Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. Ֆրենկ Փալոն

Մեր աչքի առաջ տեղի է ունենոմ Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:

«Պետքարտուղարությունն ու միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն։ Այժմ սահմանի չբացումը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի», – գրել է պաշտոնյան։

Նշենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Կոռնիձորում է։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել այն տեղափոխել Արցախ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բեռն ուղարկելը որակել է որպես «սադրանք»։

Անզեն բանակ ենք դառնալու. Արթուր Օսիպյանը հայտարարեց կոնկրետ քայլերի մասին

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ, Միջանցքի ապաշրջափակման շարժման շտաբի նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը հայտարարեց կոնկրետ քայլերի մասին։

«Հիմա, երբ Կոռնիձորի մոտ մարդասիրական բեռներ են կանգնած Արցախի համար, Արցախի կառավարությունը պետք է զանգվածային երթ կազմակերպի դեպի միջանցք։ Սա պետք է անի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, բայց նա համարձակություն չունի»,- իր ալիքում ուղիղ եթերում ասել է Արթուր Օսիպյանը։

Նա հայտարարեց, որ գտել են մեքենա, վառելիք, հիմա գնում են Մարտունի, Կարմիր շուկա, Ճարտար՝ հավաքելու մարդկանց, ովքեր համաձայն են շարունակել անզեն պայքարը։ «Ստեփանակերտում նման մարդիկ քիչ են, միջոցառումների գնում են միայն հրահանգով։ Իսկ մենք գնում ենք ոչ թե հանրահավաքի, այլ կոնկրետ քայլերի համաձայնեցման։ Մենք պետք է դառնանք կազմակերպված անզեն բանակ»,- ասաց Արթուր Օսյայանը։

Նա ասաց, որ Լավրով, Միշել, դա բոլորովին կապ չունի։ Արցախում 120.000 արցախցի կա շրջափակման մեջ, ևս 30.000-ը՝ Հայաստանում, նույնպես շրջափակման մեջ, քանի որ չեն կարողանում տուն հասնել։ Եվ կա միջանցք, որտեղ կանգնած են ադրբեջանցիներն ու ռուսները։ «Եթե կարողանանք մեր խնդիրները լուծել, կանենք, ոչ, հետևանքները աղետալի կլինեն։ Մենք փախստական ​​ենք դառնալու և ստիպված ենք լինելու նույն ճանապարհով գնալ մեր երեխաների և մեր ընտանիքների հետ»,- ասաց Օսիպյանը։

Նա կոշտ քննադատության է ենթարկել Գուրգեն Ներսիյանին Շարժումը “հարամելու” համար։ «Գուրգեն, ավելի լավ է հրաժարական տաս, այլ ոչ թե հանրահավաք-համերգներ կազմակերպես, ոչ մեկին պետք չէ քո դատարկաբանությունը։ Եթե ​​հիմա չգործեք, վաղը ուշ կլինի»,- ասաց Օսիպյանը։

Արցախում կոշտ կպայքարեն ապրանքը թանկացողների դեմ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է․
ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԳՆԻՑ ԲԱՐՁՐ ԳՆՈՎ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻՑ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔԸ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՎԵՐՑՎԵԼՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆՈՎ ԻՐԱՑՎԵԼՈՒ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մեր շարքերում գտնվող նյութապաշտների կողմից բացահայտ կամ գաղտնի եղանակով բնակչությանն իրացվում է սահմանված գներից անհամեմատ բարձր արժեքով:
Հույս ունենալով, որ իրավիճակը կարող է ինքնակարգավորվել, ստեղծված պայմաններում պետությունը որոշակիորեն զերծ է մնացել կարգավորման վարչական մեթոդներ ու հարկադրանքի միջոցներ կիրառելուց, սակայն ընթացքը ցույց տվեց, որ առանց կոշտ քայլերի կարգավորման հասնել հնարավոր չէ:
ԱՀ կառավարության կողմից հուլիսի 26-ին ընդունված որոշմամբ շուկայում ապրանքների վաճառքի սահմանված թույլատրելի առավելագույն գնի խախտում թույլ տված անձինք ոչ միայն ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այլև նրանց կողմից հետագա խախտումը բացառելու համար վաճառքի ենթակա ապրանքը սահմանված արժեքով փոխհատուցելու եղանակով հարկադրաբար վերցվելու է ու պետական կազմակերպության միջոցով մատչելի գնով իրացվելու է բնակչությանը:
Որևէ կերպ չեն օգնելու նաև գյուղացուց ապրանքը թանկ գնելու մասին պատճառաբանությունները, թանկ են վաճառում, մի գնեք:
Այսօրվանից սկսվելու է այդ գործընթացը, որի ընթացքը վերահսկելու եմ անձամբ ես:
Արցախում իրավիճակը կարգավորվելուց հետո շրջափակման ընթացքում տեղի ունեցած բոլոր երևույթները և դրանց հեղինակները մեկ առ մեկ ենթարկվելու են բարոյական ու իրավական դատապարտման, ոչ ոք թող չկասկածի դրանում, թող ոչ մեկին չթվա, թե ինքը աննկատ է մնացել:

Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի հերթական զորավարժությանը

Հայաստանը չի մասնակցելու սեպտեմբերի սկզբին Բելառուսում պլանավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փրկարար ստորաբաժանումների հատուկ զորավարժություններին։ «Սկալա-2023» կոչվող այդ վարժանքում ռադիացիոն վթարի հետևանքները վերացնելու գործողություններ են կատարվելու։

«Հայաստանի մասնակցությունը «Սկալա-2023» զորավարժություններին նախատեսված չէ», – ռուսական «Ինտեֆաքս» լրատվական գործակալությանը պատասխանել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից՝ որպես պատճառ նշելով նախարարության փրկարական ծառայությունների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը:

Այդ զորավարժությունները Բելառուսում անցկացվելու են սեպտեմբերի 1-6-ը։

Բորել. Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք չէ

Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք, հայտարարում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում Բորելը շեշտում է, որ «Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով»:

«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին», – ասված է հայտարարությունում:

«Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», – ընդգծում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ շարունակելով.

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։

Բորելը նաև նշում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ հիվանդների տեղափոխումն ու մարդասիրական մատակարարումները: Մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից, շեշտում է Բրյուսելը:

«Եվրամիությունը և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում: Պահանջվում է նաև բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի ու փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային», – ասված է Եվրամիության բարձր ներկայացուցչի հայտարարությունում:

Մարդասիրական բեռը արգելափակվել է Հաքարի ապօրինի անցակետում․ Բաքուն վախեցավ ամպիցիլինից

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ մեկնող մարդասիրական օգնությամբ բեռնատարները կմնան Կոռնիձորի մերձակայքում գտնվող սահմանային գոտում, քանի դեռ ռուս խաղաղապահների պատասխանը չի ստացվել։

«Մենք կապ հաստատեցինք ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների տեղափոխումը կազմակերպելու համար, այս պահին դեռ հստակ պատասխան չունենք»։

Հայաստանի առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ընդգծել է, որ մարդասիրական բեռը պարունակում է մեծ քանակությամբ դեղամիջոցներ, սակայն դա կօգնի միայն որոշակի չափով աջակցել Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգին։ Ըստ Նազարյանի՝ դեղերի ծավալը մոտ 9 տոննա է, կա նաև մասնավոր առողջապահական կազմակերպության կողմից նվիրաբերված մեկ տոննա դեղամիջոց։

Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Միայն մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 360 տոննա կենսական սննդամթերք»,- գրել է նա։

Բեռը սպասում է անցման Հաքարի կամրջի մոտ։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ավտոշարասյունին օգնությամբ անցնել.

Լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «հումանիտար օգնության» քողի տակ և առանց Բաքվի հետ համաձայնեցնելու հայկական կողմից շարասյունների ուղարկումն “Ադրբեջանի ինքնիշխան տարածք” ոտնձգություն է տարածքային ամբողջականության դեմ եւ հերթական սադրանքն է Լաչինի սահմանակետի դեմ։

«Երևանը չի կարող մարսել Լաչինի սահմանային անցակետի գոյությունը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից՝ իր սահմանները վերահսկելու և Հայաստանի կողմից սադրանքները կանխելու համար», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Բաքուն հիշեցրել է Աղդամով և այլ այլընտրանքային ուղիներով ճանապարհն օգտագործելու առաջարկի մասին՝ «հայ բնակիչների կարիքները բավարարելու համար, որոնց աջակցել են Եվրոպական միությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», իսկ մերժումը համարվել է «քաղաքական շանտաժ»:

«Բացի մարդասիրական գործունեության քաղաքականացումից, Հայաստանի այս քայլերը հակասում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին նրա հայտարարություններին։ Հայաստանում ԵՄ առաքելության և դիվանագիտական ​​կորպուսի ներգրավվածությունը վերոնշյալ սադրանքին որպես գործիք ցույց է տալիս, որ սա նախապես ծրագրված գործողություն էր։ Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Հայաստանի կողմից նման սադրանքները»,- ասված է հայտարարության մեջ։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ոչինչ չունի ավելացնելու Նիկոլ Փաշինյանի նախօրեին ասուլիսում արված հայտարարություններին։ «Վարչապետը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ այս թեմային՝ նշելով, թե ինչ են քննարկել Բրյուսելում՝ այս համատեքստում անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Սրան ավելացնելու ոչինչ չկա»,- ասաց Բաղդասարյանը։

ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը հերքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե «Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ Լեռնային Ղարաբաղի համար անհրաժեշտ ապրանքները առաքվեն Աղդամի ճանապարհով, իսկ Հայաստանը՝ մարդասիրական բեռներ ուղարկելով  Լաչինի միջանցք, խախտում է գործարքը»։ Մարուքյանն ընդգծեց, որ Հիքմեթ Հաջիևը ստում է, նման պայմանավորվածություն չի եղել։

Մարուքյանը նշեց, որ Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միայն հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Աղդամի երթուղու երկայնքով։

«Տեսեք տարբերությունը. սա Շառլ Միշելի հայտարարությունն է, և այն որպես Հայաստանի հետ պայմանագիր ներկայացնելը լրիվ սուտ է։ Հայաստանը այս պահին հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ստում է միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական բեռը ներկայումս գտնվում է սահմանային գոտում, իսկ մինչ այդ՝ հայկական Կառավարությունն ուղարկել է ևս 500 տոննա բեռ, սակայն այդ բեռը նույնպես Գորիսի պահեստներում է, քանի որ միջանցքով հնարավոր չէր անցնել։

Նա ընդգծել է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի «տերերից» է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Կա Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապ է պահպանում Հայաստանի հետ, եւ դա հաստատվել է Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ»,- ասաց նա։

«Մենք ասում ենք, որ բեռնատարները հասել են սահմանային գոտի, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կարող են վերցնել բեռը և հանձնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Սրանք մեր քայլերն են, և մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այլևս չի կարող ինչ-որ բան բռնել մեր քայլը սադրանք անվանելու համար, և հիմա ասում են, որ Բրյուսելում մենք պայմանավորվել ենք Աղդամի ճանապարհի շուրջ։ Սա ակնհայտ սուտ է։ Կարծում եմ, որ Շառլ Միշելի գրասենյակը նույնպես պետք է արձագանքի այս ստին, քանի որ դա հիմնված է Շառլ Միշելի հայտարարության վրա»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գտնվում է Սյունիքում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ և հետևում է իրադարձությունների զարգացմանը։

Կառավարության կողմից կազմակերպված մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաների շարասյունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ժամանել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Հաքարի կամրջի մոտ, երբ Եվրոպական միության դիտորդական առաքելության չորս մեքենաներից բաղկացած շարասյունը մոտեցել է ավտոշարասյունին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշեց, որ իրենք տեղյակ են, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է մարդասիրական բեռներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

«Մենք եկել ենք այստեղ՝ Հաքարի կամուրջ՝ տեղում դիտարկելու զարգացումների ընթացքը: Ինչպես դուք, մենք նույնպես չգիտենք, թե արդյոք ադրբեջանական կողմը թույլ կտա մարդասիրական բեռներով մեքենաներն անցնել Լաչինի միջանցքով և գնալ դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ինչ էլ որ լինի, մենք դրա մասին մանրամասն կգրենք մեր զեկույցում»,- շեշտեց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։

Նա հավելեց, որ իրենք երկար ժամանակ հետևում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

«Մենք իրականացնում ենք բացառապես քաղաքացիական դիտարկումներ։ Մենք պարբերաբար այցելում ենք սահմանամերձ բնակավայրեր, որոնք գտնվում են հակամարտության գոտում մոտ։ Մենք Բրյուսելին զեկուցում ենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այստեղ։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և նպաստում ենք այս ուղղությամբ Եվրամիության ջանքերին։ Սա է մեր հիմնական խնդիրը»,- ասաց նա։

Կոշտ պատասխան Լավրովին Արցախից

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններին Արցախի ղեկավարություն արձագանքը բավականին կոշտ էր։

Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մոսկովյան հանդիպման արդյունքներն անընդունելի են Արցախի համար։ «Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բոլոր ջանքերը գործադրել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը կատարելու համար և անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման  հարցով»,- ասաց Հարությունյանը։

Պետական ​​նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ «անտանելի է դառնում Ռուսաստանի Դաշնության մոտեցումը, որն անընդհատ արդարացնում է իրեն և օբյեկտիվ լուծում չի տալիս ստեղծված աղետալի իրավիճակին»։

Լավրովի հայտարարությունն այն մասին, թե «հայկական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ», – մեկնաբանել է Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե Հայաստանի իշխանությունները պատրաստվո՞ւմ են արդյոք երկխոսության գնալու հարցով դիմել Արցախին։

“Բայց «առանց երրորդ կողմի ոչինչ չի կարող լինել, իսկ երրորդ կողմ ասելով նկատի ունենք հստակ միջազգային մեխանիզմ, որում կարող են լինել մի քանի պետություն, այլ ոչ թե մեկը։ Նույն Սերգեյ Լավրովն ինքը կարող է աշխատել հստակ մեխանիզմ ստեղծելու վրա, իսկ միայն խոսքեր պետք չեն»,- ասաց Հարությունյանը։

«Մեր կարծիքով, այն հարթակը, որի վրա մենք ուղղակիորեն բանակցելու ենք Բաքվի հետ, նույնպես պետք է դառնա ապագայում պարտականությունների կատարման միջազգային երաշխավորը»,- ասաց Հարությունյանը։

Վաղը տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Արդեն հայտնի է, որ լինելու է խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականը։

Խորհրդարանը նաեւ կոչ է պատրաստում, և, դատելով քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններից, դա կլինի Լավրովի առաջարկների պատասխանը։

Լավրովի երեկվա հայտարարությամբ Ռուսաստանը բացահայտեց իր բոլոր հաղթաթուղթերը, և պարզ դարձավ, որ Մոսկվան առաջարկում է հենց այն, ինչ ասում է Բաքուն։ Արցախի ղեկավարությունն այլեւս փաստարկներ չունի՝ արդարացնելու Ռուսաստանի դիրքորոշումն ու սեփական անգործությունը։ Որովհետև Լավրովի պլանի համաձայն հաջորդ քայլը՝ խորհրդարանի լուծարումն է և ՊԲ զինաթափումը։

Ադրբեջանը չի կարող պահանջել լուծարել պետական ​​կառույցները, Արցախի պաշտպանության բանակը. «Արցախի իշխանությունները բազմիցս բացառել են, որ նման վերջնագրերի տակ չեն ստորագրի։ Մենք, ունենալով պաշտպանական մեխանիզմներ, ամեն օր ճնշումների ենք ենթարկվում Բաքվի կողմից, իսկ թե առանց դրա ինչ կլինի, պարզ է»,- ասաց պատգամավոր Հարությունյանը։

Արցախի ղեկավարությանը մնում է մեկ տարբերակ՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Մինսկի խմբի համանախագահներին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները վերսկսելու և Արցախում միջազգային խաղաղապահ զորքեր տեղակայելու պահանջով։ Ակնհայտ է, որ եթե ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոսում է «Ադրբեջանի օրենսդրության, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների շրջանակներում՝ Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովման մասին», ապա ռուս խաղաղապահները գործելու են բացառապես այս պլանի շրջանակներում։

Արցախի ԱԺ կանոնակարգում փոփոխություն են անում, որպեսզի ավելի արագ հնարավոր լինի ընտրել ԱԺ նախագահ

Հուլիսի 26-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը:

Քննարկվող օրինագծերը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ: Ըստ գործող կարգավորումների Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, առաջարկվում է սահմանել երկօրյա ժամկետ:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում: Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստ գումարելը ստեղծված պայմաններում կարող է բավականին երկար տևել, ուստի առաջարկվում է հարցը քննարկել առաջիկա նիստում:

Հաջորդ նախագծերի փաթեթում ներառված՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող և  Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծերի ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված են Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով:

Եթե նախկինում մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ենթակա էին միայն քաղաքացիաիրավական պաշտպանության, ապա առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելը կդիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք, ինչպես նաև դրանց դեպքում կարող են կիրառվել նաև ազատազրկման տեսքով պատժատեսակներ:

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման պարագայում առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ:

Իրավական լուծում կտրվի նաև ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքներին:

Քննարկված օրինագծերն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեր տեղեկություններով վաղը՝ հուլիսի 27-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տալու: Ըստ մամուլի տեղեկությունների ԱԺ նոր նախագահ կդառնա ՀՅԴ խմբակցությունից Դավիթ Իշխանյանը:

Առաքել՝ «փոքր Փարիզի» պատմությունը՝ հադրության ակցենտով

Արեւիկ Համբարձումյանը ծնվել, մեծացել եւ ողջ կյանքն ապրել է Հադրութի շրջանի Առաքել գյուղում։

Ջերմությունը, որով Արեւիկը խոսում է իր հնավուրձ գյուղի մասին, թափանցում է նրա աչքերի մեջ։ Նա հպարտ է, որ ապրել է մի գյուղում, որտեղ, ըստ առասպելի, անցել է Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը՝ Թադևոսը, որից հետո գյուղը կոչվել է Առաքյալ։

Խոսելով համագյուղացիների մասին՝ Արեւիկը թեթև հեգնանքով է խոսում բարձր աշխարհիկ կյանքի հանդեպ նրանց սիրո, աշխարհիկ սովորությունների և մտածելակերպի մասին։ Ըստ Արեւիկի՝ ժամանակին գյուղում գործել է տեքստիլի գործարան, որը հիմնականում ղեկավարել են ֆրանսիացի մասնագետները, ինչն էլ պատճառ է դարձել, որ առաքելցիներին կոչվեն «փոքր փարիզցիներ»։

Տեքստիլ գործարանի կամ մանուֆակտուրայի արտադրանքը, այսինքն՝ մետաքսե թելեր, պատրաստած որդերի կոկոններից, որոնք ագահորեն խժռում են թթի ծառերի տերեւները, ժամանակին արտահանվում էին Ֆրանսիա և Շվեյցարիա։

Գյուղում կային նաև ավանդույթներ, որոնք ներհոսել են 19-րդ դարում ռուսների՝ տարածաշրջան գալուց հետո: Սրանք այսպես կոչված «ժողովրդական պարեր» էին, այսինքն՝ պարահանդես, որտեղ մարդիկ կարող էին հանգստանալ, պարել, նոր ծանոթություններ ձեռք բերել։

Բայց ժպիտն անհետանում է Արևիկի դեմքից, երբ նա հիշում է 1991 թվականի մայիսը, երբ ադրբեջանական ՕՄՕՆ-ը խորհրդային զորքերի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ ներխուժեց գյուղ և անձնագրային ռեժիմը ստուգելու քողի տակ սկսեց ձերբակալել երիտասարդներին ու աղջիկներին, որոնք Հայկական ԽՍՀ-ում էին գրանցված։ Ինքը՝ Արեւիկը, շատերի հետ, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից և փրկվել հրաշքով, որի մասին նա չի սիրում խոսել։ Գյուղացիների մնացած մասը՝ հիմնականում ծերեր, տարեց կանայք, երեխաներ, հաշմանդամներ, ավտոբուսով տեղափոխվել են Գորիսի մոտ գտնվող Խնձորեսկ գյուղի շրջակայք, որտեղ երեք օր անցկացրել են բաց դաշտում, անձրևի տակ, դաժանության վերաբերմունքի արժանանալով։ Այս տարածաշրջանին բնորոշ քամուն գումարվում էր հարբած ռուս զինվորների և ադրբեջանցի ՕՄՕՆ-ի կողմից հալածանքը, նվաստացումն ու վիրավորանքը։ Միայն երեք օր անց նրանց հայտնաբերեցին գյուղատնտեսական աշխատանքների գնացող գյուղացիները (այն ժամանակ կապի ժամանակակից միջոցներ չկար)։

Արեւիկի հայրենի գյուղը բառիս բուն իմաստով ջնջվեց հողի երեսից, իսկ նրա բնակիչները ցրվեցին նախկին միությունով մեկ։

Եվ միայն այն ազատագրվելուց հետո՝ 1994-ին, Հայաստանում և Արցախում մնացած բնակիչները վերադարձան, զրոյից վերակառուցեցին հյուղը և 26 տարի բնակություն հաստատեցին, մինչև եկավ մի նոր աղետ՝ 2020 թվականի պատերազմը։

Եվ կրկին բռնի տեղաշարժ, նորից այն ամենի կորուստը, ինչ անհրաժեշտ է մարդուն նորմալ կյանքի համար։ Բայց ոչ հավատի կորուստ՝ առ այն, որ մի օր ամեն ինչ կավարտվի, և նա նորից կվերադառնա հայրենի գյուղ։ «Մի անդամ գյուղը վերականգնեցինք, նորից կվերականգնենք»,- ասում է Արևիկը` տխուր նայելով Բաքվից եկած փախստականների հին տանը, որոնք այստեղ ապրել են Բաքվի ջարդերից հետո` նախքան Ռուսաստան տեղափոխվելը:

Բեռնատարներ Հաքարի կամրջի մոտ. գործընթացին հետեւում է ԵՄ առաքելությունը

Արցախի համար մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները մոտեցան Հաքարի կամրջին և կանգ առան։
Կոռնիձորից բեռների տեղափոխման ընթացքին հետեւում են ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։

Մեզ հումանիտար բեռ պետք չէ, ճանապարհը բացեք, մենք մեզ կկերակրենք

Արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը գրում է
Այս պահին Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն է շարժվում հումանիտար բեռ, եթե այն մտավ Արցախ, իսկ ժողովուրդը կերավ ու լռեց, դրանով մենք ընդունում և համակերպվում ենք ճանապարհը փակ լինելուն։
Մեզ հումանիտար բեռ պետք չէ, մեր ազգը կարող է ինքնուրույն աշխատել, արարել և լինել ինքնաբավ, միայն թե լինի բաց ճանապարհ տնտեսական գործունեության համար։
Հումանիտար բեռ ուղարկում են աֆրիկայի սոված երկրներ, որտեղ չեն կարողանում լինել ինքնաբավ։
Եթե հումանիտար բեռը մտավ Արցախ ուրեմն ճանապարհը դեռ երկար չի բացվելու։
Հումանիտար բեռը ընդունելով մենք ընդունում ենք, անազատությունը, ճանապարհի փակ լինելը և բնազդային մտածելակերպի գերակայությունը։