Էլինան 22 տարեկան է, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից, այժմ սովորում, ապրում և միայնակ մեծացնում է 2 տարեկան Լուսեին:
Ասում է, որ դեկտեմբերին մյուսների նման չէր պատկերացնում, որ շրջափակումը կարող էր ամիսներ տևել և առավել ևս չէր պատկերացնում, որ կարող են առընչվել սննդի հետ կապված խնդիրների:
Եվ ահա ամիսները, եղանակները փոխարինում էին միմյանց, իսկ շրջափակումը դեռ շարունակվում էր, ու Էլինան հասկացավ, որ այն դեռ երկար է շարունակվելու, վաղ թե ուշ նրանք առընչվելու են սննդի խնդրի հետ։ Եւ ոչ միայն այն պատճառով, որ սնունդը քիչ է, այլև որ գները բավականին բարձր են, օրինակ կանաչեղենի փոքր փունջը 600 դրամ էր, որի գնումը Էլինայի փոքր բյուջեի համար բավականին դժվար էր:
Մինչդեռ Էլինան 10 տարեկանից արդեն զբաղվում էր մեղվաբուծությամբ, շատ է սիրում և գյուղի կյանքը, և գյուղի աշխատանքը, բայց քանի որ ապրում էին Ստեփանակերտում, չէր պատկերացնում, որ կկարողանա փոքրիկ հողակտոր գտնել մշակելու համար:
Բայց, ինչպես ասում են, ով փնտրում է՝ գտնում է: Սկզբում մի կին ավճար սերմեր էր բաժանում, բայց քանի որ երեխան հիվանդ էր, չկարողացան ձեռք բերել: Անկեղծանում է՝ շատ է կոտրվել, բայց հետո վերջապես Էլինան հասել իր երանելի երազանքի։
Մի կին հայտարարություն էր տարածել, որ հողատարածք ունի, կորող է տրամադրել մշակման համար, և այդպես փոքրիկ Լուսեն և Էլինան հողատարածք գտան, գնեցին սերմերը և սկսեցին քայլ առ քայլ հող մշակել՝ կանաչի, բազուկ, գազար, կաղամբ, դդում, սոխ և այլ բանջարեղեն ցանեցին:
Այսօր արդեն քաղում են փոքրիկ Լուսեի ձեռքերով ցանած բաժանջարեղենի պտուղները: Չնայած, որ հողամասում ջրի խնդիր կա, Էլինան և Լուսեն փոքր տարաներով հարևանի հողատարածքից ջուր են բերում, որպեսզի ցանված բարիքները կարողանան ջրել:
Նաև մեծ դժվարությունների են հանդիպել, քանի որ շրջափակված Արցախում չկարողացան գտնել ցանկապատման համար նախատեսված նյութերը, իսկ մոտակայքի կենդանիները մի քանի անգամ վնասել են նոր ցանված բանջարեղենը։ Բայց ընկճվելը հաստատ Էլինայի և Լուսեի մասին չէ:
Եվ այսօր այս ամենին գումարվել է նաև տրանսպորտի բացակայությունը, որը կրկնակի դժվարացնում է Էլինայի կյաքը, քանի որ նա ունի մեջքի խնդրներ, բայց ստիպված Լուսեին գրկած անցնում է երկար Ճանապարհ, հավաքում թարմ բանջարեղնը, կիսվում ծանոթ-անծանոթ մարդկանց հետ և վերադառնում տուն:
Քրիստինա Ալահվերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: