սակարկության առարկա։ Փորձագետները խոսում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցությունների մասին ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև այլ հակամարտությունների գոտիների, այդ թվում՝ Արցախի և Հայաստանի շուրջ։

Բելառուսում տեղակայված ավելի քան 100 Wagner-ի վարձկաններ տեղակայվել են Սուվալկի միջանցքի (ցամաքային միջանցք Բելառուսի և Կալինինգրադի շրջանի միջև, մոտ 100 կիլոմետր երկարությամբ, որը գտնվում է Լեհաստանի և Լիտվայի սահմանին)՝ Լեհաստանն ու Լիտվայի սահմանի մոտակայքում, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։ «Հավանաբար նրանք (վարձկանները) կքողարկվեն որպես բելառուս սահմանապահներ և կօգնեն անօրինական միգրանտներին մտնել Լեհաստանի տարածք՝ այն ապակայունացնելու համար։ Բայց հավանական է նաև, որ նրանք իրենք կփորձեն մուտք գործել Լեհաստան՝ ներկայանալով որպես անօրինական միգրանտներ, և դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում»,- ասել է Մատեուշ Մորավիեցկին (մեջբերում է Polsat News-ը):

Կալինինգրադի շրջանը, Արևելյան Պրուսիայի մի մասը, որը ԽՍՀՄ-ը ստացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, անկլավ է Ռուսաստանի համար, և Մոսկվայում Լեհաստանով և Լիտվայով 100 կիլոմետրանոց միջանցք բացելու գայթակղությունը սկսեց աճել այն ամենին զուգահեռ, ինչ այժմ տեղի է ունենում ուկրաինական ճակատում։

Ռուսաստանը Ուկրաինայի հարցով բանակցություններում կարող է պայման առաջադրել Սուվալկիի միջանցքի բացումը։ Եվ քանի որ Թուրքիան կարող է դառնալ բանակցությունների գլխավոր «մոդերատորը», աճուրդի «լոտերից» մեկը կարող է լինել Բերձորի միջանցքի փակումը, Արցախի ամբողջական անջատումը Հայաստանից, Երասխով «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ադրբեջանցի «փախստականների» բնակեցում Հայաստանում եւ որպես հետեւանք՝ հայկական պետականության վերացումը։

Ի՞նչ կարող է տալ Ստեփանակերտի և Բաքվի ուղիղ երկխոսությունն այս համատեքստում։ Արդյո՞ք դա կդադարեցնի այս գործընթացները։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը միանշանակ հայտարարեց, որ «հավատում է արցախահայության անվտանգությանը Ադրբեջանի կազմում»։ Եվրամիությունը հավատարիմ է նույն դիրքորոշմանը այն բանից հետո, երբ Փաշինյանը «Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»։ Իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը վերջերս բացահայտեց բոլոր խաղաքարտերը և հայտարարեց, որ արցախցիների իրավունքները «պետք է պաշտպանվեն որպես ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ Ադրբեջանի օրենսդրության համատեքստում»։

Նաիրա Հայրումյան

Ակցիա․ մի խումբ կամավորականներ հաց են առաքում փուռերից խանութներ

Վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտի թուռերից հացը խանութներ չի առաքվում, ինչի հետևանքով փուռերի մոտ հերթեր են գոյանում։

Երիտասարդական ակումբների դաշինքը, Արցախի անվտանգության և զարգացման ճակատի աջակցությամբ, որոշեց քայլեր ձեռնարկել և կամավորների թիմ հավաքեց՝ օգնելու հացը խանութներ հասցնել:

Բրանք իրենք են կապ հաստատել հացի փռերի հետ և սկսել այս նախաձեռնությունը՝ հացի հերթերը կրճատելու և հայրենակիցներին օգնելու համար։ Այլ երիտասարդներ եւս հետևել են նրանց օրինակին։ Ամեն առավոտ երիտասարդների և աղջիկների խմբերը մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ոչ ոք առանց հաց չմնա։

Հանգստյան օրերին նրանց միանում են այլ քաղաքացիներ։

ԿԽՄԿ-ի և խաղաղապահների դատարկ խոստումներ. այն, ինչ տեղի ունեցավ երեկ

Այն բանից հետո, երբ նոր «անձնագրային ռեժիմի» շրջանակներում Հաքարի կամրջից առևանգեցին Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, Արցախի և Հայաստանի իշխանությունները մի շարք հայտարարություններ են տարածել։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մեղադրել է Երևանին՝ հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունները չպետք է Արցախն անվանեն «Ադրբեջանի տարածքի մաս», և որ դա Բաքվում ընդունում են որպես նման գործողությունների իրենց իրավունքի ճանաչում։

Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է․ “Պնդում ենք, որ Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող և գրեթե 8 ամիս շարունակվող ապօրինի շրջափակման հարցն անհապաղ քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես տեղում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ»:

“Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ ադրբեջանական կողմը բաց չի թողնի նրանց ապօրինի ձերբակալությունների ու կտտանքների ենթարկելու, կյանքից զրկելու կամ մարդու իրավունքները ցանկացած այլ ձևերով խախտելու հնարավորությունը: Գրեթե անհավանական է, որ արցախցիները կկարողանան գոյատևել կամ ստանալ արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու դեպքում“, ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

Արցախի օմբուֆսմնը հայատարարել է․ “Լաչինի միջանցքը, որի մեջ է մտնում նաև Հակարիի կամուրջ, ըստ 2020 թվականի եռակողմ հայտարարության, գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը տեղի է ունեցել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հենակետից մի քանի մետր հեռավարության վրա, որի կանխման ուղղությամբ խաղաղապահների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքը համարվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածք և Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, ՌԴ կողմից պետք է ձեռնարկվեն բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու և Լաչինի միջանցքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ՝ կանխելով Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքերի կրկնությունը”։

Արցախի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, իսկ նախագահը նամակ է գրել միջազգային իրավունքի հայտնի մասնագետին, թե արդյոք գործը գտնվում է Միջազգային քրեական դատարանի իրավասության մեջ։

Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակում հավաքվածները ԿԽՄԿ ղեկավարությունից ոչնչի չհասան, հետո գնացին ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությանը և նույնպես դատարկ խոստումներով վերադարձան։ Ստեփանակերտում կոչեր են հնչել դիմել ՄԱԿ-ին՝ միջազգային խաղաղապահ զորքեր տեղակայելու պահանջով, իսկ Հայաստանին դիմել՝ վերամիավորման պահանջով։

Այս քայլը նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ”․ ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության, ասել է ՀՀ ԱԳՆ-ը։

Հայաստանի օմբուդսմենը հայտարարեց, որ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի եղել, ինչը նշանակում է, որ իրավունք չունեն նրան ձերբակալելու։ Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու ուղղությամբ

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։

Հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով անգործության համար։
«Միջազգային հանրությունը չափազանց երկար է մի կողմ քաշված հետևել, թե ինչպես է այս ճգնաժամը սրվել մինչև կրիտիկական կետ, երբ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր ներկայում վտանգի տակ են: Մինչդեռ նախագահ Ալիևը ոչ մի հետևանքի չի բախվել Արցախում ապրող հայերին իրենց պատմական հողերից ստիպողաբար հեռացնելու իր դաժան արշավի համար», – նշված է հայտարարությունում:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները նաև միջազգային հանրությանը և ԱՄՆ նախագահի վարչակազմին այս «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու կոչ են անում։
«Սա էթնիկ զտման սահմանումն է։ Միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու շրջափակումը, բացելու այս կենսական կյանքի ճանապարհը և կանխելու աղետալի հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին անհապաղ գործել և օգնել՝ խաղաղ ավարտին հասցնելու այս կանխամտածված և հաշվարկված ճգնաժամը», – ասված է հայտարարությունում։
Կոնգրեսականները նաև անդրադառնում են 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմանը, որն արդեն իսկ հումանիտար ճգնաժամ էր առաջացրել՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման։
«Ադրբեջանական ուժերը շարունակում են հալածել, ձերբակալել և սպանել մարդկանց Հայաստանում և Արցախում, միևնույն ժամանակ կեղծորեն հայկական տարածքը հայտարարելով որպես իրենց սեփականը», – եզրափակել են կոնգրեսականները։

Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացվել` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը` նշելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:

Արցախի նախագահը նամակ է հղել միջազգային իրավունքի մասնագետին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Նամակի մեջ, մասնավորապես, նշված է.
«Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ՝ խնդրում եմ Ձեր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի ներկա իրավիճակի վերաբերյալ։ Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի դիրքում Ձեր փորձը (2003-2012թթ.), մասնավորապես՝ ցեղասպանության համար Սուդանի նախագահի ձերբակալության օրդեր տրամադրելու դեպքը՝ արժեքավոր կլիներ, եթե մեզ տրամադրեք անհրաժեշտ տեղեկություններ ու կարծիք: Կխնդրեինք Ձեր կարծիքը հետևյալ երեք հարցի վերաբերյալ.
ա) Կարելի՞ է համարել, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր ժողովրդի շրջափակումը և հատկապես 2023 թվականի հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղին ամեն տեսակի մարդասիրական օգնության մատակարարման արգելափակումը հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն։
բ) Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանը իրավասու է այդ հարցով զբաղվելու:
գ) Ո՞վ կարող է անձամբ պատասխանատու լինել այդ հանցագործության համար: Խնդրում եմ սա համարել որպես հրատապ խնդրանք՝ հաշվի առնելով իմ երկրում մարդասիրական և անվտանգային վատթարացող իրավիճակը՝ կապված իմ ժողովրդի օրեցօր աճող տառապանքների հետ։ Կից ներկայացնում եմ համապատասխան տվյալներ պարունակող փաստաթուղթ»:

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը տեղի է ունեցել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հենակետից մի քանի մետր հեռավարության վրա

Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը
Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։
Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետև անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Վագիֆ Խաչատրյանի դստեր և ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հարցին, թե ինչու չեն վերադարձնում անձնագիրը, ադրբեջանցիները պատասխանել են, որ 5 րոպեից կտրամադրեն։
Այդ ընթացքում Վագիֆ Խաչատրյանին ուղեկցել են ադրբեջանական անօրինական «անցակետում» տեղակայված բժշկական սենյակ, որտեղ նրան հարցեր են ուղղել առողջության հետ կապված, հետաքրքրվել ՀՀ տեղափոխվելու առողջական պատճառներից։
Այնուհետև Վագիֆ Խաչատրյանին տեղեկացրել են, որ պետք է 15 րոպեով ուղեկցեն «անցակետի» մոտակայքում տեղակայված սենյակներից մեկը մի քանի հարց ուղղելու համար։ Վագիֆի դուստրը և ԿԽՄԿ ներկայացուցիչը պնդել են, որ հարցերը կարող են ուղղել հենց անցակետում, այլ տեղ տեղափոխվելու անհրաժեշտություն չկա։ Դրանից հետո ադրբեջանցիները սպառնացել են, որ դա կանեն ուժի կիրառմամբ։ Այդ նույն ժամանակ, ըստ վկայությունների, «անցակետի» մոտ ինքնաձիգերով զինված բազմաթիվ ադրբեջանցի ծառայողներ են հավաքվել։
Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։
Այս բոլոր գործողությունները ընթացել են Վագիֆ Խաչատրյանի դստեր ներկայությամբ, որը փորձել է անել հնարավորը հոր առևանգումը կանխելու համար, սակայն նրան սպառնացել են ուժի կիրառմամբ։
68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ունի սրտանոթային հիվանդություն, տեղափոխվում էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն վիրահատության նպատակով։
Բուժառուներին Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխելուց առաջ ԿԽՄԿ-ն ստանում է բոլոր կողմերի՝ այդ թվում ադրբեջանական կողմի համաձայնությունը, ըստ այդմ՝ ձեռք բերված համաձայնությունից հետո ԿԽՄԿ-ն կրում է այդ անձանց անվտանգ տեղափոխման պատասխանատվությունը։
Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու դրա շրջանակներում նրա՝ այսպես կոչված կալանավորումը կեղծ և շինծու պատրվակ է նրան առևանգելու համար։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկություններով և իրականացված ուսումնասիրություններով հաստատվել է, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։
Ուստիև՝ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, որի իրավունքների պաշտպանության համար Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է՝
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հանդես գալ հրապարակային հայտարարությամբ՝ իրավական գնահատական տալով ադրբեջանական այս հանցագործությանը, ձեռնարկել ԿԽՄԿ մանդատից բխող բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու, մինչև վերադարձնելը Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու, նրա նկատմամբ խոշտանգման, կտտանքների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կառավարություններին ներկայացնել փաստեր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման և Արցախի ժողովրդի նկատմամբ համակարգային կերպով իրականացվող, էթնիկ զտման և ցեղասպանության անհերքելի նպատակ հետապնդող հանցագործությունների վերաբերյալ՝ ապահովելու անհրաժեշտ միջազգային ճնշում։
Միջազգային կազմակերպություններին՝ հիմք ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցվող ահազանգը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ, Ադրբեջանի նկատմամբ կիրառել հարկադրական և պատժիչ միջոցներ՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարման համար։
Լաչինի միջանցքը, որի մեջ է մտնում նաև Հակարիի կամուրջ, ըստ 2020 թվականի եռակողմ հայտարարության, գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը տեղի է ունեցել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հենակետից մի քանի մետր հեռավարության վրա, որի կանխման ուղղությամբ խաղաղապահների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքը համարվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածք և Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, ՌԴ կողմից պետք է ձեռնարկվեն բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու և Լաչինի միջանցքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ՝ կանխելով Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքերի կրկնությունը։

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում․ ՀՀ ՄԻՊ

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, իսկ նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ:

Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի տարածած նախորդ հրապարակման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկություններով և իրականացված ուսումնասիրություններով հաստատվել է, որ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։
Հետևաբար, այդ մասին Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
ԿԽՄԿ-ի կողմից հրատապ բժշկական օգնություն ստանալու նպատակով անձանց տեղափոխումը ՀՀ համաձայնեցվել է ադրբեջական իշխանությունների հետ, որից հետո է միայն ԿԽՄԿ-ն կատարել միջազգային մարդասիրական առաքելությունը։ Այլ կերպ՝ ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մարդասիրական նպատակով անձի տեղափոխմանը՝ այնուհետև ոչ իրավաչափ միջամտություն իրականացնելով մարդու հիմնարար իրավունքներին։
Սույնով Ադրբեջանը խախտում է 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևյան կոնվենցիան և Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին լրացուցիչ արձանագրության (Արձանագրություն 1) 37-րդ հոդվածը։
Պաշտպանը կարևոր է համարում շեշտել, որ պետությունների կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպության՝ կոնկրետ դեպքում՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելությանը խոչընդոտելն անթույլատրելի է և հակասում է նման կազմակերպությունների գործունեությանը վերաբերելի միջազգային-իրավական սկզբունքներին։
Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ դեպքում գործ ունենք ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետ՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում մարդու հիմնարար իրավունքներին միջամտության առնչությամբ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և այդ հարցով Պաշտպանը կապի մեջ է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային գործընկերների հետ»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՀ քաղաքացուն առեվանգելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն

2023թ. հուլիսի 29-ին, ժամը 10:20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետում ԿԽՄԿ ծառայողական Mercedes-Benz Sprinter մակնիշի 37 NN 253 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որպես բուժառու՝ ԱՀ ք. Ստեփանակերտից ՀՀ ք. Երևան տեղափոխվող, ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանի անձնագրի ստուգման ժամանակ, ըստ ազգային պատկանելության, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողները բացահայտ առևանգել են Վ.Չ.Խաչատրյանին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազություն:
«Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում 29.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով /Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը», – ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող ԼՂ բնակչին առևանգելը ռազմական հանցագործություն է․ ՀՀ ԱԳՆ

Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության:

Այս մասին ասվում ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստոև.
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ-ն նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին՝ հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ:
Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այն նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ:
Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն իսկ տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը:
Ավելին՝ այս գործելակերպը ևս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև ս.թ. մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը:
Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը և ևս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլև կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը:
Անընդունելի և դատապարտելի ենք համարում Ադրբեջանի կողմից այսօր իրականացված հանցավոր գործողությունը և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը: Ակնկալում ենք միջազգային հանրության միասնական և հստակ քայլերը, այդ թվում` առկա գործիքակազմի օգտագործումն՝ ուղղված Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման, Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության ապահովման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի ապահովման ուղղությամբ»։