ԵԽ գլխավոր քարտուղարը կրկին Լաչինի միջանցքը բացելու կոչ է արել

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը և Երևանին ու Բաքվին «իրական երկխոսության» կոչ է արել ՝ միջանցքով անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարությունը։

«Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով, և իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը», – նշել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը։

Նա դարձյալ կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

«Ես խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա», – հավելել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Հայաստանին և Ադրբեջանին եվրոպացի պաշտոնյան երկխոսության կոչ է արել։ «Ես նաև կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումն արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս», – եզրափակել է Բուրիչը։

Արցախի դատախազությունը ահաբեկչության հատկանիշներով Բերձորի միջանցքի շրջափակման առթիվ գործ է հարուցել

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Այնուհետև, անտեսելով և չկատարելով ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, որը վերահաստատվել է նույն Դատարանի 06.07.2023թ. որոշմամբ, 2023թ հունիսի 15-ից ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով կենսական ապրանքների, դեղորայքի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ 2023թ. հուլիսի 27-ին ՀՀ-ից ուղարկված շուրջ 400 տոննա մարդասիրական բեռների մուտքը Արցախի Հանրապետություն՝ այդ կերպ Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպել և իրականացրել է այլ գործողություններ, որոնք ուղղված են Արցախի Հանրապետության հայ բնակչությանը ոչնչացնելուն, որն էլ առաջացրել է ԱՀ Մարտակերտ քաղաքում մանկահասակ երեխաների մահ, ինչպես նաև մանկածնության խոչնդոտներ և այլ ծանր հետևանքներ:

Նկարագրված դեպքի առթիվ 28.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով /Միջազգային ահաբեկչությունը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Բելառուս

Բուլղարիա

Իսպանիա

Իտալիա

Իրան

Իրաք

Լեհաստան

Լիտվա

Հնդկաստան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

Շվեյցարիա

Ռումինիա

Ռուսաստանի Դաշնություն

Սերբիա

Ուկրաինա

Ֆրանսիա

ԿԽՄԿ

ՄԱԿ։

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների շուրջ 20 ներկայացուցիչ Գորիսում այս պահին հանդիպում են Արցախիի քաղաքացիների հետ, որոնք լիակատար շրջափակման հետևանքով չեն կարողանում վերադառնալ իրենց տուն: Հանդիպման հիմնական հատվածը դռնփակ է։

Պատժամիջոցներ Ալիևի և Պուտինի դեմ. Նիկոլ Փաշինյանը կհամարձակվի՞

Բերձորի միջանցք մարդասիրական ավտոշարասյուն ուղարկելը, միջազգային հանրության հետաքրքրություն առաջացնելը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​գերատեսչությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների այսօրվա այցը Կոռնիձոր կարող են ունենալ երկու շարունակություն.

1․ Հայաստանը, օտար պետություններին ցույց տալով (ի դեպ, Կոպիրկինը գնացե՞լ է) Ադրբեջանի և Ռուսաստանի ահաբեկչական էությունը, որոնք չեն արձագանքել հումանիտար բեռներ Արցախ ուղեկցելու Հայաստանի խնդրանքին, դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին եւ համապատասխան երկրներին՝ Ալիևի և Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով  որոնք, փաստորեն, արգելափակում են մարդասիրական մատակարարումները և տորպեդահարում միջազգային օրինական միջնորդությունը։ Հայաստանը դիմում է ԱՄՆ-ին՝ 907-րդ հոդվածը վերագործակցելու և Ադրբեջանին և Թուրքիային ռազմական աջակցությունը դադարեցնելու խնդրանքով։

2․Հայաստանի կառավարությունը, օտարերկրյա դեսպաններին ցույց տալով, որ «ոչինչ անել չի կարող», ևս մեկ անգամ պնդում է «Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն» և «Աղդամով» մարդասիրական բեռների առաքումը։

Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանի իշխանությունը։ Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը, օրինակ, Washington Examiner-ի հոդվածում կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ։ Նա Ալիևի գործողությունները համեմատեց 1990-ականների սկզբին տեղի ունեցածի հետ, երբ Թուրքիան և Ադրբեջանը շրջափակեցին Հայաստանը, և երբ ընդունվեց 907-րդ լրացումը։ Ինչ վերաբերում է այսօրվան, ինչպես գրում է Ռուբինը, պետքարտուղար Բլինկենի երկխոսության կոչին Ալիեւը պատասխանել է Երասխում կառուցվող ամերիկյան ձեռնարկությունը գնդակոծելով։

Նիկոլ Փաշինյանը կհամարձակվի՞ դեմ գնալ Ալիևին ու Պուտինին։ Մինչ այժմ նա ոչ միայն չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել Բաքվին ու Մոսկվային, այլեւ ամեն կերպ արդարացրել է նրանց քայլերն ու պաշտպանել նրանց։ Բառացիորեն երկու օր առաջ Փաշինյանը մեղադրել էր Ստեփանակերտին Բաքվի հետ երկխոսությունից հրաժարվելու մեջ՝ միաժամանակ նշելով, որ Բաքուն երբեք չի հրաժարվել երկխոսությունից։

Այս համատեքստում դժվար է պատկերացնել, որ Փաշինյանը պատժամիջոցներ կպահանջի Ալիևի դեմ։

Դեսպաններն ու միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր

Ազատություն

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված։ Նրանք Սյունիքում են ՀՀ արտգործնախարարության և կառավարության հրավերով։

«Նրանք այստեղ են տեղում տեսնելու իրավիճակը, տեսնելու, որ հումանիտար բեռը, որ նախատեսված է մեր արցախահայերի համար, դեռ կանգնած է։ Եվ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների շարունակում է կանգնած մնալ և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Երկրորդ օրն է պաշարված Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ մարդասիրական օգնությունը պետք է Արցախ տեղափոխվեր ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։ Ռուսական կողմից դեռ պատասխան չկա։

Մինչև ճանապարհ ընկնելը բեռնատարները Երևանում բացվել էին օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։

Արցախի ԱԺ նախագահը հայտարարել է հրաժարական տալու մասին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական կտա։ Արցախի ԱԺ նախագահն այդ մասին հայտարարություն է տարածել։

«Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,- ասված է հայտարարության մեջ:

Գյուլիստանի Բեգլարյանների մելիքական տան հիմնադիր Սև Աբովի տապանաքարը

Գյուլիստանի մելիքությունը կազմավորվել է 17-րդ դարի սկզբին, նրա տիրակալները Մելիք Բեգլարյաններն էին, իսկ նստոցը՝ Գյուլիստանի բերդը։

Րաֆֆին նշում է, որ Մելիք-Բեգլարյանները բնիկ ուտեացիներ են, Նիժ գյուղից։ Թե ի՞նչ հանգամանքներ ստիպեցին նրանց թողնել իրենց հայրենիքը և գաղթելով Ղարաբաղի կողմերը, Գյուլիստան գավառում նոր բնակություն հաստատել, — այդ մասին լռում է պատմությունը։ Միայն հայտնի է, որ առաջին գաղթականը, որին թուրքերը կոչում էին «Ղարա-յուզբաշի» (սև հարյուրապետ), իսկ հայերի մեջ հայտնի էր սև Աբով անունով, հասարակ մարդ չէր. նա իր հայրենիքում ժողովրդի կառավարիչ էր, հարուստ էր։

16-րդ դարի սկզբներին հանկարծ այդ «սև հարյուրապետը» հայտնվում է Ղարաբաղի կողմերում, բոլորովին աղքատ, իր հետ ունենալով միայն յոթ ընտանիքներ և մի քանի անասուններ, որ կրում էին նրանց ճանապարհի ծանրությունները։ Երևում է, որ իրենց հայրենիքում մի աղետալի դեպք էր եղել նրանց հետ, որի պատճառով, թե՝ կողոպտվել են, և թե՝ տարագրվել։

Գալով մի անծանոթ աշխարհ, նրանք ոչ բնակության տեղ ունեին և ոչ պատսպարան։ Թեև աշնան ցրտերը արդեն սկսվել էին, նրանք դեռ բնակվում էին իրենց չատրներում, Թարթառ գետի ձախ ափերի մոտ, այժմյան Թալիշ գյուղից փոքր ինչ հեռու։

Սև հարյուրապետի մասին պատմությունը շատ ժլատ է, տեղեկությունները սուղ են, բայց պահպանվել է մի ավանդույթ, թե ինչպես է Աբովը նոր աշխարհում ձեռք բերել տարածքներ։ Ըստ ավանդության, մի օր նրա գրաստները դաշտում արածելու ժամանակ վրա հասան մի խումբ ավազակներ և ավարի առին անասունները։ Սակայն մի քանի ժամից Աբովը մի քանի երիտասարդների հետ  վերադարձնում են ոչ միայն անասուններին, այլև կողոպտող ավազակներին, որոնց բոլորին կալանավորեցին։

Պարզվում է, սույն ավազակների համար Բարդայի խանը մեծամեծ պարգևներ էր խոստացել բռնողին։ Սև Աբովը խանից վարձատրություն չի պահանջում իր մատուցած ծառայության համար, միայն, որպես գաղթական մարդ, խնդրում է, որ իրեն բնակության տեղ տա։ Խանի որոշմամբ, որպես մշտական սեփականություն հին Թալիշ կամ Թարիջ գյուղը Գյուլիստանի գավառում, Հոռեկա վանքի մոտ տրամադրվում է Սև Աբովին։

Անհայտ է մնում Սև Աբովի կնոջ անունը, գիտենք միայն, որ նա ուներ մի քանի որդիներ։ Աբովին հաջորդում է Մելիք Յավրին, անունը հիշատակված է 1650 թվականին Թալիշի ավետարանում։ Վերջինիս հաջորդում է Մելիք-Բեգլարը, որի օրոք ընդարձակվում են մելիքության տարածքները։ Մյուս որդիների մասին պատմությունը լռում է։

Մելիք Աբովը թաղվում է Հոռեկա վանքի մոտ, ուր ներկայումս Մելիք-Բեգլարյանների տոհմական գերեզմանատունն է։ Նրա տապանաքարի վրա փորագրված է մի տող միայն, որից երևում է, թե նա վախճանվել է հայոց ՌՁԱ (1081) թվականին, իսկ փրկչական 1632 թվականին, «Այս է հանգիստ Ապաւ քովխին  Թւ ՌՁԱ(1632)»: Տապանաքարը աչքի  է  ընկնում  չորս  խաչերի  և  մարդկային  պատկերաքանդակներով: Տարածքը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։

Լուսանկարները Գագիկ Սարգսյանի

Արցախում օրենք են ընդունել ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերաբերյալ

Արցախի նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել է ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրինագծերով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանն ընդգծեց ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքների կարգավորման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է հնարավորություն վճարի դիմաց օգտագործման վերցնել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը:

«Օրենքի փոփոխության հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով կարգավորվեցին պետբյուջեի միջոցների հաշվին ամենամսյա վճարի տրամադրման հետ կապված հարաբերությունները: Ներկայում գույքը վարձակալությամբ տված ֆիզիկական և իրավաբանական անձանց զգալի մասը գտնվում է Արցախի սահմաններից դուրս և գործնականում ստացվում է այնպես, որ գույքը հանձնվում է վարձակալության դրա դիմաց բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովության նպատակով, վճարները պետական բյուջեի միջոցներից են վճարվում, և այդ գումարները Արցախի սահմաններից դուրս են գնում»,-ներկայացրեց Միրզոյանը՝ հավելելով, որ ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման դիմաց ամենամսյա վճար վճարելու պարտականությունը հանել:

Միաժամանակ գույքի օգտագործման անհրաժեշտության վերացման դեպքում, եթե գույքը վերադարձվում է վնասված, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա նրան կտրվի համարժեք փոխհատուցում՝ Արցախի կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթի իրավակարգավորումներով առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ: Մտքերի փոխանակությունից հետո օրինագծերի փաթեթն ընդունվեց 18 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Անցնել երեք պատերազմների միջով և պահպանել բարիությունն ու հավատքը

Լյուդմիլան կենսուրախ կին է՝ կյանքի դժվարին փորձառությամբ։ Իր կյանքի ընթացքում նա երեք պատերազմի միջով է անցել։

Ծնվել և մեծացել է Հադրութում։ 1991 թվականին, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, նա սովորում էր բժշկական քոլեջի վերջին կուրսում։ Պատերազմի պատճառով Լյուդմիլան չկարողացավ ձեռք բերել անհրաժեշտ տեսական գիտելիքների բազա։ Նա անմիջապես անցել է “պրակտիկ պարապմունքների” պատերազմական պայմաններում:

Կարիերան սկսել է դաշտային հիվանդանոցում: Այստեղ նա մեծ փորձ ձեռք բերեց, որն օգնում է նրան մինչ այժմ իր աշխատանքում։ Աշխատում էր որպես բուժքույր՝ մարտի դաշտում փրկելով վիրավոր զինվորներին։

Դժվար էր, բայց նա արժանապատվորեն անցավ բոլոր դժվարությունների միջով՝ գիտակցելով այն հսկայական պատասխանատվությունը, որն այն ժամանակ վստահված էր բուժաշխատողներին։ Ունի «Արիության համար», ինչպես նաև «Մայրական փառք» մեդալներ։ Պատերազմից հետո Լյուդմիլան անցավ քաղաքացիական աշխատանքի։

Աշխատել է Հադրութի հիվանդանոցում՝ որպես ինֆեկցիոն բաժանմունքի ավագ բուժքույր։ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, Լյուդան կրկին տեղափոխվեց հիվանդանոց՝ բժիշկներին օգնելու։ Այս անգամ պատերազմն արագ ավարտվեց, ու թվում էր, թե դժվարություններն անցել են։ Լյուդմիլան վերադարձավ առօրյա աշխատանքին, սակայն անդորրը երկար չտեւեց.

44-օրյա պատերազմը անակնկալի բերեց Լյուդմիլային. սեպտեմբերի 27-ին նա ընկերների հետ բարձրանում էր Դիզափայտի վանք։ Նրանց կանգնեցրել են հարազատների ու ընկերների բազմաթիվ զանգերը։

Հայտարարվեց լայնածավալ պատերազմ։ Լյուդան շտապեց աշխատանքի։ Հիվանդանոցում նա սարսափելի պատկեր է տեսել. բուժանձնակազմը չէր հասցնում սպասարկել վիրավորների հսկայական հոսքը։ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին հիվանդանոցը անվտանգության նկատառումներով տեղափոխվել է Ազոխ գյուղ։

Այնուհետեւ հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդի զորքերը մտան Հադրութ, հոսպիտալի կին բուժանձնակազմը ողջ բնակչության հետ տարհանվեց Հայաստան։ Լյուդմիլան ամեն ինչ թողել է Հադրութում՝ չհասցնելով անգամ իրերը վերցնել։ Պատերազմից հետո Լյուդմիլան վերադարձել է Արցախ։

2021 թվականից աշխատում է Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնում։ Նրա որդին այս դժվարին պահին ծառայում է Արցախի պաշտպանության բանակի շարքերում։

Լյուդմիլան, ինչպես բոլոր արցախցիները, ապրում է շրջափակման ծանր շրջան և անկեղծորեն հավատում է, որ մի օր կվերադառնա հայրենի Հադրութ։

Արսեն Աղաջանյան

Ինչ է երեք օրում կատարվել Արցախի շուրջ

Վերջին մի քանի օրերի ընթացքում արցախյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակում տեղի ունեցան մի քանի կարևոր իրադարձություն, որոնք կարող են փոխել Փաշինյանի «տարածաշրջանային խաղաղության օրակարգի» արատավոր պարադիգմը և բանակցությունները վերադարձնել միջազգային լեգիտիմ ձևաչափ՝ հիմնված միջազգային հիմնարար սկզբունքների վրա։ Եւ դրան “օգնեց” Լավրովը։

Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո Սերգեյ Լավրովը բացահայտեց Ռուսաստանի բոլոր խաղաքարտերը. Մոսկվան Արցախը տեսնում է որպես «ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում», որի իրավունքները պետք է հավասարեցվեն Ադրբեջանից Հայաստան վերադարձվելիք «ազգային փոքրամասնություններին»։

Մինչ Մոսկվայում հանդիպումներ էին ընթանում, Նիկոլ Փաշինյանը հինգժամյա ասուլիսի ժամանակ պատմում էր, թե ինչ վատ, ծույլ, դասալիք են ղարաբաղցիները, և չարժե նրանց համար պայքարել։ Նա հայտարարեց նաեւ «տարածաշրջանայինացման», այլ կերպ ասած՝ տարածաշրջանային երկրների հետ միաձուլման անհրաժեշտության մասին։

Փաշինյանի ու Լավրովի հայտարարություններից հետո Ստեփանակերտում հնչեցին ինքնիշխան հայտարարությունների նման դիմումներ։ Արցախի խորհրդարանը դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, որը կառուցվել է անբասիր իրավական հիմքերի վրա։ Հնչեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերսկսելու կոչեր։

Առաջին անգամ Արցախի խորհրդարանի դիմումում ռուսական կողմին գոհացուցիչ կոչեր չեղան։ Մինչ այդ Արցախի նախագահն ասել էր, որ մոսկովյան հանդիպման արդյունքները մեզ համար անընդունելի են, իսկ պետնախարարը նշել է, որ Ռուսաստանի փորձերը՝ հիմնավորելու կոնկրետ քայլերից հրաժարվելը, արդեն անտանելի են։ Իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորն իր հերթին բարձրաձայնեց Բաքու-Ստեփանակերտ երկխոսության պայմանը՝  միայն միջազգային ձևաչափով, ընդ որում՝ ձեւաչափը պետք է ունենա ոչ թե մեկ, այլ մի քանի միջնորդ։

Արցախի ԱԳՆ-ն նույնպես կոշտ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լավրովի հայտարարությունները «կանխորոշում են Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության արդյունքը» և արտացոլում են բացառապես Ադրբեջանի դիրքորոշումը։

Արցախի նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը նույնիսկ տարակուսանք է հայտնել՝ ինչո՞ւ պնդել Ստեփանակերտ-Բաքու անպտուղ երկխոսությունը, եթե Կոսովոն ու Աբխազիան ճանաչվել են առանց Պրիշտինայի ու Բելգրադի, Թբիլիսիի ու Սուխումի երկխոսության։

Հայաստանում գտնվող արցախցի փախստականները կոշտ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ապահովել իրենց վերադառձը հայրենիք՝ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի ուղեկցությամբ։

Մինչդեռ, երբ մոսկովյան հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Մոսկվային «չհաջողվեց» համոզել Բաքվին բացել Բերձորի միջանցքը, Հայաստանի կառավարությունը փորձեց Բերձորով մարդասիրական օգնության շարասյուն ուղարկել Ստեփանակերտ։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները ուշադրությամբ հետեւում են ավտոշարասյունին։ Այսօր այնտեղ կգնան Հայաստանում հավատարմագրված դեսպանները։

Կոռնիձորից Ստեփանակերտ օգնություն ուղեկցելու հայկական կողմի խնդրանքին ռուսական կողմը չի արձագանքել, իսկ Բաքուն դա անվանել է «սադրանք»։ Միջանցքի բացումը պաշտոնապես պահանջել են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիայի ԱԳՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ։

Ռուս փորձագետներն ասում են, որ Հայաստանին կարծես թե հաջողվել է արցախյան հիմնախնդրի քննարկումը եռակողմից հասցնել միջազգային հարթություն, իսկ դա նշանակում է եռակողմ ձեւաչափի ավարտ։ Մյուս կողմից, հենց Լավրովի հայտարարությունը վերջ դրեց ռուսական միջնորդությանը։

Շուկայական գներ, դիմադրություն իշխանությանը և ո՞ւր են գնում կանխիկ գումարները

Ստեփանակերտցիները կարծում են, որ կառավարության ոչ մի որոշում չի կարող ազդել գների վրա. գյուղական ապրանքների շուկան է թելադրում պայմանները։ Տնտեսագետները նշում են, որ շուկայական նման քաղաքականությունը կհանգեցնի կանխիկի շրջանառության սառեցմանը։

Արցախի իշխանությունն այսօր պայքար է սկսել «գները ուռճացնող սպեկուլյանտների» դեմ՝ կիրառելով վարչական մեթոդներ և հարկադիր կարգավորիչ միջոցներ։

Իսկ Տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական ​​հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտների համար հրապարակել է մանրածախ առևտրի առավելագույն թույլատրելի գները բանջարեղենի և մրգերի համար։

Սակայն ստեփանակերտցիները նշում են, որ տեղական արտադրանքը, մեկ է, «թանկ է վաճառվում և դեռ կվաճառվի»։

«Կրկին դիմում եմ Արցախում իրենց ապրանքը վաճառողների խղճին։ Այս փողը ձեր կոկորդին չի՞ մնում: Չե՞ք խեղդվելու: Հիմա հասկանում եմ, թե ինչու եմ միշտ նախընտրել առևտուր անել հայաստանցի մեր հայրենակիցների հետ՝ քանի որ նրանք խղճով են։ Իսկ դուք՝ տեղացիներդ, անարժան եք վարվում՝ նախընտրում եք ապրանքը դեն նետել, քան այն ավելի էժան վաճառել հայրենակիցներին։ Սովորական լոլիկի կիլոգրամը 2000 դրամ, վարդագույն քաղցր լոլիկը 2800 դրամ, չոր լոբին 2500 և 2800 դրամ, սոխ 1200 դրամ, սալոր 2000 դրամ, թթու-կանաչ ալըչա 2000,  կանաչի՝ 650 դրամ մեկ փնջի համար, վարունգ – 1500, 4.800 տավարի միս, խոզի միս ընդհանրապես 5.500։ Մենք արդեն հասկացել ենք, որ Եվրոպայում ենք ապրում՝ մկները գրպանում»,- գրել է ստեփանակերտցիներից մեկը։

Կառավարության որոշումը չի կատարվում, տեղական բանջարեղենի ու մրգի գները չեն փոխվում»,- ասաց Ռուզաննա Ա-ն։

Շուկայում և փողոցներում վաճառողներն վստահեցնում են, որ գյուղական ապրանքների գները սահմանում են հենց գյուղացիները, իսկ իրենք միայն վերավաճառողներ են, և ավելացնում են միայն իրենց 10-15 տոկոս միջնորդավճարը։

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում ասացին, որ գյուղացին շատ դեպքերում նախընտրում է իր ապրանքը ոչ թե ինքը վաճառել, այլ փոխանցել վերավաճառողին։ Վառելիքի դեֆիցիտի պայմաններում արտադրանքը շատ հազվադեպ է հասնում շուկա, իսկ եթե գյուղացին կարողանում է իր ապրանքը բերել քաղաք, ապա նախընտրում է այնպիսի գին սահմանել, որը կարող է «հատուցել ծախսերն ու ֆիզիկական ու բարոյական տառապանքները»։

Ստեփանակերտի բնակիչ Սեյրան Մ.-ն ասում է, որ կարող է հասկանալ այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց այգուց աճեցրած ապրանքն ավելի թանկ վաճառել, քանի որ տնկել, խնամել, բերքահավաք են արել։ «Բայց ես չեմ հասկանում, թե ինչու սահմանել առասպելական գներ անտառում հավաքված հատապտուղների և վայրի մրգերի համար։ Վայրի մոշի կիլոգրամը 3500 դրամով, ընկույզը 3000-ով։ Հետաքրքիր է, որքան կարժենան մասուրն ու հոնը”։

Տնտեսագետ Մարիամ Գ.-ն կարծում է, որ կառավարությունը ոչ միայն պետք է պայքարի սպեկուլյացիայի ու ուռճացված գների բարգավաճման դեմ, այլեւ վերահսկի փողի հոսքը։

Նա նշեց, որ ամբողջ կանխիկ գումարը գնում է գյուղաբնակների և սպեկուլյանտների գրպանները։ Որովհետև սուպերմարկետներն ու այլ խանութները փակ են։

Նշենք, որ շրջափակումից ի վեր 1450 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 33.9%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարության պատճառով դադարեցրել է իրենց գործունեությունը, իսկ 2827 տնտեսվարող սուբյեկտ՝ մասնակիորեն՝ օգտագործելով արտադրական հզորությունների աննշան բաժինը կամ պետության աջակցությունը։

Հասկանալի է, որ գյուղի բնակիչը վաճառքից ստացված գումարը չի տանի բանկ, այլ կթողնի իր գրպանում։ Նույնը կանի շուկայի աշխատողը կամ վերավաճառողը: Արդյունքում՝ շրջափակման պայմաններում, երբ դրսից դրամական հոսք չկա, առաջանում է կանխիկ գումարի պակաս։ Մարդիկ էլ են դա հասկանում, ու հենց աշխատավարձ կամ թոշակ է լինում, բոլորը վազում են բանկոմատներ՝ կանխիկացնելու։ Դրա համար բանկոմատներում նման հերթեր են գոյանում»,- ասաց մասնագետը։

Նա նշեց, որ եթե շրջափակումը երկար ձգվի, և կառավարությունը ժամանակին չմտածի այդ միտումի մասին, ժամանակի ընթացքում կարող են լուրջ ֆինանսական դժվարություններ և խնդիրներ առաջանալ։

 

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները կայցելեն Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները հուլիսի 28-ին կայցելեն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված:

«Արմենպրես»-ի թղթակից հաղորդմամբ՝ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Արդեն 1 օրից ավելի հումանիտար բեռները գտնվում են Կոռնիձորի հատվածում: Եվ որևէ տեղաշարժ չկա»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս առումով արդեն իսկ կա միջազգային արձագանք տարբեր կողմերից, մասնավորապես, Լիտվայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Դանիայից:

«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, և բեռների ու բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար որևէ խոչընդոտ չկա՝ ի ցույց աշխարհի փաստը մնում է այն, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված ԼՂ բնակչությանը որևէ կերպ չի կարողանում հասնել շարասյան մեջ գտնվող հումանիտար բեռը»,- ասաց Սարգսյանը:

Այս առումով իրավիճակը չի փոխվել, նոր զարգացում չկա, դեռևս սպասում են պատասխանի՝ բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:

«Վաղը նախատեսվում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան՝ Կոռնիձորի հատված»,- հայտնեց Սարգսյանը:

Նա ընդգծեց կրկին՝ առաջնային նպատակն ի սկզբանե եղել ու մնում է ԼՂ ժողովրդին հումանիտար օգնությունը հասցնելը: Եվ այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը:

«Կապն ըստ սահմանված կարգի հաստատվել է ռուս խաղաղապահների հետ, համապատասխան խողովակներով նաև Ադրբեջանի հետ, ուղեբեռի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է, որ հնարավոր մանիպուլյացիաների չենթարկվի»,- ասաց Սարգսյանը: