Ուկրաինա-Ղարաբաղ․ «Խաղաղ բնակչությանը դիտավորյալ սովի մատնելը պատերազմական հանցագործություն է»

  • 09:48 04.08.2023

Ռադիո Ազատություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) չի կարողանում իրականացնել իր մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, խաղաղ բնակչությանը սովի մատնելը պատերազմական հանցագործություն է, որը չպետք է անպատիժ մնա․ այս հայտարարությունները հնչել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ երեկ ուշ երեկոյան տասնյակ երկրների դիվանագետներ, Վաշինգտոնի նախաձեռնությամբ, հավաքվել էին՝ քննարկելու պատերազմական իրավիճակներում սովի բացառման, անվտանգության ապահովման ուղիները։

Բանախոսների ելույթների, մեղադրանքների մեծ մասի հասցեատերը Ռուսաստանն էր, որն անցած ամիս միակողմանիորեն խզեց հացահատիկային գործարքը, ինչի հետևանքով ուկրաինական պարենի մատակարարումներից զրկված աֆրիկյան տարածաշրջանում բախվել են լրջագույն խնդիրների։

Որոշ երկրների, այդ թվում՝ Շվեյցարիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները Մոսկվայի քաղաքականության հետևանքով սովի, զրկանքների, տառապանքների մասին խոսելիս հիշեցին նաև Լեռնային Ղարաբաղում շուրջ ութ ամիս շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։

Հայաստանի փոխարտգործնախարարի դիտարակումը, թե սովը և մարդկանց տանջանքներ պատճառելը պատմության մեջ պատերազմի հանցագործության վառ օրինակներ են եղել, նաև ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերստն է իր խոսքում հիշատակել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին։

Ֆրանսիացի դիվանագետն ընդգծելով, որ խաղաղ բնակչությանը դիտավորյալ սովի մատնելը պատերազմական հանցագործություն է, որը չպետք է անպատիժ մնա՝ կոչ է արել վերացնել ԼՂ-ի համար հումանիտար օգնության մատակարարման բոլոր խոչընդոտները։

Լաչինի միջանցքով մարդասիրական առաքելություն իրականացնելիս խոչընդոտների է բախվում անգամ Կարմիր խաչի միջացգային կոմիտեն, հայտարարել է մարդասիրական կազմակերպության խոշորագույն նվիրատուներից՝ Շվեյցարիայի ներկայացուցիչը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ նիստի մասնակիցներին հորդորելով քայլեր ձեռնարկել սնդդի կարիք ունեցողներին մատակարարումներ ապահովելու ուղղությամբ։

f