Արցախի բնակիչն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել մոլորվելու հետևանքով

  • 23:27 01.08.2023

Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանն Արցախի Հանրապետության քաղաքացի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ անդրադառնալով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությանն այն մասին, որ օգոստոսի 1-ին ձերբակալել են ՀՀ քաղաքացու:

Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանն այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ: Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից:

Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին»:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին Հայաստանի քաղաքացու ձերբակալելու մասին՝ նշելով, որ ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլերյանին (ծնված 1962 թ.): Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իբր Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին:

f