Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Լավրովի հայտարարության վերաբերյալ

2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով ՌԴ արտաքին գործերի նախարարի կողմից լրատվամիջոցների համար արված մեկնաբանության առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.

Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Երախտապարտ ենք Ռուսաստանին Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի դադարեցման գործում ունեցած բացառիկ ավանդի և Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության համար։

Ի գիտություն ենք ընդունել, որ հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր գնահատականներն այն քայլերի վերաբերյալ, որոնք խիստ ցանկալի է ձեռնարկել անմիջապես և առանց հապաղելու՝ հօգուտ Արցախի բնակչության՝ սննդամթերքով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման, ինչպես նաև ապահովել էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։

Կասկածի տակ չառնելով Ռուսաստանի ձգտումը օգնել կողմերին՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման, և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ: Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը։

Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և հիմնավորելու իր հրաժարումը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝  միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որին Ռուսաստանն ինքն է բազմիցս հղումներ կատարել: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումն ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման տրամաբանության շրջանակներում  գտնելու փորձերը կտրված են իրականությունից  և չեն կարող հանգեցնել արդար, հավասարակշռված և արժանապատիվ խաղաղության։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բացահայտ կերպով արհամարհում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների իրագործման, միջազգային հումանիտար իրավունքի պահանջների կատարման և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ցանկացած պնդում, թե Ադրբեջանը հոժար կամքով կպահպանի ինչ-որ մեխանիզմներ, ամբողջությամբ հիմնազուրկ է: Հակամարտության կարգավորման նման տեսլական պարտադրելու փորձերը հղի են աղետալի հետևանքներով։

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե բանակցությունների ամենազգայուն հարցը «եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում և նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից  Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրին լիովին համապատասխան», տեղին ենք համարում կրկին հիշեցնել, որ նախքան այդ փաստաթղթի ստորագրումը, Արցախի Հանրապետությունն արդեն ավարտել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու գործընթացը՝ Խորհրդային Միության օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Ավելին, Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ համընդհանուր  նորմերով ու սկզբունքներով։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը։ Միևնույն ժամանակ, տարբեր իրավական նորմերի հարաբերակցության մեկնաբանումը ենթարկվում է միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի զարգացման ընդհանուր տրամաբանությանը: Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության դեպքերում ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակա է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Այս բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը բազմիցս հղում է արել։ Համակարծիք ենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության վերաբերյալ ռուսական կողմի բազմիցս հնչեցրած մեկնաբանության հետ: Տվյալ մոտեցումն ամրագրված է նաև տարբեր երկրների դատական պրակտիկայում։

Խստորեն հորդորում ենք միջազգային դերակատարներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել բացառապես միջազգային իրավունքի սկզբունքներով և մարդկանց շահերով, ովքեր արդեն շուրջ 8 ամիս է գտնվում են հումանիտար աղետի եզրին և էթնիկ զտումների աճող սպառնալիքի տակ։

Ավանեսյան. Արցախի իշխանությունները պետք է շարունակեն այն, ինչ սկսել են այսօր

Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը պնդում է, որ Հայաստանի վարչապետի գործողությունները, մասնավորապես՝ Արցախին վերաբերող փաստաթղթերի տակ նրա ստորագրությունը կարելի է ամփոփել «առ ոչինչ» իրավական եզրույթի ներքո։

«Ալիևն անընդհատ խոսում է Փաշինյանի ստորագրության մասին։ Մենք ստորագրությունը համարում ենք «առ ոչինչ», մենք համաձայն չենք, և մեր հարցերը պետք է ինքներս լուծենք»,- Step1.am-ին ասաց Արցախի Հանրային խորհրդի և Համաժողովրդական շարժման շտաբի միջանցքի ապաշրջափակման նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանը։

«Միայն այդ կերպ պետք է մեր իշխանություններին մոտենալ խնդրին և սկսել ինչ-որ բան անել Արցախի ապագայի համար։ Մենք անկախություն ենք հռչակել, ինչը նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի անկախ ու ինքնիշխան։ Արդեն կորցրել ենք 6-7 ամիս։ Ի վերջո, ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը չէ, որ մեզ փակել է այստեղ։ Դեռ ուշ չէ սկսել ճիշտ գործել և դուրս գալ այն արատավոր շրջանից, որի մեջ անընդհատ մեզ խրում են»,- ասաց Ավանեսյանը։

Հարցին, թե ի՞նչն է խանգարում Արցախին ավելի ակտիվ լինել արտաքին քաղաքականության մեջ և անել կոնկրետ քայլեր, ակտիվիստն առանձնացրեց «մարդկային ռեսուրսների պակասը»։

Ավանեսյանը դրական է գնահատել Արցախի խորհրդարանի այսօրվա հայտարարությունը և հավելել, որ «Արցախի իշխանությունները» պետք է ակտիվորեն շարունակեն այն, ինչ սկսել են այսօր։

Ժաննա Կրիկորովա. Ստեփանակերտում թատերական արվեստի հսկայական պահանջարկ կա

Step1.am-ի հյուրն է՝ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղավերստական ղեկավար եւ ռեժիսոր Ժաննա Կրիկորովան։

Ես ծնվել եմ Ռուսաստանի Հեռավոր Հյուսիսում, Նորիլսկում, այն ժամանակ այս քաղաքը համարվում էր աշխարհի ամենահյուսիսային քաղաքը: Երբ 16 տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Երևան, որտեղ ավարտեցի միջնակարգ դպրոցը, այնուհետև ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը՝ ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Իմ բոլոր մայրական և հայրական նախնիները ղարաբաղցի են։ Ամառային արձակուրդներին մենք միշտ գալիս էինք այստեղ, իսկ Ստեփանակերտում մեզ ասում էին “դաչնիկներ”։ Այնպես որ, իմ ամբողջ կյանքը կապված է Արցախի հետ։

90-ականների հենց սկզբին ես ստիպված էի հեռանալ այն դպրոցից, որտեղ աշխատում էի համալսարանն ավարտելուց հետո։ Շևչենկոյի անվան միջնակարգ դպրոցն, ինչպես Երևանի ռուսական մյուս դպրոցները մի ակնթարթում հայկականացան, նոր տնօրեն նշանակվեց՝ ՀՀՇ կուսակցության անդամ, ում հետ կոնֆլիկտ ունեցա, որն էլ որոշեց իմ հետագա ճակատագիրը։ Ես մտա լրագրության և հասարակական ոլորտ: Այնպես որ, Արցախի հետ հարաբերությունները դուրս են եկել ազգակցական-բարեկամական կապերի մակարդակացից, եւ այն ժամանակվանից իմ մասնագիտական ​​ողջ գործունեությունը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ։

2005 թվականին վերջնական տեղափոխվեցի Արցախ՝ հրավիրվեցի աշխատելու արտաքին գործերի նախարարությունում, որտեղ աշխատեցի մինչև 2012 թվականը։ Ապրել եմ Շուշիում։ Բայց եկավ պահը, երբ հասկացա, որ այն ամենը, ինչ անում եմ, ինչի վրա ժամանակ և ջանք եմ ծախսում, չի տալիս սպասված արդյունքը։ Եվ ես որոշեցի վերադառնալ դասախոսության:

Մեսրոպ Մաշտոց համալսարանն իր դռները բացեց իմ առաջ, որտեղ զբաղեցրի ուսանողական գծով պրոռեկտորի պաշտոն։ Իսկ առաջին նախագիծը, որ սկսեցինք աշակերտական ​​խորհրդի հետ, «Թափառող շան նկուղը» բանաստեղծական ներկայացումն էր։ Այսպես ծնվեց մեր «Թափառող շուն» արթ-​​ստուդիան, ու ուսանողական թատրոնը դարձավ իմ կյանքում գլխավորը։ Ի սկզբանե թատրոն ստեղծելու նպատակ չկար, ուղղակի ուզում էի երիտասարդներին ներգրավել բարձր գրականության տարածություն, օգնել նրանց բացահայտել իրենց, ցույց տալ ինքնազարգացման ու ինքնաճանաչման ուղիներից մեկը։

Մինչեւ 2020 թվականը մեր արթ-ստուդիան թողարկել է գրեթե երկու տասնյակ ներկայացումներ, այդ թվում՝ մանկական ստուդիան, որը բացել ենք 2017 թվականին։ Դրանք հիմնականում բանաստեղծական ներկայացումներ էին և հեքիաթներ երեխաների համար։ Ես ինքս եմ գրում պիեսները, բայց ոչ թե այն պատճառով, որ գործնականում բանաստեղծական պիեսներ չկան, այլ շատ ավելի կարևոր պատճառով՝ քանի դերասան կա այս պահին, այդքան դեր պետք է լինի բեմում։ Մենք երբեք քասթինգ չենք արել, աշխատել ենք ցանկացողների հետ, որոնց աչքերը վառվում էին, ովքեր պատրաստ էին հաղթահարել իրենց։

Պատերազմն իր ուղղումները մտցրեց. ես կորցրել եմ ամեն ինչ՝ և՛ տունը, և՛ փաստագրական հիշողությունը իմ ընտանիքի, իմ, երեխաներիս ողջ կյանքի մասին, այս ամենը թաղվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Շատ դերասաններ գնացին, ես ինքս, ճակատագրի կամոք, խրվել եմ Երեւանում։ Բայց երբ իմ կյանքում հայտնվեց ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Սերգեևիչ Բորդովը, ում հետ ինձ կապեց մեր ստուդիայի դերասանուհի Էմմա Օգոլցովան, մեր թատերական կյանքում, կարելի է ասել, նոր փուլ սկսվեց։

Ալեքսանդր Սերգեևիչն առաջարկել է ուսանողական թիմի հիման վրա ստեղծել Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը։ Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ընդունեցի այս առաջարկը, վերադարձա Արցախ և գրեթե անմիջապես սկսեցի աշխատել նոր ներկայացման վրա։ Այսպես ծնվեց մեր թատրոնը, որը, իհարկե, դեռ ձևավորման փուլում է, բայց մեկ տարում թողարկեցինք 4 ներկայացում, և մոտ ապագայում նախատեսվում է ևս մեկ պրեմիերա։ Հավանաբար, կարևոր է նշել, որ վերջին երեք ներկայացումները թողարկվել են շրջափակման պայմաններում։ Իհարկե, ժանրային դաշտն ընդլայնվել է. չէ՞ որ թատրոնը դրամա է, բայց պոեզիան էլ չի մոռացվել՝ վերջերս կայացած պրեմիերան՝ «Բարձրաձայն» պիեսը սոցիալական դրամա է՝ հիմնված Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության վրա։

Թատրոնը պետք է տուն ունենա։ Ոչ միայն այն պատճառով, որ թատրոնը կոչվում է արվեստի տաճար։ Թատրոնը ամենամեծ առեղծվածն է, այն կախարդանք է, երբ քո աչքի առաջ տեղի է ունենում ողջ աշխարհի ծնունդն ու մահը։ Իսկ Ստեփանակերտում թատրոնները տուն չունեն. Այո, իհարկե, մեր Փափազյանի անվան պետական ​​թատրոնը Երիտասարդական պալատի փոքրիկ դահլիճում գրեթե ոչնչից կարողացավ թատերական բեմ ստեղծել։ Բայց նույնիսկ սա շատ հեռու է թատրոն համարվելուց, այնպիսի թատրոնից, որը եղել է Ստեփանակերտի հին թատրոնը, որը Ստեփանակերտի ավագ սերունդը հիշում ու վերհիշում է կարոտով։ Նրանք թատրոն էին գնում, ասես տոն լիներ. տղամարդիկ հագնում էին իրենց պաշտոնական կոստյումները, կանայք՝ իրենց ամենանրբաճաշակ զգեստները, դերասանները հարգվում էին որպես ազգային հերոսներ, իսկ ներկայացման ծրագրերը պահվում էին որպես գեղեցիկի հետ հանդիպման թանկագին հիշողություն։ Մենք կորցրել ենք այս մշակույթը, հարգանք չունենք թատրոնի նկատմամբ՝ որպես տաճարի, նորմալ ենք համարում 15 րոպե և ավելի ուշանալը, թույլ ենք տալիս մեզ խոսել բեմում գործողության ժամանակ, սկսում ենք հեռախոսը առաջին րոպեներից սեղմել, քանի որ ժամանակակից դիտողի համար գլխավորը սոցցանցում նկարներ տեղադրելն է՝ որպես ապացույց, որ դու մասնակցում ես մշակութային միջոցառումներին, այլ ոչ թե այն, ինչ դրանից ես քաղում:

Ռուսական դրամատիկական թատրոնը դեռ անօթևան է, մենք ունենք ընդամենը մի փոքրիկ արհեստանոց, որտեղ մենք պրեմիերային ընդառաջ փորձեր ենք անում, մեզ հաջողվում է բեմում աշխատել, լավագույն դեպքում, մեկ շաբաթ: Ինչ արած, հյուրերի կարգավիճակով ենք աշխատում, և մեզ տրամադրվելիք բեմը գրեթե միշտ զբաղված է։ Բայց Փափազյանի անվան թատրոնն երբեմն մեզ շատ է օգնում, ինչի համար շնորհակալ ենք թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանին։ Նաև հաճախ փորձերի դահլիճը մեզ տրամադրում է Ազնավուրի անվան Մշակութային կենտրոնը։ Բայց կենտրոնի դահլիճը սարսափելի վիճակում է, գրեթե վթարային, և, բացի այդ, բեմն ամբողջովին ոչ թատերական է, ինչը գրեթե զրոյացնում է բերում ներկայացման դիտարժանությունը։

Կարելի է երկար-բարակ խոսել Ստեփանակերտի թատրոնի խնդիրների մասին. ֆինանսական միջոցների սղություն, բեմադրության, ձայնային և լուսային ձևավորման ոլորտում պրոֆեսիոնալ կադրերի բացակայություն, դերասաններ, ռեժիսորներ չկան, սա մի առանձին զրույցի թեմա է։ Բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվում է բեմադրություններ անել, կարողանում ենք հիացնել ու զարմացնել հանդիսատեսին։ Եվ դա տեղի է ունենում դերասանների խանդավառության, թատրոնին ծառայելու և ցանկացած առաջադրանք կատարելու պատրաստակամության շնորհիվ. չէ՞ որ նրանք պետք է լինեն և՛ բեռնիչներ, և՛ ատաղձագործներ, և՛ նկարիչներ, և՛ դեկորատորներ։ Դա տեղի է ունենում մեր հանդեպ ունեցած հավատի և մեր տնօրեն Ալեքսանդր Բորդովի աջակցության և Յուրի Նավոյանի, իրավագիտության դոկտոր Սամվել Կարախանյանի գլխավորած «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության ֆինանսական և տեխնիկական աջակցության և «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի շնորհիվ։ Եվ ամենակարեւորը, քանի դեռ հասարակության մեջ թատերական արվեստի հսկայական պահանջարկ կա։

Օգնությունը կանգնեցնելը խաթարում է խաղաղության շուրջ վստահության ձևավորման ջանքերը.ԱՄՆ դեսպանություն

Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ձևավորման ջանքերը։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ կարեւորելով Լաչինի միջանցքով ազատ փոխադրումների վերականգնումը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱՄՆ դեսպանին՝ խնդրելով մեկնաբանություն, որ չնայած միջազգային արդարադատության դատարանի որոշումներին ու միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակոմ է Արցախի տոտալ շրջափակումը՝ 120.000 հայի դատապարտելով սովամահության։ Որքանով է սա նպաստում տարածաշրջանում վստահության, խաղաղության ու կայունության հաստատմանը։

Ստեփանակերտում 200 անուն դեղամիջոցի են սպասում

Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ 7 ամսից ավելի մշտական ​​թերսնումն ու հոգեբանական սթրեսը զգալիորեն ազդում են երեխաների և հղիների առողջության վրա։ Աճել է տարբեր տարիքի մարդկանց մահացության վիճակագրությունը, եռապատկվել է վաղ փուլերում հղիության ինքնաբուխ ընդհատման ցուցանիշը։ Աճել են նյարդային հիվանդությունները.

Նախարարությունում նշել են, որ դեղերի բացակայության պատճառով բոլոր վիրահատությունները չեղարկվել են, և վիրաբուժական օգնությունը տրամադրվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Վառելիքը շտապօգնության ծառայությանը տրամադրվում է սահմանափակ քանակությամբ՝ ծանր, արտակարգ դեպքերի տեղափոխման համար։

Դեղատներում դեղեր չկան։

«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ Արցախի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության շարասյունն անցնի Բերձորի միջանցքով. Կոռնիձորում լռված բեռնատարների մեջ, պարենային օգնության հետ մեկտեղ, կա մի քանի տոննա դեղարայք՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրած, այդ թվում՝ երեխաների և մեծահասակների համար առաջին անհրաժեշտության դեղեր։ Ավելի քան 200 անուն», – նշել են Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Մի՞թե Պրիշտինայի ու Բելգրադի միջև երկխոսության հիման վրա է Կոսովոն միջազգային ճանաչում ստացել

Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Մասիս Մսիլյանը գրում է
Ո՞վ պետք է լինի Արցախի Հանրապետության իշխանությունների զրուցակիցը Արցախի ժողովրդի իրավունքների (այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի) ու անվտանգության ապահովման հարցում։ Արդյո՞ք դա պետք է լինի մի երկիր, որը աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվելուց ի վեր բազմիցս փորձել է զավթել Արցախը և ոչնչացնել նրա ադրենածին հայ ազգաբնակչությանը, թե՞ միջազգային առանցքային դերակատարները, որոնք իրենց սեփական շահերն ունեն տարածաշրջանում:
Մի՞թե Պրիշտինայի ու Բելգրադի միջև երկխոսության հիման վրա է Կոսովոն միջազգային ճանաչում ստացել՝ հավաքական Արևմուտքի հովանու ներքո։ Կամ մի՞թե Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան, Հարավային Օսիան և Ուկրաինայի ինքնավար և ոչ ինքնավար կազմավորումները վերջիններիս, համապատասխանաբար, Թբիլիսիի և Կիևի հետ երկխոսության արդյունքների հիման վրա։

Ի՞նչ է խոսվել մոսկովյան հանդիպմանը. Միրզոյանն արձագանքում է Լավրովին

Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների»՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ», – ասել է Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան բանակցություններից հետո Սերգեյ Լավրովի խոսքերը։

Ըստ էության, Լավրովն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։

«Մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել», – նշել է արտգործնախարար Միրզոյանը՝ հավելելով, որ հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։

«Եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:

Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները», – հավելել է նա։

«Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ», նաև սա էր հայտարարել Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն։

Արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը, հետաքրքրվել են Արարատ Միրզոյանից ԶԼՄ-ները։

«Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով», – արձագանքել է նա։

ՀՀ-ն չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան

Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ըստ էության, հերքելով ադրբեջանական կողմին։

Բաքուն, հղում անելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, շարունակում է պնդել, որ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։

Արտգործնախարար Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբրի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, որը ադրբեջանական կողմը փակ է պահում դեկտեմբերի 12-ից։

«Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։

Հատկանշական է, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի, և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է», – ընդգծել է նա:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումները վերահաստատում են հայկական կողմի այս դիրքորոշումը։

Չնայած այդ որոշումներին, Ադրբեջանը ոչ միայն չի բացել կամ ապահովել Լաչինով ազատ տեղաշարժը, այլև Հակարիի կամրջի վրա սեփական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից, Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Նաև ԿԽՄԿ-ն է ահազանգել՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։ Հեղինակավոր Freedom House-ը կոչով դիմել է Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր խաչին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը փոխադրել։

Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։

Արցախ ուղարկվող բեռնատարները երեկ բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել են ապրանքատեսակներին, սակայն դրանք դեռևս Արցախ չեն հասել։

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը

Ֆրանսիան իր ափսոսանքն է հայտնում Բաքվի կողմից Լաչինի միջանցքի համառ արգելափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին ու վնասում է բանակցային գործընթացին, հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը։

Փարիզն իր ամբողջական աջակցությունն է հայտնել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Ֆրանսիան Բաքվին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

«Եվրոպական միության հետ համատեղ, Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ։

Արցախի խորհրդարանը դիմել է ՄԱԿ երկրներին՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով

Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և Մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի «Բնակչությունը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտավորության մասին» բանաձևի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության մասին համաժողորդական հանրաքվեի արդյունքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքի, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշման, հակամարտ կողմերի միջև 1994 թվականի մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թվականի մարտի 31-ին ԵԱՀԿ Ղեկավար կազմի Առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եվրախորհրդարանի 2023թ-ի հունվարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» բանաձևը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատված հուլիսի 6-ին) որոշումների, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի հունիսի 22-ի բանաձևի վրա.
📍Խստորեն դատապարտելով, որ ադրբեջանական կողմն առայսօր պարբերաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները.
📍Ուշադրություն հրավիրելով, որ մինչև հիմա Ադրբեջանը չի կատարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտավորությունները և ամեն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչը, ըստ Հայտարարության դրույթների, պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո.
📍Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են։ Այս կապակցությամբ արձանագրում ենք հետևյալ իրողությունները.
📍 Ադրբեջանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թվականի հունվարի 30-ին, անդամագրվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը (ԵԱՀԽ, 1995 թվականից՝ ԵԱՀԿ), ստանձնել է պարտավորություններ:
ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանությունը, պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում եղած տարաձայնությունների փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվել են իրենց համաձայնությունը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելով։
📍Ադրբեջանը խախտելով ստանձնած պարտավորությունները՝ սանձազերծել է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ։ Կազմակերպելով իր ինքնապաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն արժանի դիմադրություն ցույց տվեց և պաշտպանեց իր անկախությունը 1992-1994 թվականներին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում։ 1994 թվականի մայիսին Ադրբեջանն ստիպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրել «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչված էր միջազգային հանրության կողմից։
📍 Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բազմամյա բանակցությունների գործընթացը, 2016 թվականի ապրիլի 2-ին վերստին լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է Ոուսաստանի Դաշնության միջամտությամբ։
📍 Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ և ռազմական գործողությունների անմիջական կառավարմամբ, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածավալ ռազմական ագրեսիայի
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից» Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում։
📍Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հրահանգով և համակարգմամբ 2022թ. դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, «բնապահպանների» անվան տակ Շուշի-Քարինտակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և արգելափակել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու Հայաստանի Հանրապետությունների միջև գործող միակ ցամաքային Լաչինի միջանցքը, նաև խափանելով այդ տարածքով էներգակիրների՝ գազի և էլեկտրականության մատակարարումը:
📍2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ադրբեջանին պարտավորեցվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:
📍2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար՝ երկու ուղղություններով, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին:
📍Արհամարհելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները, Ադրբեջանը սույն թվականի ապրիլի 23-ին, ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում՝ խորացնելով շրջափակումը, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ պաշարման մեջ առնելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։
📍Այսօրինակ հակամարդկային գործողությունների հետևանքով Արցախում բնակվող 120 հազար խաղաղ բնակիչները (այդ թվում 30 000 երեխաներ) հայտնվել են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրական վտանգի առջև, շուրջ 30 հազար բռնի տեղահանվածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության վայրեր:
📍Հետապնդելով Արցախը հայաթափելու և ուժի կիրառմամբ այն իր կազմի մեջ բռնակցելու անթաքույց նպատակ և, անպատժելիության պայմաններում խախտելով միջազգային իրավունքի գործող նորմերը, Ադրբեջանը հետևողականորեն ապօրինի կերպով զավթում է Լեռնային Ղարաաբաղի (Արցախի) Հանրապետության նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում և ահաբեկում խաղաղ բնակչությանը, ամեն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունեությունը՝ անտանելի դարձնելով մարդկանց կյանքը, միևնույն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր։
📍Ահազանգելով, որ Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված ԼՂ (Արցախի) Հանրապետության բնակչությունը կանգնած է ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԵԼՈՒ և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ՑԵՂԱՍՊԱՆ գործողությունների վտանգի առջև.
📌Հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը,
📣ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է
ՄԱԿ-ի անդամ պետություններին և
📣ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.
📍 Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը.
📍Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.
📍Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա։
«___27__»___Հուլիսի___2023 թ․
ք. Ստեփանակերտ

Սերը, հայկական ֆուտբոլը և Արցախի «ԶԱԳՍ»-ը

Նկարում Արմանը և Ամելին են՝ Արմանը Երևանից է, իսկ Ամելին` Արցախի Աշան համայնքից։

44 օրյա պատերազմից հետո որոշել են միասին տեղափոխվել Արցախ դասավանդելու, այն ժամանակ դեռ չգիտեին, որ մոտ ժամանակներում ընկերություն են անելու, իսկ 2023 թ․ հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականի վերնաշապիկներով ամուսնանալու են շրջափակված Արցախում։ Խոստովանում են, որ այս երկու տարիները բավականին դժվար էին․ Ամելին դասավանդում էր Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքում, իսկ Արմանը Մարտակերտի շրջանի Հաթերք համայքում։

Գյուղերի միջև հեռավորությունը մոտ 30 կմ էր, անձնական մեքենա չկար, հանրային տրանսպորտ ևս, և Արմանը ավտոստոպով ամեն ուրբաթ ուղևորվում էր դեպի Կոճողոտ, իսկ կիրակի վերադառնում Հաթերք։ Հետո, ինչպես Ամելին է ասում, սկսվեց «կյանք վարժապետանց»-ը՝ հետաքրքիր, արկածային, բայց և դժվար ու պարտավորեցնող, որը անհնար կլիներ հաղթահարել, եթե միմյանց չօգնեին։

Այդ ընթացքում նաև անձնական մեքենա ձեռք բերեցին, բայց դե․․․սկսվեց շրջափակումը և փորձությունների մի նոր փուլ՝ վերադարձավ հին և բարի ավտոստոպը։

Եվ ահա հետ նայելով և հասկանալով, թե ինչքան դժվարություն, ուրախություն, տխրություն և արկածային օրեր են ունեցել միասին, հարց են տվել միմյանց «զադերժկան ինչումնա՞» (հետաձգելու իմա՞ստը) և որոշեցին ամուսնանալ հենց շրջափակման պայմաններում՝ Հայաստանի հավաքականի շապիկներով, հարսանիքից 1 ժամ առաջ գնված մատանիններով, 2500 դրամով վարձով վերցված հարսի քողով ու լիքը լիքը սիրով։

Մենք գիտենք, որ գրեթե բոլորին հետաքրքիր է, թե ինչի ավանդական հարսանեական հագուստին Ամելին ու Արմանը նախընտրեցին Հայաստանի հավաքականի վերնաշապիկները, որոնք ի դեպ գնվել են 2008թ․ Հայաստան-Թուրքիա խաղից հետո։ Հարցի պատասխանը շատ կարճ է՝ սերը դեպի ֆուտբոլ։

Հայ փախստականները պահանջում են ապահովել վերադարձն իրենց տներ՝ ՄԱԿ խաղաղապահների երաշխավորությամբ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք՝ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններս, մեր տարակուսանքն ու զայրույթն ենք արտահայտում՝ հուլիսի 26-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերի կապակցությամբ։

ՌԴ ԱԳ նախարարը հավասարության նշան է դնում Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, Արցախի Հանրապետության ցեղասպանությունից փրկված հայ փախստականների և ժողովուրդների սեգրեգացիայի հետևանքով Հայաստանի տարածքը լքած ադրբեջանցիների միջև։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ՌԴ իշխանություններին, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տները, իրենց հետ տեղափոխել իրենց ունեցվածքը, Հայաստանի Հանրապետությունից ստանալ փոխհատուցում։

Ի տարբերություն ադրբեջանցիների, հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից, իսկ ովքեր չեն հասցրել կամ չեն կամեցել լքել իրենց բնակավայրերը, դաժանաբար սպանվել են իրենց տներում կամ բակերում։

Ընդգծում ենք, որ վերադառնալու մեր իրավունքը արձանագրված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 7-րդ կետում, որտեղ ասված է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:

Ելնելով վերոհիշյալից, կոչ ենք անում  միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին  մեր վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել, ներառելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին: Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը, այլապես մենք չենք կարող ունենալ անվտանգության երաշխիքներ։

Համոզված ենք նաև, որ հակամարտության ներկա փուլում չկա այլընտրանք, քան՝ Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնյաների ուղիղ բանակցությունները, միջազգային երաշխավորների միջնորդությամբ։

Ռուսաստանի Դաշնությանը  հորդորում ենք՝ իրենց պաշտոնական դիրքորոշումը բխեցնել այդ ելակետից։

ՀՀ վարչապետին կոչ ենք անում միջազգային բոլոր ձևաչափերում բարձրացնել մեր հարցը:

Ողջ միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել մեր լեգիտիմ իրավունքների պաշտպանությանը:

 

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ                                                              Մ․ Քարամյան

«Հանուն Հադրութի» ՀԿ                                                                            Լ․ Հայրիյան

«Վերադարձ Քարվաճառ» ՀԿ                                                                 Դ․ Եղիազարյան

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ                                                                    Վ․ Կարապետյան

«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ                                                                    Կ․ Մովսիսյան

Շուշիի կանանց «Հարմոնիա» ՀԿ                                                          Ջ․ Առուստամյան